«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է

Արմեն Սարգսյան. Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է
05.07.2018 | 22:23

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ.
«Սիրելի՜ հայրենակիցներ,
Այսօր Սահմանադրության օրն է: Միևնույն ժամանակ, այսօր մենք նշում ենք նաև պետական խորհրդանիշների օրը, ինչը կրկնակի տոնական ու կարևոր է դարձնում այսօրվա խորհուրդը: Պետական խորհրդանիշները բացարձակ արժեքներ են, որոնց նշանակության գիտակցումը և պատշաճ արժևորումը կարևոր նշանակություն ունեն երկրի այսօրվա և վաղվա օրվա համար:
Սահմանադրությունը համարվում է երկրի օրինականության խորհրդանիշ: Սակայն յուրաքանչյուր պետության լավագույն խորհրդանիշը նրա օրինապաշտ և, միաժամանակ, օրենքով պաշտպանված քաղաքացին է:


Սահմանադրությունն այն հիմնարար փաստաթուղթն է, որը որպես մեր անկախության և հետագա զարգացման երաշխիք, ամրագրում է իրավունքի գերակայության, օրինականության, արդարության և ժողովրդի իշխանության վրա հիմնված արժեհամակարգը մեր երկրում:
Վերջին շրջանում պետական շինարարության մեջ կատարվող քայլերը նույնպես հենվում են երկրի հիմնական օրենքի այդ տրամաբանության վրա:
Սահմանադրության հերթական տարեդարձի օրը մենք կարող ենք հպարտությամբ արձանագրել ոչ միայն ինքնիշխան, զարգացող, ժողովրդավարության ուղին ընտրած Հայաստանի Հանրապետության աներկբա գոյության փաստը, այլև միջազգային ասպարեզում նրա աճող վարկանիշի առկայությունը:


Այն շարունակաբար բարձրացնելը բոլորիս իրավունքն ու պարտականությունն է, և առհասարակ մեր բարոյական պարտքն է հայրենիքի հանդեպ:
Սահմանադրական արժեքները կարող են ապրող իրողություն դառնալ այն դեպքում. երբ մեզանից յուրաքանչյուրն իր ներսում այդ արժեքների կրողը լինի:
Սահմանադրությունը իրավունքի ու պարտականության օրինական սահմանն է: Այն, ըստ էության, զատում է թույլատրելին անթույլատրելիից, ուրվագծում այն իրավական դաշտը, որին ենթակա են նաև մեր բարոյական օրենքները:


Պետք է մտածել ու գործել ի շահ երկրի, օգտվել Սահմանադրությամբ ընձեռված հնարավորություններից և պաշտպանել Սահմանադրությունը:
ՈՒ այդժամ, երկիրը կդառնա ավելի լավը, երկրի քաղաքացին` ավելի վստահ, երկրի իշխանությունը` ավելի պատասխանատու և ավելի վստահելի:
Սահմանադրությունը և ժողովրդի կամքը փոխկապակցված են իրար: Այսօր ժողովուրդն է իր կյանքի, պետության զարգացման օրակարգի լիարժեք ձևավորողը:
Այդ օրակարգը պետք է զերծ լինի զգացմունքի գերակայությունից և կյանքի կոչվի Սահմանադրության նկատմամբ հարգանքի հենքի վրա` որպես ազատ, ժողովրդավարական և ուժեղ Հայաստանի գրավական:


Միասին պետք է շարունակենք կառուցել քաղաքականապես ու տնտեսապես ներդաշնակ, քաղաքացու և իշխանության փոխադարձ հարգանքի վրա զարգացող Հայաստանը:
Իրավունքի, օրենքի ու արժանապատվության երաշխավորմամբ ապրելը պետք է լինի ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Որովհետև Սահմանադրությամբ և օրենքներով ապրելը ոչ թե սոսկ անհրաժեշտություն և պարտականություն է, այլ` ազատ մարդկանց առավելությունը, ովքեր գիտեն իրենց և այլոց իրավունքների արժեքը: Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Մաղթում եմ խաղաղություն, լավատեսություն և բարեկեցություն»,- ասված է ուղերձում:

Դիտվել է՝ 1386

Մեկնաբանություններ