Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Թատրոնն է իմ կյանքը»

«Թատրոնն է իմ կյանքը»
06.07.2018 | 03:37

Դպրոցական էի, երբ առաջին անգամ պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում տեսա դերասան ԻՇԽԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ, որը հետագայում ինձ և իմ սերնդակիցների համար դարձավ սիրված և սպասված դերասան։ Երբեք մտքովս չէր անցնում, որ մի օր կլինեմ տաղանդավոր դերասանի խաղընկերը։


1969-ին Հրաչյա Ղափլանյանն ինձ հրավիրեց աշխատանքի Երևանի դրամատիկական թատրոն։ Իշխան Ղարիբյանն այդ թատրոնի առաջատար դերասաններից էր։ 1970-ին Ղափլանյանը բեմադրեց իր լավագույն ներկայացումներից մեկը` «Սեր և ծիծաղը» (ըստ Ե. Օտյանի)։ Արթին աղայի դերում Իշխան Ղարիբյանն էր, ես խաղում էի նրա կնոջը սիրահետող մսյո Ժակի դերը։ Տեսարաններից մեկում նա մտնում է սենյակ և տեսնում իր կնոջը և մսյո Ժակին գրկախառնված։ Նա զայրանում է և շատ ջղային դիմում մսյոյին։ Ես նույնիսկ վախենում էի, չնայած գիտեի, որ Իշխան Նիկիտիչը շատ բարի մարդ է։ Պարզապես բեմում նա կերպարանափոխվում էր։


Երբ լրացավ Իշխան Ղարիբյանի 75-ամյակը, դերասանին խոստացա հաղորդում պատրաստել նրա մասին։ Այդ ժամանակ «Նորք» հեռուստատեսությունում ես «Նախաբեմ» հեղինակային շարքն էի ստեղծել։ Ցավոք, «Նորքը» փակվեց, և ես պարտք մնացի սիրելի դերասանին։
2005-ին վերադարձրի պարտքս. «Օթյակ» հեղինակային շարքում հաղորդում պատրաստեցի սիրված դերասանի մասին։ Իշխան Ղարիբյանն արդեն հեռացել էր կյանքից։ Նրա 80-ամյակն էր։ Այդ հաղորդմանը մասնակցեցին Իշխանի կինը` Աստղիկ Խանդիկյանը, զավակները` Անուշը, Հասմիկը (ցավոք, նա վաղաժամ հեռացավ կյանքից, շնորհալի դերասանուհի էր), Վադիմը, տաղանդաշատ Երվանդ Մանարյանը և նկարիչ Ռոբերտ Մանուկյանը։


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- 1946-ին Իշխան Ղարիբյանը մի խումբ ընկերների հետ Թեհրանից եկավ Հայաստան։ Ծանոթ չունեին, փախստականի կարգավիճակում էին։ Եկել էին գնացքով, ունենալով միայն անձնագիր։ Ապրում էին հանրակացարանում։
Իրանում նրանք ունեին թատերական խմբակ, և Իշխանը այնտեղ մի քանի ներկայացում էր արել. ցանկություն ուներ ընդունվելու թատերական ինստիտուտ։ Իշխանը, նրա ընկերները` Հայկ Վարդանյանը և Զարեհ Տեր-Կարապետյանը, ընդունվեցին թատերական ինստիտուտ։


ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ- Պատանեկությունից հիացած էր թատրոնով։ Իրանում դա բարդ էր։ Այն հասկացությունը թատրոնի մասին, որ մենք ունեինք, այնպիսին չէր այնտեղ այն ժամանակ։ Թատերական գործիչն իր շուրջը հավաքում էր պրոֆեսիոնալ մարդկանց, ներկայացում էր բեմադրում ու մեկ անգամ խաղում էին, երբեմն երկու անգամ։ Տոմս տարածող էլ պետք է լիներ, դա ուրիշ մասնագիտություն էր։ Իշխան Ղարիբյանն ու Հայկ Վարդանյանը մի ներկայացում էին արել։ Նրանց միջոցները սուղ էին։ Մինչ այսօր այդ ներկայացումը հիշողությանս մեջ է։ Դա Առնակեսի «Խոլերա» վոդևիլն էր։ Մենք լավ վոդևիլներ ունենք, բայց դրանք հեռացել են մեզնից։ Ավելի ճիշտ, մենք ենք հեռացել վոդևիլներից։ Մոռանում ենք, որ անցյալում նման դրամատուրգիա ունեինք։
Հետո Իշխանը եկավ Երևան, որովհետև մեծ թատրոնը, պրոֆեսիոնալ թատրոնն էր նրան կանչում։ Իսկապես կանչում էր...


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- Հայաստանում նրա միակ պրոբլեմը ռուսերենի չիմացությունն էր։ Եվ նրան զիջումներ էին անում։ Հետագայում նա այդ պրոբլեմը հաղթահարեց։
Մի անգամ Մոսկվայում նրան հարցում են` որտեղից է եկել։ Նա պատասխանում է` «я персик»։ ՈՒզում է ասել, թե Պարսկաստանից է։ Երբ վերադարձել է Երևան, Զարեհ Տեր-Կարապետյանը պատմել է այդ մասին ընկերներին։ Բոլորը ծիծաղել են և ասել. «Սխալվել ես, պետք է ասեիր` персики. Իշխանն ինստիտուտն ավարտեց փայլուն ու միակն էր կուրսից, որ ընդունվեց Սունդուկյանի թատրոն։ Նրա առաջին դերերից էր Ֆիրսը «Բալենու այգում»։ Հիանալի կատարեց այդ դերը և արժանացավ գովասանքի։
ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ- Վաղարշ Վաղարշյանի հետ հավասար կատարում էր զառամյալ ծերունու` Ֆիրսի դերը։ Սքանչելի դերակատարում էր և Սունդուկյանի թատրոնի ոսկի ֆոնդ մտած դերակատարումներից մեկը։ Շատ բեմական էր, փառավոր ձայն ուներ, սքանչելի առոգանություն։ Մի խոսքով, թատրոնի մարդ էր ամբողջությամբ։


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- 2-3 տարի աշխատեց Սունդուկյանի թատրոնում և ստիպված եղավ թողնել այն։ Պատճառը հրդեհն էր, առաջին հրդեհը Սունդուկյանի թատրոնում։ Իշխանին մեղադրեցին, քանի որ նա հայրենադարձ էր։ Նրան կանչել էին Խթը և մինչ առավոտ հարցաքննել։ Դա Իշխանի ամենավատ օրերից էր։ Քննիչն ատրճանակը ձեռքի մեջ պտտեցնելով, վախեցնելով, ուզում էր իմանալ` ինչ ընկերներ ունի, արդյո՞ք հայրենիք ներգաղթած Իշխանն է այդ դիվերսիայի կազմակերպիչը։ Եվ ինչու՞ է ցանկացել հրդեհել թատրոնը։ Ի դեպ, վառվել էր պահեստը և մեծ վնաս էր տվել թատրոնին։
Առավոտյան քննիչը գլխի է ընկել, որ Իշխանը ոչ մի կապ չունի այդ հրդեհի հետ, հավատացել է նրա ազնվությանը և բաց թողել։ Հետագայում նրանք դարձան լավ ընկերներ։
Իշխանը ոտքով տուն է գնացել, այդ ժամանակ նա ապրում էր Արաբկիրում։ Նրան ուղեկցող են տվել, որովհետև իրեն շատ վատ էր զգում։ Եվ Իշխանն ընդունվեց Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն։ Հրաչյա Ղափլանյանը նրան սիրով ընդունեց։ Այստեղ նա շատ դերեր խաղաց։ Իշխանը շատ բարի էր, հասնող։ Շատ հասարակ էր իրեն պահում։ Ես նրան նկատողություն էի անում։ Ինքս մեծամիտ չեմ, բայց նրան ասում էի. «Դու պետք է քո տեղն իմանաս, որպեսզի քեզ գնահատեն»։


ԱՆՈՒՇ ՂԱՐԻԲՅԱՆ- Երիտասարդ դերասանները հորս շատ էին սիրում։ Երբ դուրս էր գալիս կուլիսներ, միշտ նրանց հետ էր, խորհուրդներ էր տալիս։ Կան տարիքով դերասաններ, ովքեր կոպտում են երիտասարդին, երբ նա բեմում սխալվում է։ Իսկ հայրս այդպիսին չէր. նա լավ ընկեր էր, լավ խաղընկեր, միշտ օգնում էր կոլեգաներին, մտածում էր դիմացինի մասին։


ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ- Աստված նրան ուղղորդել էր թատրոն, թատրոնի ասպարեզում նա բացառիկ անձնավորություն էր։ Բացառիկ շնորհալի մարդ էր, թատրոնի նվիրյալ, ես կասեի` թատրոնի անմնացորդ նվիրյալ։ Ամեն ինչ, ինչ վերաբերում էր թատրոնին, նրա կյանքն էր, նրա էության բաղկացուցիչը։ Չկար թատրոնին վերաբերող որևէ հարց, որին նա ի միջի այլոց նայեր։


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- Իշխանը նկարահանվել է մոտ 20 կինոնկարներում։ Առաջինը` «01-99»-ն էր։ Մինչ այսօր ֆիլմը ցուցադրվում է։ Ֆիլմում զբաղված էին լավ դերասաններ, ափսոս, հիմա նրանք մեզ հետ չեն։ Եղել են դեպքեր, երբ նրան «պռոբայի» են հրավիրել, հետո ուրիշ դերասանի են նկարահանել։ Խանգարիչ հանգամանքներ են եղել։ Հետո պարզվեց, որ ինչ-ինչ զիջումների պետք է գնար։ Իսկ Իշխանը սկզբունքային էր։


ՎԱԴԻՄ ՂԱՐԻԲՅԱՆ- Ինձ թվում է, որ հայրս լավ կինոռեժիսոր կարող էր դառնալ։ 1962-ին Խորհրդային Միության սիրողական ֆիլմերի փառատոնին նա ներկայացրել էր «Շաքարաբլիթ» կինոնկարը` ըստ պարսկական գրողի պատմվածքի։ Ֆիլմում խաղում էր տաղանդավոր դերասանուհի Մարուսյա Թամրազյանը։ Ֆիլմն արժանացավ դիպլոմի, իսկ դիպլոմը ստորագրել էր Միխայիլ Ռոմմը։ Ռոմմը շատ էր հավանել ֆիլմը և հարցրել էր. «Պրոֆեսիոնալ ռեժիսո՞ր է այն նկարահանել»։ Եվ շատ էր զարմացել, երբ բացասական պատասխան էր ստացել։ Ափսոս, որ այդ ֆիլմը չի պահպանվել։
Նրա հետ շփվելիս ես զգում էի, որ նա կինոմտածողության տեր անձնավորություն է։ Երբ նա զրուցում էր ինձ հետ, ես կադրեր էի պատկերացնում, ֆիլմի էպիզոդներ։ Մի անգամ նա շատ հետաքրքիր համեմատություն արեց Լև Տոլստոյի «Հարություն» և Վիկտոր Հյուգոյի «Թշվառներ» վեպերի միջև։ Երբ նա վերլուծում էր կերպարները, տարբեր դրվագներ վեպերից, ես զգում էի, որ դա կինոռեժիսորի խոսք է, և պատկերացնում էի նրան կինոնկարահանման հրապարակում։ Ափսոս, ինձ թվում է, եթե նա ապրեր որևէ կինոերկրում, թող ներեն ինձ այդ բառի համար, կփորձեր իր այդ ունակությունները զարգացնել։ Կինոլեզվին լավ էր տիրապետում, ես, համենայն դեպս, այդ տպավորությունն ունեմ։


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- Իշխանը Հրազդանում ստեղծեց և մոտ 20 տարի ղեկավարեց դրամատիկական թատրոնը։ Կոլեկտիվն ուզում էր, որ այդ թատրոնն անվանակոչեն Իշխան Ղարիբյանի անունով։ Բայց նա շատ համեստ էր, համաձայնություն չտվեց։ Ցավոք, այդ թատրոնը հիմա չկա։ Իշխանի մահից հետո քաղսովետի նախագահն ասել էր. «Հրազդանին թատրոն պետք չէ», ու փակել էր։


ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ- Իշխան Ղարիբյանի հետ շատ ենք հանդիպել հեռուստաթատրոնում։ Ես «Մանրապատումների թատրոնն» էի ղեկավարում։ Նա շատ դերեր խաղաց հեռուստատեսությունում։ ՈՒզում եմ հիշել միայն մեկը` Ալեքսեյ Արբուզովի «Հնաոճ կատակերգությունը», որը բեմադրել էր հեռուստատեսության երախտավոր, տաղանդաշատ Օլգա Մելիք-Վրթանեսյանը։ Իշխանի խաղընկերն էր սիրելի դերասանուհի Մարգո Մուրադյանը։ Հնարավորություն չունեցա մի հատված ներկայացնելու այդ բեմադրությունից. Հանրային հեռուստատեսությունը, համարելով իրեն արխիվի սեփականատերը, ինձ նյութ չտրամադրեց։ Իսկ չէ՞ որ ես այդ ներկայացման խմբագիրն էի։ Այսպես էլ է պատահում...


ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ- Լավ դերասան էր հայրս, բայց առաջին հերթին` լավ մարդ։ Չէր սիրում «դերասան» բառը, ասում էր. «Ես արտիստ եմ»։ Բախտ չեմ ունեցել նրա ներկայությունը երկար վայելելու։ Երբ ես ծնվեցի, նա 56 տարեկան էր։


ԱՆՈՒՇ ՂԱՐԻԲՅԱՆ- Իմ ու քույրիկիս միջև 15 տարվա տարբերություն կա։ Երբ քույրս ծնվում է, հայրս գնում է հիվանդանոց տեսակցության։ Բուժքույրը, տեսնելով նրան, ասում է. «Աչքդ լույս, պապիկ, թոռնիկ ունեցաք»։ «Պապիկն» իրեն չի կորցնում. «Շնորհակալ եմ, մի փոքր սպասեք, հայրը կգա մաղարիչ կանի»։ ՈՒ դուրս է գալիս ծննդատնից։


ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ- Համբերատար էր շատ։ Տանը ձայնը երբեք չէր բարձրացնում, չէր բղավում, իրենից ոչ մի վատ բառ չեմ լսել։ Կան պապաներ, որ հաճախ են ջղայնանում, ինչ-որ բառեր օգտագործում։ Նա այդպիսին չէր։ Երբ հանկարծ խոսելիս օգտագործում էի «խի» բառը, նա ասում էր. «Էդ խուժանի լեքսիկոնը էլի տուն բերեցիր»։
Երբ գնացի առաջին դասարան, օգտագործում էի` ինչու, այո, ոչ... Համադասարանցիներս ինձ ձեռ էին առնում, և ես սկսեցի կամաց-կամաց լեքսիկոնս փոխել։ Պապան ինձ միշտ դիտողություն էր անում։


ԱՆՈՒՇ ՂԱՐԻԲՅԱՆ- Ամեն դեր խաղալուց առաջ երկար աշխատում էր, մտնում էր կերպարի մեջ։ Հենց էնպես չէր սովորում, միայն թե գնա խաղա։ Մայրս էր երբեմն օգնում, դիալոգները միասին էին կարդում։
Հայրս խաղացել է մոտ 400 դեր, մեկը մյուսից տարբեր և հիմնականում գլխավոր դերեր։


ՀԱՍՄԻԿ ՂԱՐԻԲՅԱՆ- Երբ դեր էր պարապում, ոչ ոք չպետք է իրեն խանգարեր։ Պարապելու համար նա ընտրել էր խոհանոցի վերջին հատվածը, անկյունը։ Ես երբեմն հետևում էի նրա աշխատանքային պրոցեսին` շատ լուրջ էր, շատ պատասխանատու։ Նա հաճույք էր ստանում ստեղծագործելիս։ Դերասաններ կան սովորում են դերն ուղղակի, հենց էնպես խաղալու համար։ Նա ժամերով էր պարապում, մտնում էր դերի մեջ։
Միշտ հիացել եմ նրանով։ Շատ եմ սիրել և՛ նրան, և՛ նրա արվեստը։ Նրա խաղն ինձ համար կատարելություն էր, նա շատ օրգանական էր բեմում, չէր խաղում, ապրում էր...


ՌՈԲԵՐՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ (նկարիչ)- Իշխանը մաքուր մարդ էր, ազնիվ, խոր հոգով, լուրջ։ Ամեն շաբաթ գնում էինք ձուկ բռնելու։ Մեզ հետ էր նաև վաստակավոր արտիստ Սուրեն Սարգսյանը։ Մի անգամ երեքով գնացինք ձկնորսության։ Իշխանը շտապում էր, պետք է հեռուստատեսություն գնար։ Գցեց կարթը և 2-կիլոգրամանոց սազան բռնեց։ Ասաց. «Եկա, տեսա, հաղթեցի, գնում եմ հեռուստատեսություն...»։ Այդ օրը ես ու Սուրենը մինչև ուշ երեկո ոչինչ չբռնեցինք։


ԱՍՏՂԻԿ ԽԱՆԴԻԿՅԱՆ- Երբ Խորեն Աբրահամյանը Լենինականից տեղափոխվեց Երևան, Իշխանին հրավիրեց Սունդուկյանի թատրոն։ Տասը տարի աշխատեց Իշխանը Սունդուկյանի թատրոնում։ Երբ Խորենը դուրս եկավ թատրոնից, Իշխանին էլ դերեր չտվեցին։ Մի փոքր դեր առաջարկեցին, նա հրաժարվեց, որովհետև մինչ նրան դիմելը այդ դերը տվել էին այլ դերասանի, որը հրաժարվել էր խաղալուց։ Իշխանը նեղացած դուրս եկավ Սունդուկյանից։ Արմեն Խանդիկյանն ընդունեց նրան դրամատիկական։


ԱՆՈՒՇ ՂԱՐԻԲՅԱՆ- Եթե նրան չխանգարեին, նա երկար կապրեր։ Նրան նույնիսկ Պարսկաստանի դեսպանատունն էր աշխատանք առաջարկել։ Հայրս ասել էր. «Ես առանց բեմի չեմ կարող ապրել։ Թատրոնն է իմ կյանքը։


ԵՐՎԱՆԴ ՄԱՆԱՐՅԱՆ- Թատրոնի` հատկապես նվիրյալի ճակատագիրը մի քիչ դառն է լինում, որովհետև անշնորհակալությունը կրնկակոխ հետևում է այդ մարդկանց։ Նրանք երբեք չեն կարողանում հասարակությունից ստանալ արժանի փոխհատուցում։ Ճիշտ է, կոչումներ ուներ, բայց նրան հնարավորություն չտրվեց իր ասպարեզում շատ գործ անելու հօգուտ հասարակության։


ԳԱՐԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ- ՈՒզում եմ, որ մեր արվեստի չինովնիկները հիշեն, որ կան նվիրյալներ, կան դերասաններ, որ իրենց ամբողջ կյանքը նվիրաբերել են թատրոնին, և չի կարելի նրանց մոռանալ։


Գարիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3632

Մեկնաբանություններ