Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Այն ուժերը, որոնք նախկին իշխանության շրջանում գործել են, քավարանով պիտի անցնեն»

«Այն ուժերը, որոնք նախկին իշխանության շրջանում գործել են, քավարանով պիտի անցնեն»
06.07.2018 | 01:25

ԱԱԾ-ը շարունակում է բացահայտումների շղթան: Իշխանական նախկին համակարգն օր օրի փոշիանում է, սակայն թե դրա փոխարեն ինչ պետք է ստեղծվի, առայժմ հստակ չէ: Նորը ստեղծելը հեշտ գործ չէ` խելք, փորձ, ունակություն և գայթակղություններից հեռու կադրեր, այլապես կլինի նոր Հայաստան, բայց հին մեխանիզմներով: Առայժմ խիստ անորոշ է ապագան, գուցե պատճառը նաև այն է, որ բոլորը, այդ թվում` կառավարությունը, սպասում են առաջիկա ընտրություններին, երբ պարզ կերևա, թե քաղաքական ինչ գունապնակ և պետության կառավարման ինչ հայեցակարգ են ներկայացվում հասարակությանը: Իսկ մինչ այդ այսօրվա ներքաղաքական զարգացումների շուրջ զրուցեցինք «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ:

-Հետևելով այսօրվա ներքաղաքական կյանքի զարգացումներին, ԱԱԾ-ի բացահայտումներին, ի՞նչ հետևությունների եք հանգել:
-Մենք ինչ-որ ժամանակ ապրել ենք ռազմաֆեոդալիզմի, հետո քրեաօլիգարխիկ համակարգում, արդյունքում ռազմա-քրեա-ֆեոդալա-օլիգարխիկ երկրում ենք ապրել: Այսպիսի պետության գոյության մասին մենք վաղուց ախտորոշում ներկայացրել ենք, իսկ այն, ինչ հիմա տեղի է ունենում, անխուսափելի էր: Հասարակությունը ցանկանում է տեսնել ոչ միայն «խոշոր ձկների» ազատազրկումը, այլև նրանց յուրացրած գումարների գոնե մի մասի վերադարձը բյուջե (տարբեր հաշվարկներով 25-30 մլրդ դոլարի յուրացում է եղել): Դրանով կարող ենք և՛ արտաքին պարտք փակել, և՛ սպառազինություն ձեռք բերել:
-Փոխվարչապետներից մեկը վերջերս միամտություն էր համարել այն կարծիքը, թե թալանած միջոցների վերադարձով կարելի է պետական պարտքը փակել:
-25-30 մլրդ դոլարի յուրացում է եղել, եթե դրա կեսն անգամ վերադարձվի, հնարավոր է լուծել այդ հարցերը: Միայն վերջին 10 տարում շուրջ 10 մլրդ դոլար է երկրից դուրս բերվել, այդ թալանածի մի մասն էլ մնացել է Հայաստանում՝ առանձնատների, օբյեկտների տեսքով: Այս գումարների գոնե կեսը կարելի է վերադարձնել: Այն բացահայտումները, որոնք այսօր ներկայացվում են, անշուշտ, դրական է, բայց քաղաքացիները սպասում են «խոշոր ձկներին»:
-ԱԱԾ բացահայտումներում մի հետաքրքիր նրբերանգ կա. հանրությանը ներկայացվում են այն թալանված միջոցները, որոնք բարոյական մեծ հարված են հասցնում ժողովրդին. բանակից ու զինվորից գողացված սնունդ ու հագուստ, համահայկական հանգանակությամբ հավաքված գումարներով խաղամոլությամբ զբաղվել: Այսինքն, փողի «կարասը» դեռ ԱԱԾ-ն չի բացահայտել, որտեղ Ձեր նշած գումարները կարող են լինել: Ի վերջո, կպարզվի` ով որքան միլիարդներ է օֆշորում պահում, որտեղ են խոշոր գումարները:
-Կարծում եմ` ինչ-որ ժամանակահատվածում այդ բացահայտումներին էլ հերթը կհասնի: Տեսեք` Մարտի 1-ի հետ կապված հոդված փոխվեց (բոլորի համար էլ ակնհայտ էր, որ իշխանության յուրացում է եղել), Միքայել Հարությունյանը ճանաչվել է մեղադրյալ:
-Բայց նա այլևս երկրում չէ:
-Էական չէ: Եթե ցանկություն կա, կարող են նաև երկիր էլ բերել: Չեմ ասում, թե Հարությունյանն այդ «խոշոր ձուկն» է, որ միլիարդավոր գումարներ է թալանել: Բայց Մարտի 1-ն առնչվում է բազմաթիվ անձանց, որոնք տարբեր գնահատականներով, մի քանի միլիարդից մինչև մի քանի հարյուր միլիոն դոլարի տեր են: Ռոբերտ Քոչարյանը դեռ տարիներ առաջ 4 մլրդ դոլար ուներ, իսկ Միքայել Հարությունյանին թիրախում պահելը նշանակում է ուղիղ հարված Ռոբերտ Քոչարյանին: Առանց գերագույն գլխավոր հրամանատարի չէր կարող գաղտնի հրաման լինել, ոչ էլ զորքերի տեղաշարժ, այն էլ` արտակարգ դրություն դեռ չհայտարարած: Այդ գործում խոսվում է նաև շտաբի մասին, կան բավականին հետաքրքիր մարդկանց անուններ, որոնք բազմամիլիոն կարողություններ ունեն: Այդ անձինք կան, որոնց գործերը շատ հեշտ կարող ենք բացել: Իսկ իշխանության յուրացում ոչ միայն 2008-ին է եղել, այլև 2013-ին: Բոլորը հստակ գիտեն, որ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակը գողացան: Եթե ցանկություն ունենան, կարող են բացահայտումների սլաքն ուղղել նաև այստեղ, որովհետև ոչ միայն եղել է իշխանության յուրացում, այլև դրանով պայմանավորված գումարների թալան: Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի գումարները խաղադրույք դարձրած Արա Վարդանյանին, նա միակը չէ այդ հարցում: Բազմաթիվ պաշտոնատար անձանց մասին գիտենք, որոնք գումարներ են խաղացել, այդ թվում` Սերժ Սարգսյանը: Իսկ Վարդանյանի պարագայում խնդիրը միայն 130 մլն դրամը չէ, այդ հիմնադրամում շա՜տ այլ գումարներ կարելի է գտնել: Այնտեղ, այսպես ասած, փողերի լվացումներ են տեղի ունեցել` ճանապարհի ասֆալտապատում, լայնություն, երկարություն, հաստություն, որակ, այնպես որ շատ հանգիստ կարելի է յուրացված գումարները գտնել: Դա զգում էր Սփյուռքը, դրա համար սկսեց չհավատալ գումարների արդյունավետ ծախսմանը, և տարեցտարի ներդրումները նվազեցին:
-Այս բացահայտված դեպքերի բոլոր տվյալները ԱԱԾ-ն հաստատապես վաղուց ուներ, ինչու՞ ավելի վաղ դրանք չեն հրապարակայնացվել: Տեսակետ կա, որ այդ ամենի մասին այնքան էլ տեղեկացված չի եղել Սերժ Սարգսյանը, ոմանք էլ պնդում են, որ ոչինչ առանց նրա գիտության չի եղել: Դուք ո՞րն եք հավանական համարում:
-Սերժ Սարգսյանն ամեն ինչի մասին էլ տեղյակ է եղել: ԱԱԾ-ի գործողությունը դեռևս որոշ փոշոտ թղթապանակների շուրջ է, շատ ավելի հաստափոր թղթապանակներ կան, որոնք եթե կամենան, կբացահայտեն: Իմ գործընկեր Լարիսա Ալավերդյանը լավ խոսք ունի՝ Հայաստանում ստվերն ամենաարևոտ ու լուսավոր տեղում է: Մեր երկիրը ցամաքային այնպիսի կապեր չունի, որ որտեղից ցանկանաս ապրանքներ բերես և արտահանես ցանկացած տեղ, լեռնային բարդ տեղանքով երկիր է, որն ընդամենը 3 ճանապարհ ունի հյուսիսում և մեկ ճանապարհ հարավում, օդային ճանապարհով էլ մեծ բեռնափոխադրումներ չես կարող անել: Այսինքն, ամեն ինչ հաշվառված էր՝ սկսած հանքերից: Ամեն ինչ վերահսկողության տակ է եղել: Փորձեիր Հայաստանի որևէ տարածքում երկու քար իրար վրա դնել, կտեսնեիր, թե քանի մարդ էր գլխիդ հավաքվում: Նման հսկողության պայմաններում Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կարող էր չիմանալ, թե ինչ է կատարվում Հայաստանում: Բացառվում է: Ռոբերտ Քոչարյանի ժամանակ հաստատված մոնոպոլիաները կատարելության հասան Սերժ Սարգսյանի օրոք, բոլորն էլ վերահսկվող մոնոպոլիաներ էին: Այդ ամենը նրանց էր պատկանում: Այն ժամանակ այս բացահայտումները չեն արվել, որովհետև քրեաօլիգարխիկ համակարգը թույլ չի տվել, որին էլ ծառայել է ԱԱԾ-ը: Ի՞նչ է, ԱԱԾ-ն չգիտե՞ր, թե ինչ կեղծիքներ են եղել ընտրությունների ժամանակ՝ 1998-ին, 2003-ին 2008-ին, 2013-ին: Ինչպե՞ս կարող էին չիմանալ:
-Մեզանում ամեն ինչ սկսվում է ընտրություններով ու ավարտվում ընտրություններով: Հերթը կհասնի՞ քաղաքական խոշոր կոռուպցիոն դեպքերին:
-Շատ կարևոր է նաև քաղաքական հանցագործությունների բացահայտումը, շատ հարցեր ևս դրա արդյունքում ջրի երես դուրս կգան: Օրինակ, որտեղի՞ց էին տասնյակ միլիոնավոր դոլարները, որ որպես ընտրակաշառք էին տրվում: Կամ ինչպե՞ս էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն աշխարհում գոյություն չունեցող գործարքով տրվել ինչ-որ կազմակերպության կամ որոշ մարդկանց, ոչ թե ուղիղ վաճառքով, այլ ուղղակի նվիրատվությամբ: Վաճառք են արել, որպեսզի հետագա տարիների շահույթով գումարը մարեն: «Ոսկե ձվեր ածող» գործարանը երբեք նման կերպ չի վաճառվում, այն էլ հանքարդյունաբերական, պղնձամոլիբդենային գործարանը: Այստեղ տեղի է ունեցել պետական ունեցվածքի յուրացում իշխանության յուրացման հետևանքով: Մեզանում շատ հեշտ է բացահայտել նման կոռուպցիոն շղթան:
-Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, բայց ասպարեզում քաղաքական հին ուժերն են, որոնք ՀՀԿ-ի հետ տարիներով սերտաճել են և պայքար կմղեն խորհրդարանում հայտնվելու համար: Հնարավոր կլինի՞ քաղաքական նախկին մեխանիզմներից լրիվ ձերբազատվել, չէ՞ որ իշխանությունը փոխվել է, բայց քաղաքական դերակատարները նույնն են մնացել:
-Ճիշտ կլիներ, որ մեր քաղաքական դաշտում «ռեստարտ» լիներ: Այն ուժերը, որոնք նախկին իշխանության շրջանակում գործել են, քավարանով պիտի անցնեն, ինքնամաքրվեն ու նոր մտնեն քաղաքական պայքարի դաշտ: Այն ուժերը, որոնք օլիգարխիկ, քրեական հենք ունեն, որոնք համագործակցել են իշխանության, իշխանության առանձին անհատների հետ, պետք է լուրջ վերանայումներ անեն, հետո միայն քաղաքական դաշտ վերադառնան: Անդրադառնալով ընտրություններին, հիշեցնեմ «Ժառանգության» դիրքորոշումը: ԱԱԾ-ն ու ոստիկանությունը ոչ միայն պետք է բացահայտեն հանցագործությունները, այլև իրենց գործակալական ցանցը: Չէ՞ որ այդ ուղղությամբ իրենք աշխատել են, ապացույցն էլ մեր կուսակցության նախկին անդամ Հրայր Մանուկյանի բացահայտումն է: Անուն առ անուն, նույնիսկ կոշիկի համարով գիտեն, թե ովքեր են ընտրություններին կաշառք բաժանել, նրանք պետք է զգուշացվեն, որ խոշորացույցի տակ են:
-Այսօր նոր իշխանությունը հատ-հատ քանդում է նախկին իշխանության հիմքերը, սակայն դեռ հստակ չէ` ինչով է այն փոխարինելու։ Նոր համակարգի սաղմերը տեսնու՞մ եք:
-Նորը որոշակիորեն կառաջարկվի ընտրությունների ժամանակ: Այս կառավարությանն առայժմ ոչ մի հարցում չեմ ցանկանում մեղադրել: Միայն երկու դեպքում կարժանանան իմ քննադատությանը` եթե նորմալ ընտրություններ չանցկացնեն, եթե օպերատիվ կառավարում չիրականացնեն: Եթե այս հարցերում տապալվեն, կարելի է քննադատել: Ինչ վերաբերում է զարգացման ծրագրերին, դրանք անպայման պետք է լինեն: Հին համակարգը պետք է քանդել, բայց եղած առողջ բջիջները պահպանելով: Նոր արժեքային համակարգ, տնտեսական նոր հարաբերություններ պետք է ստեղծենք: Ընտրությունների ժամանակ այս առնչությամբ քաղաքական ուժերը կներկայացնեն իրենց ծրագրերը, և ժողովուրդն իր ընտրությունը կանի:


Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 4371

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ