Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում

Ո՞վ «պատերազմի հրաման» կտա. Իրանի գաղտնի դերը Նախիջևանի ճակատագրում
06.07.2018 | 02:01

(Նախորդ մասը)

Ինչ-որ հակահայկական ռազմական նպատակներով Նախիջևանի տարածքի օգտագործման ցանկացած սցենարի դեպքում Իրանի միջամտությունը, ըստ էության, «լուծված հարց է»: Նկատի ունենալով Երևանից հնչող որոշ հայտարարությունների հեղինակների տոնայնությունը, պետք է հաշվի առնել նաև, որ իրավիճակի զարգացման հեռանկարի վրա կարող է ազդել, օրինակ, ներկայիս Նախիջևանի ստատուս քվոյի լիակատար վերանայման հասնելու՝ 1921 թ. Կարսի պայմանագրի հեղինակ-ստորագրողների ձգտումը: Այդ մասին 1990-ականներին բազմիցս գրել է խորհրդահայ իրավաբան-միջազգայնագետ, դիվանագետ Յուրի Բարսեղյանը: Հարցի էությունն այն է, որ Կարսի պայմանագրի գործողությունը պետք է ավարտվեր 1946 թ., ըստ լավատեղյակ դիվանագետ, Հայաստանի ԱԳՆ-ի նախկին աշխատակից (այժ հանգուցյալ) Լ. Էյրամջյանցի՝ դրանից բխող բոլոր պետական-իրավական հետևանքներով: Ինչպես նա նշել է իր հոդվածում («Голос Армении», 04.04.2001), «Մոսկովյան պայմանագրի տեքստում Նախիջևանի պատկանելության մասին 3-րդ հոդվածը վերջանում է «առանց երրորդ կողմին հանձնելու իրավունքի» բառերով, որտեղ երրորդ կողմ ենթադրվում է Իրանը: Բայց արդեն Կարսի պայմանագրի տեքստում այդ արտահայտությունը բացակայում է: 1921 թ. աշնանը Իրանն արդեն չէր թաքցնում իր զայրույթը Այսրկովկասում «Ադրբեջան» անվամբ պետություն ստեղծելու առնչությամբ, որը հավակնում էր համանուն իրանական թրքախոս նահանգի հետ միավորման և այն հօգուտ խորհրդային պետության պոկելուն»:

Հեղինակն ընդգծում էր նաև հետևյալ ոչ պակաս կարևոր հանգամանքը. «Պատահական չէ, որ 1989 թ. նոյեմբերի 30-ին, երբ նույնիսկ Մերձբալթիկայում պետական ինքնիշխանության մասին խոսում էին գրեթե շշունջով, Նախիջևանի ԻԽՍՀ-ն «հանկարծ» հայտարարեց ԽՍՀՄ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին: Եվ այդ նույն գիշերն Իրանի հետ ԽՍՀՄ-ի պետական սահմանը ոչնչացրին նախիջևանյան աշխարհազորի զինյալ ջոկատները: Այդ «անհասկանալի» դրվագի մասին տեղեկությունը խորհրդային մամուլը, ավանդույթի համաձայն, ծամծմել էր, թեև իրադրությունը լիովին պարզ էր: Այդ տարիներին Մոսկվայում Իրանի վերաբերյալ փորձագիտական գնահատականների հիմնական աղբյուրը ԽՍՀՄ ԳԱ արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժանմունքն էր, որն ամբողջությամբ գտնվում էր ադրբեջանցի գիտնականների՝ Հ. Ալիևի նախիջևանյան կլանի ներկայացուցիչների ձեռքում: Բացի հիմնական պայմանագրից, ստորագրվել էին ինչ-որ «գաղտնի արձանագրություններ», որոնք հաստատում էին ամենագլխավորը՝ պայմանագրի գործողության ժամանակային պարամետրերի գոյությունը: Այդ փաստաթղթերը, որոնց որոնման հրատապությունն ակնհայտ է ոչ միայն պատմական արդարության տեսանկյունից, այլև համապատասխանում է Հայաստանի ազգային և Մոսկվայի ռազմավարական շահերին, կարող են և պետք է պահպանվեն պայմանագիրն ստորագրած կողմերի, մասնավորապես Ռուսաստանի արխիվներում:


70-ական թվականների վերջում սույն տողերի հեղինակը, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայկական ԽՍՀ այն ժամանակվա արտգործնախարար Ջոն Կիրակոսյանի՝ Հայաստանի դարասկզբի պատմության խոշորագույն մասնագետներից մեկի ղեկավարությամբ, մասնագիտորեն զբաղվել է այդ խնդրով: Այն ժամանակ հաջողվեց մշակել ոչ միայն պատմական թեմայով մեծազանգված տեղեկատու նյութեր, այլև թուրքական ժամանակակից տպագիր տեղեկատվության բավական լուրջ ծավալներ: Ահաբեկչական գործողությունների ալիքի ու Եվրոպայում Հայոց ցեղասպանության խնդրի հանրային լայն քննարկումների աճի կապակցությամբ թուրքական մամուլը, գիտնականները, հայկական հարցով ԱԳՆ-ի, ՊՆ-ի համապատասխան հատուկ հանձնաժողովները մեծ քանակությամբ քարոզչական նյութեր էին տպագրում (գրքեր, բրոշյուրներ, թերթային հոդվածներ): Իհարկե, այդ հրապարակումների նպատակը Ցեղասպանության վերաբերյալ թուրքական այն հայտնի տեսակետը պաշտպանելն էր, որը «հաստատում էր» ռուսների մեղքը այդ իրադարձություններում, Առաջին համաշխարհային պատերազմի ռազմաճակատային պայմանները և այլն: Բայց այդ նույն թուրքական նյութերում անուղղակի, «ֆոնային» տեղեկություն էր լինում մեզ հետաքրքրող նյութի վերաբերյալ: Այդպես մի շարք նյութերում գտանք լրացուցիչ ուղղակի և անուղղակի հաստատումներ այն բանի, որ պայմանագիրը կնքվել էր հենց 25 տարով: Այդ տեղեկույթի հատուկ կարևորությունն այն էր, որ այն պատրաստել էր այդ հարցում Հայաստանի գլխավոր ընդդիմադիր Թուրքիան: Մանրամասն շարադրվում էին, մասնավորապես, պատմականորեն հավաստի զանազան դրվագներ, որոնք, ըստ քարոզչանյութերի հեղինակների, պետք է ցույց տային խորհրդային երիտասարդ երկրի ագրեսիվությունը: Օրինակ, այն փաստը, որ 1925 թ. Թուրքիայում ՌԽՍՖՀ-ի դեսպան Վինոգրադովը պաշտոնապես պահանջել է չեղարկել 1921 թ. ռուս-թուրքական պայմանագիրը, «միջազգային գործելաոճում այդ անսովոր վարքը» ուղեկցելով հայտարարություններով, թե Ռուսաստանը պատրաստ է դա անելու միակողմանիորեն: Ընդ որում, ըստ նույն թուրքական աղբյուրի, դեսպան Վինոգրադովն ԱԳՆ-ում բանավոր զրույցում բացատրել է. «Մենք չենք կարող 25 տարի սպասել, իսկ պայմանագիրն ստորագրել ենք, քանի որ այդ ժամանակ թույլ էինք», իսկ հիմա «մենք ուժեղ ենք և պահանջում ենք Հայաստանի սահմանների վերականգնում»:

Դրան անմիջապես արձագանքում է Թուրքիայի այն ժամանակվա ամենահայտնի պետական գործիչներից մեկը՝ Իսմեթ Ինյոնյուն. «Նոր երկիրը պետք է հավատարիմ մնա իր միջազգային պարտավորություններին, իսկ 25 տարի հետո Թուրքիան, իհարկե, կվերադարձնի այդ տարածքները»: Հարցի էությունն ուղղակիորեն հաստատող և բավական հավաստի բնույթ ունեցող այդպիսի մասնավոր դրվագների թիվն այն ժամանակ հասավ տասը-քսանի, իսկ մեր դրույթի անուղղակի, հենց թուրքական հաստատումների թիվն ավելի մեծ է»:


Լավատեղյակ հեղինակն իր դրույթի օգտին բերում է նաև այլ փաստարկներ: Այսպես, նա հղում է անում մեկ այլ հայտնի ակադեմիական աշխատության, որում նույնպես այդ հաշվով բավական աներկբա պնդում կա. «Պաշտոնական պատմագրության մեջ ևս կարելի է մեր դրույթի լուրջ հաստատումներ գտնել: Ակադեմիկոս Խվոստովի խմբագրությամբ լույս տեսած «Միջազգային հարաբերությունների պատմությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո» երեքհատորյակը պարզ ու հստակ, թեև հիմնական հոդվածի տողատակում, ձևակերպում է. «Խորհրդային արտաքին քաղաքականության սխալների հետևանքով» Թուրքիան ԽՍՀՄ-ին չի վերադարձրել «զգալի տարածքներ»: Ստույգ հայտնի է նաև, որ 1945 թ. գարնանը Հայկական ԽՍՀ-ն և Վրացական ԽՍՀ-ն Թուրքիային տարածքային հավակնություններ և վերջնագիր են ներկայացրել նրա «զորքերը և բնակչությունը» մինչև նրան հայտնի սահմանները հետ տանելու անհրաժեշտության մասին, որպեսզի մինչև 1946 թ. մարտը խորհրդային զորքերը մտնեն այդ տարածք: Այդ փաստի պատմական հավաստիությունը կասկածի ենթակա չէ, քանի որ դա համընկնում է Թուրքիային պատերազմ հայտարարելու Խորհրդային Միության մտադրությաւնը, և, անկախ Անկարայի պարզունակ խորամանկությունից ու վերջին պահին Գերմանիային պատերազմ հայտարարելուց, խորհրդային զորքերի համար ապահովում էր գործողության իրավական կողմը, ինչից հետո նրանք իսկապես պատրաստ էին մտնելու Թուրքիայի տարածք... Արտգործնախարար, հետագայում Թուրքիայի կառավարության ղեկավար Սարաջիօղլուն բառացիորեն հետևյալ կերպ է պատասխանել. «Մենք գիտենք, որ դա Հայաստանի տարածքն է և պատրաստ ենք սահմանազատման գործընթաց սկսելու...», «...բայց մեզ հասկանալի չեն Վրաստանի հավակնությունները», «լավ կլինի, որ Խորհրդային Միությունում իրար մեջ համաձայնության գան, հետո միայն բաժանեն չսպանված արջի մորթին»: Մեջբերված պատմական փաստը նկարագրված է խորհրդային և թուրքական համապատասխան գրականության մեջ: Հատկանշական է, որ 1921-ից հետո Ռուսաստանի (ԽՍՀՄ-ի) և Թուրքիայի երկկողմ համաձայնության մակարդակով առաջին պաշտոնական փաստաթուղթը, որը հայտարարում էր, թե կողմերը չունեն փոխադարձ հավակնություններ, Մոսկվա Թուրքիայի վարչապետ Բ. Էջևիթի պաշտոնական այցի ժամանակ, 1978 թ. օգոստոսին ստորագրված միջպետական պայմանագիրն է: Այն ստորագրել է Ա. Կոսիգինը 1978 թ. օգոստոսի 22-ին, տպագրվել է «Իզվեստիայում»:


Տարածքային փոխադարձ հավակնությունների բացակայության մասին պարբերությունը երկրորդն է: Այն ժամանակվա թուրքական մամուլի արձագանքները բացահայտ ուրախությամբ են հիշատակում ՌԹՊ-ն»: Անցնելով համեմատաբար ոչ վաղուցվա իրադարձությունների նկարագրությանը՝ Էյրամջյանցը նշում է Իրանի նշանակալի դերը տարածաշրջանային գործընթացներում: Մասնավորապես նա ընդգծում է. «Տարածաշրջանի նորագույն պատմության մեջ ՌԹՊ-ի կողմից Այսրկովկասում ամենալուրջ գործընթացների կարգավորումը հաստատող մեկ այլ փաստ են 1992-ի ուշ գարնան իրադարձությունները, երբ հայկական զինված ուժերը պատերազմում գործնականում միակ անգամ նահանջում էին Ղարաբաղի ճակատի հյուսիս-արևելյան ուղղությամբ: Այդ ժամանակ Արևմուտքի հետ հայկական ղեկավարության քաղաքական շփումների սկսվող ակտիվացման և դրան անմիջապես հետևած թիկունքային դավաճանությունների հետևանքով մենք կորցրինք Գետաշենի ենթաշրջանը, Շահումյանի շրջանը և Արցախի Մարտակերտի շրջանի կեսը, որոնք մինչ օրս էլ գտնվում են Ադրբեջանի հսկողության տակ: Բայց մինչև այժմ անհայտ կամ քիչ հայտնի է մնում այն փաստը, որ այդ ժամանակ ադրբեջանցիների հարձակումը կանգնեցվել է Իրանի վճռական գործողություններով: Թեհրանը վերջնագիր է հղել Բաքվին, այդ մասին պաշտոնապես տեղեկացրել Երևանին, պահանջելով անհապաղ կանգնեցնել ադրբեջանական բանակի հարձակումը, հակառակ դեպքում բացառապես մոլեռանդ «փասդարաններից» («հեղափոխության պահապաններից») կազմավորված 7-րդ զրահատանկային դիվիզիան, որն արդեն մոտեցվել էր իրանա-նախիջևանյան սահմանին, պատրաստ էր սահմանն անցնելու և Նախիջևանը գրավելու, դրանով իսկ խախտելու ՌԹՊ-ի ներքին ողջ տրամաբանությունը: Մի քանի տարի անց Երևանում Իրանի դեսպանի հետ ոչ պաշտոնական զրույցում սույն տողերի հեղինակը ստացավ ոչ միայն իրանական կողմի մտադրությունների լրջագույն հաստատումը, այլև ծայրահեղ զարմանքի արտահայտությունը, թե ինչու Երևանում, ի տարբերություն Բաքվի, շատ քչերին են հետաքրքրում Նախիջևանի առնչությամբ Իրանի միջազգային իրավունքները, որոնք նշված են 1921 թ. պայմանագրով»:


Այսպիսով, եթե դատենք ըստ Լ. Էյրամջյանցի տեղեկությունների, որոնք հազիվ թե ենթակա են կասկածի, կարելի է եզրակացնել, որ ներկա փուլում ո՛չ Թուրքիային, ո՛չ Ռուսաստանին, ելնելով մի շարք գործոններից, ձեռնտու չէ ընթացք տալ Կարսի պայմանագրի վերանայման թեմային, հատկապես նրա գաղտնի մասին (արձանագրություններ, որոնց գոյությունը պնդում է Էյրամջյանցը), առավել ևս, որ դժվար է սպասել, որ այդ գաղտնի մասը տեսանելի ապագայում երբևէ կարող է լայնորեն հայտնի դառնալ: Ինչ վերաբերում է Իրանին, ապա այն, հավանաբար, իր դիրքորոշումը կհստակեցնի միայն ՆԻՀ-ում իր ազդեցության կտրուկ նվազման վտանգի դեպքում, որի հետևանքով, ասենք, Իրանի միջազգային իրավունքներն ու շահերն ինչ-որ մեկը կտրուկ և հիմնավորապես կխախտի: Այդ դեպքում ո՛չ Մոսկվան, ո՛չ Անկարան ոչինչ չեն կարող անել, եթե Կարսի պայմանագրով Այսրկովկասում ամրագրված համակարգի քանդումը նախաձեռնի Թեհրանը: Ահա թե ինչու, երբ 2008 թ. թուրքերն առաջ քաշեցին տխրահռչակ «Կովկասյան հարթակը» և սկզբում կտրականապես չէին ընդունում Կովկասի անվտանգության և կայունության կազմակերպման գործում Իրանի գործոնը, ապա Մոսկվան միջնորդավորված ձևով (2008 թ. նոյեմբերին Թուրքիայում միջազգային կոնֆերանսի ժամանակ) հասկացրեց Անկարային, որ տարածաշրջանում Իրանի շահերը Թուրքիայի կողմից հաշվի չառնելու դեպքում Ռուսաստանն ինքը կպահանջի վերանայել թուրքական առաջարկների ձևաչափը: Հիշեցնենք, որ թուրքերն առաջ էին մղում Այսրկովկասի երեք ճանաչված պետություններ+Ռուսաստան+Թուրքիա+ԱՄՆ+ԵՄ ձևաչափը: Ռուսական ղեկավարության հետ խորհրդակցելուց հետո բանաձևը փոխվեց և հրապարակվեց Թուրքիայի «Կովկասյան հնգյակ» անվանումով: Երբ թուրքերը հրաժարվեցին Իրանը նկարագրված նախաձեռնության շրջանակ ընդգրկելուց, ռուսական կողմը պնդեց, որ կամ Թուրքիան Թեհրանի հետ բանակցություն սկսի «Կովկասյան հարթակին» Իրանի մասնակցության հարցով, կամ Թուրքիան պետք է հաշտվի այն բանի հետ, որ ա) Ռուսաստանի պահանջով նախաձեռնության շրջանակում պետք է ընդգրկվեն Աբխազիան, Հարավային Օսիան և «տարածաշրջանի դեռ չճանաչված պետությունները», այսինքն՝ ԼՂՀ-Արցախը, բ) բացի Աբխազիայից, Հարավային Օսիայից և ԼՂՀ-Արցախից որպես «Կովկասյան հարթակի» հավանական առանձին մասնակիցներ դիտարկել, այսպես կոչված, «ինքնավար կազմավորումները», այսինքն՝ Նախիջևանը և Աջարիան, որտեղ, ի միջի այլոց, Թեհրանի շահերն արդեն սկսել էր ներկայացնել Իրանի դեսպանությունը:


Այնուամենայնիվ, առաջարկում ենք հենց այնպես ոչինչ չբացառել: Եթե ընթանանք Նախիջևանի շուրջ աշխարհաքաղաքականության հետքով և դա համադրենք ՇՀԿ-ին և ԵԱՏՄ-ին ինտեգրվելու Իրանի պլաններին, ապա պարզ է, որ այն ռազմական գործողությունները, որոնց Իրանը պարզապես ստիպված կլինի արձագանքելու կամ նույնիսկ միջամտելու, անորոշ հեռանկարով կարող են կրկին «սառեցնել» իրանական ղեկավարության պլանները: Դա վերաբերում է նաև Մերձավոր Արևելքում վահաբական ահաբեկչության և սիոնիզմի դեմ պայքարի իրանական ծրագրին: Այդ համատեքստում Նախիջևանում ինչ-որ ռազմական քայլերի կամ ձևացումների ակտիվացումը Մերձկասպիայում, Մերձավոր Արևելքում և ողջ Այսրկովկասի շուրջը ռազմավարական ընդհանուր իրադրության արտացոլումն է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5130

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ