«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություն կատարել սենսորային սարքի միջոցով

ՀՀԿ-ն առաջարկում է ընտրություն կատարել սենսորային սարքի միջոցով
06.07.2018 | 01:39

Ազգային ժողովում և կառավարությունում Ընտրական օրենսգրքի բարեփոխումների համար ստեղծված հանձնաժողովներում կատարված աշխատանքների վերջնարդյունքն օրենսդրական կարգավորումների փաթեթը պետք է լինի: Խորհրդարանում ձևավորված աշխատանքային խմբի առաջին նիստում այս դրույթի շուրջ համաձայնության ձեռք բերվեց՝ հստակեցվեց, որ արտախորհրդարանական ուժերի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ու օրենսգրքի բարեփոխումներով հետաքրքրված այլ շահառուների հետ ունեցած առանձին քննարկումներից հետո ամփոփվելու են հավաքագրված բոլոր տեսակետները, նախագծի նախնական տարբերակն ուղարկվելու է «եվրոպական փորձաքննության»՝ Վենետիկի հանձնաժողով։ Հաշվի առնելով կառույցի տված եզրակացությունն ու գնահատականը՝ անհրաժեշտության դեպքում շտկումներ կարվեն օրենքի նախնական տարբերակի մեջ և այն կհանձնվի խորհրդարանի դատին:


Աշխատանքային խմբի անդրանիկ նիստում խորհրդարանական ուժերը ներկայացրին ԸՕ բարեփոխումների վերաբերյալ իրենց տեսլականը:
Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց, որ նախատեսել են տեխնիկական սարքերով ընտրողների գրանցումն իրականացնել միայն նույնականացման քարտերի միջոցով. միայն այդ սարքերը հնարավորություն ունեն չիպ ընթերցելու, հետևաբար, պահն է այս առիթն օգտագործելու ու բոլորին ID քարտեր տրամադրելու, ինչը, ըստ նրա, և՛ արդյունավետություն, և՛ որակ ապահովող մեխանիզմ է: ՀՀ-ում ընտրության իրավունք ունեցող բոլոր քաղաքացիներին հնարավոր է կարճ ժամկետներում ID քարտեր տրամադրել, ԵՄ-ն էլ ժամանակին պատրաստակամություն է հայտնել գումարային աջակցություն տրամադրելու այդ գործընթացն իրականացնելու համար:
Ինչպես նախորդ` հերթական ընտրությունների ժամանակ, այնպես էլ սպասվող արտահերթ ընտրություններում ՀՀԿ-ն առաջարկում է քվեարկության ընթացքը տեսանկարահանել և ցուցադրել առցանց ռեժիմով՝ ԿԸՀ կայքի կամ էլ հատուկ ստեղծված մեկ այլ կայքի միջոցով: Չնայած 2017-ին հնարավոր չի եղել բոլոր ընտրատեղամասերում առցանց ռեժիմով անխափան հեռարձակում ապահովել, այնուամենայնիվ, առաջարկին կողմ էր նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:


«Այս գործիքի շնորհիվ Փարպիում անվավեր են ճանաչվել ընտրությունները: Սա իրական գործող մեխանիզմ է. երբ ամեն մի կուսակցություն հնարավորություն չունի վստահված անձինք ունենալու բոլոր տեղամասերում, կարևոր է, որ այդ տեսանկարահանումն ապահովվի»,- ասաց նա:
Առաջարկին, կարծես, դեմ չէր նաև «Ելք» խմբակցության ներկայացուցիչ ԼԵՆԱ ՆԱԶԱՐՅԱՆԸ, բայց նրան հետաքրքրում է, թե որտեղ են այն 1200 տեսախցիկները, որոնք օգտագործվել են նախորդ ընտրությունների ժամանակ: «ԿԸՀ-ն ասում է` իր մոտ չեն, որտե՞ղ են դրանք, և արդյո՞ք անհրաժեշտ է նորից ձեռք բերել դրանք»,- նկատեց նա:


«Ոչ ոք դրանք տուն չի տարել: Դրանք եղել են կառավարության բալանսում, կառավարությունը բաժանել է տարբեր մարմինների, հիմա նոր կառավարությունը կա՛մ պետք է նորը գնի, կա՛մ դրանք հետ բերի»,- պատգամավորի մտահոգությունը փարատեց նախկին նախարար Դավիթ Հարությունյանը: Վերջինիս արձագանքեց ՀՀԿ-ի մեկ այլ ներկայացուցիչ` Վիգեն Սարգսյանը, նկատելով, որ ՊՆ-ին հանձնված տեսախցիկները, օրինակ, խորհուրդ չի տա հետ վերցնել, քանզի դրանք բաշխվել են պետական մարմիններին: Իսկ թե ինչպես կլուծվի տեսախցիկների հարցը, պաշտպանության նախկին նախարարի կարծիքով, կառավարության որոշելիք հարցն է:
Հանրապետականի առաջարկներից Դավիթ Հարությունյանն առանձնացրեց տեխնիկական սարքի ներդրումը, այսինքն, քվեարկություն՝ սենսորային սարքի միջոցով: Նա հավաստեց, որ սարքի միջոցով ընտրությունը կփարատի այն մտահոգությունը, թե ընտրության ժամանակ ընտրողի վրա հոգեբանական ճնշում կարող է իրականացվել:


«Ընտրողը մոտենում է սենսոր սարքին, մատը հպում է իր նախընտրած կուսակցության կամ թեկնածուի անվանը կամ նշանին: Անձը, տեսնելով, որ քվեարկությունն արտացոլում է իր ընտրությունը, սեղմում է հաստատող կոճակը, և քվեաթերթիկն ավտոմատ կերպով ընկնում է քվեատուփի մեջ: Այդ սարքը կա, աշխատում է, և առաջարկում եմ մտածել այս ուղղությամբ»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը, հավելելով, որ վերոնշյալ սարքը նպատակահարմար է նաև վատ տեսողություն ունեցող անձանց համար, քանի որ այն ականջակալներ ունի ու հերթով թվարկում է կուսակցությունների ու թեկնածուների անունները: Ըստ նրա՝ նույնիսկ պարալիզացված մարդիկ կարող են սարքի միջոցով ինքնուրույն քվեարկել:
Ներկաները ողջունեցին առաջարկը, բայց և նկատեցին, որ եթե ժամանակը չբավականացնի, պետք է այլ տարբերակներ մտածել: «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող Սերգեյ Բագրատյանը, օրինակ, ասաց, որ կարելի է ընտրողին բաժանել բոլոր կուսակցությունների թերթիկները, իր ընտրած կուսակցության թերթիկը նա կդնի ծրարում և կկատարի ընտրություն՝ առանց որևէ գրանշման:


Հանձնաժողովականներին, սակայն, հետաքրքրեց, թե ինչու Դավիթ Հարությունյանի ներկայացրած մեխանիզմը չի կիրառվել նախորդ ընտրության ժամանակ: Հարցին պատասխանեց Վիգեն Սարգսյանը. «Քվեարկության ավտոմատացումը պետք է լինի փուլային, այլապես ընտրողի համար անորոշությունը շատ մեծ կլինի: Իսկ այժմ սա ներդնելը հեշտ կլինի, որովհետև նախորդ ընտրությունների ժամանակ մարդիկ մեծ թվով նորամուծությունների ականատեսն են եղել: Հիմա առավել հեշտ կլինի այս մեխանիզմի կիրառումը»:
Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթ նաև ՀՅԴ-ն է պատրաստել: Այն ներկայացրեց խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: Դրանցից առաջինը ռեյտինգային (համամասնական բաց ցուցակներով- հեղ.) ընտրակարգից հրաժարվելն է, հաջորդը՝ ընտրական մասնագիտացված հանձնաժողովների ձևավորումը՝ ընտրությունների համար կոնկրետ հասցեական պատասխանատվություն սահմանելու նպատակով։ Ասել է թե՝ ընտրություններին մասնակցող կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին վստահված անձանց միջոցով լիազորություններ են տրվում, որպեսզի վերջիններս լիարժեք հսկողություն իրականացնեն տեղամասային ընտրական հանձնաժողովների նկատմամբ:
Դաշնակցականների մյուս առաջարկը վերաբերում էր մանդատների թվին:

«Կուսակցություններին կամ կուսակցությունների դաշինքներին տրվող մանդատների առավելագույն 2/3 շեմի նվազեցում մինչև մանդատների ընդհանուր թվի 3/5-ը։ Մեկ քաղաքական ուժը խորհրդարանում 60 %-ից ավելի տեղ չպետք է ունենա: Առաջարկում ենք նաև բազմակի քվեարկությունները բացառող համապետական միասնական ցանց ստեղծել, ինչպես նաև վերացնել ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառումը: Հաջորդիվ՝ առաջարկում ենք ընտրություններից առաջ ողջամիտ ժամկետներում դադարեցնել բարեգործական կազմակերպությունների կողմից բարեգործական ակցիաների կատարումը»,- հստակեցրեց Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ կարիք կա վերանայելու Հանրային հեռուստատեսությանն ու ռադիոյին անվճար տրամադրվող եթերաժամի չափն ու ընտրական հանցագործությունների համար նախատեսված պատժաչափերը։
Նիստի ավարտին ներկաները պատասխանեցին նաև լրագրողների հարցերին, արտահերթ ընտրություններին ՀՀԿ-ի մասնակցությանը: Դավիթ Հարությունյանն ասաց, որ, ՀՀԿ-ն պատրաստ է գնալու արտահերթ ընտրությունների:


Անդրադառնալով կառավարության համապատասխան հանձնաժողովի ներկայացրած երկու առաջարկներին՝ խորհրդարանի անցողիկ շեմի իջեցմանը և համամասնական փակ ընտրակարգին անցնելուն, նա նկատեց. «Անցողիկ շեմի իջեցումը պետք է որոշակի նպատակ հետապնդի, խորհրդարանական կառավարման համակարգում շատ կարևոր է, որ լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն, իսկ շեմի նվազեցումը հակառակ ուղղությամբ է տանում պրոցեսը: Նման մոտեցումը չի խթանում կուսակցությունների կայացումը, ընդհակառակը, հնարավորություն է ստեղծում փոքր կուսակցությունների ստեղծման համար:

Եթե տարիներ շարունակ ԱԺ-ում լիներ կուսակցությունների նույն կազմը՝ կհասկանայի, որ պետք է թարմություն մտցնել խորհրդարանում, բայց առանց դրդապատճառի ինչ-որ գաղափար ներմուծելը տեղին չէ: Ինչ վերաբերում է համամասնական բաց ցուցակներից հրաժարվելուն ու բացին անցնելուն, ապա, իմ խորին համոզմամբ, ՀՀ-ի ապագան հենց ընտրական մոդելն է, որը ներկայումս գործում է, սակայն այն, բնականաբար, իրեն կարդարացներ ոչ թե հընթացս ու միանգամից, այլ մեկ, երկու, երեք ընտրական ցիկլերի ընթացքում: Իհարկե, համակարգը բացասական տարրեր ունի, հատկապես այն կուսակցությունների համար, որոնք ընտրատարածքներում չունեն ստորաբաժանումներ: Պետք է բոլոր դրական և բացասական կողմերը համադրենք ու փորձենք գտնել առավել օպտիմալ լուծումը: Ներկայիս գործող ընտրակարգի նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ կուսակցությունները դառնան փակ կառույցներ, և կուսակցության վերնախավը՝ նախագահը կամ գործադիր մարմինը, միանձնյա որոշի կուսակցականների հերթականությունը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4806

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ