Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ամեն բան հոսում է, ամեն բան` փոխվում

Ամեն բան հոսում է,  ամեն բան` փոխվում
06.07.2018 | 00:58

Ողբերգությունն այլ տեղ է։ Չնայած Սողոմոնն այս ամենի բացատրությունը տվել է մեր թվարկությունից առաջ, որ չկա ոչինչ նոր այս հին լուսնի տակ, շարունակությամբ՝ ձիու վրա էր՝ Աստծուն մոռացավ, ձիուց իջավ՝ մարդուն մոռացավ։
Իշխանությունների բնույթն է այդպիսին. նրանց թվում է, թե իրենք անանց են, և աթոռն ու գրիչը, որ նրանց ուժ ու «հմայք» են հաղորդում, հարատև են։ Ավա՜ղ։


Հիմա նույնը թվում է Նիկոլ Փաշինյանին. նա բացում է նախորդ նախագահների «շշերը», ջինը միջից դուրս հանում... Պաուզա. առաջին նախագահի մասով դեռ ոչինչ չի ասվում. ԱԱԾ-ը ոչ մի կերպ հետաքրքրված չէ նրանով, նրա «ժառանգությամբ», չնայած ցանկության դեպքում կարելի էր «շարժել» թե՛ 1996-ի պառլամենտի գրավման «փաստը», թե՛ տնտեսական «դոսիեները», պատմելու՝ ինչպես առաջացավ Հայաստանում առաջին օլիգարխը, ինչպես նաև մեծ թվով չբացահայտված սպանությունները, ընդհուպ մինչև ՀՅԴ-ի փակում։ Սակայն «պատմության մատյաններն» այս առումով «լուռ» են, նախ որ՝ այդ թվերի նկատմամբ հետաքրքրություն չկա, որովհետև ՀԱԿ-ն ինքնին որևէ հետաքրքրություն չի ներկայացնում իրենից, ի տարբերություն Ռոբերտ Քոչարյանի, ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի, ապա և՝ որևէ մեկը «գործ» չի տալիս նշված «հանգամանքների» առնչությամբ։ Առայժմ։


Փաստենք մեկընդմիշտ. այն, ինչի ականատեսն ենք այս օրերին՝ սկսած «տուշոնկաներից», «ոսկե տղա՝ Նարեկ Սարգսյան» արձանագրությունից, մինչև Դոստոևսկու «սև» սինդրոմով՝ խաղամոլությամբ տառապող իշխանավորներ, իսկապես սահմռկեցուցիչ է և խոր մաքրման արժանի։
Այս առումով արժանին մատուցենք օրվա իշխանություններին և պատկան մարմիններին, չմոռանալով նշել, որ այդ պայքարը նաև ոչ ինստիտուցիոնալ, հատվածական, տենդենցիոզ ու վատ կազմակերպված լինելով, այնուհանդերձ, դրական է։


Ափսոս, որ դրան զուգահեռ այլ քայլեր չեն արվում երկիրը նոր, կանոնավոր բարեփոխումների ռելսերի վրա դնելուն միտված։ Ցավալի է նաև՝ խորքային հայացքն ու գիտակցումը, որ շատ բան արվում է լոկ «տեսարաններն» ապահովելու համար, որպեսզի «իմ ժողովուրդը», որն ակամա դարձել է Փաշինյանի «կուսակցությունը», ոտքի վրա մնա՝ մինչև նոր ընտրություններ, որից հետո արդեն կարելի է և՝ ջրհեղեղ։


Հանուն արդարության նաև ֆիքսենք՝ «տեսարանները», որոնք այսօր «իրականացվում» են, սարսափ-ֆիլմերի արկածային տարրեր ունեն. այլապես, ինչու՞ «մասկաներով», ինչու՞ այդքան լրագրողների-տեսախցիկների «առջև», ինչու միանգամից գեներալ-գնդապետի նկատմամբ (Միքայել Հարությունյան) «ռոզիսկի» հայտարարմամբ, երբ կարելի էր, ասենք, «փափուկ» հարցազրույցով «իմ ժողովրդին» տեղեկացնել, որ իրենք ծանուցում են ուղարկել, պաշտպանության նախկին նախարարը չի եկել։ Տասը տարի սպասել էին, կարող էին մեկ-երկու շաբաթ ևս սպասել, հարցը հասունացնել, նոր «ռոզիսկը» տարփողել: Կարելի էր կարծել, թե նախկին նախարարը երկրից փախել է, երբ նա երկրում չէ շատ վաղուց։ Հարց՝ ապահովե՞լ են ծանուցման պատշաճ փոխանցումը։ Չգիտենք։ Ընդ որում, անկախ անմեղության կանխավարկածից կամ՝ վերջինիս մեղավորությունից, գործ ունենք բանակի բարձրագույն ներկայացուցչի հետ։ Կարելի էր, չէ՞, համբերություն հանդես բերել, այն էլ՝ Նախիջևանի և ղարաբաղյան սահմանին այս պահին հզոր զորավարժությունների ֆոնին, երբ պատերազմից «հինգ րոպե է պակաս»։

Ի դեպ, իրավական կազուսներ, այսպես ասած, «երեխան սապնաջրի հետ դուրս նետելու» սինդրոմներ՝ «տեսարաններ» ապահովելու ընթացքում՝ որքան ասես։ Մոռանանք մի պահ, որ Փաշինյանը «չի զանգում դատավորներին», բայց, չգիտես ինչու, թե՛ ԱԱԾ-ի, թե՛ մնացյալ պատկան մարմինների գործողությունները խիստ տենդենցիոզ են և պտտվում են նույն «խարիսխների» շուրջը, ասենք, Մանվել Գրիգորյանի կալանավորմանն առնչվող դատական նիստին զուգահեռ, Փաշինյանը «լայվ» մտավ, նոր «հանգամանքներ» ներկայացրեց, ընդ որում, Մանվել Գրիգորյանը, անկախ իր արածների զազրելիությունից, անազատության մեջ է՝ օրենքի խախտմամբ, որովհետև նրա հիվանդություններն «անհամատեղելի» են անազատության մեջ գտնվելու «անհրաժեշտութան» հետ, ապա և՝ «պարզվում» է՝ Դոստոևսկու սինդրոմով տառապող խաղամոլ Արա Վարդանյանը զրո գումար է պարտք «Հայաստան» հիմնադրամին, իսկ Գագիկ Ծառուկյանի Էդոյի ու նույն Ծառուկյանի դեմ բողոք չկա, ասել է՝ «հիմքեր» չկան Էդուարդ Բաբայանին կալանավորելու, բայց «շատ ցանկալի է, ախր» նրանց բոլորին ճաղերի հետևում տեսնել՝ ի սեր ժողովրդի ու հանդուրժողականության հեղափոխության։ Հա, չմոռանանք, որ Միքայել Հարությունյանի մեղադրանքով էլ հոդված չկա քրեական օրենսգրքում և այդպես շարունակ։


Ասել է՝ «տեսարաններն» ապահովելու արագության մեջ բավականին լուրջ կազուսներ են թույլ տրվել, որոնք, ի դեպ, կարող են «դիտարկվել», վեր հանվել, «դանոսվել» հաջորդ՝ ապագա իշխանությունների կողմից, եթե վերջիններս, ինչպես այսօրվանները, ցանկանան ջինը շշից հանել, ավելին, դրանց գումարել ԵՊՀ-ի, ռադիոտան և «այլ» հանգամանքներ։
Որովհետև Սողոմոնը մի միտք էլ է ասել՝ ամեն բան հոսում է, ամեն բան` փոխվում։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4401

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ