USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

«Փաշինյանն ակնհայտ ցույց է տալիս, որ վիրավորված է «Ելքի» մյուս անդամներից»

«Փաշինյանն ակնհայտ ցույց է տալիս, որ վիրավորված է «Ելքի» մյուս անդամներից»
10.07.2018 | 00:22

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարությունում և Ազգային ժողովում հանձնաժողովներ են ստեղծվել, որոնք զբաղվում են Ընտրական օրենսգրքի լրամշակմամբ: Օրենսդիր ու գործադիր մարմիններում ԸՕ-ի շուրջ քննարկումները գրեթե ամեն օր են տեղի ունենում: Պարզ է, որ իշխանության եկած քաղաքական թիմը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, օրենսգիրքը հնարավորինս արագ բարեկարգելու խնդիր ունի: Մյուս կողմից էլ, քաղաքական դաշտի ներկայացուցիչները միաբերան ասում են, թե Փաշինյանի ձևավորած կառավարությունը համաձայնության կառավարություն է, ունի բարձր վստահություն, հետևաբար, ըստ տրամաբանության, նոր կամ հին ԸՕ-ով ընտրության գնալը երկրորդական է: Արդար ընտրություններ կազմակերպելու համար կարևորը քաղաքական կամքն է, ինչն էլ, գերակշռող տեսակետի համաձայն, առկա է: Թեմայի շուրջ զրուցում ենք քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Համբարյան, եթե հանրությունը վստահում է նոր իշխանությանը, ինչու՞ արտահերթ ընտրությունները հիմա չեն կազմակերպվում: Չէ՞ որ եթե կան վստահություն ու քաղաքական կամք, Ընտրական օրենսգիրքը երկրոդական է դառնում:
-Վստահությունն այնքանով կա, որքանով Նիկոլ Փաշինյանին հաջողվեց իրականացնել իր երազած «թավշյա հեղափոխությունը», բայց, միևնույն ժամանակ, նույն Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ, առանց Ազգային Ժողովում համապատասխան հենարանի, չի կարող այդ վստահությունը պահել: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ վարկանիշի անկման պարագայում՝ վաղը, մյուս օրը նույն Ազգային ժողովը չի ձերբազատվի Փաշինյանից և նրա թիմից: Հենց դրա համար է, որ Փաշինյանը ջանադրաբար աշխատում է Ընտրական օրենսգրքի փոփոխության վրա, ինչի շնորհիվ, կարելի է ասել, կնվազեն ընտրությունները կեղծելու ռիսկերը: Չկան երաշխիքներ, որ, օրինակ, մարզային ֆեոդալները կամ մարզային էլիտան չեն օգտագործի ռեյտինգային ցուցակներով Ազգային ժողով մտնելու հնարավորությունը և փաստի առաջ չեն կանգնեցնի իշխանություններին:
-Բայց ռեյտինգային ընտրակարգի վերաբերյալ «Ելք» խմբակցությունը, կարծես, այնքան էլ մերժողական վերաբերմունք չունի. նրանք առաջ են քաշում անգամ «համապետական ռեյտինգայինի» գաղափարը:
-Ռեյտինգայինը՝ տարբեր ձևերով, պարունակում է կոռուպցիոն ռիսկեր, և Հայաստանի պարագայում ռեյտինգային ցուցակներով ընտրությունների գնալն անիմաստ է: Եթե մենք լինեինք Ռուսաստանի Դաշնություն, Չինաստան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այն նույնիսկ պետքական մոդել կլիներ, բայց Հայաստանի պարագայում դա ավելորդ է՝ անկախ կիրառման տարբերակներից ու ձևերից: Ինչ վերաբերում է «Ելք» խմբակցությանը, Դուք շատ լավ գիտեք, որ «Ելք» խմբակցությունը, որպես այդպիսին, հիմա չկա, ու Փաշինյանն ակնհայտ ցույց է տալիս, որ վիրավորված է իր խմբակցության մյուս անդամներից: Նա այժմ առաջ է տանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեզը, որի համաձայն՝ Հայաստանում պետք է կիրառվի համամասնական բաց ցուցակների մոդելը (այն ընդունված է նաև եվրոպական փոքր երկրներում):
-Կարո՞ղ ենք ասել, որ Ընտրական նոր օրենսգիրքը բարեփոխվի «ռեյտինգայինի» առանցքի շուրջ:
-Կարող ենք ասել, բայց միայն ռեյտինգայինը չէ, որ պետք է ուշադրության կենտրոնում պահել: Օրինակ, նախորդ ընտրական օրենսգրքում երեք կետ կար, որոնք էլ թույլ էին տալիս «օրինականացված» կեղծ ընտրություններ կազմակերպել: Առաջինը ռեյտինգային ցուցակներն էին, որոնցով մարդիկ էին անցնում խորհրդարան, ովքեր տարածաշրջանի հետ որևէ կապ չունեին: Երկրորդը՝ լրացուցիչ ցուցակներն էին: Շիրակի մարզում, որի հյուսիսային մասը գրեթե կիսադատարկ է, ընտրության օրը 300-400 մարդ էր գնում քվեարկության: Գործող ԸՕ-ի երրորդ խնդիրն այն է, որ ժամկետային զինծառայողներն իրավունք ունեն իրենց ծառայության վայրում ռեյտինգային կարգով պատգամավոր ընտրելու: Ենթադրենք, մեկ տարի կամ 5 ամիս առաջ Տավուշից Շիրակի մարզի ինչ-որ զորամասում ծառայության անցած զինծառայողը քվեարկում է Շիրակի մարզի այսինչ թեկնածուի օգտին. հարց է առաջանում՝ այդ զինծառայողն ի՞նչ գիտեր Շիրակի մարզի մասին, որ մասնակցում էր ընտրություններին:
-Այնուամենայնիվ, արդար և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար ընտրական կատարյալ օրենսգի՞րք, թե՞ քաղաքական կամք է պետք:
-Իհարկե` քաղաքական կամք: Եթե սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ քաղաքական որևէ ուժի կողմից գումարներ բաժանելու դեպքերը չկանխվեն, ընտրակեղծիքներով արդյունքի հասնեն կամ այլ մեխանիզմներով կաշառեն ընտրողին, դա հենց քաղաքական կամքի բացակայություն է:
-Գործող իշխանություններն ունե՞ն այդ քաղաքական կամքը:
-Այս պահին` այո, բայց թե ինչ կլինի ընտրությունների նախաշեմին, դժվար է կանխագուշակել, որովհետև ՀՀ-ում գործընթացներն արագ են զարգանում: Բացի այդ՝ չպետք է մոռանանք, որ այժմ որքան էլ հանգիստ լինի իրավիճակը Հայաստանում, մեր երկիրը գտնվում է քաղաքական ճգնաժամի մեջ: Հայաստանի Հանրապետությունն այն եզակի երկրներից է աշխարհում, որտեղ գործադիր իշխանությունը չունի հենարան օրենսդիր մարմնում, և դա այն պարագայում, երբ մեր երկիրը պառլամենտական է: Սա նոնսենս է, այդպիսի բան որևէ տեղ չկա: Որքան էլ Փաշինյանը խրոխտ ելույթներ ունենա և հայտարարություններ անի, ինքն էլ շատ լավ գիտի, որ այդ ամենը մարդիկ մեծ ոգևորությամբ են ընդունում, քանի որ դեռևս հետհեղափոխական էյֆորիայի մեջ են: Վաղը, մյուս օրը ոչ ոք չի կարող երաշխավորել, որ նույն «հակահեղափոխականները» չեն օգտվի իշխանությունների կոպիտ սխալներից, կարող են դեպքերին այլ զարգացումներ հաղորդել: Կառավարության որոշ անդամներ տալիս են նրանց այդ «շանսը»՝ անընդհատ սկանդալներ հրահրելով. այդ ամենը պատիվ չի բերում այս իշխանություններին:
-Այս պահին, գոնե, տպավորությունն այնպիսին է, որ ռեյտինգային ընտրակարգը պահպանվելու է և շրջանառության մեջ է դրվելու ընդամենը փոփոխված տարբերակով: Ի՞նչ կլինի այս պարագայում:
-Այդ դեպքում նույն «Քաղաքացիական պայմանագիրն» իր ցուցակներում պետք է ընդգրկի մարզային էլիտայի անձանց, նրանք էլ պետք է համոզեն իրենց ընտրողներին՝ վստահության քվեն իրենց տալ: Համամասնական ցուցակի միակ դրական կողմն այն է, որ վաղը, մյուս օրը որևէ «վիրավորված» անձ չի լինելու, կուսակցությունները ստիպված ուշադրություն են դարձնելու մարզերի իրենց թեկնածուներին: Եթե հիշում եք` 2017-ի ապրիլին տեղի ունեցած ընտրություններում նույն «Ելք» դաշինքը ռեյտինգային թեկնածուներով միայն Երևանում հաղթանակ տարավ: Դա պայմանավորված էր նրանով, որ մարզերում այդ դաշինքի ներկայացուցիչները սարսափելի թույլ էին: Հիմա Նիկոլ Փաշինյանը, այդ դասերը հաշվի առնելով, փորձում է խնդիրը լուծել՝ բոլորի համար հավասար պայմաններ ստեղծելով:

Հարցազրույցը`
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ