USD480.30
EUR558.49
RUB7.62
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Պրագմատիկնե՞ր, թե՞ իդեոլոգներ` ո՞ւմն է ապագան

Պրագմատիկնե՞ր, թե՞ իդեոլոգներ` ո՞ւմն է ապագան
09.07.2018 | 09:54

Հուլիսի 7-ին «Մետրոպոլ» հյուրանոցում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը կազմակերպել էին «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք. Իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովը, որտեղ ելույթ ունեցավ «Նորավանք» ԳԿՀ փոխտնօրեն, ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանը` ներկայացնելով «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն արդի փուլում. իրողություններ, վտանգներ, հեռանկարներ» թեման: Նա կարծում է, որ հայ-ռուսական ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող գլխավոր վտանգը հիմնարար փաստաթղթերի ընտրական ընթերցումն է և այն հետևությունները, որոնց անհրաժեշտաբար հանգում են դրանց «պրագմատիկ» ընթերցմամբ:

«Իդեոլոգներ»


1. Ռուսաստանի դաշնակիցները քիչ են: Հետևաբար, պետք է ամրապնդել կապերը եղածների հետ ու ջանալ ձեռք բերել նորերը:
2. Ռուսաստանը պետք է գաղափարախոսական այլընտրանք առաջարկի «Արևմուտքին» (և/կամ «մահմեդական արմատականությանը»):

3. Ռուսաստանը պետք է ամրապնդի դիրքերն ազդեցության իր ավանդական տարածաշրջաններում՝ հետխորհրդային տարածքում և Բալկաններում:


«Պրագմատիկներ»

1. Ռուսաստանի «փայլուն մեկուսացվածությունն» օգնում է՝ մեր արտաքին քաղաքական շահերը հետապնդելիս գործել ազատ ձեռքերով, առանց կապանքների:

2. Գաղափարախոսության բացակայությունը և մեսիականությունից հրաժարումն է, որ թույլ են տալիս ՌԴ-ին պահպանել իր աշխարհաքաղաքական դիրքը՝ ծախսելով դրա համար ավելի քիչ ռեսուրսներ, քան ԽՍՀՄ-ը:

3. Ռուսաստանը պետք է կայունացնի լիմիտրոֆ տարածքները միայն այն չափով, որն անհրաժեշտ է իր տարածքների անվտանգությունն ապահովելու համար, և թույլ չտա դաշնակիցներին իրեն ներքաշել իր համար ոչ անհրաժեշտ կոնֆլիկտների մեջ:


«Պրագմատիկների» մոտեցումը Արա Մարջանյանն անվանում է արատավոր: Նախ՝ որ հիմնվում է ՀԱՊԿ հիմնարար փաստաթղթերի աղավաղված և ընտրովի ընթերցման վրա: Նրանք «մոռացել» են ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ հոդվածը. «Եթե պայմանագրի մեկ մասնակից ենթարկվում է ագրեսիայի, դա դիտարկվում է որպես ագրեսիա բոլոր մասնակից պետությունների հանդեպ: Ագրեսիայի ենթարկված պետության խնդրանքի դեպքում մնացյալ բոլոր պետությունները նրան տրամադրում են անհրաժեշտ օգնություն, ներառյալ՝ ռազմական»: Ավելին` մոռացել են նաև «ՀԱՊԿ կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը», որում հստակ սահմանված են դաշինքի հայեցակարգային հիմունքները. 1. անվտանգության միասնականության դրույթը, այսինքն՝ ՀԱՊԿ անդամ պետության հանդեպ ագրեսիան դիտարկվում է որպես ագրեսիա բոլորի հանդեպ; 2. մասնակիցների անվտանգության ապահովման գործում մասնակից պետությունների հավասար պատասխանատվությունը:


«Մենք չէ, որ պետք է որոշենք, թե ինչպես պետք է Ռուսաստանը կառուցի իր դաշնակցային հարաբերությունները: Բայց պարտավոր ենք մատնանշել` ցինիզմը և պրագմատիզմը աշխարհաքաղաքականությունում կան դարեր ի վեր: Եվ այստեղ կան արդեն դրա հմուտ վարպետներ: Ինչպես ասում է հայկական ասույթը՝ չարժե սատանի մայլում քյանդրբազություն անել։ Ոչ մի լավ բանի սա չի հանգեցնի»` ասաց Արա Մարջանյանը: Նա Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքին սպառնացող գլխավոր վտանգը համարում է ոչ թե բելառուսա-չինական «Պոլոնեզները», իսրայելական «Լորաները», ռուսական ТОС-երը, թուրքական «Կասիրգաները» կամ «SOM»-երը ադրբեջանական բանակում, ոչ թե Նախիջևանում արբանյակների ղեկավարման պահեստային կենտրոնը կամ թուրքական ռազմական հրահանգիչներին, ոչ էլ Կասպիցի սահմանազատման գործում Ռուսաստանի նահանջը կամ Ռուսաստանի տեխնոլոգիական զարգացման դանդաղումը, այլ դաշնակիցների հետ հարաբերություններում «պրագմատիկ»` իրականում՝ արատավոր մոտեցումը: Նա առաջարկում է ապահովել դաշնակից տերությունների տեխնոլոգիական և ենթակառուցվածքային կապակցվածությունը քաղաքական առնվազն 2 - 3 էլեկտորալ ցիկլերի հեռանկարում և նշում, որ արվել են կարևոր քայլեր` ՀՀ և ՌԴ միացյալ ռազմական խմբավորման ձևավորումը, ՀՕՊ համատեղ հրամանատարության ստեղծումը, Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի գտնվելու ժամկետի երկարաձգումը մինչև 2044-ը, սակայն հիբրիդային սպառնալիքների պայմաններում դա բավարար չի համարում: Այդ քայլերն ապահովում են միայն ենթակառուցվածքային կապակցվածություն, քիչ բան են տալիս, օրինակ՝ էներգատրանսպորտային կապակցվածության առումով կամ տեխնոլոգիական ու տնտեսական ամբողջական ոլորտներում:


Արա Մարջանյանը առաջնահերթ է համարում.
*2026-ից սկսած և 50-70 տարում ապահովել Հայաստանում ատոմային էներգետիկայի ողջ սեգմենտի առկայությունն ու զարգացումը:
*Վերակենդանացնել և զարգացնել երկարաժամկետ և բարձրտեխնոլոգիական համագործակցությունն արբանյակային ունակությունների, լազերային տեխնիկայի և միկրոէլեկտրոնիկայի ոլորտներում:
*Վճռականորեն իրագործել Հայաստանն ապաշրջափակող «Հյուսիս-Հարավ» էներգատրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծումը:
*Հայաստանի և Ռուսաստանի ռազմաքաղաքական դաշինքը բուն քաղաքական, եթե կուզեք՝ աշխարհաքաղաքական բովանդակությամբ հագեցնելը:
«Հայաստանը և Ռուսաստանը ավարտված աշխարհաքաղաքական ծրագրեր չեն: Ինչպե՞ս մենք կավարտենք, և մե՞նք է, որ կավարտենք. ահա հարցեր, որ պահանջում են խորացված և հիմնավոր պատասխաններ: Խոսել մեր երկրների ռազմաքաղաքական դաշինքի հեռանկարների մասին արժե առաջին հերթին հենց այս պատասխանների համատեղ որոնման ծիրում»` ասաց Արա Մարջանյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Եզրակացությունները թողնում եմ ձեզ: Անձամբ ինձ չեն համոզում մարդիկ ու նրանց տեսակետները, որ աշխարհի քարտեզի վրա միայն մեկ պետություն գիտեն` Ռուսաստանը: Դա պարզապես վտանգավոր է:

Դիտվել է՝ 1218

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ