USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Գնա՞լ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, թե՞ ոչ

Գնա՞լ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, թե՞ ոչ
10.07.2018 | 00:31

Վաղը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստանի պատվիրակությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ մեկնելու է Բրյուսել: Քաղաքական հարթակում ոմանք տեսակետ են հայտնում, թե գուցե չարժե գնալ այնտեղ, քանի որ դրանով հնարավոր է սրվեն հայ-ռուսական հարաբերությունները և ամենաէականը՝ ՆԱՏՕ-ի հռչակագրում հնարավոր են ոչ հայանպաստ ձևակերպումներ: Այս մասին իր Ֆեյսբուքում գրել էր նաև ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: «Մշտապես ստանալով մասնակցության հրավեր, մենք հազվադեպ ենք այն ընդունել, հաշվի առնելով գագաթնաժողովների ավարտին ընդունվող հռչակագրերում տարածաշրջանային կոնֆլիկտների նկատմամբ այդ կառույցի որդեգրած մոտեցումը, որը չի տարբերակում սառեցված հակամարտությունները և, որպես կանոն, գերակայություն է տալիս տարածքային ամբողջականությանը: Ակնհայտ է, որ ԼՂ հակամարտությունը արմատապես տարբերվում է մնացած բոլոր հակամարտություններից, և մեզ համար ընդունելի չէ այդ հարցի աշխարհաքաղաքական շահարկումը և տարածքային ամբողջականության իմպերատիվը NATO-ի մոտեցումներում»,- մասնավորապես նշել էր պատգամավորը՝ հընթացս հավելելով, որ պետք է տարբերակել գալիք գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը և Բրյուսել այցելելու և ԵՄ-ի հետ իշխանափոխությունից հետո հարաբերությունները քննարկելու կարևորությունը:

«ՏՐԱՆԶԻՏԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՃԻՇՏ ՉԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ, ՈՐ
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՐԱԳԱՑՎԱԾ ԼՈՒԾՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՎԵՆ»


Քաղաքագետ ՍՏԵՓԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ այն տեսակետին, թե պետք է չեղարկել այդ այցը:
-Տեսակետ կա, թե գագաթնաժողովի մասնակցությամբ հնարավոր է նախ սրվեն մեր և Ռուսաստանի հարաբերությունները, իսկ հռչակագրում էլ «տարածքային ամբողջականության» սկզբունքի հնարավոր ամրագրումը ցանկալի չի լինի մեզ համար: Համամի՞տ եք:
-Եթե Ռուսաստանում վաղը ասեն, որ պետք է հայերը չքվեն այս տարածաշրջանից, ի՞նչ պետք է անենք:
-Բավական ծայրահեղական եք հարցին մոտենում:
-Ես հասկանում եմ, որ նման բան չի լինի, բայց մի պահ պատկերացնենք, որ Ռուսաստանում մի իշխանություն եկավ, որ նման դիրքորոշում հայտնեց, ի՞նչ ենք անելու: Այսինքն` պետք չէ ամեն ինչում առաջ ընթանալ խելագարության կանխավարկածով: Պարզ իրավիճակ է: Հայաստանը նախկինում էլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի հետ աշխատել է, ինչը Ռուսաստանը բավական նորմալ է ընդունել, քանի որ Հայաստանը ցանկանում է բազմավեկտոր քաղաքականություն վարել: Հիմա այս համագործակցությունն ավելի բովանդակալից կլինի: Ռուսաստանը գիտի, որ Հայաստանը, համագործակցելով ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, հարցն անդամակցության չի տանում: Ասել է՝ այս առումով Ռուսաստանի համար ոչ մի վտանգ չկա: Ակնհայտ է նաև, որ գնալը պարտադիր է, որովհետև դա լուրջ միջոցառում է, որտեղ հավաքվում են ոչ միայն ՆԱՏՕ-ի անդամ, այլև ուրիշ երկրների ղեկավարները: Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենա շատերի հետ կուլուարային մակարդակում հանդիպելու, ոմանց հետ աշխատանքային հանդիպումներ ունենալու: Բյուսելում է նաև ԵՄ-ի գլխավոր գրասենյակը, և պարզ է, որ բարձր մակարդակով հանդիպումներ կլինեն նաև այս հարթակում:
-Ասել է՝ չգնալու առաջին հիմնավորումը՝ սրել հարաբերությունները ռուսների հետ, Դուք անհեթեթ եք համարում, իսկ մյուս դիտարկման մասին ի՞նչ կասեք:
-Ռուսաստանի հետ իսկապես խոչընդոտ չեմ տեսնում, գիտեն, որ այն ծրագրերը, որ անում ենք ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ոչ մի ձևով անդամակցության չեն տանում: Ինչ վերաբերում է հռչակագրին, այո, հնարավոր է, որ այնտեղ տեղ գտնեն մեզ համար անցանկալի ձևակերպումներ: Եթե մեր դիվանագիտական կորպուսն ակտիվ աշխատի (հուսով եմ աշխատում է), կլինեն նորմալ ձևակերպումներ: Երկու տարի առաջ գագաթնաժողովն ընդունեց բանաձև, որտեղ հոդվածներից մեկը նվիրված էր ղարաբաղյան հարցին ու ձևակերպումը փայլուն էր: Եթե ձևակերպումը մեկ անգամ նորմալ էր, հետո շատ դժվար է փոխել, այսինքն՝ հեշտ է պահպանել այն՝ արդեն գոյություն ունեցողը: ՆԱՏՕ-ն շահագրգռված է մեզ հետ աշխատելով հենց այն պատճառով, որ Կոսովոյում և Աֆղանստանում ունենք խաղաղապահներ, որովհետև իրենք դա բարձր են գնահատում: Կարծում եմ, կանեն այնպես, որ ձևակերպումը բավարարի երկու կողմերին: Անցած գագաթնաժողովում և Հայաստանը, և Ադրբեջանը համաձայնեցին մեկ չեզոք ձևակերպման հետ: Այս առումով էլ չգնալու համար ոչ մի խոչընդոտ չկա: Պարզապես մեր դիվանագետները պետք է լավ աշխատեն, որ այնպիսի ձևակերպումներ չլինեն, որ ստիպված դեմարշներ անենք: Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ աշխատում է նաև գիտական ծրագրերով, արտակարգ իրավիճակների, պաշտպանության որոշակի խնդիրների շրջանակներում: Պետք է պարտադիր գնալ, համագործակցել: Նույնիսկ նախկին իշխանությունը, որ ինքնուրույն չէր, Ռուսաստանի կցորդն էր, գնում էր ու համագործակցում նրանց հետ:
-Այս դեպքում ո՞րն է խնդիրը, որ հենց նախորդ իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը՝ Արմեն Աշոտյանը, կասկածի տակ է դնում գնալու անհրաժեշտությունը:
-Չգիտեմ, որն է նրա անհանգստության պատճառը, գուցե ավելի շատ տեղեկությու՞ն ունի, նրան պետք է հարցնել: Բայց կասկած չունեմ, որ եթե երկու տարի առաջ նորմալ ձևակերպում եղավ, ինչու՞ հիմա պետք է ամեն ինչ վատ լինի: Ի՞նչ է, ՆԱՏՕ-ում Թուրքիայի, Ադրբեջանի դերակատարումը մեծացա՞վ: Ամենևին: Նույնիսկ նրանց դերը նվազել է: Բայց ամեն մարդ կարծիք արտահայտելու իրավունք ունի:
-Հայաստանի նոր իշխանություններին շատ հաճախ են որակում արևմտամետներ, որոնց հանդեպ Ռուսաստանում կա կանխակալ վերաբերմունք: Ձեր տպավորությու՞նն էլ է այդպիսին:
-Ես տպավորություն ունեմ, որ նրանք ռուսամետ են (կատակում եմ): Իմ տպավորությամբ նրանք փորձում են կառուցել հայամետ քաղաքականություն: Նրանք Ռուսաստանին շատ հստակ մեսիջներ ուղարկեցին, որ կաշխատեն նրանց հետ, ռազմաքաղաքական համագործակցության ոչ մի վերանայում չի լինի: Բայց միևնույն ժամանակ ցանկանում են աշխատել ԵՄ-ի, ՆԱՏՕ-ի հետ, սա կոչվում է բազմավեկտոր քաղաքականություն, այն է՝ հայամետ քաղաքականություն: Գուցե ժամանակը գա և մեր քաղաքականությունն ավելի նպատակաուղղված լինի դեպի Արևմուտք կամ մեկ այլ տեղ, բայց առայժմ բազմավեկտոր քաղաքականությունն ավելի մոտ է հայամետ քաղաքականությանը: Այսօրվա իշխանության մեջ ես ավելի շատ այդ հայամետությունն եմ տեսնում:
-Այսօրվա արտաքին քաղաքական կուրսը գրեթե ամբողջովին նախորդ իշխանության քաղաքականությունն է հիշեցնում: Սա չի ժխտում նաև նոր ղեկավարությունը: Նշանակում է, որ նախորդնե՞րն էլ բավականին հայամետ էին:
-Ես այդպես կասեի: Ֆորմալ շատ նման է նրանց արտաքին քաղաքականությունը, բայց իրականացման գործընթացը շատ տարբեր է: Նախորդները կոշտ պրոռուսական քաղաքականություն էին վարում, կասեի՝ վասալային: Այսօրվա քաղաքականությունը ձևականորեն նման է, բայց բովանդակությամբ տարբեր է: Այո, հայտարարություններ կային, բայց ոչ մի իրական բան: Այս այցելությամբ Նիկոլ Փաշինյանը կսկսի բազմավեկտոր քաղաքականություն վարել: Ի վերջո, երկրորդ պաշտոնական այցը Վրաստան էր, չէ՞, որով ցույց տվեց, որ աշխատելու են բոլոր հարևանների և աշխարհի կենտրոնների հետ: Ես տեսնում եմ նաև, որ այսօրվա հայտարարություններին փորձում են նաև բովանդակություն հաղորդել: Նախորդ իշխանությունն էլ բազմավեկտոր քաղաքականության մասին էր հայտարարում, սակայն էությունն այլ էր՝ ինչ կար-չկար տվեցին Ռուսաստանին:
-Նոր իշխանություններից արտաքին քաղաքական կուրսում ի՞նչ վերանայումներ եք ակնկալում:
-Վերանայումների անհրաժեշտություն չեմ տեսնում մի պարզ պատճառով, սա անցումային կառավարություն է: Պետք է անցկացնենք նոր ընտրություններ, ձևավորենք նոր ԱԺ, որի հիմքում կլինեն գաղափարախոսական կուսակցություններ, կլինի մեծամասնություն, որը, ամենայն հավանականությամբ, էլի կգլխավորի Նիկոլ Փաշինյանը, հետո միայն կարելի է խոսել շտկումների մասին: Հիմա պետք է պատրաստվել ընտրությունների, որոնք կարտահայտեն ժողովրդի տրամադրությունները: Շատերը մոռանում են, որ մենք խորհրդարանական կառավարմամբ երկիր ենք, երբ իշխող կոալիցիան է ձևավորում արտաքին քաղաքականությունը՝ ի դեմս վարչապետի: Հիմա չունենք այդպիսի խորհրդարան, վարչապետը փոքրամասնության ներկայացուցիչն է: Պետք է շարունակել կոռուպցիայի դեմ պայքարը, ձերբակալումները և, ի վերջո, պետք է հասնել Սերժ Սարգսյանի ձերբակալմանը:
-Ձեր ասածը վերաբերու՞մ է նաև ղարաբաղյան հակամարտությանը, այսինքն` ոչինչ չձեռնարկել մինչև խորհրդարանական ընտրություններն անցկացվեն:
-Այո, ուղղակի: Հաշվի առնելով Ադրբեջանի նյարդային արձագանքները, որ ամեն վայրկյան սպասում են Փաշինյան-Ալիև, արտգործնախարարների հանդիպմանը: Բայց որպեսզի լարվածությունը չմեծանա, հարկավոր է հանդիպումներ կազմակերպել գոնե արտգործնախարարների մակարդակով: Այնպես չէ, որ նոր իշխանությունը խուսափում է հանդիպումից, մերոնք միշտ էլ պատրաստ են: Միայն նոր խորհրդարանի ձևավորումից հետո նշանակված վարչապետը, որը ամենայն հավանականությամբ էլի Փաշինյանն է լինելու, կզբաղվի ղարաբաղյան հիմնախնդրով: Տրանզիտային կառավարության դեպքում ճիշտ չեմ համարում, որ այս հիմնախնդրի վերաբերյալ արագացված լուծումներ կայացվեն:
-Հաշվի առնելով արդեն առկա լարվածությունը, առաջնագծում զինտեխնիկայի կուտակումը, նախիջևանյան ուղղությամբ զարգացումները, ի՞նչ եք կարծում, Ադրբեջանը չի՞ օգտվի մեր անցումային այս շրջանից և ռազմական գործողությունների դիմի:
-Չեմ կարծում, թե նրանք կհամարձակվեն դիմել նման քայլի մի պետության դեմ, որտեղ կատարվեց թավշյա հեղափոխություն և որտեղ աշխարհի ուշադրությունն է կենտրոնացել: Ադրբեջանում վերջին վթարները ցույց տվեցին, որ այդ պետությունն անկայուն է: Չի բացառվում, որ դրանք դիվերսիաներ էին, այսինքն` Ալիևի իշխանությունը կայուն չէ, իրենց երկրում իրավիճակին չեն կարող տիրապետել: Ավելի լավ է իրենց եղածը պահպանեն, այլապես կփլուզվի ողջ երկիրը: Պատկերացնու՞մ եք` ողջ երկիրը հոսանքազրկվեց, Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձը: Կրոնական ծայրահեղական խմբերն էլ վերջին տարիներին բավականին ակտիվացել են այնտեղ, իսկ նրանցից ամեն ինչ կարելի է սպասել: ՈՒրեմն Ալիևը պետք է մտածի իր իշխանությունը պահելու, ոչ թե Ղարաբաղի մասին: Ոչ թե աչք դնի մեր հողի վրա, այլ խորհուրդ եմ տալիս, գոնե եղածը կարողանա պահել: Սա չի նշանակում, որ մենք պատրաստ չպետք է լինենք, Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է, մենք միշտ պետք է զգոն լինենք:


«ՊԵՏՔ ՉԷ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՑ ԱՎԵԼԻ ԿԱԹՈԼԻԿ ԼԻՆԵԼ»


Արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ ևս խոսեց այս օրերին քննարկվող Բյուսել գնալ-չգնալու մասին:
-Ինչպե՞ս վարվել, ո՞րն է քաղաքականապես ճիշտ` գնա՞լ ՆԱՏՕ-ի գագաթնաժողով, թե՞ ոչ:
-Գնալը ճիշտ կլինի, գուցե նման առիթներ էլ չլինեն այն առումով, որ Արևմուտքը տրամադրված է Հայաստանի հետ երկխոսության գնալու: Եվ քաղաքական ինստիտուտները, և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները հայտարարեցին, որ սպասում են Հայաստանի նոր վարչապետին: Եթե ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ հանդիպում կայանա, կարծում եմ, շատ դրական կլինի, քանի որ այդ մակարդակով հանդիպումներ քիչ են լինում:
-Ո՞րն է այս այցի կարևորությունը:
-Սրանով կապացուցվի, որ Հայաստանը վարում է բազմավեկտոր քաղաքականություն՝ հիմքում դնելով հայակենտրոն շահերը: ՆԱՏՕ-ի հետ ունենք հարաբերություններ, որոնք վատ չեն զարգանում, Հայաստանը երբեք չի դրել ու չի դնի այդ կառույցին անդամակցելու հարցը, որովհետև մենք ՀԱՊԿ-ում ենք ու նպատակ չկա այնտեղից դուրս գալու և ՆԱՏՕ-ին անդամակցելու: Նման խոսակցություններն անգամ ծիծաղելի են, եթե մենք էլ ուզենք, նրանք մեզ չեն ընդունի: Տասը տարուց ավելի է` Վրաստանն ուզում է, դուռը ծեծում է, բայց ներս չեն թողնում:
-Իսկ մտավախություննե՞րը, թե այս այցով վտանգվում են հայ-ռուսական հարաբերությունները:
-Եթե Ռուսաստանը պետք է գնա Դուգինի ու մյուսների ասած սցենարով, անկախ ամեն ինչից` կգնա: Եթե Ադրբեջանի հետ այդքան լավ հարաբերություններ են ուզում զարգացնել ռուս որոշ շրջանակներ, ինչու՞ չեն մտածում, որ Ադրբեջանի ամենամեծ բարեկամը՝ Թուրքիան, ՆԱՏՕ-ի խոշոր անդամներից մեկն է: Տասը տարի առաջ մինչ Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների սրումը, նրանք ՆԱՏՕ-ի շրջանակում համագործակցում էին, այդ ժամանակ մենք սկսեցինք այդ 2-3 ծրագրերին մասնակցել: Հետո Ռուսաստանը դուրս եկավ, մենք հո չէի՞նք հրաժարվելու դրանցից: Կան նաև պետական շահեր: Նույն Ռուսաստանը, իմա՝ Խորհրդային Միությունը, 1954-ին պաշտոնապես դիմեց ՆԱՏՕ-ին անդամակցելու համար: Սա պատմական փաստ է, կան Մոլոտովի ստորագրությամբ փաստաթղթեր: Թե ինչի համար էր դա արվում, ուրիշ հարց է, կար Գերմանիայի խնդիրը:
-Քննարկման ծիրում են նաև գագաթնաժողովի հռչակագրում հնարավոր ձևակերպման խնդիրները, որոնք մեզ համար ցանկալի չեն կարող լինել:
-Քանի երկրի հետ քանի փաստաթուղթ կա, որ ղարաբաղյան հակամարտության ենթատեքստում տարածքային ամբողջականության հարցը հօգուտ Ադրբեջանի չի նշվում: Այդպիսի բան չեմ հիշում: Վերցնենք մեզ բարեկամ երկրները՝ Ռուսաստանը, Իրանը: Իրանի պաշտոնական դիրքորոշումը ո՞րն է Ղարաբաղի հարցում: Երեք կարևոր սկզբունքները կան, բայց դրանց հետ մեկտեղ նշվում է տարածքային ամբողջականության պահպանման հարցը: Ի վերջո, չլինելով ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ, Հայաստանը կարող է նաև չքվեարկել: Բայց ինչու՞ չգնալ ու չնստել ՆԱՏՕ-ի քարտուղարի հետ ու չքննարկել Ղարաբաղի հարցը: Ի վերջո, պետք չէ Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել:


Զրույցները՝
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 2529

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ