Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ելքի» նախընտրական ելքերը

«Ելքի» նախընտրական ելքերը
06.07.2018 | 01:50

Վերջին շրջանում Հայաստանում ընտրական օրենսգրքի փոփոխության շուրջ արդեն բավականին առարկայական և կոնկրետ աշխատանքների ակտիվացումն ու քննարկումների մեկնարկն ակտիվացրին նաև քաղաքական դաշտում առկա խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերի վերադասավորումների փորձերը։


Հասկանալի է, որ Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները կատալիզատորի դեր են կատարում քաղաքական դաշտում վերադասավորման գործընթացի համար։ Սկսել են ստեղծվել նոր կուսակցություններ, որոշ քաղաքական ուժեր, որոնք նախորդ ընտրություններից հետո մոռացության էին մատնվել, և համարվում էր, որ գոյություն չունեն, աշխատում են կրկին իրենց բախտը փորձել՝ պատճառաբանելով, որ խաղի կանոններ են փոխվել, և նոր իրավիճակում ցանկանում են նորից մասնակցել ընտրությունների՝ իրենց անցած անհաջողությունները վերագրելով նախկին իշխանություններին, իսկ պարտությունը պատճառաբանելով նախկինում ոչ արդար ընտրություններով։ Ոմանք նույնիսկ սկսել են օգտագործել իշխանության եկած ուժի մեթոդները, տեխնոլոգիաները. պարբերաբար սոցցանցերում ուղիղ եթերներ են կազմակերպում, փորձում են շփվել հանրության հետ և այլն։
Այս համատեքստում հասկանալի պատճառներով փորձագիտական և լրատվական դաշտերում առանձնակի կարևորություն է տրվում «Ելք» դաշինքի ընտրական հեռանկարներին։ Դաշինքը ձևական առումով համարվում է նոր իշխանություն, թեև բոլորը հասկանում են, որ իրական իշխանությունը «Ելքի» միայն մի կուսակցությանն է՝ «Քաղաքացիական պայմանագրինն» ու նրա ղեկավարինը։
Ինչևէ, «Ելք» դաշինքի նախընտրական հեռանկարների շուրջ հետաքրքրությունը պայմանավորված է նրանով, որ արդեն բավականին երկար բանակցություններ են ընթանում թե՛ դաշինքի ներսում, թե՛ այդ դաշինքի յուրաքանչյուր կուսակցության հետ որոշակի հույսեր կապող արտաքին ուժերի շրջանում։ Չի բացառվում առանձնակի հետաքրքրությունը ներքաղաքական և ներտնտեսական որոշակի շրջանակներում, որոնք նույնպես հույսեր են փայփայում «Ելքի» հետ, գուցե նաև ինչ-ինչ ներդրումներ, խաղադրույքներ են կատարել դաշինքում։


Վերլուծաբանների, փորձագետների համար գաղտնիք չէ, որ ներդաշինքային, անգամ ներանձնային հարաբերությունները «Ելք»-ում երբեք առանձնապես հարթ չեն եղել։ Ավելորդ է հիշեցնել, թե ժամանակին ինչ սուր փոխհրաձգություն էր տեղի ունենում Էդմոն Մարուքյանի և Նիկոլ Փաշինյանի միջև՝ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ։ Սակայն հետագայում ինչ-ինչ պատճառներով, հիմնականում մարտավարական ընդհանրություններից ելնելով, հակասությունները գոնե արտաքնապես հարթվեցին։ Անգամ լրջորեն սկսեց խոսվել մեկ կուսակցության մեջ միավորվելու մտադրության մասին։ Ասում էին, որ դրա ամենամեծ ջատագովը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ գործընկեր կուսակցությունները դրան բավականին սառն են վերաբերվել։ Ինչևէ, մինչ օրս էլ միավորվելու գաղափարը զուտ մտադրություն է մնացել, ինչի մասին այսօր առանձնապես չեն էլ ուզում հիշել։ Եվ ամենայն հավանականությամբ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանն է առանց որևէ էնտուզիազմի վերաբերվում միավորվելու հեռանկարին։


Ամեն դեպքում անհերքելի փաստ է, որ, այսպես ասած, հին հակասություններին գումարվեց նաև ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Քայլ արա» նախաձեռնության շուրջ տարաձայնությունը, իսկ հետագայում նաև թավշյա հեղափոխության ամբողջ ընթացքում՝ մի կողմից՝ «Քաղպայմանագրի», մյուս կողմից՝ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների միջև առաջացած ու խորացած մարտավարական և ռազմավարական բնույթի անհամաձայնությունները։ Թավշյա հեղափոխության ընթացքում «Քաղպայմանագրի» և նրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի նկատմամբ դաշնակից երկու կուսակցությունների, դրանց ակտիվիստների, առավել ևս առաջնորդների բավականին պասիվ, երբեմն նաև քննադատական վարքագիծը քայլարշավի փուլում փոխադարձ մեղադրանքներ էր առաջացնում, ՔՊ-ի գործընկերները մեղադրում էին, թե պայքարի որդեգրած մեթոդները կարող են հանգեցնել տապալման։


Ամեն դեպքում ձևական առումով «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցություններն ու նրանց առաջնորդները իրենց չմասնակցությունը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած քայլարշավին հիմնականում պայմանավորում էին տակտիկական տարաձայնություններով։ Մինչդեռ քաղաքական կուլիսներում շատ էր խոսվում, որ այդ տարաձայնությունը պայմանավորված էր նրանով, որ «Քաղպայմանագրի» դաշինքային գործընկեր կուսակցությունները վստահություն չունեն «Քաղպայմանագրի» իրական նպատակների հետ կապված։ Կուլիսներում նշում էին, թե Նիկոլ Փաշինյանն իրականում փորձում է պայքարել իշխանության մի թևի դեմ՝ հօգուտ մեկ այլ թևի։ Այսինքն՝ խաղում է ուրիշի խաղը։ Եվ անգամ երբ թավշյա հեղափոխությունն իր առաջին արդյունքը ունեցավ՝ հեռացավ Սերժ Սարգսյանը, քաղաքական շրջանակներում նկատում էին, որ «Ելք»-ի՝ հեղափոխությանը չմասնակցող ուժերը զարմացած էին, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է, այսպես ասած, շեշտը դնել իր անձի վրա։ Նրանց համար էլ մեծ անակնկալ էր Նիկոլ Փաշինյանի շարունակական պայքարը, և ոչ թե, ինչպես իրենք էին պնդում, իշխանական այլ թևի օգտին աշխատանքը։ ՈՒ հետաքրքիր է, որ այդպես էլ քայլարշավի և թավշյա հեղափոխության ընթացքում ո՛չ «Լուսավոր Հայաստանի», ո՛չ էլ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները հրապարակում ու հարթակում այդպես էլ չհայտնվեցին և որևէ կերպ իրենց չդիրքավորեցին հեղափոխության հետ։


Հին ու նոր հակասությունների հետ կապված խոսակցությունները խոր նստվածք էին թողել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ «Քաղպայմանագրի» մյուս առաջնորդների մեջ։ Առկա հակասությունների հետևանք է նաև այն, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո ԱԺ «Ելք» խմբակցությունը մինչ օրս չի ընտրել խմբակցության ղեկավար, որին, ինչպես պնդում են լավատեղյակ աղբյուրները, հավակնում էր «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, սակայն փաստացի նրա թեկնածությունը մերժում է «Քաղպայմանագիրը»։ Վերլուծաբանների կարծիքով եղած խորքային հակասությունների մասին է վկայում նաև այն, որ ԱԺ-ում կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Փաշինյանը որպես այդ ծրագրի քաղաքական պատասխանատու ոչ միայն չնշեց կառավարություն կազմած և դեպքերի բերումով իրեն գործընկեր դարձած «Ծառուկյան» դաշինքին ու ՀՅԴ-ին, այլև իր դաշնակիցներին՝ «Լուսավոր Հայաստանին» և «Հանրապետությանը»։ Այսպիսով՝ Փաշինյանը հաստատեց այն ենթադրությունները, թե որևէ կերպ «Ելք»-ի գործընկերներին չի համարում իր քաղաքական, առավել ևս կառավարության թիմի ներկայացուցիչներ ու պատասխանատուներ։


Պարզ է, որ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը լուրջ խանդ է առաջացրել ոչ միայն «Ծառուկյան» դաշինքում և դաշնակցությունում, այլև հենց «Ելք»-ում։ Այս առումով պատահական չէ, որ դրանից ընդամենը մի քանի օր հետո Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի դեմ գրեթե միաժամանակ քաղաքական դեմարշներ արեց և դաշնակցությունը՝ ի դեմս Արծվիկ Մինասյանի, կուտակային կենսաթոշակային համակարգի մասին օրինագծի թեմայով, և «Ծառուկյան» խմբակցությունը գրեթե ամբողջ կազմով՝ «Բարեգործության մասին օրենքի» պատրվակով, ինչպես նաև «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի առաջնորդներից մեկը՝ Մանե Թանդիլյանը, հրաժարականի դիմում ներկայացրեց։ Ճիշտ է, ամենայն հավանականությամբ, ներդաշինքային սակարկությունների արդյունքում վերջինս համաձայնեց մնալ նախարարի պաշտոնում։
Վերադառնալով ԱԺ արտահերթ ընտրություններին «Ելքի» մասնակցության ձևաչափին, վերլուծաբաններից շատերը չեն բացառում, նույնիսկ համոզված են, որ պատմական և ներքին հակասություններին ավելանում է նաև աշխարհաքաղաքական գործոնը։

Բանն այն է, որ «Ելք»-ի երեք կուսակցություններից երկուսը՝ «Լուսավոր Հայաստանը» և «Հանրապետությունը», անկախ իրենց ներքաղաքական ծագումնաբանությունից ու ֆինանսական հոսքերից, աշխարհաքաղաքական առումով իրենց դիրքավորում են կոշտ արևմտամետ, ավելի շուտ՝ ամերիկամետ դաշտում։ «Քաղաքացիական պայմանագիրն» ու նրա ղեկավարը ի սկզբանե որդեգրել էին ավելի չափավոր և քիչ թե շատ հավասարակշռված արտաքին քաղաքական գիծ։ Այս առումով հատկանշական է, որ 2017 թ. խորհրդարանական նախընտրական արշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանին, այնուամենայնիվ, հաջողվեց նախընտրական ծրագրում քողարկել իր գործընկեր կուսակցությունների արևմտամետ վեկտորը։ Այս առումով հետաքրքրական է, որ կոշտ արևմտամետ կուրս որդեգրած «Ազատ դեմոկրատների» ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը բազմիցս սուր քննադատության է արժանացրել անձամբ Նիկոլ Փաշինյանին այն բանի համար, որ վերջինս նախորդ գումարման խորհրդարանում դեմ է քվեարկել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին իր առաջարկած օրինագծին։
Թե թավշյա հեղափոխությունից, թե իշխանության գալուց հետո Փաշինյանը հետևողականորեն փորձում է աշխատանքային, անձնական վստահելի հարաբերություններ հաստատել ՌԴ ղեկավարության ու անձամբ Վլադիմիր Պուտինի հետ։ Բնականաբար, այս գործընթացը չի կարող հարթ ընթանալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր վարչապետն ուղղակիորեն գլխավորել է ԱԺ այն խմբակցությունը, որը թավշյա հեղափոխությունից ընդամենը մեկ-երկու ամիս առաջ փորձում էր խորհրդարանում օրակարգային դարձնել ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը։ Նոր իրողությունների արձանագրումն աստիճանաբար սկսում է գերիշխել նաև Ռուսաստանի ղեկավարության մոտ։ Այսինքն՝ Ռուսաստանում սկսում են ավելի պրագմատիկ ընկալել Հայաստանում կատարվածը և աշխատել նրա հետ, ում պատկանում է իշխանությունը։ Համենայն դեպս, նման միտումներ նկատվում են։ Այս ֆոնին ակնհայտ հաղթող համարվող Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը արտահերթ ընտրություններին հայաստանյան ամերիկամետ լիբերալ ուժերի հետ մեկ դաշինքով պրագմատիկ տեսակետից չափազանց ռիսկային է, անհեռանկարային և հղի վտանգավոր զարգացումներով թե ապագա վարչապետի, թե պետության համար։ Քաղաքական առումով այս վարքագիծը որևէ հեռանկար չունի և կդիտարկվի որպես դեմարշ հենց Ռուսաստանի, ինչու ոչ՝ նաև հարևան Իրանի դեմ։


Այս տրամաբանությունից ելնելով՝ չի բացառվում, որ «Ելք»-ում ներառված կուսակցություններն ընտրությունների գնան առանձին շարասյուներով։ Ընդ որում՝ Էդմոն Մարուքյան-Արամ Սարգսյան զույգին գործող իշխանությունները կտրամադրեն առավել բարենպաստ ռեժիմ՝ հետագայում չբացառելով, որ կառավարությունում և խորհրդարանում դարձյալ կոալիցիա կստեղծվի, այս անգամ՝ խորհրդարանական։ Առավել ևս, որ նման սցենարը հոգեհարազատ է հենց Հայաստանում որոշ արևմտյան դեսպանատների համար, որոնք իրականում խաղադրույք են փորձում կատարել ընդգծված արևմտամետ ուժերի վրա։ Այս առումով գուցե ոչ թե մեկ, այլ մի քանի արևմտամետ շարասյուն գործի խորհրդարանում։ Այստեղ, իհարկե, Նիկոլ Փաշինյանը շահում է, քանի որ ԱԺ-ում կլինի ոչ մեկ ընդգծված արևմտամետ ուժ, և ըստ էության աշխարհաքաղաքական կոմպլեմենտարիզմը խորհրդարանում կպահպանվի։ Այնպես որ՝ այս համատեքստում դժվար թե Նիկոլ Փաշինյանի մոտեցումները շատ տարբերվեն նախորդ իշխանությունների գործելաոճից։ Վերջիններս մշտապես շահագրգիռ էին, որպեսզի խորհրդարանում ներկայացված լինեն աշխարհաքաղաքական բոլոր վեկտորները ներկայացնող ուժերը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2986

Մեկնաբանություններ