USD487.27
EUR549.69
RUB7.31
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Տրոյական ձիու ամառը

Տրոյական ձիու ամառը
06.07.2018 | 03:11

ՆԱԽԵՐԳ


Հայոց կենաց ծառը, վիճելի չէ, ծիրանենին է։ Լիառատ է 2018-ի ծիրանը։ Առավոտ ծեգին, պատշգամբի տակ ծիրանահանդես է, վաճառում են, գնում են, լիանում ու հիանում են։
Հայկական ծիրա՜նը, եզակի է համով (մեղրախունկ է նրա համը) և աննման է տեսքով (որդան կարմիրը նրա այտերին երփնագրվում է արևի ցոլքին)։
Այս հրաշապտուղը շենացնում է Նաիրի երկիրը ամառնամուտից մինչև աշնան նորամուտը։ Ով սեպտեմբերի 1-ին չի ճաշակել Սևանի ավազանում հանգրվանած Շորժա գյուղի ծիրանը, նա շատ բան է կորցրել։
Ամառ է, տապ է, ծիրանային հրացոլք է, վայելենք։

Այս կեզ շոգին հայոց կառավարությունը յուր կառավարական-իշխանափոխական բարձունքի վրա է։ Թե ինչու կառավարության նիստերը չեն կայանում, դիցուք, Արագածի գագաթին, զարմանում և ուղղակի տառապում եմ` դիտելով, թե ինչպես են ներկա կառավարիչները կառավարական թիվ 1 շենքում հեղաշրջում արդի պատմա-քաղաքական իրավիճակը` հագած պիջակ, կապած փողկապ։ Է, ե՞տքը, բա հետո՞...
Տիարք կառավարության անդամներ և տիար վարչապետ, թախանձագին պաղատում եմ` ՀՀ կառավարության գալիք բոլոր ամառային նիստերն անցկացնել` ա) Արագածի գագաթին, բ) Սևանա թերակղզում, գ) որտեղ կուզեք, սակայն ծովի մակերևույթից գոնե 2000 մ բարձրության վրա։ Կամ էլ, ինչու չէ, մի կողմ թողեք կամավոր ինքնաբզկտումը, հագեք կարճաթև վերնաշապիկներ, հրաժարվեք խարազան-փողկապներից և այսպես տառապեք վասն մեզ, հանուն երկրի ու էրգրի։

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԿՈՒՌՔԸ` ՄԱՐԻԽՈՒԱՆԱՆ ԴՆՉԻՆ


Զոմբին բուն աֆրիկական արտերևույթ է։ Ըստ ավանդույթի` զոմբին գերեզմանից կախարդությամբ դուրս բերված մեռելն է, որը կուրորեն ենթարկվում է իր վրա ազդող մարդու կամքին, կատարում է նրա բոլոր հրահանգները։ Զոմբին, անշուշտ, միստիկ էակ է, կենդանի դիակ է, որը սև աշխարհամասում համարվում էր հաջողություն բերող կուռք։
Մարիխուանան կանեփի չորացած ծաղկաբույլն է։ Այն հոգեմետ թմրանյութ է։ Միաժամանակ դեղամիջոց է, ցավազրկող է, հաջողությամբ է գործածվում քաղցկեղը և ՁԻԱՀ-ը բուժելիս։ Որպես թմրանյութ մեծ պահանջարկ և տարածում ունի, զի նախ և առաջ վնասում է ուղեղի նեյրոնները, և գործածողին թվում է, թե ինքը ոչ թե տվյալ պահին սպասում է թիվ 1 երթուղու տրոլեյբուսին, այլ արաբ շեյխ է ու հարեմում կին է ընտրում։


Սակայն քնարական դադար է, ունկնդրենք մի անսպասելի բանաստեղծություն, որը ժամանակին, սակայն այս օրերի համար քանքարել է անզուգական Վիգենը Բաբայան.

Ծնծղաներից արծաթ
արտասուք է կաթում,
խմբերգում են ըմբոստ
մեռելատան ոգիք,
խարույկներ են ժայթքում
մթաստվեր գավթում,
աստղաբույլ է վիժում
մթնանդունդի գոգից։

Այսպիսով` զոմբի, մարիխուանա և Տրոյական ձի։
Ստուգաբանեցինք զոմբին, մարիխուանան, նաև հիշենք Տրոյական ձին։ Տրոյայի պատերազմի 10-րդ տարում Ոդիսևսի հորդորով մի փայտե հսկա ձի է կառուցվում։ Տրոյա անկործան քաղաք-ամրոցի պարսպի տակ հույն նվաճողները թողնում են ձին, իբրև թե դադարեցնում են պաշարումը և հեռանում։ Տրոյայում մի իմաստուն քուրմ էր բնակվում, անունը` Լաոկոոն, որը զգուշացնում է` չգայթակղվել, փայտե ձին ներս չթողնել։ Նրա խոսքն անտեսելով վսեմ քաղաքի անխոհեմ բնակիչները ականջ են դնում հույն լրտեսին, որը հավատացնում էր, թե տիրելով փայտե ձիուն` Տրոյան կդառնա անառիկ։ Տրոյացիներն առոք-փառոք, Լաոկոոնին արհամարհելով, փայտե որոգայթը տեղակայում են Աթենաս դիցուհու տաճարի մոտ։ Եվ երանելի քուն են մտնում։ Գիշերը ձիու որովայնը հուշիկ բացվում է, հունական զորքի ընտրյալ մարտաջոկատը դուրս է հորդում և բացում Տրոյայի դարպասները։ Առակն այս զինչ ցուցանեց, պարզ կդառնա քիչ անց։


Զոմբիավորման մի գրգռիչ թունահաբ նվիրաբերվեց երկրին, օրհասական-հերոսական և երկրակառուցման տարիներին։ Ընդամենը երկու ժամ հոսանքամատակարարում, և իշխանական քարոզչական հողմերը նորամանուկ պետության առագաստը հետ քաշելով հողմահարում էին երկրի բնակչության ներաշխարհը։ Երկժամյա հոսանքամատակարարում և ազատ աշխարհի նվիրական արժեքները պետական միակ հեռուստաընկերության եթերից նվիրաբերվում էին ավանդական հայ ընտանիքին, պապ ու տատին, որոնց որդին պատերազմի դաշտում էր, և թոռներին, որոնք հոր նկարի առաջ թոթովախոս աղոթք էին կարդում։ Հեռուստաէկրանից արտավիժում էր... ամերիկյան «Հիմնական բնազդ» ֆիլմը, ուր կոկաինի ազդեցությամբ սեռամոլագարված կանայք և տղամարդիկ ազատական սիրո վարպետության դասեր էին տալիս։ Այս մասին ժամանակին գրեց նշանավոր բանաստեղծ և հրապարակախոս Գևորգ Էմինը. «Մեր հայկական հեռուստատեսությունը` հիրավի «Ամերիկային հասնելով ու անցնելով», այդ կինոնկարը ցուցադրեց իր բոլոր պոռնոգրաֆիկ այլանդակություններով հանդերձ, կապույտ էկրաններից ուսուցանելով մեր «հետամնաց» ժողովրդին նաև «լեսբիական սերն» ու «բերանացի սեքսը»։
Զոմբի-էակն առաջնորդվում է բնազդով։ Պատահական չէր ֆիլմի անունը` «Հիմնական բնազդ»։ Այո, ի՞նչ Անուշ և Սարո, իրենց անդրջրհեղեղյան հավատարմությամբ, ո՜վ հայ ժողովուրդ, եթե երկրումդ սով է և մութ, տոլման պատրաստում ես կատվի համար նախատեսված պահածոյամսով, ապա մխիթարվիր գերազատական այս հովերով, նախ ինքդ տիրապետիր անասնական կրքերին բացահայտ հագուրդ տալու միջոցներին, այնուհետև փորձդ փոխանցիր հետնորդիդ։


Ի դեպ, «Հիմնական բնազդը» ամերիկյան էկրաններին ցուցադրվել էր էապես սրբագրված-բարեկրթված տեսքով։ Հեռուստազոմբիացումը գերհաջողակ գործընթաց է, որն ահա չի ավարտվում 27 տարի շարունակ։ Բռնություն, սեռագալարներ, լատինաամերիկյան սերիալներ և ոսկեղենիկ մայրենիի համակարգված աղճատում։ Այս ամենում անվերապահ առաջատարը Հ1-ն է։ Ձևով հանրային, բովանդակությամբ իշխանական կապույտ էկրանը։

Պատվարժան ընթերցողներս թող իրենք սահմանեն համաժողովրդական զոմբիացման ներկա եղանակները։


Ինքս համոզված եմ, որ գործում է այս ձևաչափը` հանրությանը վերածել զանգվածների, շեղելով նրա ուշադրությունը օրվա, տարվա, մեր բիրտ դարի գերակա խնդիրներից, նրան պարտադրելով հլության, նրա օրինական պահանջները լուսանցք մղելով, ոտան կոխան դարձնելով, կանգնեցնելով երկընտրանքի ճամփաբաժանում, ուր, տեսեք, երկու ուղի կա, ընդամենը երկու ընտրություն` կամ հնազանդ և ժպտերես համակերպվում ես իշխանաց կողմից քեզ պարգևված դժնդակ կյանքիդ օրհասներին, կամ` սպառում ես համակերպության պաշարդ և կոկում ես արտագաղթի ցուպը։ Այլընտրանք չկա։
Բիրտ կամայականությունը 3-րդ հանրապետության 2-րդ նախագահի զոմբիացման գլխավոր խաղադրույքն էր։ Բիրտ կամայականությունն արտացոլվում էր քրեաօլիգարխիայի ամենատարբեր քմահաճ դրսևորույթներում, ամենագնաց «Համմեր» մակնիշի մեքենաները ուղղակի շուրջկալել էին մայրաքաղաքն ու երկիրը։ Քրեաօլիգարխիայի մականունաօծ և մանդատակիր դուրսպրծուկները սափրագլխով թիկնազորների ուղեկցությամբ արևածագից մինչև արևամուտ հերկում էին մայրաքաղաքն ու երկիրը, ոտնահարելով օրենք և օրինականություն։
Բայց ամառ է, եկեք մի քիչ զվարճանանք։ Հիշեցնեմ մի ազգային-պետական (թերևս նաև` համահայկական) զոմբիացման տոնավաճառ, որն այսօր էլ շատերի ընկալմամբ վերպետական և ազգա-պետա-փրկչական տոնահանդես էր։ 2006-ին հայաստանաբնակներիս մի ստվար զանգված շուրջկալեց Արագած լեռը և շուրջպար բռնեց` հրահանգիչների կամքին հլու։ Հիշեցնում եմ, այդ շուրջպարյան օրը կազմալուծվել էր Երևանի տրանսպորտի աշխատանքը, հսկայական պետական միջոցներ ծառայեցին շուրջպար-դիվախաղին։ Իսկ հրահանգիչները մինչ օրս էլ վերամբարձ քմծիծաղով են հիշում այդ ամենը։ Չէ՞ որ նրանց հաջողվեց մի սին գաղափարի շուրջ ոտքի հանել հայաստանաբնակ հայությանը։


Հանրային զոմբիացման գլխավոր զենքերից մեկը, հրավառային մղձավանջը, սաստված ՀՀ օրենքով, գործում է առավել մեծ թափով։ Եվ զոմբիացվում են ամենօրյա հրավառամերձ ահաբեկված բնակավայրերի տասնյակ հազարավոր բնակիչներ, ահել ու մանուկ, տկար և միանգամայն առողջ մարդիկ։ Զոմբիացվում են, զի նրանց անզոր ցասումը ելք չի գտնում, ալիքվում է, ճարահատյալ քուն է մտնում։ Զի նրանց կամազրկում են, ուրիշ ոչինչ։ Հանրության բոլոր երկրաշինական առաջարկներն անտեսվում են զարմանահրաշ համառությամբ։ Նիկոլը և ընկերախումբն են այս պահին դրության տերը։ Դիմակազերծում են քրեաօլիգարխիային, սիրաշահում են հանրությանը։ Սակայն չէ՞ որ Հայաստանը համաշխարհային մարտահրավերների առաջնադիրք թատերաբեմերից մեկն է։ Սակայն չէ՞ որ հայությունը վերստին ճամփաբաժանում է` երկիրը հայաթափվում է, հայությունը կորցնում է ինքնությունը։
Այսպիսով` արդյո՞ք Նիկոլը և նրա վառվռուն զորախումբը Տրոյական ձիու որովայնում թաքնված չմտան մայրաքաղաք, չգրավեցին հանրապետությունը։ Ասացեք խնդրեմ, ինչու են այսօր քաղպայմանագրայինները համառորեն փորձում օրինականացնել մարիխուանա թմրամիջոցի գործածումը։ Մի խոսքով, Տրոյական ձին հայտնվել է կառավարական տանը։
Երկրում նիկոլյան դարաշրջանն է` ի հեճուկս չզոմբիացված հանրության։

ՎԵՐՋԵՐԳ
Նախ և առաջ անհրաժեշտ է ողջ կառավարությամբ և ԱԺ-ով շրջադարձվել և ծառայել «սիրո և համերաշխության» ընդվզման պահանջներին։
Նախ և հետո խիստ կարիք կա ժողովրդականանալու և ամեն ամսվա աշխատավարձի ուղիղ կեսը նվիրաբերելու պետբյուջեին։
Եվ վերջապես` ժամանակն է Ամուլսարը շրջափակելու։
Լիառատ է 2018-ի ծիրանը։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7238

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao