USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Մարդու բազմաթիվ ես-երի պայքարը «Սղագրերում»

Մարդու բազմաթիվ ես-երի պայքարը  «Սղագրերում»
06.07.2018 | 02:58

ԱՐԵԳ ԳՐԻԳԻ (Արեգ Գրիգորյան) բանաստեղծությունների «Սղագրեր» ժողովածուն Ֆրանսիայում գործող Bonheur Retrouve՛ մշակութաբանական կազմակերպության կողմից արժանացել է «Տարվա լավագույն գիրք» կոչմանը` հեղինակին շնորհելով ոսկե հուշամեդալ և վկայական:


Արեգ Գրիգն առաջին բանաստեղծությունը գրել է 11 տարեկանում, այդ ստեղծագործությունը նույնպես ներառվել է «Սղագրերում»։ Ժողովածուն բաղկացած է երկու մասից՝ «Սղագրեր ապաշխարության» և «Սղագրեր սիրո»։ Երկու մասերը թեմատիկ առումով շաղկապված են միմյանց, գիրքը նկարագրում է մարդու բազմաթիվ ես-երի պայքարը։ «Կիզակետում մեղքերն են, մեղանչանքը, ապաշխարությունն ու սերը։ Բանաստեղծություններն անդրադառնում են կյանքի պայքարին, ցույց տալիս, թե մեր օրերում մարդ արարածն ինչի է վերածվել, հանուն ինչի է ապրում։ Այն զրույց է Աստծո հետ։ Շատ դեպքերում կյանքի դժվարին պայքարում մարդը չգիտի, թե որ կողմ գնա, սակայն բնազդորեն գիտակցում է ճիշտ ճանապարհը։ Զարմանք է արտահայտվում մարդու էության բազմաշերտության մասին»,- ասում է Արեգ Գրիգը։
Գրքում զգացվում է միջնադարյան շունչը։ Հեղինակը դա բացատրում է նրանով, որ իր գրերը ստեղծելիս ոգեշնչվել է Նարեկացուց։


«Սղագրերը» պոեզիայի ժանրում է, հեղինակն արձակում նույնպես փորձեր անում է, սակայն նկատում է, որ ստեղծագործություններին չափազանց ինքնաքննադատաբար է մոտենում։ Առաջին գիրքը հրատարակել է 32 տարեկանում, այնինչ, ցանկության դեպքում, կարող էր լույս ընծայել 7-8 գիրք։ Երբեմն ձեռագրերը պատռել է, նույնիսկ գրասեղանն է այրվել։ Անընդհատ խանգարող հանգամանքներ են առաջացել, և 2017 թ. նոյեմբերին է միայն ընթերցողի սեղանին դրվել «Սղագրեր» ժողովածուն։
Գրքի շնորհանդեսից 20 օր անց հեղինակը նամակ է ստանում ֆրանսիական Bonheur Retrouve՛ մշակութային կազմակերպությունից՝ ժողովածուի շնորհանդեսը կազմակերպել Փարիզում։ 20 բանաստեղծություն թարգմանվել է ֆրանսերեն։ Կազմակերպությունը 18 տարվա պատմություն ունի, բարեգործական ծրագրեր իրականացնող այս կազմակերպությունը «Սղագրերը» արժանացրել է «Տարվա լավագույն գիրք» կոչմանը։ Բացի այդ, Ֆրանսիայում գործող «Այբ FM» հայկական ռադիոկայանը «Մի բուռ հայրենիք» բանաստեղծությունը ճանաչել է տարվա լավագույն ստեղծագործություն։


Նշենք, որ հեղինակի որոշմամբ «Սղագրերի» փարիզյան շնորհանդեսը բարեգործական էր։ Գրքերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվեց 2016-ի քառօրյա պատերազմում զոհված Արայիկ Օրդուբեկյանի բազմազավակ ընտանիքին։
Ի դեպ, Ֆրանսիա մեկնելու համար հեղինակը ավիատոմսի աջակցության ակնկալիքով դիմել էր մշակույթի և սփյուռքի նախարարություններին, սակայն պատասխան չէր ստացել։ «Ինձ այդ հարցում աջակից եղավ աշակերտիս հայրը՝ Հայկ Գրիգորյանը (Արեգը դասավանդում է Երգի պետական թատրոնում)։ Նա խնդրեց դրա մասին չխոսել, առավել ևս, որ նպատակը բարեգործական է և զոհված զինվորի ընտանիքին օգնելու համար է արվում։ Բայց ես այդ մասին չասել չեմ կարող»,- պատմում է երիտասարդ բանաստեղծը:


Խոսելով իր ստեղծագործական ծրագրերի մասին, հեղինակը նշում է, որ ծրագրում է լույս ընծայել պոեմ, որն ունենալու է «Քավարան» վերտառությունը: Պոեմը չորս լեզվով՝ հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն, հրատարակելու ցանկություն կա:
Ավելացնենք նաև, որ Bonheur Retrouve՛ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել Արեգ Գրիգի լույս ընծայվելիք առաջիկա գրքի առաջին շնորհանդեսը նույնպես կազմակերպելու Փարիզում։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 1352

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ