Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ժողովուրդն ամեն անգամ չի կարող շրջափակել հուշարձանը, որ չոչնչացնեն»

«Ժողովուրդն ամեն անգամ չի կարող  շրջափակել հուշարձանը, որ չոչնչացնեն»
03.07.2018 | 13:09

Կարևոր նշանակությամբ կառույցները կամայականություններից փրկելու և հուշարձանի կարգավիճակ տալու մասին բազմիցս խոսվել է: Օրերս մշակույթի նախարարությունը հանդես եկավ հուշարձանների ցանկը համալրելու հայտարարությամբ: Փորձեցինք պարզել՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ մտահոգություններ ու առաջարկներ ունեն ոլորտի գիտակները:


«Ա»-Ն ԱՍԵԼՈՒՑ ՀԵՏՈ ՊԵՏՔ Է «Բ»-Ն ԷԼ ԱՍԵԼ. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԿՈՆԿՐԵՏ ՔԱՅԼԵՐԻ ԴԻՄԻ»
Հայտնի ճարտարապետ, «Ռոսիա» կինոթատրոնի համահեղինակ ՀՐԱՉՅԱ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ զրուցել ենք հուշարձանների պաշտպանության, գլխավորապես «Ռոսիա» կինոթատրոնը վերջնականապես կորցնելու վտանգի մասին:
-«Ռոսիա» կինոթատրոնը վերջնական ձևախեղումից փրկելու մտավորականների, հանրության կոչը առկախ է մնացել: Մշակույթի նախարարությունն իրավասու չէ՞ ինչ-որ բան ձեռնարկելու:
-Նախարարությունը իրավասու չէ, որովհետև «Ռոսիա» կինոթատրոնը, «Զվարթնոց» օդանավակայանը հուշարձանների ցանկում ընդգրկված չեն: Մինչ օրս լուծված չէ այդ հարցը, չնայած մշակույթի նոր նախարարն ասաց, որ դրանք պետք է ընդգրկվեն հուշարձանների ցանկում:
-Նախարարությունը հայտարարություն է տարածել, որ պետք է համալրվի հուշարձանների ցանկը, և անսալու են մասնագետների, հանրության առաջարկներին: Գուցե ճիշտ ժամանա՞կն է, որ մտավորականներն իրենց խոսքն ասեն:
-Մտավորականները միշտ չէ, որ պետք է պահակի նման պաշտպանեն ժողովրդի ունեցածը: Այդ հուշարձանը, «Ռոսիան» նկատի ունեմ, պետական է եղել, հիմա դարձել է մասնավոր, բայց, բոլոր դեպքերում, անկախ սեփականության ձևից, ժողովրդի հարստությունն է (թեև աներևակայելի չափերով աղավաղվել է, իսկական տեսքը ոչ ոք չի էլ հիշում): Ժողովուրդը պետք է իր ունեցածը պահպանի, լինի կինոթատրոն, եկեղեցի, թե այլ կառույց: Իսկ ժողովրդի ներկայացուցիչներն ովքե՞ր են՝ իշխանությունները, նախարարությունները, ժողովուրդն ամեն անգամ չի կարող շրջափակել հուշարձանը, որ չոչնչացնեն: Իմ կարծիքով՝ այդ հայտարարությունից հետո նախարարությունը պետք է հրավիրի սեփականատիրոջը և զրուցի նրա հետ, որովհետև նա ամենևին մտադիր չէ լսելու ո՛չ ժողովրդին, ո՛չ իշխանություններին:
-Եթե «Ռոսիան» ընդգրկվի հուշարձանների ցանկում, կամայականություններին էլ վերջ կդրվի: Գուցե պետք է մտավորականների՞ն հրավիրել զրուցելու, վերջիններս էլ իրենց առաջարկները ներկայացնեն և հետամուտ լինեն, որ նախարարությունն իր խոսքի տերը լինի:
-Երևի գիտեք, որ համացանցում «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնը» խումբ է ստեղծվել: Բազմաթիվ ճարտարապետներ, մտավորականներ ընդգրկվել են այդ խմբում ու ասել են իրենց կարծիքը: Կարելի է մեկ անգամ էլ կարծիք հայտնել, բայց սա իշխանությունների խնդիրն է, պետք է կարգի հրավիրեն այդ մարդկանց, բացատրեն, որ ճիշտ է, գնել ես կինոթատրոնը, բայց դա ժողովրդի սեփականությունն է, կառուցված է ժողովրդի համար: Դա չի կառուցվել որպես տոնավաճառ, թե ինչու է տոնավաճառ կոչվում, չեմ էլ հասկանում, սովորական շուկա է, տոն չկա դրա մեջ: Ինչու՞ այնտեղ ֆիլմ չի ցուցադրվում, կինոդահլիճը մինչ օրս չի գործում: Նույնը վերաբերում է բազմաթիվ այլ շինությունների: Կենտրոնական մանկական հանրախանութը չի գործում: Պետք է սեփականատիրոջն ասել՝ գնեցիր, բայց ինչի՞ համար, որ փակես ու գնաս Մոսկվա՞: «Հրազդան» մարզահամալիրն ինչու՞ է մինչև հիմա փակ: Խելագա՞ր էին կառուցողները, որ այդքան գումար ծախսեցին: Սա ընդհանուր ցավ է, ընդհանուր խնդիր է, որ կոշտ լուծումներ է պահանջում: Խոսքն ասելուց հետո պետք է նաև որոշակի քայլերի դիմել:
-Կարծում եք՝ Երևանում մնացե՞լ են կառույցներ, որ պետք է ընդգրկվեն հուշարձանների ցանկում:
-Ինչքան ասես, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկվել են տարբեր շենքեր՝ անկախ սեփականության ձևից: Օրինակ՝ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարության երկրորդ շենքը Էռնեկյանը գնեց, բայց դա չի նշանակում, որ գնելուց հետո կարող է շենքի հետ անել այն, ինչ ուզում է: Դա համաժողովրդական սեփականություն է, նույնը` «Ռոսիան», «Զվարթնոց» օդանավակայանը և բազմաթիվ այլ շինություններ:
-«Ռոսիան» վերափոխելիս Ձեզ հետ, որպես հեղինակի, խորհրդակցե՞լ են:
-Մի ժամանակ խորհրդակցում էին, ես 2-3 տարի աշխատեցի սեփականատիրոջ հետ, փորձում էի անել այնպես, որ վնաս չկրեն, բիզնեսի հետ կապված իրենց պահանջները բավարարվեն, բայց հետո տեսա, որ անտեսում են իմ ասածները, և հրաժարվեցի համագործակցելուց:
-Հույս ունե՞ք, որ մի բան կփոխվի:
-Կարծում եմ` այո: Իշխանությունը փոխվել է, ու շատ բան փոխվել է: Ես ողջունում եմ քաղաքաշինության կոմիտեի ղեկավարությանը, մշակույթի նախարարությանը, որ փորձում են տեր կանգնել մեր ունեցածին, բայց «Ա»-ն ասելուց հետո պետք է «Բ»-ն էլ ասել, նախարարությունը պետք է կոնկրետ քայլերի դիմի:

«ՈԼՈՐՏԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ ՔԻՉ ԵՆ, ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ, ՈՐ ՊԵՏՔ Է ՆԵՐԱՌՎԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ, ՇԱՏ»


Արվեստի քննադատների ազգային ասոցիացիայի նախագահ, արվեստի քննադատ, համադրող ՌՈՒԲԵՆ ԱՐԵՎՇԱՏՅԱՆԸ «Փրկենք «Ռոսիա» կինոթատրոնի շենքը» մասնագիտական նախաձեռնող խմբի անդամ է: Ամիսներ առաջ դիմելով նորանշանակ մշակույթի նախարարին, ինչպես նաև ՀՀ վարչապետին` նախաձեռնող խումբը մասնավորապես նշել էր, որ տարիներ շարունակ Հայաստանի կառավարության կողմից անտեսվող արդի ճարտարապետական կառույցներին հուշարձանի կարգավիճակ տալու խնդիրն առայսօր մնում է խնդրահարույց։ Այդ անորոշությունից օգտվող «Ռոսիա» կինոթատրոնի սեփականատերը հետևողականորեն և գիտակցված ձևախեղում է կառույցի կերպարային ամբողջականությունը, ինչը կարող է հանգեցնել շինության կերպարի անդառնալի կորստին։
-Պարոն Արևշատյան, նախաձեռնությունը, նախարարությանն ուղղված դիմում-նամակն ի՞նչ արձագանք գտան:
-Նախաձեռնությունը շատ արագ արձագանք ստացավ հանրային դաշտում, այնուհետև արձագանքեց նախարարությունը: Ասացին, որ հարցին պետք է ընթացք տրվի, փոխնախարար Տիգրան Գալստյանը կազմակերպեց հանդիպում հուշարձանների պահպանության կոմիտեի փորձագետների հետ: Հրավիրված էին նաև այլ մասնագետներ, և շատ հստակ դիրքորոշում արտահայտվեց, որ պետք է հուշարձանների ցանկը վերանայվի ու թարմացվի: Այնուհետև նախարարությունը պաշտոնական հայտարարություն տարածեց հուշարձանների ցանկի համալրման վերաբերյալ: Անկեղծ ասած, սպասում էինք որոշակի քայլերի, մոտ տասն օր է անցել, որևէ նորություն չկա:
-Գուցե հանրությունը, մտավորականները պետք է իրենց առաջարկնե՞րը ներկայացնեն, ավելի ակտի՞վ լինեն:
-Հանրային ակտիվություն, կարծում եմ, բավարար չափով եղել է: Այս պահին քայլեր պետք է անի նախարարությունը: Եթե անդրադառնում ենք Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետական ժառանգությանը, նախ և առաջ, պետք է հաշվի առնենք, որ ոլորտի մասնագետները քիչ են, իսկ շենքերը, որ պետք է ներառվեն հուշարձանների ցանկում, շատ: Կան առաջին հայացքից ներկայացուցչական տեսք չունեցող կառույցներ, որ իրականում հետաքրքիր, կարևոր նշանակություն ունեն: Այսինքն, պետք է կազմվի ցանկ, անցկացվի որոշակի մասնագիտական փորձաքննություն: Դա բավականին տևական պրոցես է, բայց պետք է սկսել ինչ-որ պահի:
-Ինչպես նշեցիք՝ պրոցեսը տևական է, բայց չէ՞ որ կան կառույցներ, որոնք վտանգված են և հրատապ լուծում են պահանջում, օրինակ՝ «Ռոսիան», «Զվարթնոցը»:
-Կարծում եմ` վտանգված կառույցների նկատմամբ, որոնց հուշարձան լինելու առումով ոչ մի կասկած լինել չի կարող, պետք է ցուցաբերվի հատուկ վերաբերմունք: Խնդիրը կառավարության մակարդակով պետք է կարգավորել, սեփականատերերի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որ ոչ մի փոփոխություն չանեն մինչև հուշարձանների ցանկը թարմացվի: Այսինքն, պետք է ծրագիր կազմվի, առաջնահերթ խնդիրները լուծվեն, դրան զուգահեռ, ընթանա ցուցակագրման գործընթաց:
-Հնարավո՞ր է անաղմուկ լուծել խնդիրը, ընդհանուր հայտարարի գալ սեփականատիրոջ հետ: Ի վերջո, կարելի է լսել նրա դիրքորոշումը, ըմբռնումով մոտենալ և փորձել ներկայացնել հուշարձանի պահպանության անհրաժեշտությունը:
-Ես սեփականատիրոջ հետ ոչ մի առնչություն չեմ ունեցել, չեմ կարող ասել՝ հնարավո՞ր է, թե՞ ոչ, բոլոր դեպքերում, այդ բանակցությունները պետք է սկսվեն, այլ կարծիք չի կարող լինել: Իհարկե, ինչ-որ առումով, մարդուն ասես փաստի առաջ են կանգնեցնում. իր սեփականատիրությունը տոտալ առումով դուրս է գալիս իր վերահսկողությունից, և դա կարող է դժգոհություն առաջացնել, բայց պետք է ասել նրան, որ հուշարձանի կերպարային ամբողջականության պահպանումը միայն օգուտ ու լրացուցիչ տնտեսական դիվիդենդներ կբերի:

«ԲԻԶՆԵՍՈՒՄ ՄԵԾ ՇԱՀՈՒՅԹ ԿԱՐԵԼԻ Է ՍՏԱՆԱԼ՝ ՀԵՆՑ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՎ»


Ճարտարապետ ԱՐՍԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ կարծիքով՝ պատմամշակութային նշանակություն ունեցող շինություններին հուշարձանի կարգավիճակ տալը բավական չէ դրանք ոչնչացումից փրկելու համար, եթե կարգավիճակը չի զուգորդվում հուշարձանը օրենքով պաշտպանելու և պահպանելու այլ միջոցներով:
-Մենք շատ դեպքեր ունենք, երբ ցուցակում ընդգրկված շենքերը փչացրել են, և ոչ մի հետևանք դա չի ունեցել,- ընդգծեց ճարտարապետը:
-Հնարավոր չէ՞ կառույցը սեփականացնել, արդիականացնել, բայց պահպանել դիմագիծը:
-Իհարկե հնարավոր է, ավելին՝ աշխարհում մեծ փորձ կա նման գործընթացների, արդեն վաղուց այդ հեծանիվը հորինված է: Կարծում եմ՝ ամենակարևոր բանը, որ մեզ պակասում է՝ գիտակցությունն է և արժեքների ճիշտ ընկալումը:
-Գուցե ընկալում ենք, բայց առաջնությունը տալիս ենք բիզնես շահի՞ն:
-Մենք խոսում ենք այն մասին, որ ընկալումներն այսօր ամբողջ աշխարհում փոխվել են, և արժեքների կուտակման գաղափարը դարձել է արդիական: 100 տարի առաջ լրիվ ուրիշ մոտեցումներ էին: Հիմա մենք շատ ենք ուշացել, և հասարակությունը չի գնահատում, չի արժևորում իր ունեցածը: Բնական է, որ կարող է լինել նաև շահերի բախում բիզնեսի հարթությունում, բայց իրականում, եթե ավելի հեռանկարային ենք նայում, բիզնեսում մեծ շահույթ կարելի է ստանալ հենց արժեքները պահպանելով:
-Ի՞նչ կառաջարկեք ինքներդ՝ որպես մասնագետ, և ի՞նչ է պետք անել, որ մի օր չարթնանանք, ու տեսնենք՝ «Ռոսիան» վերջնականապես կորցրել ենք:
-Բարդ հարց է։ Ես, որպես երևանցի, կարծում եմ, որ «Ռոսիան» մենք արդեն կորցրել ենք, որովհետև «Ռոսիան» արժեքավոր էր իր միջավայրի հետ: Անկեղծ ասեմ՝ ես ինքս դեռ լուծում չեմ տեսնում, չեմ պատկերացնում, թե ինչ կարելի է անել, բայց սա լավ օրինակ է, որ ապագայում այլ շենքեր նման ճակատագիր չունենան: Չնայած արդեն շենք էլ չի մնացել:

Պատրաստեց
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 7551

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ