USD482.27
EUR567.63
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 

Բնության ավերման անդառնալի գործընթացը հանգեցնելու է ՀՀ բնակչության արտագաղթի

Բնության ավերման անդառնալի գործընթացը հանգեցնելու է ՀՀ բնակչության արտագաղթի
03.07.2018 | 12:46

Վայոց ձորի մարզում, Եղեգիս գետի վրա 19 փոքր հէկի գործունեության պատճառով բնությանը և գյուղատնտեսությանը հասցված ու հասցվող վնասի դեմ բողոքելով, տեղի բնակչությունը, ինչպես արդեն հայտնի է, արդեն ավելի քան երկու շաբաթ ստիպված փակել է դեպի Վարդենյաց լեռնանցք տանող ավտոճանապարհը: Հիշյալ մարզում տնտեսական գործունեություն ծավալող ֆերմեր, «Գեղաստղ» ծրագրի կազմակերպական գծով տնօրեն Տիգրան Եղոյանն իր խոսքն ուղղելով իշխանություններին, հարցնում է` սպասում եք, որ նորից ինչ-որ քաղաքացիական անհնազանդությու՞ն լինի…


«Երբ պարոն Պապիկյանը (ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյան.- Ա. Հ.) ժամանեց Շատին համայնք, ես բարձրացրել եմ հէկերի հետ կապված խնդիրը,- ասաց ֆերմերը:- Նա ասաց` ամենը գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում, և մենք միջոցներ կձեռնարկենք»:
Ըստ Տիգրան Եղոյանի, նախարարն ասել է նաև, որ իրենք կվերանայեն հէկերի կառուցման շինթույլտվությունները, իսկ գետի ակունքին նոր հէկ կառուցելը և գետի հունը փոխելը դատապարտելի է համարել, սակայն իրականությունն այն է, որ տեղում գործողությունները շարունակվում են, ընդ որում, ավելի լայն թափով:


«Կա՛մ կրկնում են նախկին իշխանությունների նույն քաղաքականությունը` իմանալով հանդերձ, թե ովքեր են հէկերի հեղինակները, կա՛մ իրենք, ընդհանրապես, իրազեկված չեն,- եզրակացրեց ֆերմերը:- Անցյալ անգամ Ազգային ժողովի մոտ հիշատակվում էր, որ Եղեգիս գետի ակունքի մոտ կառուցվող հէկը Վայոց ձորի նախկին մարզպետի (այսօրվա Լեհաստանի դեսպանի) քրոջ անունով է տրված: Իսկ մնացածը, այսօր շատ լավ գիտեք, բոլորն ինչ-որ կասկածելի մարդկանց անուններով են, գյուղացի մարդկանց, ինչը ընդհանրապես իրականությանը չի համապատասխանում»:


Ըստ Տ. Եղոյանի` կատարվածը հանցագործություն է:
«Պապիկյանը կլինի նախարար, թե չգիտեմ ով կլինի, մեզ համար միևնույնն է, ով է այսօր իշխանական բուրգին, մեզ համար միևնույնն է, մենք փաստը` արձանագրված, այսօր ներկայացնում ենք հանրության ուշադրությանը և պահանջում կառավարությունից, որ շտապ միջոցներ ձեռնարկեն,- ասաց Տիգրան Եղոյանը:- Խորհրդային տարիներին Եղեգիս գետի ջուրը, որը խմելու ջուր էր, նախատեսված էր, որ խողովակներով պետք է մտնի Եղեգնաձոր, 10-12 գյուղերի համար որպես խմելաջուր: Այն ժամանակ թույլտվություն չտրվեց, որովհետև դա խմելու ջուր էր և գետի հունն իրավունք չունեին փոխելու: Օրենքով գոնե սահմանված է, որ կարծեմ 4-6 կիլոմետր այնտեղ իրավունք չունեն որևիցե շինություն կառուցելու, բայց այդ մարդիկ արդեն հենց ակունքից հողը քանդելով, տանում են… Այս ի՞նչ է կատարվում, այս բորենիներն ի՞նչ են անում: Երբ բարձրացնում ես խնդիրը, սկսվում է արդեն հարված հարվածի հետևից, թե դուք դեմ եք թավշյա հեղափոխությանը, դուք դեմ եք… Այ բարեկամ, այս ի՞նչ եք խոսում, ի՞նչ է կատարվում, չի կարելի: Առաջին իսկ օրվանից մենք ենք եղել, պայքարել, երեք տարի անընդմեջ ես բարձրաձայնել եմ այս խնդիրները: Մեկ անգամ ևս կրկնում եմ` ինձ համար կարևոր չէ` ովքեր են այսօր իշխանական բուրգին, ովքեր են այսօր նախարար կոչվածները, եթե սխալ են թույլ տալիս, ուրեմն մենք բարձրաձայնելու ենք և գնալու ենք մինչև վերջ»:


Ակնհայտ է, որ Եղեգիսի վրա կառուցված ու այսօր կառուցվող հէկերի որոշ տերերի թիկունքին կանգնած, նրանց հովանավորող անձինք դիմել են էժանագին հնարքի` Եղեգիս գետի վրա 19 հէկերի աշխատանքի, հիշյալ գետի գրեթե ցամաքեցման, գյուղացիների ջրազրկման, ակունքի մոտ նոր հէկի կառուցման դեմ պայքարող հիշյալ ֆերմերին և այլ անձանց ներկայացնելով իբրև թավշյա հեղափոխության դեմ պայքարողներ: Ի դեպ, այս հնարքը չափազանց անհեթեթ ու ծիծաղելի է, քանի որ, նախ, վերջիններս բնապահպանական հիշյալ հանցագործության դեմ իրենց պայքարը ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության, ՀՀ ներկայիս բնապահպանության, տարածքային կառավարման և զարգացման նախարարների, այլ դեռ նախորդ իշխանությունների պաշտոնավարության օրոք են սկսել: Երկրորդ. կատարվածն իրականում ոչ թե թավշյա կամ մեկ այլ հեղափոխություն է, այլ իշխանափոխություն: Երրորդ. իշխանափոխությունը նոր չէ, որ պետք է կատարվի, այն հիմնականում արդեն կատարվել է, հետևաբար գործնականում որևէ նշանակություն չունի, եթե նույնիսկ ոմանք կատարվածին դեմ են (իրականում Տիգրան Եղոյանը և Եղեգիսի վրա այդքան մեծաքանակ հէկերի գործունեության դեմ պայքարող անձինք իշխանափոխությունից ոգևորված, այն ողջունած անձանցից են): Չորրորդ. ի՞նչ խոսք կարող է լինել «թավշյա հեղափոխության» դեմ հանդես գալու մասին, երբ հիշյալ հէկերի իրական տերերն են ոչ թե Նիկոլ Փաշինյանը, փոխվարչապետներ Արարատ Միրզոյանը, Տիգրան Ավինյանը և Մհեր Գրիգորյանը (թեև նույնիսկ այդ դեպքում անհեթեթ կլիներ «թավշյա հեղափոխությանը» դեմ լինելու մեջ Տ. Եղոյանին և այլոց մեղադրելը), այլ, ըստ Տիգրան Եղոյանի, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր (Սաշիկ) Սարգսյանը, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրված ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀԿ-ից համամասնական ընտրակարգով ընտրված ԱԺ պատգամավոր Աշոտ Արսենյանը, Վայոց ձորի թեմի առաջնորդ տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը և այլք:


Հինգերորդ. ի վերջո, մարդիկ ոտքի ելան և իշխանափոխությունն իրականություն դարձրին, որովհետև դեմ էին անարդարությանը, անօրենությանը, կոռուպցիային, և քանի որ Տիգրան Եղոյանը և այլ անձինք նախկինում և հիմա հենց անարդարության, անօրենության, կոռուպցիայի դեմ են պայքարում, իրականում հասարակության ակնկալած փոփոխություններին դեմ են հենց այն անձինք, ովքեր փորձում են նրանց ներկայացնել իբրև «թավշյա հեղափոխության» դեմ պայքարողներ: Այնպես որ, նրանք, ովքեր ուզում են Հայաստանում 37 թվականի մթնոլորտը վերականգնել, թող, մեղմ ասած, սսկվեն ու վեր ընկնեն իրենց տեղերը:
Ֆերմերի հավաստմամբ, բնության ավերման այս անդառնալի գործընթացը հանգեցնելու է ՀՀ բնակչության արտագաղթի, հետևաբար իրենց բողոքի գործողությունները շարունակական են լինելու, Վարդենյաց լեռնանցք բարձրացող ճանապարհն արդեն ավելի քան երկու շաբաթ փակված է, մարդիկ նույնիսկ ասում են, որ եթե պետք լինի, այդպես 1 տարի էլ, 2 տարի էլ կփակեն, մինչև խնդրին դրական հանգուցալուծում տրվի: Տիգրան Եղոյանի խոսքով, չի՛ կարելի բողոքողներին մեղադրել սաբոտաժի մեջ, չի՛ կարելի այդքան ցինիկ գտնվել:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բնակչության զանգվածային ընդվզման, որպես բողոքի դրսևորում, ճանապարհները փակելու առնչությամբ ասաց` մենք փողոց դուրս եկանք, որ Հայաստանի ժողովուրդն այլևս փողոց դուրս չգա: Հետևաբար այս դեպքում ինչպե՞ս վարվել, արդյոք հնարավոր չէ՞ էլի համբերել, առկա հիմնախնդիրները բացատրել համապատասխան նախարարներին, այլ պաշտոնյաների, նրանց հասկանալի դարձնել և հասնել Ամուլսարում և Եղեգիս գետի ակունքի մոտ համապատասխան աշխատանքների գոնե կասեցման, մինչև վերոնշյալ հիմնախնդիրներին օրենսդրության շրջանակում վերջնական լուծում կտրվի:


«Գիտե՞ք ինչ, երևի շաբաթը 2-3 անգամ, միգուցե ավելի, կապվում ենք տարբեր նախարարությունների, գերատեսչությունների հետ, սակայն ստացվում է նույն պատկերը, նույն իրավիճակը,- ասաց Տիգրան Եղոյանը:- Առիթից օգտվելով ուզում եմ դիմել մեր բոլոր քաղաքական ուժերին, որ սթափ նայեն այս իրավիճակին»:
Ըստ ֆերմերի, ինչպե՞ս համբերել, երբ Եղեգիս գետը հէկերի աշխատանքի պատճառով հսկայական հատվածներում գրեթե ցամաքել է, ջուրն այնքան է իջել, որ առուներով չի հասնում գյուղացիներին, վերջիններս իրենց առվույտը չեն կարողանում ջրել, նրանց առվույտը չորանում է: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն ասում են` մի փոքր էլ սպասեք, այդ մարդիկ ինչպե՞ս սպասեն, երբ նրանցից ոմանք վարկ են վերցրել բուսաբուծությամբ զբաղվելու համար, Գետափ համայնքի, այդ հսկայական գյուղի ցանքատարածությունները չորացել են, մարդիկ չեն կարողանում գետից ջուր վերցնել, ոռոգել, թեև դրա համար գումար են վճարում:


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի տեղեկացմամբ, ինքը վերջին շրջանում արդեն 15 օր պարբերաբար գնում է Վայոց ձորի մարզ, եղել է ոչ միայն Եղեգիս համայնքում, զբաղվել նաև համայնքների խոշորացման հիմնախնդրով, եղել նաև Ջերմուկ համայնքում, ուր նույնպես բնակիչները, քաղաքացիները բողոքում էին և նույնպես դիմել էին քաղաքացիական անհնազանդության` փակելով դեպի Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, որպեսզի կանխեն Ամուլսարի շահագործումը:
«Ակնհայտ է, որ նույն Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված փաստաթղթերը, նաև Վայոց ձորում այդ փոքր հէկերի կառուցման փաստաթղթերը չեն տրամադրվել օրենքով սահմանված կարգով»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:


Հետևաբար, ըստ հիշյալ կուսակցության նախագահի, եթե իրոք գործում է իշխանություն, և իշխանության առաքելությունն է դադարեցնել ապօրինությունները, ապա պետք է դադարեցնի, քանի որ իշխանությունն ունի համապատասխան լծակներ` միջամտելու, դադարեցնելու: Նշելով բողոքող քաղաքացիների հայտարարության մասին, որ, այո, կառավարության ներկայացուցիչներն այցելել են իրենց և բանակցություններ են տեղի ունեցել, բանակցությունների արդյունքում եղել է պայմանավորվածություն, որ մի փոքր համբերեք, մենք հարցերին լուծում կտանք, Զարուհի Փոստանջյանը շարունակեց.
«Մինչդեռ այդ համբերման շրջանում մարդկանց համբերությունը չարաշահվել է, այդ շրջանում սկսել են ինտենսիվ, ավելի արագացված աշխատանքներ և՛ Եղեգիս համայնքում հէկերի կառուցման գործում, և՛ Ամուլսարում ամեն րոպե սկսել են պայթեցումներ, և արդեն շուրջ 17 օրվա ընթացքում շինարարական բավական լայնածավալ աշխատանքներ են կատարվել: Հետևաբար եթե իշխանությունը չի միջամտում պետական լծակներով, իր ձեռքին առկա գործիքներով, իսկ դրանք իրավապահ մարմինների աշխատանքն են, կառավարության որոշումն են, համապատասխան տեսչական միջոցներով դադարեցումն է, եթե դրանք չի օգտագործում, ապա կարելի է ասել, որ անգործության է մատնվել: Եվ այստեղ քաղաքացիները նորից ու նորից ապավինում են իրենց ուժերին և իրենց ուժերով փորձում են դադարեցնել: Ջերմուկում տեղի ունեցան մեծ հանրահավաք, բողոքի ցույց և քայլերթ դեպի «Լիդիան Արմենիա» ընկերության նստավայր»:


Քաղաքացիները, ըստ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավարի, շեշտել են, որ շուրջ 30 տարի առաջ տեղի ունեցած մեր համազգային շարժումից հետո դա բողոքի նման զանգվածային դրսևորման առաջին դեպքն է Ջերմուկ քաղաքում:
Ըստ Զարուհի Փոստանջյանի, տեղի է ունեցել ոչ թե «թավշյա հեղափոխություն», այլ մեծ, համահայկական ընդվզում, և Եղեգիսում հէկերի, Ջերմուկում և շրջակա համայնքներում Ամուլսարի շահագործման դեմ պայքարն այդ ընդվզման շարունակությունն է: Վարչապետի և մի քանի այլ պաշտոնյաների փոփոխությամբ չպետք է սահմանափակվել, մենք պետք է փոխենք ամբողջ համակարգը, որը ներառում է ոչ միայն կառավարության փոփոխություն, անձանց փոփոխություն, այլև, առաջին հերթին, արժեքների փոփոխություն:
«Եվ երբ տեսնում ենք, թե ովքեր են կանգնած այդ հէկերի և հանքերի հետևում, ապա տեսնում ենք մարդկանց, ովքեր մեր հայրենիքի հետ կապ չունեն, նրանք ներկայացնում են հիմնականում նաև միջազգային օլիգարխիան,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:- Այդ ամենի հետևում կանգնած են բարձրաստիճան նախկին պաշտոնյաների բարեկամներ, ազգականներ, այդ փոքր հէկերը մեծ կոռուպցիոն գործարքի արտահայտություն են, որի թելերը տանում են դեպի նույնպես միջազգային օլիգարխիկ համակարգ: Սա հենց այնպես չի արվում, ըստ էության, ավերված բնության պատճառով մենք ունենալու ենք լրացուցիչ գաղթականներ, այսինքն` մեզ այլևս հնարավորություն չի ընձեռվելու մնալ մեր հայրենիքում, Հայկական բարձրավանդակի այս փոքր մասում և ապրել: Բնապահպանական աղետը և բնապահպանական գաղթականները դառնալու են իրականություն մեր ազգի պատմության մեջ: Մենք եթե ժամանակին գաղթել ենք մեր հայրենիքից ստիպված, բռնության պատճառով` մեր նկատմամբ կիրառված, ապա այս դեպքում արդեն էկոլոգիական աղետի հետևանքով ստիպված ենք լինելու թողնել մեր բնակավայրերը: Սա է ամբողջ խնդիրը: Իհա՛րկե, քաղաքացիների իրավունքն է օգտվել իրենց սահմանադրական իրավունքներից, այո, ընդվզե՛լ, ցույց տալ քաղաքացիական անհնազանդություն, երբ պետական իշխանության ներկայացուցիչներն իրենց գործառույթները պատշաճ չեն կատարում: Ամուլսարում պայքարը շարունակվում է, քաղաքացիները պնդում են իրենց պահանջները, դեպի Ամուլսար գնացող ճանապարհները փակված են: Քաղաքացիները բավական մեծ զայրույթով ընդունեցին կառավարության պատասխանները, երբ նրանցից ակնկալում էին միջամտություն և կառավարական գործիքների կիրառում, որպեսզի դադարեցվի հանքավայրի շահագործումը, մինչդեռ նրանց ասել էին, որ դուք դեմ եք կառավարությանը, և իրենց գործողությունները որակվել էին որպես սաբոտաժ, թեև հասկանալի է, որ սա նույն հայրենիքի համար պայքարի գլխավոր բաղկացուցիչ մասն է»:


Զարուհի Փոստանջյանի համոզմամբ, մենք այսօր Վայոց ձորի և, ընդհանրապես մեր բոլոր մարզերի համայնքներին պետք է մեծ ուշադրություն դարձնենք, տեղական խնդիրներին` նույնպես, իսկ վերոնշյալ խնդիրներն ավելին` ոչ թե տեղական, այլ համազգային խնդիրներ են: Փոքր հէկերի ագահաբար և անհաշվենկատ կառուցմամբ խեղվում են ոչ միայն Վայոց ձորը, Եղեգիս համայնքն ու գետը, այլև Հայաստանի այլ մարզեր, համայնքներ ու գետեր: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործմամբ ծանր, թունավոր մետաղներով և այլ նյութերով շրջակա միջավայրի թունավորման, աղտոտման վտանգի տակ են դրվելու նաև Սևանա լիճը և նրա ջրերով ոռոգվող Արարատյան դաշտը, այնտեղ աճեցվող գյուղմթերքները, ավելին` հարվածի տակ կարող է հայտնվել այդ գյուղմթերքներից օգտվող ՀՀ բնակչության ավելի քան կեսի առողջությունը, շատ մարդկանց նաև կյանքը:


«Եթե կառավարությունն իրապես ցանկանում է երկրում իրականացնել փոփոխություն, և ստանձնել է նման պարտականություն, ապա պետք է իր ձեռքի տակ ունեցող գործիքներն անպայման կիրառի, դրանց թվում է նաև իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքը,- ասաց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահը:- Ես կարծում եմ, որ մեր իրավապահ մարմիններում կան համապատասխան մասնագետներ, ովքեր կարող են օրինական կարգով դադարեցնել այդ ապօրինությունները: ՈՒղղակի դրա համար պետք են քաղաքական կամք և ցանկություն, այդքան բան, ավելի բան պետք չէ, դա կարելի է անել մեկ օրվա ընթացքում, եթե կա ցանկություն, նորից եմ կրկնում, քաղաքական կամք: Նախորդ իշխանությունների ժամանակ նույնպես մենք բազմաթիվ հաղորդումներ էինք ներկայացնում հանցագործության մասին, բայց այդ հաղորդումներին ընթացք չէր տրվում… Այս պահին կարող ենք ասել, որ Սերժ Սարգսյանն արդեն 2 ամիս չի պաշտոնավարում, բայց հարցերը, որոնք գլոբալ են, որոնք անհրաժեշտ է միանգամից լուծել, դեռ չեն լուծվել: Իհարկե, սրանք պետք է հենց հեղափոխական տրամաբանության ներքո լուծվեն… Առնվազն կասեցման որոշումները պետք է լինեին»:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1901

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ