Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյանի պատվի գործը

Նիկոլ Փաշինյանի պատվի գործը
06.07.2018 | 11:29

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը հարցաքննության է կանչել հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Հուլիսի 4-ին քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը ճեպազրույցում բացատրեց, որ Քոչարյանը հրավիրվել է «դեռ» որպես վկա 2008-ի սկզբին հանրահավաքներում սպանությունների գործով: Այն ժամանակ ցուցարարների ու ուժայինների բախումներում 10 մարդ զոհվեց, երկուսը` ոստիկան: Քոչարյանը Հայաստանի նախագահն էր 1998-2008-ի ապրիլը: Նույն հետաքննության շրջանակներում հետախուզվում է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը: Նա կասկածվում է պետական կարգը տապալելու և բանակը հանրահավաքները ցրելու մեջ անօրինական օգտագործելու համար:

2008-ի հանրահավաքների հետաքննության գործը հայ փորձագետները համարում են նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատվի գործը: Նա մասնակցել է ընդդիմադիր շարժմանը, հետախուզվել, 2010-ին դատապարտվել է 7 տարվա ազատազրկման` անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով: Բանտում Փաշինյանն անցկացրել է մեկ տարուց ավելի` համաներումով ազատվելով 2011-ին: Վարչապետը քանիցս հայտարարել է, որ նպատակ ունի վերջակետ դնել հանրահավաքներում մարդկանց զոհվելու գործին: Հայաստանի նախկին իշխանությունները, ի դեմս ՀՀԿ-ի, մարդկանց զոհվելու մեջ մեղադրեցին ընդդիմությանը, որ հարուցեց ինչպես իշխանության հակառակորդների, այնպես էլ ժողովրդի մեծ մասի դժգոհությունը: «Բացի սեփական շահագրգռությունից` Փաշինյանը կատարում է և հասարակական պատվեր», - կարծում է հայ քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը: Նա նշում է, որ նախկին իշխանությունների ներկայացուցիչների ձեռքին գործնականում հաղթաթղթեր չեն մնում, որ դիմակայեն նոր մեղադրանքներին, քանի որ վերջին ժամանակների կոռուպցիոն հնչեղ սկանդալները ՀՀԿ-ին դիմադրության հնարավորությունից զրկել են: Այդ սկանդալներից առանձնանում է պաշտպանության նախկին փոխնախարար և ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ձերբակալությունը 2018-ի հունիսին` առանձնապես խոշոր մասշտաբի թալանի մեղադրանքով: ՀՀԿ-ի ներկայացուցիչները գործը անվանեցին շինծու, բայց Գրիգորյանի տանը խուզարկության ժամանակ իրավապահները գտան մեծ գումարի կանխիկ փող, ավտոմեքենաների մեծ պարկ, չգրանցված զենք ու 2016-ին Լեռնային Ղարաբաղի զինվորների համար հավաքված մարդասիրական օգնության պարկեր, որ այդպես էլ հասցեատերերին չեն հասել:

Ոստիկանությունը ակտիվորեն հետաքրքրվում է Հայաստանի մյուս նախկին նախագահի` Սերժ Սարգսյանի ընտանիքի գործունեությամբ: Նրա եղբայր Ալեքսանդր Սարգսյանը ձերբակալվեց և ազատ արձակվեց հունիսի վերջին, իսկ հուլիսի 4-ին Հայաստանի ԶԼՄ-ները հաղորդեցին, որ Ալեքսանդր Սարգսյանի Երևանի կենտրոնում գտնվող առանձնատանը ԱԱԾ աշխատակիցները խուզարկություն են անցկացնում: Նախկին նախագահի եղբայրը ԱԺ երկու գումարումների պատգամավոր է եղել, հայտնի է իբրև ազդեցիկ բիզնեսմեն: Վերլուծաբանները նրան անվանում են հայկական կոռուպցիայի դեմք: Նախկին նախագահի մյուս եղբայրը` Լևոն Սարգսյանը, ևս կոռուպցիոն գործով կասկածյալ է: Հատուկ քննչական ծառայությունը հայտարարել է, որ հետաքննություն է սկսում Լևոն Սարգսյանի ու նրա ընտանիքի եկամուտները թաքցնելու գործով: Գործում կա 7 միլիոն դոլար: Լևոն Սարգսյանն այժմ Հայաստանի հատուկ հանձնարարությունների դեսպան է: Սարգսյանների ընտանիքի և նախկին իշխանությունների հայտնի ներկայացուցիչների դեմ բարձրահունչ գործերը Փաշինյանին անհրաժեշտ են նաև պետական բյուջեն համալրելու համար` կարծում է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը:

Վիթխարի տուգանքներն ու անօրինական եկամուտի բռնագանձումները կարող են կարևոր աջակցություն լինել երկրի ապագային` համոզված է նա: Միքայելյանը կասկածում է, որ ինքը` Սերժ Սարգսյանը հազիվ թե ճաղերի հետևում հայտնվի: Նիկոլ Փաշինյանը չի ցանկանա պատմական նախադեպ ստեղծել, որովհետև ինքն էլ վաղ թե ուշ իշխանությունից հեռանալու է: Իշխանությունը Հայաստանում փոխվեց 2018-ի գարնանը բազմահազարանոց հանրահավաքներից հետո ամբողջ երկրում: Ընդդիմության ու բնակչության դժգոհությունը հարուցեց Սերժ Սարգսյանի որոշումը` նախագահական ժամկետի ավարտից հետո իբրև վարչապետ ղեկավարել երկիրը: Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց, վարչապետ ընտրվեց ընդդիմադիր շարժման ղեկավար Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմության գլխավոր պահանջներից մեկը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն էր, քանի որ ՀՀԿ-ն շարունակում է պահպանել մեծամասնությունը խորհրդարանում: Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հրաժարական տալ` ընտրությունների անցկացումն արագացնելու համար:

BBC

Հ.Գ. Ի՞նչ կմտածեն բրիտանացիները այս հրապարակումից հետո: Որ հայերը կոռուպցիայի դեմ պայքար են սկսել ամենավերևի՞ց ու դա ժողովրդավարության հաղթանակ է և պետք է աջակցել Հայաստանի նոր իշխանություններին: Իսկ եթե ստանան տեղեկություններ, որ բարձրահունչ գործերում ներառված կասկածյալները հերթով ազա՞տ են արձակվում: Նրանց կմնա մտածել, որ ժողովրդավարությունը Հայաստանում գերազանցում է ինքն իրեն:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ