Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Այս ամենը տեսնելով՝ լռե՞լ»

«Այս ամենը տեսնելով՝ լռե՞լ»
03.07.2018 | 12:35

Հայաստանի 7 մլրդ դոլարի հասնող պետական պարտքի սպասարկումը մեր բյուջեի վրա արդեն բավականին մեծ ծանրաբեռնվածություն է: Դրան զուգահեռ այդ 7 մլրդ դոլարը երկրում էական արդյունք չի ստեղծել, որը կթեթևացներ բյուջեի բեռը: Այսինքն, կա պարտք, չկա զարգացում, տնտեսությունն այնքան անմխիթար վիճակում է, որ անգամ թոշակ ու աշխատավարձ չի կարողանում բարձրացնել: Իսկ ու՞ր են այդ գումարները, ինչպե՞ս են փոշիացել վարկերը:


ՀԴԿ ղեկավար ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆՆ ուսումնասիրել է 1992-2017 թթ. պետական պարտքի կառուցվածքն ու արդյունավետությունը և ուշագրավ բացահայտումներ արել: Վարկերի ոչ արդյունավետ օգտագործման, յուրացումների, պետական պարտքի վտանգավոր չափի մասին նա մշտապես տեղեկացրել է բոլոր վարչապետներին, հերթն այսօր Նիկոլ Փաշինյանինն է: Խնդրի մասին հրապարակավ երկու շաբաթ առաջ խոսել է ՀԴԿ ղեկավարը, սակայն որևէ գերատեսչությունից արձագանք չի ստացել: «Իրատեսին» ևս իր դիտարկումները ներկայացրեց պարոն Սարգսյանը:


«Եկել ենք այն եզրահանգման, որ պետական պարտքը եղել է կոռուպցիայով ու կաշառակերությամբ զբաղվելու ամենամեծ հնարավորությունը»,- նախապես նշեց մեր զրուցակիցը, ընդգծելով, որ այս ամենի մասին իրազեկել է թե՛ Տիգրան Սարգսյանի, թե՛ Հովիկ Աբրահամյանի, թե՛ Կարեն Կարապետյանի կառավարությանը: «Նրանց ասում էինք, թե մեծագույն վնաս եք հասցնում երկրին: Վարկե՞ր եք վերցրել, կարո՞ղ եք ցույց տալ դրա արդյունքում տնտեսությունն ինչպես է զարգացել: Բոլոր վարկերն անհեթեթ անուններով են, էլ չենք խոսում մսխումների մասին. այդ վարկերը հիմնականում օգտագործվել են ծառայությունների ոլորտում,- ասաց պարոն Սարգսյանը՝ մեկ օրինակ նշելով:- Երբ Հովիկ Աբրահամյանին ասում էի, թե վարկեր վերցնելու քաղաքականությունը պետք է փոխել, ասում էր՝ այս տարի առաջարկում են 700 մլն դոլարի վարկ, չվերցնե՞մ»:


Ինչպես Հովիկ Աբրահամյանն է տեղեկացրել, հիշյալ վարկով պետք է ջրամբար կառուցվեր, մինչդեռ ՀԴԿ ղեկավարը վստահեցնում է, որ եղած ջրամբարների ջրի 40-50 տոկոսը կորցնում ենք, քանի որ ֆիլտրացիա չի արվում: Այս խնդիրը վերացնելու փոխարեն կառավարությունը նոր ջրամբարներ կառուցելու համար վարկ է վերցնում: Այս ամենի բացատրությունը, ըստ քաղաքական գործչի, հետևյալն է. այս դեպքում հեշտ է վարկից յուրացումներ անել, քանի որ, օրինակ դժվար է հաշվել, թե քանի խորանարդ մետր հող հանվեց՝ երկու՞, թե՞ հազար: «Գումարներն ուտելու լավագույն ձևերից մեկը ջրամբարներն են, մյուսը՝ ճանապարհաշինությունը»,- փաստեց Սարգսյանը՝ թվարկելով անհեթեթ, զավեշտալի անուններով վարկերը: Ֆինանսական վարկ՝ 300 մլն դոլար (ոչ մի տեղ գրված չէ, թե ֆինանսական վարկն ինչի համար է օգտագործվելու), վերականգնողական վարկ՝ 50 մլն դոլար, անշարժ գույքի ծրագիր կազմելու վարկ՝ 6 մլն դոլար, աղքատության կրճատման աջակցության ծրագիր՝ 73 մլն դոլար: Եթե աղքատության կրճատմանն «աջակցում» են, բանախոսի դիտարկմամբ, գոնե պետք է աշխատատեղեր ստեղծվեին այդ գումարներով, որպեսզի վարկն արդարացվեր, բայց ու՞ր են այդ աշխատատեղերը: Ի դեպ, հետաքրքիր է, որ աղքատության կրճատման վարկ են վերցնում, բայց Հայաստանում պաշտոնական տվյալներում աղքատության մակարդակը 30 տոկոսից չի իջնում:


Հաջորդ զավեշտալի անունով վարկը՝ «զարգացման քաղաքականության գործողությունների» վարկն է՝ 366 մլն դոլար: Հավանաբար այս զարգացման քաղաքականությամբ են մեր չինովնիկները փոքր աշխատավարձով միլիարդներ դիզում ու պալատներ կառուցում: Ի միջի այլոց, երբ Արամ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանի կառավարության տարիներին զրուցել է այսօրվա ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի հետ և հարցրել, թե ինչի համար են նման անհեթեթ անուններով վարկերը, գոնե անվանումները գրագետ լինեին, Ջանջուղազյանը հակադարձել է. «Իսկ բյուջեի դեֆիցիտն ինչպե՞ս փակեինք»: «Սա արդեն հանցագործություն է: Չի կարող կառավարությունը նորմալ աշխատել, բյուջեի պակասորդը փակելու համար վարկ են վերցնում ու այս ամենը տարիներ շարունակ: Այսինքն, զարգացման որևէ ծրագիր չէին կարող անել, որ երկիրն այս վիճակից դուրս բերեին»,- ընդգծեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ իրենց ուսումնասիրմամբ 2 մլրդ 479 մլն 708 հազար դոլար այս կարգի անկապ անուններով վարկերն են կազմում, բայց սրա հետ մեկտեղ կա ևս մեկ ուշագրավ վարկ՝ սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի երրորդ լրացուցիչ ֆինանսավորում: «ՈՒզում եմ հասկանալ, թե այդ որ հիմնադրամն է, ինչ է նշանակում սոցիալական ներդրումներ, ովքեր են ներդրումներ անողները, և ինչու պետք է 94,8 մլն դոլար վերցնի, որպեսզի իր ներդրումային ծրագիրն իրականացնի: Եթե դա հիմնադրամ է, ի՞նչ կապ ունի վարկի հետ: Տեսնու՞մ եք՝ ինչ է կատարվել, չեն էլ թաքցրել յուրացումները»,- փաստեց ՀԴԿ ղեկավարը:


Ամենախոշոր ճանապարհաշինական ծրագիրը՝ «Հյուսիս-Հարավը», որի ոչ սկիզբն է երևում, ոչ վերջը, ամենամեծ կոռուպցիոն ռիսկերն ունի: Այս ճանապարհը կառուցելու համար 5 վարկ են վերցրել՝ կես միլիարդ դոլարից ավելի՝ 518 մլն 443 հազար դոլար, բայց կառուցել են 50 կմ, այն էլ՝ բավական անորակ: «Սրա հետ մեկտեղ, նրանք, ովքեր այս ամենի համար մեղավոր են, կորել-գնացել են, ոչ մեկը պատասխանատվություն չի կրել, իսկ 518 միլիոնն արդեն մեր վզից կախված է: ՈՒ ամենավատը՝ ոչ միայն այս, մյուս բոլոր վարկերից մենք օգուտ չենք ստացել»,- հավաստիացրեց մեր զրուցակիցը:


Ըստ տրված վարկերի, Հայաստանի կենսական նշանակությամբ բոլորը ճանապարհները պետք է հիանալի վիճակում լինեին, որովհետև դրա համար վերցվել է 177 մլն 700 հազար դոլարի վարկ: Ոռոգման խնդիր էլ չպետք է լիներ: Ոռոգման համակարգի հրատապ վերանորոգման համար էլ Հայաստանի կառավարությունը վերցրել է 200 մլն 300 հազար դոլար, սակայն սա այն խնդրահարույց հարցերից մեկն է մարզերում, որը երբեք լուծում չի ստանում: Հարյուրավոր միլիոնների վարկը վերցվել է, սակայն ուղղվել է լիովին այլ ուղղությամբ, այլ մարդկանց գրպանը լցնելու համար: «Այս ամենը տեսնելով՝ լռե՞լ, երբ ունենք բյուջեի ահռելի դեֆիցիտ, երբ վաղուց կարող էինք թոշակ ու աշխատավարձ բարձրացնել: Բացի այս ամենից, ոչ մի քայլ չի արվել պետությունը զարգացման ճանապարհի վրա դնելու համար»,- նշեց Արամ Սարգսյանը, կասկած հայտնելով, որ այս վարկերը նաև յուրացվել են այն պատճառով, որ դրսից պայման է դրված՝ Հայաստանը լինելու է սպասարկող երկիր, որին պետք չեն ո՛չ արդյունաբերությունը, ոչ գյուղատնտեսական համալիրը: Այսինքն, Հայաստանին պետք են միայն բանկեր, հյուրանոցներ, ռեստորաններ, ճանապարհներ, սրճարաններ:
Հավարտ ասվածի, Արամ Սարգսյանը հորդորում է Փաշինյանին կոռուպցիան արմատախիլ անելու համար սկսել հենց պետական պարտքի ուսումնասիրությունից, որովհետև հնարավոր է բյուջե վերադարձնել բավական լուրջ գումարներ: Պարտքը սպասարկելու համար այս տարի, ՀԴԿ-ի հաշվարկներով, բյուջեից 250 մլն դոլար է հատկացվելու: «Ով ուտի, ով վճարի,- ասաց բանախոսը:- Այս համակարգը ստեղծվել է Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք, Ռոբերտ Քոչարյանը այդ համակարգը ամրապնդել է, իսկ Սերժ Սարգսյանն էլ փայփայել ու պահպանել է: Երբ այսօր ժողովուրդը զարմանում է, թե ինչպես են ոմանք անպատկերացնելի շքեղության մեջ ապրում այսպիսի երկրում, այդ ամենի պատճառը պետք է փնտրել նաև պետական պարտքի յուրացումների մեջ: Երեք նախագահներն էլ ու բոլոր վարչապետներն էլ, բացի վերջինից, մեղավոր են այս իրավիճակի համար, որովհետև ոչ ոք չի ընդդիմացել այս ամենին»:
Վերջին շրջանի քաղաքական տրամաբանության շրջանակում էլ ՀԴԿ ղեկավարը ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանին խորհուրդ է տալիս ստեղծել համապատասխան մասնագետներով, քաղաքական իրազեկ գործիչներով համալրված քննչական խումբ, որպեսզի լայնածավալ ուսումնասիրություններ իրականացնեն և մեղավորներին պարտադրեն գումարները բյուջե վերադարձնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ