Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«ԸՕ-ն մշակելիս պետք չէ առաջնորդվել կառավարության ունեցած վստահությամբ»

«ԸՕ-ն մշակելիս պետք չէ առաջնորդվել կառավարության ունեցած վստահությամբ»
03.07.2018 | 12:25

Ընտրական նոր օրենսգիրք ունենալու համար թե՛ կառավարությունում, թե՛ Ազգային ժողովում հանձնաժողովներ են ստեղծվել, որ հանձն են առել օրենսգրքում բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը: Քաղաքական ուժերը հանդես են գալիս առաջարկներով, որոնք հիմնականում համամասնական՝ բաց կամ փակ ընտրակարգերին և կրկնաքվեարկություններին են վերաբերում, չնայած ընտրական սահուն գործընթաց ապահովելու հարցում պակաս կարևոր չեն նաև այլ հարցեր, որոնց շուրջ «Իրատեսը» զրուցել է վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու ՀԵՐԻՔՆԱԶ ՏԻԳՐԱՆՅԱՆԻ հետ:

-2016-ին, երբ փոփոխվում ու լրամշակվում էր Ընտրական օրենսգիրքը, մեծ ուշադրություն էր դարձվում ընտրացուցակներին, մասնավորապես, ընտրություններից հետո ընտրողների արդեն իսկ ստորագրված ցուցակները հրապարակելու կամ չհրապարակելու հարցին: Այս անգամ, սակայն, կարծես չի խոսվում ընտրացուցակների կարևորության մասին: Որպես ՀԿ ներկայացուցչի՝ Ձեզ մտահոգու՞մ է այս փաստը:
-Ընտրողների ստորագրված ցուցակների պահանջն արդեն 13 տարի եղել ու մնում է օրակարգային, և ամեն անգամ ԸՕ-ն մշակող մարմինները, այս դրույթը օրենսգրքի մեջ մտցնելով, վկայակոչել են անձնական տվյալների գաղտնիությունը՝ դրանք հիմնավորելով Վենետիկի հանձնաժողովի հանձնարարականներով: Տեսեք՝ երբ 2016-ին իշխանությունները գնացին այդ քայլին ու համաձայնեցին հրապարակել արդեն իսկ ստորագրված ցուցակները, ցույց տվեցին, որ դրանով առաջընթաց քայլ են անում` կրկնաքվեարկությունները բացառելով: Սա իրականում լավ գործիք էր, որովհետև ավելի կարևոր է հանրային շահը սպասարկելն ու արդեն իսկ ստորագրված ցուցակները հրապարակելը, քան, առաջնորդվելով մարդու ստորագրությունն ու տվյալները չհանրայնացնելու սկզբունքով, դրանց չհրապարակումը: Ի վերջո, ընտրացուցակն ընտրողի մասնակցության փաստն է, տեղեկատվություն՝ ընտրությանը վերջինիս մասնակցության մասին, հետևաբար, որևէ անձի իրավունք չի խախտվում հատկապես այն պարագայում, երբ ցուցակները հրապարակվում են ստորագրությունների հատվածը փակված վիճակում: Ավելին, կարծում եմ, որ ընտրողների ստորագրված ցուցակները պետք է հրապարակվեն ոչ միայն PDF տարբերակով, որպեսզի հեշտ լինի դրանցում որոնում իրականացնելն ու արտատպելը: ՈՒ եթե լինի այս ամենը, ապա ավելի հեշտ կլինի հայտնաբերել կրկնաքվեարկության դեպքերը, եթե եղել են այդպիսիք:
Բացի այդ, ինքս շատ կարևոր եմ համարում նաև հանել այն պատասխանատվությունը, որը վերաբերում է ուրիշի փոխարեն քվեարկած մարդու մասին կեղծ տեղեկություն հաղորդելու միջադեպին, անգամ եթե կեղծ տեղեկություն տրամադրած անձը ոչ թե դիտավորությամբ, այլ անզգուշությամբ է հաղորդել այլ: Այս դեպքի համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն, և մարդը, որ տեղյակ է քվեարկությանը չմասնակցած անձի փոխարեն այլ մարդու քվեարկության դեպքի մասին, ձեռնպահ է մնալու որևէ հայտարարություն անելուց, և սա իրավունքը չզարգացնող նորմ է: Իսկ եթե հրապարակվեն ընտրողների ստորագրված ցուցակները, ապա հնարավորինս հեշտ կլինի պարզել կրկնաքվեարկության դեպքերը:
-Բայց ընտրացուցակների հրապարակումն ընտրություններից հետո, կարծես, Վենետիկի հանձնաժողովն էլ չէր ընդունել՝ դա համարելով մարդու անձնական տվյալների հրապարակում:
-Այո, ի սկզբանե կար նման մտահոգություն, բայց 2016-ի հոկտեմբերին, երբ ԸՕ-ում եղան փոփոխություններ, ու մտցվեց ստորագրված ցուցակների դրույթը, նույն Վենետիկի հանձնաժողովն այդ դրույթի հետ կապված որևէ առարկություն չարեց: Նրանք ասել էին, թե վերոնշյալ դրույթի իրագործումը թողնում են տվյալ երկրի իշխանությունների կամքին, և եթե տվյալ երկրի քաղաքական ուժերը համարում են, որ պետք է գնալ նման քայլի, իրենք որևէ խնդիր չեն տեսնում:
-2016-ին, երբ քաղաքական կոնսենսուս եղավ ընտրողների ստորագրված ցուցակները հրապարակելու մասով, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն արձանագրեցին, որ իշխանությունների նկատմամբ վստահության պակասից է, որ ընդդիմադիրները պահանջում են հրապարակել ցուցակները: Այժմ բոլորը միաբերան ասում են, թե ներկա կառավարությունը վայելում է հասարակության սերն ու վստահությունը, և եթե այդպես է, կարիք կա՞ հրապարակելու այդ ցուցակները։
-Կարծում եմ՝ ոչ, չկա, անկախ այն հանգամանքից, թե այս պահին ժողովուրդը վստահու՞մ է իշխանությանը, թե՞ ոչ: Իշխանությունը կարող է վայելել ժողովրդի համակրանքը, բայց ինչ-որ պահից սկսած՝ կարող է այդ վստահությունը անկում ունենալ, նույնիսկ բացարձակ անկում: Հետևաբար, օրենսգիրքը կամ դրա կարգավորումները պետք է այնպիսին լինեն, որ, անկախ այն հանգամանքից, թե ով է իշխանության գլուխ կանգնած, ընտրախախտումների վերաբերյալ իշխանավորների վերաբերմունքն ինչպիսին է, աշխատեն առավելագույն ճշգրտությամբ: ԸՕ-ի իրավակարգավորումները պետք է լինեն առավել հստակ, խաղի կանոնները պետք է հասանելի լինեն բոլոր խաղացողների համար: Լավ է, որ հիմա կառավարությունն ունի վստահություն ժողովրդի մեջ, բայց չկա երաշխիք, որ նույն կառավարությունը վաղը ինչ-ինչ գայթակղությունների չի տրվի: Էլ չեմ ասում այն մասին, որ նույն կառավարությունը որոշ ժամանակ անց կարող է չլինել, բայց մենք, վստահելով կառավարությանն ու հրաժարվելով ԸՕ որոշակի գործիքներից, կարող ենք կանգնել փաստի առաջ և ունենալ վատ կարգավորումներով ԸՕ:
-Առհասարակ, Վենետիկի հանձնաժողովի եզրահանգումներին ու գնահատականներին ի՞նչ չափով պետք է ուշադրություն դարձնեն մեր իշխանությունները:
-Եթե պետությունը կարծում է, որ ցանկացած իրավական ակտի մասով կարիք ունի միջազգային փորձաքննություն անցնելու, ապա ինքն է որոշում՝ առաջնորդվե՞լ դրանցով, թե՞ ոչ: Վենետիկի հանձնաժողովին դիմելու տրամաբանությունն այն է, որ եթե պետությունն ունի խորհրդատվության կարիք, պետք է հետևի նաև այդ կարծիքին ու գնահատականին, ի գիտություն ընդունի, բայց այդ կարծիքը պարտադիր կատարման ուժ չունի:
-ԸՕ բարեփոխումների շրջանակում քաղաքական ուժերն առաջարկում են վերացնել ընտրական տեղամասերում ԶԼՄ ներկայացուցիչների ու դիտորդների թվի սահմանափակումը: Մյուս կողմից էլ, գիտենք, որ ԶԼՄ ներկայացուցիչների անվան տակ ընտրատեղամասեր մուտք են գործում այս կամ այն ուժին սատարող անձինք ու փորձում վերահսկողություն սահմանել հենց ընտրատեղամասում: ՈՒ եթե հիմա առաջարկվում է անսահմանափակ թվով լրագրողներ ու դիտորդներ թողնել ընտրատեղամասեր, արդյոք չի՞ մեծանում տեղամասերում ընտրողների վրա ուղղակի կամ անուղղակի ճնշում գործադրելու ռիսկը:
-Վերահսկողության ռիսկ ընտրատեղամասերում ես ինքս չեմ տեսնում մինչև այն պահը, երբ տեղամասում գտնվող ցանկացած անձ ընտրական օրենսդրության խախտում թույլ չի տալիս կամ իր գործունեությամբ վտանգի տակ չի դնում ընտրական գործընթացը: Եթե դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թիվը բավական մեծ է, և տեղամասն ունի ընդարձակ տարածք, որևէ մեկն իր գործողությամբ չի խոչընդոտում հանձնաժողովի բնականոն աշխատանքին, ապա արհեստականորեն պետք չէ թվային սահմանափակում մտցնել: Իսկ երբ սահմանվում է նման սահմանափակում, ապա լրագրողների կամ դիտորդների ցանկացած շարժում հանձնաժողովը կարող է որակել որպես խոչընդոտ քվեարկության բնականոն ընթացքին ու անցանկալի ԶԼՄ-ին կամ դիտորդին տեղամասից դուրս հրավիրել:

Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2938

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ