USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Վերամբարձ ու հասարակության ականջին հաճելի հայտարարություններ բոլորը կարող են անել, բայց դրանց «տակից դուրս» գալ ամենքին չի հաջողվում

Վերամբարձ ու հասարակության ականջին հաճելի հայտարարություններ բոլորը կարող են անել, բայց դրանց «տակից դուրս» գալ ամենքին չի հաջողվում
03.07.2018 | 12:58

Կրթության և գիտության նախարարի պաշտոնին նշանակվելուց մեկ օր հետո «Այբ» դպրոցի մասին Արայիկ Հարությունյանի արած հայտարարությունները բուռն քննարկումների առիթ էին տվել: Ըստ նախարարի՝ դպրոցում չարաշահումներ էին եղել, ու «Այբ»-ում աուդիտ անելու անհրաժեշտություն կար: Բայց երբ դպրոցի համահիմնադիր Դավիթ Յանը հայտարարեց, թե հնարավոր է դադարեցնի դպրոցին տրամադրվող ֆինանսավորումը, նախարարությունում, կարծես թե, փոխեցին իրենց դիրքորոշումը: Փոխվեց նաև նախարարի հայտարարության բովանդակությունը: «Ոչ թե աուդիտի, այլ ստուգումների կարիք կա»,- ասաց Հարությունյանը:


Նախարարի մյուս հայտարարությունը, թե էլիտար դպրոցներ չպետք է լինեն, ու բոլորը պետք է սովորեն նույն տիպի, որակի ու մակարդակի դպրոցում՝ համահարթեցման սկզբունքով, կրկին բուռն քննարկումների տեղիք տվեց: Կրթության փորձագետները շտապեցին բացատրել նորանշանակ նախարարին ու նրա տեղակալներին, որ էլիտար դպրոցները ոչ միայն պետք է լինեն, այլև անհրաժեշտ է նրանց գործունեությունը, քանզի բարձրակարգ դպրոցներ կան աշխարհի բոլոր երկրներում, որոնք, իհարկե, հասանելի չեն բոլորին: Վերջիններս հստակ նշեցին նաև, որ համահարթեցնել ոլորտն ու հրաժարվել արդեն իսկ ունեցած ձեռքբերումներից, անմիտ է:


Լրագրողների հարցերին ի պատասխան, թե, ի վերջո, «Այբ»-ում իրականացված աուդիտ-ստուգումներն ի՞նչ ցույց տվեցին, նախարար Հարությունյանն ասում է՝ սպասեք, մեկ-երկու օրից կասենք: Բայց նախարարի այդ մեկ-երկու օրն արդեն մոտ 3 շաբաթից ավելի է, չի գալիս ու չի գալիս: Ակնհայտ է, որ Հարությունյանը չի ցանկանում պատասխանել այդ հարցին գուցե այն պատճառով, որ կամ պատասխան չունի, կամ էլ եղած պատասխանը նոր դժգոհությունների առիթ կտա, քանզի այն կարող է հակասել նախարարի նախկինում կատարած «սուր» հայտարարություններին:


«Իրատես»-ին հայտնի դարձավ, որ նախարար Արայիկ Հարությունյանն ու «Այբ»-ի ներկայացուցիչները հանդիպել են, բազմաթիվ հարցեր են քննարկել ու ներքին համաձայնության եկել, բայց քանի որ այդ հայտարարությունը ռեպրեսիաների տեղիք կարող է տալ, ու մարդիկ, ըստ երևույթին, հարց կբարձրացնեն, թե ինչու էիք նախկինում այլ բան ասում, հիմա՝ այլ, ու հերքում ինքներդ ձեզ, նախարարը խուսափում է մանրամասներ ներկայացնելուց այդ հանդիպումից: Ավելին՝ նա անգամ չի խոսում, որ նման հանդիպում է տեղի ունեցել:


ԿԳՆ-ում ոչ կոմպետենտ հայտարարություններ միայն նախարարը չէ, որ անում է: Օրերս Երևանի Սամվել Շահմուրադյանի անվան համար 85 դպրոց այցելած փոխնախարար Լուսինե Առաքելյանը, որ այնտեղ էր գնացել ստեղծված լարված իրավիճակին տեղում ծանոթանալու համար, հայտարարեց, թե երեխաները «Հայոց պատմություն» առարկայից լավ գիտեն միայն «Գրերի գյուտն» ու «Քրիստոնեության ընդունումը»: Լավ չէ, երբ աշակերտները միայն այդ երկու թեմաները գիտեն, բայց հաստատ ողջունելի է, որ երեխաները հատկապես այդ երկու թեմաները գիտեն: Հայապահպանության, հայ դաստիարակելու համար կարծում ենք, որ հենց այդ երկու թեմաներն են առանցքայինը: Գուցե կարիք կար հայտարարելու, թե աշակերտները պետք է որ մյուս թեմաներն էլ լավագույնս սերտեին, բայց ոչ երբեք չափանիշ ընտրել այն փաստը, թե երեխաները ՀՀ անկախության օրը չգիտեն, փոխարենը լավ են յուրացրել վերոնշյալ երկու թեմաները:


Ինչ խոսք, երեխաների կրթությունը եղել է ու մնում է պետության առաջնահերթություններից, և պետք է ջանք ու եռանդ չխնայել ցանկալի արդյունքի հասնելու համար: Նոր սերնդին առավել հայրենասիրական թեմաներով դաստիարակելը պետք է լինի մեր օրերի հրամայականը, ու սարսափելի ոչինչ չկա այն փաստի մեջ, որ երեխաներն առաջին հերթին սերտել են առաջին քրիստոնյա երկրի ու Մեսրոպ Մաշտոցի սխրանքի պատմությունը: Սարսափելին այն է, որ ուսուցիչ-տնօրեն հարաբերությունները կիպ տրիկո հագած և մարմնի բարեմասնություններն ընդգծած տիկին փոխնախարարը փորձում է պարզել հենց երեխաների աչքի առաջ՝ նրանց անմիջական մասնակից դարձնելով քաղաքական առևտրի, ինչի մասին վերոնշյալ դպրոցի տնօրենը հայտարարեց հենց փոխնախարար Լուսինե Առաքելյանի դպրոց կատարած այցի ժամանակ: Սարսափելի է նաև, որ երեխայի աչքի առջև ընկնում կամ բարձրանում է որևէ ուսուցչի վարկը՝ անկախ նրանից՝ կա՞ դրա կարիքը, թե՞ ոչ: Իսկ դա ոչ թե երեխաների ցանկությամբ, այլ հաճախ մեկ այլ ուսուցչի հրահրմամբ ու աշակերտների ծնողների ակտիվ մասնակցությամբ է տեղի ունենում:


Կարծում ենք՝ նորանշանակ նախարարը ահռելի աշխատանք ունի կատարելու ուսուցիչների վարկի ու դերի բարձրացման առումով: Այնպես չլինի, որ առանց այն էլ ըստ հավուր պատշաճի չվարձատրվող ուսուցիչները դառնան խամաճիկ աշակերտների ձեռքին: Ի վերջո՝ ապագայի կերտողը հենց այդ մարդիկ են: Բացի այդ՝ նախարար Հարությունյանը պետք է մտածի սեփական վարկի իջեցմանը չնպաստելու մասին: Թե չէ վերամբարձ ու հասարակության ականջին հաճելի հայտարարություններ բոլորը կարող են անել, բայց դրանց «տակից դուրս» գալ ամենքին չի հաջողվում: Ինչի արդյունքում էլ դառնում ես կամ ուղղակի օդում կրակող, կամ էլ ցույց տալիս, որ ոլորտին այնքան էլ լավ չես տիրապետում:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1168

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao