Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թոխմախի գերեզմանոցում շիրիմների հրկիզումն ապացույց է, որ «Նոր Հայաստան» չկա

Թոխմախի գերեզմանոցում շիրիմների հրկիզումն ապացույց է, որ «Նոր Հայաստան» չկա
10.07.2018 | 00:34

Ե՛վ քաղաքականությունը, և՛ իրավունքը (իրավաբանության իմաստով) սկսվում են, այնուամենայնիվ, բարոյականության նորմերից: Իսկ ինչի՞ց է սկսվում բարոյականությունն ինքը: Այս հարցն ավելի բարդ է, թեև կան պարզ բացատրություններ: Օրինակ, բարոյականությունը հանրության մեջ ընդունված պատկերացումներն են լավի և վատի, ճշտի և սխալի, բարու և չարի, ինչպես նաև վարվելակերպի այն նորմերի ամբողջության մասին, որոնք բխում են այդ պատկերացումներից: Այստեղ գլխավորը «հանրության մեջ ընդունված» բառերն են: Կամ՝ «հանրության կողմից ընդունված»: Այսինքն, բարոյական է այն, ինչը քո (և ոչ թե ռուսական կամ ամերիկյան) հանրությունը հազարամյակներով ընդունել և ընդունում է որպես լավ, ինչպես նաև՝ ճիշտ, ինչպես նաև՝ բարի: Այդ ամենը բազմիցս է պարզվել ու ճշտվել: Այսինքն, բարոյականությունը մարդկային հանրությունները ստեղծել են ներհանրային շփումների ընթացքում: Կարծիքներ փոխանակելով և փոխգործակցելով՝ մեր նախորդները և ավելի հեռու նախնիները հանգում էին ինչ-որ ընդհանուր եզրակացությունների: Բարոյակա՞ն է, երբ տղամարդն ու կինը ընտանիք են ստեղծում: Այո: Իսկ բարոյակա՞ն է, երբ որոշում են ընտանիք ստեղծել տղամարդը և ոչ տղամարդը, կամ կինը և ոչ կինը: Հայ հասարակությունը, առնվազն քրիստոնեություն ընդունելուց և Սոդոմ-Գոմորի աստվածաշնչյան պատմությանը ծանոթանալուց հետո, բազում դարեր ճշգրիտ պատասխանում էր՝ դա սատանայից է գալիս, ոչ թե Աստծուց:


Բարոյական է համարվել վերաբերմունքն ավագ սերունդների նկատմամբ, և քրիստոնեական պատվիրաններն առաջինը չեն: Այն ամենը, ինչը մտածել են շատ ազգեր հասարակության մեջ ավագների նկատմամբ ինչ-որ ընդգծված հարգանք մշակելու համար, հայտնի է եղել շատ վաղուց, դեռ մինչև հավատացյալների կողմից միաստվածություն ընդունելը: Բարոյական են համարվել նաև երեխաների նկատմամբ գորովալից, հոգատար վերաբերմունքը, սերն ու հոգատարությունը, ընդ որում՝ անշահախնդիր: Դարերով, հազարամյակներով անշահախնդրությունը համարվել է բարոյական: Բայց ինչպե՞ս է պատահել, որ դեռ Խորհրդային Հայաստանի վերջին տասնամյակներից անշահախնդիր ապրողներին սկսել են քմծիծաղով «ապուշ» անվանել: Երբեմն՝ ավելի կոպիտ: Ինչպե՞ս պատահեց, որ փարթամորեն ծաղկեց զանազան քոչվորներին հնուց ի վեր հատուկ «փող տուր և ինչ ուզում ես՝ արա» սկզբունքը: Բայց դժվար է թվարկել Հայաստանում տիրած անբարոյականության բոլոր լկտի դրսևորումները: Ինքներդ համեմատեք, թե որտեղ են ավելի խոր արմատացած խնամիական հարաբերությունները, հատկապես պետկառավարման համակարգում կադրերի ընտրության և տեղաբաշխման պատասխանատու գոտում: Պետք չէ «խեթել» նախկին ԽՍՀՄ-ի կողմը, նայեք ներկայիս Հայաստանին ավելի մոտ, ճիշտ է, թուրքերի, վրացիների, կովկասյան այլ ժողովուրդների շրջանում: Ինձ կառարկեն՝ դե, Հայաստանն էլ ինչ-որ չափով Կովկաս է, ավելի ճիշտ՝ Այսրկովկաս: Հետո՞: Դա արդարացնու՞մ է, որ ինչ-որ մեկը, հասնելով իշխանության, գրեթե անմիջապես սկսում է կադրային զտումներ անել և իր կլանների ու թայֆայի պատվերով «թայֆաբազություն» սահմանել:


Նույնիսկ Պարսկական կայսրությունում (Իրանում) խնամիությունը սահմանափակ էր: Եղել է, բայց սահմանափակ: Առավել հաճախ առաջին պլան էին մղվում արժանավորները: Մեր հայրենակիցների՝ Եփրեմ խանի, Միրզա Մելքում խանի, Հովհաննես խան Մասեհյանի և այլոց օրինակը ցույց է տալիս, որ գրեթե համատարած մահմեդական Իրանում քրիստոնյա հայերը նույնպես կարող են նշանակալի դերի հասնել հասարակության մեջ: Դա փայլուն ապացույց է, որ ներկայիս ՀՀ-ի հայերը «խնամիություն» և կաշառակերություն են սովորել հաստատ ոչ թե իրանական կայսրությունում, այլ թուրքերից: Եվ ԽՍՀՄ-ի առաջին տասնամյակներում էլ նրանց՝ Հայաստանի հայերին, հազիվ թե որևէ մեկը սովորեցրել է խնամիություն ու կաշառակերություն, այսօր բոլորին այնքան սիրելի «կոռուպցիային»:

Այն ժամանակ դրա համար կամ ճամբար էին ուղարկում, կամ գնդակահարում: Ափսոս, որ կարճ էր տևում «վերադաստիարակումը»: «Բրեժնևյան դարաշրջանում» թրքանման հայերը ողջ հանրապետությունում բուռն կերպով տարածեցին թուրքերի սիրած զբաղմունքը՝ «ամեն ինչ փողով» կամ «ծանոթի միջոցով»: Կա՞ն «ծակամուտ» քեռի կամ մորաքույր, գուցե հայրիկ կամ մայրիկ, ուրեմն հաջողություն կունենաս անձնական կյանքում և կարիերայում: Չկա՞ն, ուրեմն վերջ, կլինես «համակարգի ստրուկը»: Թեթևակի անցում անենք կոռուպցիայի դեմ այսօրվա պայքարին. դուք կարծում եք, թե վարչապետ Փաշինյանն այսօր պայքարու՞մ է կոռուպցիայի դեմ: Ավաղ, ոչ: Չնայած այն խոստմանը, թե «վենդետա չի լինելու», ընթանում է 2008 թ. Մարտի 1-ի գործով ակտիվ սադրիչի և այն ժամանակվա ակտիվ «բարիկադավորի» տիպիկ վենդետան միանգամայն որոշակի անձանց և շրջանակների դեմ: «Ամերիկյան ռետինե ժպիտով պաշտոնյայի ժամանակակից» համակարգի հիմնադիր հայրերին, ինչպես և 2008 թ. Մարտի 1-ի հրահրիչների ստվերում կանգնածներին Փաշինյանը չի պատրաստվում ձեռք տալու: Այդ Սերժ Սարգսյանն էր, որ բանտից արձակեց միջին կարգի լրագրող Նիկոլ Փաշինյանին, ներում շնորհեց Մարտի 1-ի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Սասուն Միքայելյանին: Կառարկեն, թե ինքը նստեցրեց, ինքն էլ բաց թողեց և «ոչ բարի կամքով»: Սխալվում եք, հենց բարի կամքով: Զրպարտությամբ մինչ այսօր նստած է «ցմահ Մնջոն»՝ Արմենակ Մնջոյանը, չնայած Լևոն Տեր-Պետրոսյանի սարքած «Դրոյի գործ» փքուն անվամբ սադրանքը վաղուց է փլվել «փոփոխված հանգամանքների բերումով»: Բայց մենք գիտենք, որ Փաշինյանը մտադիր չէ ներում շնորհելու առանց ապացույցների դիտավորյալ դատապարտված «Մնջոյին»: Հարց է առաջանում՝ այդ ինչու՞ էին Արմենակ Մնջոյանից այդպես վախենում ու այժմ էլ վախենում են և՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը, և՛ Սերժ Սարգսյանը, հիմա էլ՝ Նիկոլ Փաշինյանը: Վրեժի՞ց են վախենում...


Չէ, միայն դա չէ: Բացի թվարկվածներից, էլի շատերն են վախենում, որ «Մնջոն» ազատության մեջ կսկսի խոսել: Հապճեպ հավաքած ժամանակակից հայկական ՉԵԿԱ-ն առայժմ հիմնականում «քաշքշում է» ոչ քաղաքական շարժառիթներով, բայց, «լռելյայն», չի դիպչում ՀՀՇ-ի ոչ մի ղեկավարի, առավել ևս՝ Լևոն Տեր-Պետրոսյանին: Եվ պետք չէ ինձ «լոլո կարդալ», թե ամեն ինչ միանգամից չի լինում: Համարյա բոլոր ժողովուրդները գիտեն, որ ձուկը գլխից է հոտում: Տեր-Պետրոսյանի և ՀՀՇ-ի պարագլուխների անպատժելիությունը հանգեցրեց նաև մյուս երկու նախագահների և բազմաթիվ «հին հանրապետականների» անպատժելիության ցանկությանը:


Բայց անցնենք հանրության բարոյականության այլ հատվածին: Կոռուպցիայի դեմ մարտնչողներ: Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է կատարվում Երևանի գերեզմանոցներում: Չէ՞ որ բարոյականության մաս է նաև մեր վերաբերմունքը ննջեցյալների նկատմամբ: Վերջերս առիթ եղավ լինելու Թոխմախի գերեզմանոցում: Սկսեմ այն բանից, որ գերեզմանոցի կենտրոնական ծառուղին տարեցտարի նեղանում է: Ապօրինաբար գնվում են հողամասեր, ապօրինաբար ընդարձակվում են հին կամ ոչ այնքան հին գերեզմանների տարածքները: Պարզ է, որ այդ հողամասերը չեն ընծայվում խնդրատուների գեղեցիկ աչքերի համար: Առաջ կենտրոնական ծառուղով կարող էին միմյանց կողքով անցնել դեմ դիմաց եկող մեքենաները, իսկ հիմա մի մեքենան հաստատ կառաջացնի տիպիկ ճանապարհային խցանում: Չեմ կարծում, թե այդ իրավիճակը հատուկ չէ Երևանի մյուս գերեզմանոցներին: Կամ Թոխմախի գերեզմանատերերի, այսինքն՝ ննջեցյալների ժառանգների վատ ճաշակը տարբերվում է Երևանի մյուս գերեզմանատների շիրմատերերի վատ ճաշակից: Ընդհանուր են հիվանդությունը և խնդիրները: Հայերիս մեջ կենդանության ժամանակ մարդկանց անհավասարությունն անպայման և համառորեն ուզում են ընդգծել և մահից հետո: Եվ մեր գերեզմանատներում հառնում են անարվեստ «պանթեոններ», անգամ «դամբարաններ»: Կարդում ես տապանագրերն ու ջանում պատկերացնել, թե քանի մարդու է փրկել, ինչպես, ասենք, Շավարշ Կարապետյանը: Ինչով է փառաբանել Հայաստանը կամ գոնե իր գերդաստանը: Իր փողերով դպրո՞ց է կառուցել, զուտ հայկական կալանիչ հրթիռի գյու՞տ է արել: Վերջապես, հացահատիկի ռեկորդային բերք է հավաքել, և Հայաստանն իսկույն դարձել է ցորեն արտահանող երկի՞ր:


Իսկ թե ինչ աննախանձելի բախտի կարող են արժանանալ աղքատների շիրիմները կամ այն գերեզմանները, որոնց ննջեցյալների հարազատներն այս կամ այն պատճառներով դադարել են հաճախ այցելելուց, ես տեսա իմ աչքերով: 2018-ի հունիսի վերջին, «Նոր Հայաստանում»: Համոզված եմ, որ նույնն է եղել նախորդ երեք նախագահների օրոք: Նրանք նույնպես հռչակում էին «պայքար կոռուպցիայի դեմ»: Եվ նույնիսկ ոմանց «նստեցնում էին», ճիշտ է, նստածներն արագ ազատվում էին և անվերադարձ մեկնում: Բայց հիմա Փաշինյանը գրեթե ամեն օր շարքային քաղաքացիներին հացի փոխարեն կերակրում է «բազմասերիանոց տեսարաններով»: Ինչու՞ Փաշինյանը չհետաքրքրվի, թե ինչ են լինում աղքատների կամ այն շիրիմները, որոնք հազվադեպ են խնամվում կամ խնամող չունեն:

Ասենք, փախել են հայրենիքից, այդ թվում և ՀՀՇ-ի «սպիտակ եղեռնի» պատճառով, ինչպես 90-ականներին գրում էր Հայաստանի լավագույն լրագրողներից մեկը, այժմ հանգուցյալ Նարեկ Մեսրոպյանը։ Եվ այնտեղ մահացել են։ Կամ էլ պարզապես «անտեր» մնացած հանգուցյալների բոլոր հարազատները տարբեր տարիների, տարբեր պատճառներով մահացել են։ Իսկ մենք սփյուռք ունեցող ազգ ենք. թանկ է գալը միայն նրա համար, որ տարին մեկ անգամ մեռելոցին այցելեն հարազատների կամ ընկերների շիրիմներին։ Ինչու՞ Հայաստանի «բարոյական», նաև «անբարոյական» քաղաքացիներից ոչ ոք չի հիշում բարոյականության «ոսկի կանոնը»։ Հիշեցնեմ. «Մարդկանց վերաբերվիր այնպես, ինչպես կուզեիր, որ քեզ վերաբերվեն»։ Հայտնի է նաև այդ կանոնի ժխտական ձևակերպումը. «Մի՛ արա ուրիշին այն, ինչ չէիր ուզի քեզ»։ Այդ «ոսկի կանոնը» կիրառելի է ամենուրեք, այն համապիտանի է։ Դու հիմա այդպես ես վերաբերվում, ասենք, ինչ-որ աղքատի գերեզմանի՞ն։ Հիշի՛ր, որ երբևէ այդպես կվերաբերվեն քո հարազատների կամ մերձավորների շիրիմներին։ Միջնադարի գերմանացի մտածող Քրիստիան Թոմասիոսն առանձնացնում էր «ոսկի կանոնի» երեք ձև` սահմանազատելով իրավունքի, քաղաքականության և բարոյականության ոլորտները, անվանելով դրանք համապատասխանաբար իրավունքի, պատշաճության և հարգանքի սկզբունքներ։

1) Իրավունքի սկզբունքը պահանջում է, որ մարդն ուրիշ որևէ մեկին չանի այն, ինչը չէր ուզի, որ ուրիշն աներ իրեն, 2) պատշաճության սկզբունքի իմաստն այն է, որ ուրիշին անի այն, ինչը կուզեր, որ ուրիշն աներ իրեն, 3) հարգանքի սկզբունքը ենթադրում է, որ մարդը վարվի այնպես, ինչպես կցանկանար, որ ուրիշները վարվեին։ Ռուս նշանավոր փիլիսոփա Վլադիմիր Սոլովյովը «ոսկի կանոնի» առաջին (ժխտական) տեսանկյունն անվանում էր «արդարության կանոն», իսկ երկրորդը (դրական)` «գթության կանոն»։ Էլի ընդգծեմ. բարոյականության «ոսկի կանոնը» քրիստոնեությունը չէ, ընդհանրապես միաստվածությունից չէ։ Ահա ապացույցներ. 1) չնայած հույն Արիստոտելի երկերում «ոսկի կանոնը» մաքուր տեսքով չի հանդիպում, նրա բարոյագիտության մեջ կան բազմաթիվ համահունչ դատողություններ։ Օրինակ, «Իրեն ինչպե՞ս պահել բարեկամների հետ» հարցին Արիստոտելը պատասխանում է. «Այնպես, ինչպես կուզեիք, որ նրանք իրենց պահեին ձեզ հետ»։ 2) Հինդուիզմում, Կուրուկշետրի ճակատամարտից առաջ, որի մասին պատմվում է «Մահաբհարաթայում», և որը տեղի է ունեցել մ.թ.ա. 10000 թվականից ոչ ուշ, Վիդուրան սովորեցնում է իր եղբորը` Դհրիթխարաշտրա թագավորին. «Թող [մարդը] չպատճառի այն, ինչը հաճելի չէ հենց իրեն»։ ՈՒպանիշադում, որի հեղինակությունը վերագրվում է Շիվա աստծուն, իսկ դա արդեն, բացառված չէ, հարյուրհազարավոր տարիներ առաջ է, նոր գաղափար է ծագում վերջավորի և անվերջի տարբերության բացակայության մասին, որն արտահայտում է, այսպես կոչված, միասնության ուպանիշադյան բանաձևը. «Դա դու ես»։ Այդ բանաձևը «բարոյականության ոսկի կանոնի» տեսքով մեկնաբանվում է որպես ուրիշ մարդու մեջ իրեն տեսնելու ցանկության արտահայտություն։


Հայաստանի ներկայիս քաղաքացիներից ոչ ոք չի՞ մտածում, որ 1991 թ. անկախության վերականգնումից հետո մեր երկրում բարոյականության «ոսկի կանոնը» բազմիցս խախտվել և խախտվում է։ Ահա թե ինչն ինձ ապշեցրեց և ստիպեց խոր ցավ զգալ Թոխմախի գերեզմանոցում, թեև տուժել էին ոչ իմ հարազատների ու մերձավորների շիրիմները։ Ինչ-որ տականք կա՛մ դիտավորյալ, կա՛մ անզգուշաբար հրդեհ էր սարքել, վառվել էին հրդեհի կենտրոնին մոտ գտնվող համարյա բոլոր գերեզմանները։ Կրակից վնասվել էր նաև հանրահայտ գիտնական Մերգելյանի ընտանեկան գերեզմանը։

Մի ուրիշ գերեզման կա՛մ մինչ այդ էր ավերվել, կա՛մ շիրմաքարը կրակից էր ճաքել ու փշրվել։ Հաշվի առնելով «էլիտար» հողամասեր զավթելու ընդհանուր միտումը, այն էլ այնպիսի «էլիտար» գերեզմանոցում, ինչպիսին Թոխմախն է, չեմ կարող բացառել, որ հրդեհը դիտավորության հետևանք էր. թող ստուգեն։ Կրակից վնասված գերեզմանները խնամողներից որևէ մեկը ձա՞յն կհանի։ Եթե ոչ, ապա «տեր չկա», և նոր թաղման համար հողի վերավաճառքի ճանապարհը բաց է: Բայց դա լրագրողի կամ կողմնակի վկայի գործը չէ, այլ հետաքննության։ Երևանցիներից որևէ մեկը լսե՞լ է, թե իրավապահները քննություն են սկսել Թոխմախի գերեզմանոցի հրդեհի գործով։ Ես չեմ լսել։ Բայց հրկիզման փաստը, թեկուզ Թոխմախի գերեզմանոցի միայն մեկ տեղամասում, և տեղի ունեցածի հանրային լայն քննարկման ու դատապարտման բացակայությունն անձամբ ինձ համար վկայում են, որ չկա ոչ մի «Նոր Հայաստան»։ Մեր երկրում բարոյականության «ոսկի կանոնի» անտեսումը նույնպիսին է, ինչպես և բոլոր նախորդ բոլոր կառավարողների օրոք։

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 5067

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ