Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլայ Ցնայդերը «Արմենիա» փառատոնի շրջանակում ներկայացրեց դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր

Նիկոլայ Ցնայդերը «Արմենիա» փառատոնի շրջանակում ներկայացրեց դասական և ժամանակակից կոմպոզիտորների գործեր
04.07.2018 | 12:37

Հուլիսի 3-ին «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի հերթական համերգն էր։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհում մեծ ճանաչում ունեցող ջութակահար, Բրյուսելի Եղիսաբեթ թագուհու, Սիբելյուսի և միջազգային այլ մրցույթների դափնեկիր Նիկոլայ Ցնայդերը։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Երեկոն մեկնարկեց Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքով, այնուհետև հնչեցին փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի «Ծովանկարներ» ջութակի և նվագախմբի համար ստեղծագործությունը և Յոհաննես Բրամսի Ջութակի կոնցերտը։ Կատարումներն ունկնդրի կողմից ընդունվեցին ջերմությամբ ու բուռն ծափողջույններով։


Կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի Տոնական նախերգանքը գրվել է 1995 թվականին՝ ցուրտ ու մութ տարիներին։ Եվ ինչպես հեղինակն է նշում, ստեղծագործության մեջ արտահայտվել է իր բողոքն այդ երևույթների նկատմամբ։ «Առաջին անգամ Տոնական նախերգանքը հնչել է Հայաստանում շվեյցարացի դիրիժորի ղեկավարմամբ, ով հետագայում այդ գործը ներկայացրել է Հայաստանից դուրս տարբեր հրատարակություններում։ Նրանք ճանաչեցին ինձ՝ որպես կոմպոզիտորի և սկսեցին պատվերներ տալ, տպագրել ստեղծագործություններս։ Մի խոսքով, Տոնական նախերգանքը նշանակալի դեր ունեցավ իմ կյանքում»,- ասում է Վարդան Աճեմյանը։ Կոմպոզիտորը կարևորում է այն փաստը, որ «Արմենիա» փառատոնը մեկնարկում է հայ հեղինակների ստեղծագործություններով. «Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ, որոնք, ցավոք, ինչ-որ տեղ մոռացված են։ Մենք պետք է նրանց գործերը, այդ մնայուն արժեքները ներկայացնենք երաժշտասեր հանրությանը»։


Նիկոլայ Ցնայդերը, խոսելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մասին, նկատեց, որ շատ լավ կոլեկտիվ է, որտեղ ջերմ մթնոլորտ է ստեղծված։ «Մթնոլորտը կարևոր է, բայց կարևոր է նաև արդյունքը, որ ներկայացվում է ունկնդրին, ինչպես նաև՝ մարդկանց վերաբերմունքը նվագախմբին։ Եվ ես տեսա, որ մաեստրո Սմբատյանի մոտեցումներն աշխատանքին շատ լուրջ են, ջերմ ու թեթև։ Եվ այս միախառնումը շատ լավ հնարավորություն է երաժշտությունը լավագույնս ներկայացնելու համար»։


Այսօր երեկոյան «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում հանդես կգա Բոլշոյ թատրոնի մեներգչուհի, մեր հայրենակցուհի Աննա Ագլատովան։
Հիշեցնենք, որ «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Դիտվել է՝ 1596

Մեկնաբանություններ