Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրար լսելու սուրբ գիտությունը

Իրար լսելու սուրբ գիտությունը
10.07.2018 | 00:39

Հուլիսի 7-ին «Մետրոպոլ» հյուրանոցում «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտության և վերլուծության հասարակական կազմակերպությունն ու Եվրասիական փորձագիտական ակումբը կազմակերպել էին «Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշինք: Իրողություններ և արդի մարտահրավերներ» համաժողովը և անվանել էին «ուղեղային գրոհ»:

Որքանո՞վ էին ուղեղային գրոհ ելույթները, կարող եք դատել ինքներդ, եթե մտնեք soyսzinfo.am կայքը և կարդաք ելույթները: Ես կփորձեմ փոխանցել ընդհանուր տպավորությունը:
«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի «գրոհի» թեման էր «Բարդությունների» ադեկվատ ընկալումը և քաղաքակրթական գործոնը»: Նա այն կարծիքին է, որ հիբրիդային իրողություններում, երբ տոտալ հակամարտություններ են մարդկային կենսագործունեության համարյա բոլոր ոլորտներում, գլոբալ հարթությունում գրեթե վերացել են միջազգային հարաբերությունների նախկին պատկերացումները և նորմերը: Կառավարվող քաոսի տեխնոլոգիաների կիրառմամբ քաղաքականությունը նպաստում է «գլոբալ կրիտիկականության» ձևավորմանը, որը վերացնում է գոյություն ունեցող աշխարհակարգի հիմքերը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների աննախադեպ զարգացման շրջանում հանրությունում արտաքին աշխարհի հանդեպ ձևավորվել են զուտ վիրտուալ պատկերացումներ, որոնցում նա «ապրում և գործում է»:

Տեսական նկատառումներից գործնականին անցնելով` Գագիկ Հարությունյանը անդրադարձավ WIN/Gallup International ընկերության 2016-ին Endof the Year նախագծի շրջանակներում գլոբալ հարցման արդյունքներին: 68 երկրների ռեսպոնդենտներին տրվել է հարց. «Աշխարհի ռազմական առավել մեծ պոտենցիալ ունեցող 6 երկրներից՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա և Հնդկաստան, ո՞րը կնախընտրեիք դաշնակից ձեր երկիր ռազմական ներխուժման պարագայում»։ ՌԴ-ին դաշնակից ընկալող առաջին 8 հանրություններից 6-ը գտնվում են Ռուսաստանի հետ նույն քաղաքակրթական միջավայրում։ Սերբիայի, Բուլղարիայի, ՈՒկրաինայի և Սլովենիայի քաղաքակրթական ընդհանրությունը ՌԴ-ի հետ պայմանավորված է Սլավոնական աշխարհին պատկանելով, Հայաստանի և Հունաստանի հետ քաղաքակրթական ընդհանրությունը հետևանք է ոչ միայն Օսմանյան կայսրության դեմ համատեղ պայքարի, այլև դեռևս բյուզանդական ժամանակաշրջանում ձևավորված արժեքային համակարգի և ավանդույթների։ Այդ համատեքստում, «ժամանակային տրիադայում» ապագայի կանխատեսման կարևորության թեզիսի շրջանակներում խիստ հեռանկարային է Մոսկվա-Երևան-Աթենք ռազմաքաղաքական առանցքի հնարավոր ձևավորումը, որին կարող են միանալ նաև բալկանյան երկրները։


«Հայաստանը ԵԱՏՄ-ում. Ինտեգրման տնտեսական արդյունավետությունը» խնդրին էր անդրադարձել տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը: Նա համոզված է, որ ինտեգրացիոն գործընթացների կարևորագույն նպատակը երկրի մրցունակության մակարդակի բարձրացումն է։ Փոքր տնտեսություն ունեցող երկրների համար կարևոր է ավելի բարձր ավելացված արժեք ունեցող պատրաստի արտադրանքի արտահանման զգալի աճը։ Հումքի արտահանումն աշխարհում լուրջ խնդիր չէ։ Նա ասում է, որ կա 2 սցենար. առաջինը առաջարկում է մեծացնել ծառայությունների ոլորտը և ներքին սպառումը, վարկերի, դրամաշնորհների, ռազմավարական հումքի վաճառքի հաշվին: Նա առաջարկում է գնալ երկորդ ճանապարհով` ապահովել տնտեսության զարգացումը ռազմարդյունաբերական համալիրի, պատրաստի արտադրանքի արտահանման էական աճի հաշվին: Հայաստանի համար առանցքային խնդիր է հասնել ՀՆԱ ապրանքների և ծառայությունների արտահանման 50% հարաբերակցության, որտեղ պետք է գերակշռի պատրաստի արտադրանքը։ 2017-ին արտահանումն առաջին անգամ գերազանցեց 2 մլրդ դոլարը, կազմելով` 2,2 մլրդ դոլար: 2017-ին ունենք 25 % արտահանման էական աճ: 2018-ի առաջին եռամսյակում արտահանումը կազմել է 596 մլն դոլար, որը 34,3 %-ով ավելի է 2017-ի առաջին եռամսյակից: Արտահանումը ԵԱՏՄ երկրներ աճել է 47,6 %-ով: Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակ արտահանումը աճեց մոտ 50 %-ով, որ կարևորագույն գործոն է ՀՀ տնտեսության մրցունակության աճի ԵԱՏՄ անդամակցության պայմաններում: Առաջնահերթ խնդիր է արտահանման բազմազանեցումը։ Երկրի մրցունակության մակարդակի բարձրացմանը նպաստել են` ԵԱՏՄ-ի հետ համաձայնագրի ստորագրումը մաքսատուրքերի վերացման մասին, բոլոր ընթացակարգերի պարզեցումը՝ արտահանման արտոնագրերի ձևակերպումից և ստացումից մինչև մաքսային ձևակերպում, ռուսական ռուբլու կայունացումը. 2016-17-ին, գազի գների իջեցումը։


Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը ներկայացրեց «Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումները Հայաստանի հասարակությունում գլոբալ գործընթացների և լոկալ իրադարձությունների համատեքստում»:
Ազգային գիտակցության միջուկն է «Աշխարհի կերպարը», որն ունի մի քանի, այդ թվում՝ պաշտպանական ֆունկցիա։ Ազգի «Աշխարհի կերպարի» բովանդակության փոխակերպումը իրականությանը ոչ ադեկվատ բովանդակությամբ նվազեցնում է ազգի դիմադրողականությունը։ Ազգի «Աշխարհի կերպարում» առանձնահատուկ դեր ունի «Հովանավորի» կերպարը, որը, ազգի՝ իր իսկ մասին պատկերացման հետ, կազմավորում է աշխարհում «Բարու աղբյուրը»։ Մի քանի հարյուրամյակ, երբ Հայաստանը իսլամական կայսրությունների կազմում էր, «հովանավորի կերպարի» բովանդակությունն էր «Բարձրյալը»։ 18-րդ դարից հայկական վերնախավերը սկսեցին փնտրել հզոր քրիստոնյա հովանավոր, իրավիճակը սկսեց փոխվել։ Ընտրությունը սահմանափակ էր, հովանավոր կարող էր դառնալ կամ որևէ եվրոպական պետություն, կամ Ռուսաստանը։ Իսլամական լծից հայերին և Հայաստանի մի մասը ազատագրեց Ռուսաստանը։ Այդ փաստը և Արևմտյան Հայաստանի հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում, նպաստեցին, որ հայերի «Աշխարհի կերպարում» Ռուսաստանը ձևավորի «Հովանավորի» կերպարի բովանդակությունը։ Գլոբալ մրցակցության կոնտեքստում ԱՄՆ-ը ձգտում է Հարավային Կովկասից արտամղել Ռուսաստանին և հասել է անժխտելի հաջողությունների։ Ռուսաստանի վերջին հենակետը Հայաստանն է։ Ստացվում է, որ ԱՄՆ-ի կողմից Հարավային Կովկասի նվաճման վերջին խոչընդոտն այն է, որ հայերի աշխարհի կերպարում Ռուսաստանը «Հովանավորի» կարգավիճակում է։


«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգող Հայկ Նահապետյանը խոսեց «Ժամանակակից հայ ավանդական հասարակության մարտահրավերները. այդ ոլորտում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները» թեմայով: Նրա գնահատականով` 2018-ը կարող է շրջադարձային դառնալ հայ ժողովրդի և Հայաստանի համար` Արևմուտքից քրիստոնեական արժեհամակարգին և ավանդական ընտանիքին նետված մարտահրավերները և սպառնալիքները այլևս կարող են ստանալ իրավական ամրագրում միջազգային համաձայնագրերի ստորագրմամբ և վավերացմամբ, օրենքների ընդունմամբ և այլ նորմատիվ ակտերի ամրագրմամբ ու կիրառմամբ: Նա ազգային կառույցներից խոսեց Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու մասին, որ միակ համահայկականն է` իրականացնելով հայ մարդու դաստիարակության և քրիստոնեական արժեհամակարգի հենքի վրա հայեցի աշխարհաճանաչողության ձևավորումը, հավատ և սեր առ Աստված և առ Հայրենիք: Եկեղեցին դիմացել է ժամանակի փորձություններին, հաճախ եղել է հայ ժողովրդի ֆիզիկական և հոգևոր գոյության հիմնական երաշխավորը: «Շուրջ մեկ ամիս մի խումբ մարդիկ, որոնց շարքերում կա նաև երեք հոգևորական, քարոզչական դաշտում և փողոցային հավաքների միջոցով փորձում են պարտադրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-ին հրաժարվելու գահապետական աթոռից: Այդ խմբին ուղղորդողների հիմնական թիրախը ոչ թե Վեհափառ Հայրապետն է և նրա հրաժարականի պահանջը, այլ բուն Առաքելական եկեղեցին, որի մասնատման գործընթացին լծվել են այդ անձինք:

Այն, որ նրանց հավաքների մասնակիցների թիվը չի հասնում հարյուրի, դեռևս չի նշանակում, որ գործընթացի իրական պատվիրատուները հետ են կանգնելու մտադրությունից: Հայ առաքելական եկեղեցին այսօր և ապագայում ևս գտնվելու է արևմտյան մասնագիտական կենտրոնների խիստ ուշադրության կենտրոնում»,- ասաց Հայկ Նահապետյանը:
ՄԱԿ ԶԾ ազգային փորձագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ Արա Մարջանյանն ընտրել էր «Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական դաշինքն արդի փուլում. իրողություններ, վտանգներ, հեռանկարներ» թեման: Նա հիմնականում անդրադարձավ Վալդայան ակումբի 2017-ի «Գրառումներին։ «Պարտավորեցնող պայմանագրեր, երբ մեկ կողմի վրա հարձակումը հավասարվում է հարձակման բոլորի վրա, Ռուսաստանն ունի միայն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ»` նշված է գրառումներում, այլ պայմանագրեր չունեն անվտանգության փոխադարձ երաշխիքների ավտոմատ մեխանիզմներ: ՀԱՊԿ-ում պարտավորությունները նվազ են ՆԱՏՕ-ից: «Գրառումները» բերում են հետևյալ ցիտատները. ՆԱՏՕ. Հոդված 5. «Կողմերը համաձայնում են, որ զինված հարձակումը Կողմերից մեկի կամ մի քանիսի վրա Եվրոպայում կամ Հս. Ամերիկայում կդիտարկվի հարձակում ընդդեմ բոլորի»: ՀԱՊԿ, Հոդված 2. «Անդամ պետություններից մեկի կամ մի քանիսի անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և սուվերենությանը սպառնալիքի գոյացման դեպքում անդամ պետություններն անհապաղ գործարկում են համատեղ խորհրդատվության մեխանիզմները՝ նպատակ ունենալով համադրել իրենց դիրքորոշումները օգնություն տրամադրելու համար, մշակում և ընդունում են միջոցներ վտանգը վերացնելու ուղղությամբ»:

Ըստ Արա Մարջանյանի` ելնելով ընտրովի, հետևաբար խեղաթյուրված համեմատությունից՝ եզրակացվում է, որ դաշնակիցների հետ հարաբերություններում ՀԱՊԿ «պրագմատիկ» մոտեցումը համահունչ է պայմանագրի տառին և ոգուն, համապատասխանում է ՌԴ ազգային շահերին: Ակումբի կարծիքով, դաշինքների համակարգն առաջին հերթին պետք է ապահովի ՌԴ ներկայությունը որպես ազդեցիկ ուժ իր համար կարևոր տարածաշրջաններում, բայց ՌԴ-ն պետք է խուսափի սեփական դաշնակիցների մանիպուլյացիաներին ենթարկվելուց: Օրինակ` «Հայաստանի հետ հարաբերությունները ՌԴ-ի համար կարևոր են Անդրկովկասում իր ներկայությունը պահպանելու և ամրապնդելու առումով: ՌԴ-ն Հայաստանին տրամադրում է և կշարունակի տրամադրել ռազմական օգնություն և կսատարի տնտեսական զարգացմանը: Բայց Ռուսաստանը կխուսափի այնպիսի իրավիճակներից, երբ իր հակառակ կոալիցիայում կհայտնվի Ադրբեջանը՝ մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ միասին»: Ի՞նչ են հասկանում «Գրառումների» հեղինակները «դաշնակիցների մանիպուլյացիաների» տակ: Եվ ի՞նչ կլինի, եթե օրինակ Ադրբեջանը՝ «մեկ կամ մի քանի հարևան պետությունների հետ հայտնվի ՌԴ հակընդդեմ կոալիցիայում»: Այսպիսին են իրողությունները ոչ միայն Վալդայան ակումբի «Գրառումների» էջերում, այլև ՌԴ իշխանության մեջ` իրենց պրագմատիկ անվանող շրջանակներում:


Պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանին հետաքրքրել էր «Հայաստան-ԵԱՏՄ-Իրան. համագործակցության նոր մակարդակ» թեման: Նա նշեց, որ Երևանը միշտ էլ շահագրգռված է եղել խորացնել տնտեսական հարաբերությունները Թեհրանի հետ։ ԵԱՏՄ-ին անդամակցումը Հայաստանին հնարավորություն է տվել մեծացնել միջպետական առևտրային շրջանառությունը, քանի որ այսուհետ ՀՀ-ն ներկայացնում է նաև ԵԱՏՄ 150-միլիոնանոց միասնական շուկան։ Նա առանձնացրեց ԵԱՏՄ-Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության նոր հնարավորությունները, Ազատ տնտեսական գոտու ԵԱՏՄ-Իրան եռամյա պայմանագիրը: Հայաստանը հնարավորություն կստանա մի քանի անգամ ավելացնել դեպի Իրան արտահանումը, կկարողանա դառնալ տրանզիտ պետություն այլ երկրներից Իրան և հակառակ ուղղությամբ ապրանքների փոխադրման համար։ Էներգետիկ համագործակցության շրջանակում կկարևորվի դեպի Հայաստան նոր ներդրումների ներգրավումը, էներգետիկ հզորությունների շահագործումը և էլեկտրաէներգիայի արտահանումը դեպի ԵԱՏՄ և Իրան։


Պրոֆեսոր, Երևանի պետական համալսարանի թյուրքագիտության ամբիոնի վարիչ Ալեքսանդր Սաֆարյանը անդրադարձավ «Հայաստանի և Ռուսաստանի գիտական-մշակութային համագործակցությունը և միասնական հումանիտար տարածքի ձևավորման հիմնահարցին»: Նա կարծում է, որ մշակույթի, գիտության ու կրթության ոլորտների գերատեսչությունների, ստեղծագործական միությունների աշխատանքներին զուգընթաց առաջնային պլան է մղվում համալսարանների դերը: Սանկտ Պետերբուրգի, Մոսկվայի և Կազանի համալսարանները բացառիկ պատմական դեր են խաղացել ընդհանրապես հայաստանյան գիտության ու կրթության, արևելագիտության և հայագիտության հարուստ ավանդույթների ձևավորման գործում: Դեռևս 1840-ականներին Կազանի համալսարանում է ստեղծվել Ռուսաստանի կայսրությունում առաջին հայագիտության ամբիոնը, որի հիմնադիրն էր հայ մշակույթի նշանավոր գործիչներից մեկը՝ Ստեփանոս Նազարյանցը: Թյուրքագիտության ոլորտում ռուսաստանյան ու նախկին խորհրդային այլ հանրապետությունների բուհերն ու ակադեմիական ինստիտուտներն ունեցել են և ունեն գերակայություն համաշխարհային մասշտաբով, իսկ ռուսերենով ստեղծվել է մեծածավալ գիտական գրականություն: Նա կարևորեց բարձր վարկանիշ ունեցող միջազգային թյուրքագիտական ռուսերեն հանդեսի վերստեղծումը, որ կդառնա ոչ միայն «միասնական մետալեզվի տիրապետող» ԱՊՀ երկրների, այլև Արևմուտքի ու Չինաստանի արևելագետների շփման հարթակ: «Համոզված եմ, որ մենք չենք կորցնելու «իրար լսելու սուրբ գիտությունը», բայց դրա համար էլ ահռելի ջանքեր է պետք գործադրել»` ասաց Ալեքսանդր Սաֆարյանը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը` բացելով համաժողովը, ասաց. «Այսօրվա քննարկումը մենք անվանել ենք «ուղեղային գրոհ»: Մենք ուզում ենք սեղմ ժամանակում լսել, հետո նաև քննարկել արդիականության խնդիրները, որ հատկապես կարևոր են մեզ համար: Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, մենք ունենք քաղաքական նոր իրավիճակ, նոր իշխանություն ու կառավարություն և հարկ է, որ Ռուսաստանի հետ աշխատող քաղաքական գործիչները, հասարակական ակտիվիստները, գիտնականները, փորձագետները, պետական պաշտոնյաները ևս արդիականացնեն հայ-ռուսական հարաբերությունների սպեկտրը: Մենք մեկ ամսում ջանացել ենք գտնել բոլոր ոլորտները, որ արդիական են և որոնց լուսաբանումը կարող է բարեբեր ազդեցություն ունենալ` ուշադրություն սևեռելով այդ խնդիրներին»: Արամ Սաֆարյանը տեղեկացրեց, որ համաժողովից հետո կազմվելու են հայերեն ու ռուսերեն ժողովածուներ հնչած ելույթներից ու ներկայացվելու են ՀՀ վարչապետի աշխատակազմ և ՌԴ նախագահի աշխատակազմ ու ԱԳՆ: Վստահաբար` նախաձեռնությունը կարևոր ու օգտակար է, բայց այն, ինչ ասում են հայ գիտնականներն ու փորձագետները, ասել են բազմիցս, ավելի օգտակար կլիներ, եթե Հայաստանում այդ թեմային անդրադառնային ռուս գիտնականներն ու փորձագետները: Հաստատ` նրանց ավելի շատ հարցեր կտան և նրանց պատասխաններն ավելի արդիական են` Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո:

«ՈՒղեղային այդ գրոհը» փոխըմբռնումի նոր հարթակ կլիներ ոչ միայն ՀՀ-ՌԴ հարաբերություններում, այլև տարածաշրջանի փոփոխություններն ընկալելու ու ծրագրելու համար: Առաջարկ Եվրասիական փորձագիտական ակումբին` կազմակերպել նույն քննակումը միջազգային ձևաչափով. իբրև սկիզբ` հայ-ռուսական, հետո` հայ-բելառուսական, հայ-ղազախական:

Դիտվել է՝ 3842

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ