USD484.35
EUR556.13
RUB7.42
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

«GAIFF Pro»-ն կինոարտադրության ոլորտի մասնագետների համար ստեղծված նոր հարթակ է»

«GAIFF Pro»-ն կինոարտադրության ոլորտի մասնագետների համար ստեղծված նոր հարթակ է»
06.07.2018 | 03:01

«Իրատեսի» հյուրը «Ոսկե ծիրան» միջազգային 15-րդ կինոփառատոնի շրջանակներում ստեղծված «GAIFF Pro» հարթակի ղեկավար, կինոգետ ՄԵԼԻՔ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ է:
«GAIFF Pro»-ի մասին մեր զրույցը ներկայացնելուց առաջ թվարկենք այն կինոնախագծերն ու հետարտադրական ընթացքում գտնվող ֆիլմերը, որոնք հաղթել են և ներառվել այս ծրագրում: Ընտրված նախագծերն են. «Ալիի բնությունը», Լևան Չեթին (Թուրքիա), «Քանի դեռ երկինքը թույլ է տալիս», Թամարա Ստեփանյան (Հայաստան), «Սոհրաբի մահը», Մասուդ Սոհեիլի (Իրան), «Վարորդը», Լուսինե Սարգսյան (Հայաստան), «H-easter-ics», Սոփիո Ճինճարաուլի (Վրաստան), «Հույսը», Օրհան Ինչե (Թուրքիա), «Ստվերը», Լիլիթ Մովսիսյան (Հայաստան), «Լուռ տունը», Ֆարնազ Ջուրաբչիան, Մոհամմադրեզա Ջուրաբչիան (Իրան), «Շուշիի պատմությունը», Բեհդադ Ավանդ Ամինի (Իրան), «Բուսակերական այգի հակամարտության գոտում, Բեսիկ Սոլոմանաշվիլի (Վրաստան), «Բարու ձայնը», Ֆրաթ Յաղզ Զաֆեր (Թուրքիա): Ընտրված հետարտադրական փուլում գտնվող ֆիլմերն են՝ «Սև ձիերի մահը», Ֆերիտ Քարահան (Թուրքիա), «Հարվածային երաժիշտը»՝ Կոնստանտին (Կոտե) Կալանդաձե (Վրաստան), «Ես նույնպես այստեղ եմ»՝ Կըվըլչըմ Աքայ (Թուրքիա), «Ճանապարհ»՝ Վահան Սեթոյան, Ռուբեն Ղազարյան (Հայաստան), «Ստալինն այսօր»՝ Քեթևան Նոզաձե (Վրաստան), «Թիմ 12»՝ Սիլվա Խնկանոսյան (Հայաստան), «Գայլերի հետ վազող կանայք»՝ Ամիր աթհար Սոհեիլի (Իրան):

-Պարոն Կարապետյան, ի՞նչ առաքելության է հետամուտ «Ոսկե ծիրան» ՄԿՓ-ի շրջանակներում այս տարի ստեղծված «GAIFF Pro» հարթակը:
-«GAIFF Pro»-ն կինոարտադրության ոլորտի մասնագետների համար ստեղծված նոր հարթակ է: «Ոսկե ծիրանը» տարիների ընթացքում ունեցել է տարբեր նախագծեր՝ «Վարպետության դասեր», «Ռեժիսորներ առանց սահմանի», «Հայ-թուրքական պլատֆորմ»: Այս բոլորն ուղղված են եղել կինոյի մասնագիտական դաշտը ակտիվ պահելուն: Իսկ այժմ ամբողջն ընդհանրացվել և հավաքվել է մի հարթակի մեջ, որը կոչվում է «GAIFF Pro»: Սա կոնկրետ ուղղվածություն է հարթակի գործունեության մեջ. այն ստեղծված է Փոքր Կովկաս տարածաշրջանի համար, ներառում է Սև ծովից մինչև Կասպից ծով ընկած հատվածը՝ հինգ երկրով՝ Հայաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան: Այս երկրները դեռևս համախմբված չեն գործում կինոարտադրության դաշտում: Իհարկե, կան համատեղ գործունեության որոշ օրինակներ, բայց դրանք շատ քիչ են: «GAIFF Pro»-ն այդ բացը լրացնելու լավ հնարավորություն է: Հիմնական նպատակն այս երկրների մասնագետների, նրանց կինոնախագծերի հանդիպումը կազմակերպելն է, ինչը համատեղ արտադրության հնարավորություն է ստեղծում: Եթե դիտարկենք կինոարտադրությունն այսօրվա աշխարհում, այդ թվում՝ Եվրոպայում, կտեսնենք, որ ֆիլմեր արտադրողը մեկ երկիր չէ: Ֆիլմ արտադրելը թանկ հաճույք է, և հաճախ տեղական ֆինանսավորումը բավարար չէ դրա համար: Սա Հայաստանի, ինչպես և թվարկածս մյուս երկրների համար խնդիրներ է առաջացնում: Այս երկրների ֆիլմերի բյուջեները շատ փոքր են՝ համեմատած եվրոպական երկրների հետ: Եվ եթե ձգտում ես եվրոպական համարտադրության, մեզ նման երկրի համար ծագում են դժվարություններ, որովհետև եվրոպացի համարտադրողն ունի նաև ուրիշ նախագծեր, որոնք շատ ավելի թանկ են և շատ ավելի շահագրգռող: Եվրոպացին նախընտրում է այդպիսի նախագծով ներկայանալ «Եվրիմաժում»: «Եվրիմաժը» տալիս է ֆիլմի բյուջեի ընդամենը 15 տոկոսը, թղթարարությունը, նախագիծը ներկայացնելու ամբողջ գործընթացը նույնքան աշխատատար է: Բայց եթե համատեղ արտադրությանը մասնակցում են մեր տարածաշրջանի մի քանի երկիր, որոնք «Եվրիմաժի» անդամ են, արդեն շահագրգռությունը մեծանում է: Մեզնից յուրաքանչյուրի համար էլ կարևոր է դիմել և ստանալ ֆինանսավորման համապատասխան տոկոսը:

-Հայաստանյան կինոնախագծերը որքանո՞վ են մրցունակ, որքանո՞վ է մեր դիրքը շահեկան այս նոր հարթակում ներկայանալու պարագայում:
-Եթե համապատասխան աշխատանք չտանենք, երբեք էլ աճ չենք ունենա: Հիմա մենք հայտարարել ենք այդ շուկային մասնակցելու հնարավորության մասին, ամեն երկրից երեք նախագիծ է ընտրվել՝ ներկայացված 33 հայտից: Ներկայացվածների մեջ հայերը մեծամասնություն էին, իհարկե, որովհետև մեր նախաձեռնությունն է սա, առաջին տարին է, որ կազմակերպվում է, հայերն ավելի տեղեկացված են: Իհարկե, մենք փորձել ենք թե՛ մյուս երկրներում, թե՛ միջազգային հարթակներում տեղեկացնել մեր նախաձեռնության մասին, և կար բավական մեծ հետաքրքրություն մեր գաղափարի նկատմամբ: Բայց միևնույն է, այս առաջին տարում մյուս երկրների մասնակցությունը զիջում է հայաստանյանին: Այս հարթակի գործունեությունը կբերի նրան, որ հայ կինոգործիչներն ավելի կակտիվանան, հայ պրոդյուսերները կվարժվեն աշխատել միջազգային ստանդարտների մեջ և հետագայում կկարողանան նույն ընթացակարգով ներկայանալ նաև եվրոպական այլ համանման մրցույթներում:
-Մեր սրված հարաբերությունների բերումով ադրբեջանական նախագիծ չի ներկայացված «GAIFF Pro» հարթակում: Իսկ ապագայում սպասելի՞ է նման հնարավորություն:
-«GAIFF Pro» հարթակի մասին թե՛ Հայաստանում, թե՛ դրսում խոսելիս մեզ առաջին հերթին հարց են տալիս՝ ինչպե՞ս: Մենք ամեն ինչի մասին մտածելով ու հասկանալով ենք արել նախագիծը: Մենք բաց ենք բոլորի առաջ, և եթե որևէ նախագիծ նրանք ներկայացրած լինեին, այն կքննարկեինք նույն անաչառությամբ, ինչպես մյուսները: «GAIFF Pro»-ն բացվել է ոչ թե կոնկրետ այս կամ այն երկրի, այլ տարածաշրջանի բոլոր երկրների համար, յուրաքանչյուր երկրից ընտրվում է երեք նախագիծ: Տարածաշրջանում ունենք նաև այնպիսի միավորներ, որ չեն կարող ներկայանալ որպես առանձին երկրներ, բայց նրանք ևս լիիրավ են ընդգրկվելու իրենց նախագծերով: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մենք ենթադրում ենք, որ եթե կա եվրոպական համարտադրող, նա կարող է դիմել և ստանալ առաջարկություններ: Այս նախագծի կարևոր նախապայմանն այն է, որ ֆիլմում ներկայացվելիք պատմությունը վերաբերի մեր տարածաշրջանին: Պատմությունը, ռեժիսորը պիտի լինեն Փոքր Կովկասից, և ներկայացվածը հեղինակի առաջին կամ երկրորդ ֆիլմը պիտի լինի: Այսինքն, մենք ընդունում ենք կա՛մ դեբյուտներ, կա՛մ երկրորդ ֆիլմեր: Երիտասարդներն են ներգրավվում այս նախագծում: Մենք դա հատուկ նկատառումով ենք արել, որովհետև չենք հավակնում ներկայանալու որպես ինչ-որ մեծամասշտաբ մրցույթ, որն անցկացվում է խոշոր, կայացած ռեժիսորների միջև: Մենք կարծում ենք, որ երիտասարդ, սկսնակ տաղանդներին է պետք աջակցել, դա ավելի հետաքրքիր դաշտ է մեզ համար:
-Եթե իր երկրից դուրս ապրող որևէ ադրբեջանցի ռեժիսոր ցանկանա ներկայացնել նախագիծ, դա կդիտվի՞ որպես ընդունելի տարբերակ «GAIFF Pro»-ի համար:
-Եթե պատմության թեման վերաբերի այս տարածաշրջանին, ոչ մի խնդիր չի լինի: Կարևոր չէ, թե մարդը որտեղ է ապրում, կարևորը մրցույթի չափորոշիչներին համապատասխանությունն է: Հիմա կա վրացական պատմության նախագիծ, որի պրոդյուսերն Անգլիայից է: Մենք չեն ստուգում՝ ով որտեղ է ապրում:
-Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ադրբեջանը երբևէ կունենա առաջարկած նախագիծ՝ արցախյան խնդրին առնչվող, քաղաքական անհամաձայնությունների դեպքում ի՞նչ հանգուցալուծում եք պատկերացնում:
-Ցանկացած դեպքում ներկայացվող պատմությունն է գնահատվում, ոչ թե դրա քաղաքական ենթատեքստը: Ես վստահ եմ, որ իրենք էլ ունեն պատմություններ, Թուրքիան էլ ունի պատմություններ, որոնք նաև իրենց կողմից պիտի պատմվեն: Ասեմ, որ մեր այս տարվա նախագծերն ընտրել են միջազգային բարձրակարգ մասնագետները: Միշտ էլ այդպիսի անձինք են գնահատելու և ընտրելու եղած պատմությունները:

-«Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին ի՞նչ գործառույթ է իրականացնելու «GAIFF Pro»-ն:
-Ինչպես հայտնի է, մրցույթի հայտարարությունն արվել էր մայիսի սկզբին, իսկ հունիսի 18-ին արդեն փառատոնի կայքում հրապարակվել էին արդյունքները: Ընդգրկված են ոչ միայն նախագծեր, այլև հետարտադրական ընթացքում գտնվող ֆիլմեր, որոնց համար մենք նույնպես ունենք շուկա: Ամեն երկիր երկու ֆիլմ պիտի ներկայացներ, հավաքվեց յոթ ֆիլմ՝ երկուական Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, մեկը՝ Իրանից: «Ոսկե ծիրանի» ժամանակ կլինի պրոյեկտների շուկան՝ հանդիպումների, շփումների լայն հնարավորությունը տարբեր երկրների կինոարտադրողների, ֆինանսավորողների, տարբեր կինոփառատոների ներկայացուցիչների միջև: Հատուկ ժամանակ է տրվում մարդկանց այդ հանդիպումների համար, ստեղծվում են կապեր, համատեղ արտադրության հնարավորություններ: Դա ընդունված պրակտիկա է բոլոր միջազգային կինոփառատոներում: Մենք, որպես օրինակ, վերցրել ենք Ռոտերդամի կինոփառատոնի «ՍինեմԱրտ» մոդելը, որ նախատեսված է բյուջետային միջին հնարավորություն ունեցող ֆիլմերի համար: Դա շատ լավ աշխատող մոդել է, և մենք այդ շուկայում ներկայացված լինելու փորձն ունենք: Լայն ու մեծ շուկաներում մրցույթն ավելի խիստ է, մեր տարածաշրջանից այդտեղ կարող էր մուտք գործել տարեկան մեկ ֆիլմ կամ անգամ այդ մեկը չլինել, որովհետև նրանք տարին ընդամենը 15 ֆիլմ են վերցնում: Դրա համար էլ մենք որոշեցինք այս տարածաշրջանի համար ունենալ մեր հարթակը և ստեղծել հնարավորություն հենց մեզ համար: «Ոսկե ծիրանը» մեր տարածաշրջանի հեղինակավոր կինոփառատոներից է, և բնական է, որ հենց մենք էլ պիտի սկսեինք այս նախագիծը: Ընտրված են 12 նախագիծ և յոթ հետարտադրական ֆիլմ: Գործում է երկու շուկա:

-Հայ ռեժիսորների շարքում են հայտնվել կանայք՝ Լուսինե Սարգսյան, Լիլիթ Մովսիսյան, Թամարա Ստեփանյան:
-Այո՛: Կին ռեժիսորները մեզ մոտ ավելի ակտիվ են:
-Կանայք ակտիվանալու դրսևորումներ ունեն ոչ միայն ռեժիսուրայի ասպարեզում: Չե՞ք կարծում, որ քաղաքական դաշտում էլ նրանց համար պետք է տեղ բացել:
-Համենայն դեպս, կինոյում արդեն իսկ ակնհայտ է կանանց գերակայությունը:
-Իսկ շուկա չմտած նախագծերին ի՞նչ հեռանկար է սպասում:
-Դրանց մասով մենք թրեյնինգներ ենք անելու, դրանց հեղինակները ևս հնարավորություն են ունենալու, ի վերջո, դրսի մասնագետներին ներկայացնելու իրենց նախագծերը: Սա հայ մասնակիցների առավելությունն է: Մյուս երկրների դուրս մնացած ֆիլմերն այլևս ներկայացվելու շանս չունեն, իսկ մեր ռեժիսորները ունեն ևս մեկ շանս: Փառատոնի օրերին կցուցադրվի և կքննարկվի նաև մեր զրույցի սկզբում հիշատակված ծրագրերում ընդգրկված 9 ֆիլմ՝ նկարված նախորդ տարիներին: Ցավով պիտի ասեմ, որ մեր կինոգործիչները շատ պասիվ էին, նրանք կարող էին առանց բացառության դիմել և ստանալ «GAIFF Pro»-ի անցաթուղթ, մասնակցել ծրագրի շրջանակներում ընդգրկված միջոցառումներին, բայց շատ քչերն են դիմել: Երևի ավելի հեշտ է բողոքել, ասել, որ իրենց չեն նկատում, չեն հրավիրում, ուշադրության չեն արժանացնում, քան լրացնել մի պարզ հարցաթերթիկ և դառնալ կազմակերպվող իրադարձությունների մասնակից: Ընդ որում, այս տարի անցաթերթիկները տրամադրվել են անվճար, իսկ սովորաբար դրանց համար վճարում են բոլոր կինոփառատոներում:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ