Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել համահայկական երիտասարդական հավաքին

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել համահայկական երիտասարդական հավաքին
05.07.2018 | 22:30

Հուլիսի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկաձորում ներկա է գտնվել Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդաց Միավորման (ՀԵՀԵՄ) «Դեպի Հայրենիք, դեպի Սուրբ Էջմիածին» համահայկական երիտասարդական հավաքին։ Նորին Սրբությունը հայրապետական պատգամ է ուղղել Հայաստանի և Սփյուռքի տարբեր թեմերից եկեղեցականների առաջնորդությամբ ժամանած չորս հարյուր երիտասարդներին. «Մեզ համար խորին գոհունակություն էր այսօր առավոտյան ողջունել ձեզ հայոց հոգևոր կենտրոնում և Մեր օրհնությունները վերստին բերել ամենքիդ: «Դեպի հայրենիք, դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին» խորագիրը կրող այս ուխտագնացության բոլոր մասնակիցներիդ համախմբումը Հայաստանում, աղոթքների մեկտեղումը և մեր նվիրական սրբավայրեր այցելությունները պիտի լինեն ձեզ համար հոգու նորոգության, երկնային օրհնությունների առատության աստվածապարգև շնորհ:


Դուք հայրենի երկրում համախմբվելով՝ վկայում եք ձեր միասնությունը հավատքով, ձեր հայրենասիրությունը, ձեր ազգանվեր ու եկեղեցասեր ոգին, որ երիտասարդներիդ առաջնորդում է ձեռքբերումների ու հաջողությունների: 100-ամյա հերոսական պատմություն ունեցող Սարդարապատից, մայիսյան ազատամարտերից մինչ օրս հայ երիտասարդի անմնացորդ նվիրումով է նաև, որ մեր ազգը ձեռքբերումներ է կերտել, ազգային գիտակցությունն ու ոգին բարձրացրել:
Երիտասարդությունը ամուր է պահել հարազատ մեր բնօրրանը, պաշտպանել և այսօր էլ պաշտպանում է Մայր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, ուր դարեր ի վեր, ավետարանական խոսքին համահունչ, մեր նախնիներն ամբարել են բյուրավոր հոգևոր գանձեր` իրենց սրտերը նորոգելով հավատքի ու սիրո գործերով: Դուք եք, սիրելիներ, մեր ազգի ու Եկեղեցու ապագան, այլև ներկայի կերտողները, ձեր ջանքերով հայրենական և հոգևոր մեր կյանքում հաճախ անհնարինը դառնում է հնարավոր, և արձանագրվում են նորանոր իրագործումներ ու հաղթանակներ ազգային ու եկեղեցական մեր անդաստանում:
Իսկապես, հայ լինելը առաքելություն է: Այդ առաքելությունը թե այստեղ՝ հայրենիքում, և թե Սփյուռքում ենթադրում է հոգևոր ու ազգային արժեհամակարգի պահպանություն ու զորացում: Զանազան համայնքների եկեղեցասիրաց և այլ կառույցներին անդամակցելով` դուք գովելի նպաստ եք բերելու երիտասարդության շրջանակներում մեր հավատքի, մշակույթի ու լեզվի պահպանությունը կարևորելու, ազգային կյանքում ձեր դերակատարությունը հստակեցնելու և գովարժան հանձնառություններ ստանձնելու համար:


Այդ առաքելությունը չի կարող ամբողջական լինել հայրենիքից կտրված ու հայրենական կյանքին անհաղորդ լինելով: Այստեղ են մեր նվիրական սրբությունները, հիշատակները, մեր ժողովրդի հավատավոր հոգու վկայությունները: Հայրենիքում է մեր բարեփոխվող ներկան՝ լուսավոր նոր գալիքի վճռականությամբ ու տեսլականով: Այսօր, երբ Հայաստանի առջև բացված են նոր հեռանկարներ, դուք նորովի եք առնչվելու հայրենական կյանքին՝ ամրանալով մեր հարազատ երկրին ու պետությանը ձեր ներուժը բերելու կամքի մեջ: Հայրենիքն է մեր մեծագույն գանձը, և այստեղ պիտի լինեն նաև ձեր սրտերը՝ սերը, նվիրումն ու նախանձախնդրությունը առ հայրենին, ըստ ավետարանական խոսքի. «ՈՒր ձեր գանձերն են, այնտեղ և ձեր սրտերը կլինեն»»:


Գարեգին Բ Վեհափառ Հայրապետը նաև անդրադարձել է հայ հասարակության առջև ծառացած զանազան մարտահրավերներին։ Այս կապակցությամբ Նորին Սրբությունը նշել է․«Սիրելիներ, դարեր ի վեր, հայոց մեծ դարձից մինչև գրերի գյուտ ու մինչև Սարդարապատ, Արցախյան հերոսամարտ ու մեր օրեր, հայը չի պատկերացրել իր կյանքն ու գոյությունն առանց քրիստոնեական իր հավատքի, առանց ազգային իր ինքնության: Պատմության տարբեր ժամանակահատվածներում մարտահրավերներ են առաջ եկել ուղղված թե մեր հավատքի և թե ազգային արժեհամակարգի դեմ: Սուրբ Պողոս առաքյալն ասում է. «Բայց հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել. այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ. Ժ 13): Այսօր էլ բազում են խնդիրները, որ ծառացած են մեր ազգի առջև Հայաստանում և Սփյուռքում: Սիրելիներ, միասնական համախմբող ոգին, որ առկա է ձեր մեջ, պիտի դառնա թթխմոր համազգային մեր կյանքի զարթոնքի: Ճշմարիտ քրիստոնյան գիտի, որ իր յուրաքանչյուր օրը պարգև է իր Արարչից, և որ այդ պարգևն առավել պայծառազարդվում է առ Աստված հավատքից ճառագող սիրով, հավատավոր գործերով: Մեր մաղթանքն ու հորդորն է ձեզ, որ ձեր բնակավայրերում, ընկերային ձեր շրջապատում և ձեր ընտանիքներում մշտապես լինեք Աստծո պատգամաբերներ, Քրիստոսի սիրո երաշխավորներ, մեր Սուրբ Եկեղեցու և հայրենիքի հարազատ զավակներ, որպեսզի ձեր բարի հավատքից բխող հայրենանվեր ու ազգաշեն գործերով, յուրաքանչյուրդ ձեր կարողությունների չափով ներդրում բերեք Հայաստանում և Սփյուռքում հայ կյանքի բարօրությանն ու բարգավաճմանը, նոր ձեռքբերումների ու հաջողությունների կերտմանը»:


Հայոց Հայրապետը մաղթել է, որ Տիրոջ կողմից երիտասարդաց հոգիներում ցանված սերմերը առատապես պտղաբերեն ազնիվ, նվիրյալ գործերով: Նորին Սրբությունը պատասխանել է երիտասարդների հարցերին, որ վերաբերում էին Հայ Եկեղեցու մարտահրավերների հաղթահարման ջանքերին, Եկեղեցու քարոզչական և հովվական առաքելությանը և երիտասարդության դերակատարությանը։ Ի պատասխան երիտասարդների հարցումների Գարեգին Բ Հայրապետն անդրադարձել է նաև իր հոգևոր փորձառությանը և կյանքի ուղուն։

Դիտվել է՝ 1084

Մեկնաբանություններ