Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, ավելի լավը թող անեն նրանք, ովքեր կարող են»

«Ես արեցի այն ամենը, ինչ կարող էի, ավելի լավը թող անեն նրանք, ովքեր կարող են»
10.07.2018 | 00:49

ՎԱՐՊԵՏ ԼԵՎՈՆԻ ՇՈՒՆՉՆ ՈՒ ՀՈԳԻՆ ԱՅՍՏԵՂ ԷԻՆ


Կան վայրեր, որոնց թողած ազդեցությունը ժամանակի ընթացքում կրկին ձգում է դեպի իրեն, և ուզում ես համոզվել, որ հիշողության մեջ պահպանված հրաշքն այսօր էլ կա ու շարունակում է զարմացնել մարդկանց: ՈՒ որոշեցի այցելել այն վայրը, որտեղ մարդկային ուժն ու կամքը կարողացել են ստեղծել մաթեմատիկայի, ֆիզիկայի և քիմիայի հաստատագրված կանոններից ու փիլիսոփայական մտածողությունից վեր մի բան:


Ես դարձյալ Կոտայքի մարզի Առինջ գյուղում էի, վարպետ Լևոն Առաքելյանի օջախում, որտեղ առաջին անգամ ականատես եղա մարդկային ուժի և համառության արգասիքին՝ գետնափոր ու քարակերտ հրաշքին, որի մասին ֆիլմեր են նկարահանել «ԲԻԲԻՍԻ»-ն, «ՍիԷնԷն»-ը, ռուսական և հայրենական հեռուստաընկերությունները, մարդ, ում մասին գրել են բազմաթիվ թերթեր ու ամսագրեր, ում աշխատանքով հպարտացել է թուրքալեզու «Ակօս» թերթը: Վարպետ Լևոնն արդեն կենդանի չէր, մահացել էր 9 տարի առաջ, կնոջը, 4 դուստրերին, 13 թոռներին ու 1 ծոռին թողնելով իր հավերժ մնայուն գործն ու բարի համբավը:


Համեստ տան միջանցքը հարազատները վերածել էին տուն-թանգարանի, վարպետի աշխատանքային գործիքները, հագուստը, կոշիկները, լուսանկարներն ու հուշամատյանները զանազան իրերի ու նկարների հետ դասավորել էին, ինչպես կարողացել էին: Թանգարանի ճիշտ ձևավորողի պակասը զգացվում էր: 21 մետր խորությամբ քարանձավի հատակը կրկին իջնելու ցանկությունս մեծ էր: Այս անգամ ինձ ուղեկցեց վարպետ Լևոնի 12-րդ թոռնիկը՝ քարանձավային լաբիրինթոսի ծակուծուկերին քաջատեղյակ 6-ամյա Հովհաննեսը, որը խոստովանեց, որ քույրերի ու եղբայրների հետ հաճախ է պահմտոցի խաղում քարանձավում: Որքան իջնում, այնքան զգում էի կենարար թթվածնի ճնշումն իմ ուսերի ու քաղաքի փոշեխառն ու ծխախեղդ օդին սովոր թոքերիս վրա: Ոլորապտույտ աստիճանները, որմնանկարներով լի պատերը, միմյանց կարճ ուղիներով միացված սենյակները, անկյունների քանդակները աղոտ լույսի տակ անբացատրելի զգացողություն էին ստեղծում դիտողի մեջ:
Վարպետ Լևոնի շունչն ու հոգին այստեղ էին, ու եթե ականջդ սրեիր, գուցե թե լսեիր մուրճի համաչափ ձայնը: Այսօր էլ զարմանում եմ, երբ դիտում եմ մուրճի ու հատիչի օգնությամբ նրա կերտած քարանձավային բարդ կառույցը, ապշում, թե անհնարինն ակնհայտ դարձնող փոքրամարմին այդ մարդու մեջ որտեղի՞ց են եղել գերբնական ուժն ու կորովը:

ՍԿԻԶԲԸ


2005 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղի իր համեստ տանն առաջին անգամ հանդիպեցի Լևոն Առաքելյանին: Կնոջ՝ տիկին Տոսյայի կանչից հետո գետնափորից դուրս եկավ սպիտակահեր բեղ-մորուսով, բայց երիտասարդ, առույգ արտաքինով ու ժպտերես վարպետ Լևոնը: Աչքերիս չէի հավատում, որ իմ առջև 64-ամյա տարեց մարդ է, քանի որ այտերի կարմրությունն ու կնճիռներից զերծ դեմքը ամհամատեղելի էին տարիքի հետ:
Մուրճի և հատիչի համառ հարվածներից կարծրացած վարպետ Լևոնի հզոր հավատն ու կամքը երկու տասնյակից ավելի տարիների ընթացքում սեփական տան հատակում հայտնաբերած անառիկ քարին ստիպեցին նահանջել քայլ առ քայլ: Քարն իր մեջ պահած գաղտնիքները խոնարհաբար բացում էր հրաշագործ վարպետի առաջ, քանի որ այդպես էր կանխատեսված:


7-ամյա կրթությամբ կաքավաձորցի Լևոն Առաքելյանը Կոտայքի մարզի Առինջ գյուղում տուն ու տեղ է դնում: Շինարարի բարի անվանն աստիճանաբար ավելանում է նաև փայտագործի, քարագործի, թիթեղագործի ու էլի շատ ու շատ արհեստների տիրապետող վարպետի համբավը: Գյուղի մեծ ու փոքր ճանաչում են նրան: Բայց գյուղն ի՞նչ: Նրան աշխարհն է ճանաչում, նրան, որի համառությունը հնազանդեցրեց անգամ ապառաժ քարը:
Գյուղի տասնյակ տներից ոչնչով աչքի չընկնող ու համեստ տուն է վարպետի տունը: Թոռների աղմուկ-աղաղակով բակում նրա բարեհամբույր և հյուրասեր կնոջ՝ Տոսյայի հետ զրույցի ժամանակ չեմ թաքցնում զարմանքս, պարզվում է՝ կոշկակարն առանց կոշիկի է: ՈՒրիշների համար շքեղ առանձնատներ կառուցող վարպետ-շինարարի տան կենցաղային պայմանները բավականին սուղ են:


-ՈՒզածս մի կարտոֆիլի հոր էր, որից էլ սկսվեց փորել-քանդելու այդ անվերջանալի մոլուցքը,- ասում է տիկին Տոսյան,- արդյունքում ոչ կարգին տուն ունեցանք, ոչ էլ կարտոֆիլի հոր:
Նրա ուղեկցությամբ ցանկացա իջնել վարպետ Լևոնի տան «ընդերքը»: Որքան իջնում էի՝ ամռան տապի տաք, հեղձուցիչ օդն աստիճանաբար նոսրանում էր թարմ ու առողջարար օդի շերտերում: Մուրճի հարվածները չէին լսվում, քանի որ վարպետը զբաղված էր փափուկ հողն ընդերքից վերև տեղափոխելով: Ամառ թե ձմեռ 10 աստիճան ջերմաստիճանի պայմաններում տարիներ շարունակ աշխատող վարպետի դեմքը զարմանալիորեն թարմ ու երիտասարդ էր, և միայն սպիտակ բեղ-մորուքն էր մատնում տարիքը: Դիտում էի քարակերտ կացարանը, ձեռքերով ու հատիչներով փորված աստիճանները, սենյակները, դրանք միմյանց միացնող միջանցքները, զարդանախշած պատերը, զարմանում ու հիանում մարդու թաքնված անսահման հնարավորություններով, որոնց բացահայտման մեջ անշուշտ Արարչի մատը խառն էր:


-Պատմեմ, չզարմանաք,- սկսեց վարպետը, երբ նստեց փոքր-ինչ հանգստանալու։-1984-ին մեկնեցի արտագնա աշխատանքի Ռուսաստանի Իրկուտսկի մարզ: Հիմնականում տներ էինք կառուցում: Մի օր որոշեցի ես էլ շատերի նման հանգստանալ լճի ափին: Ճանապարհին զգացի, որ դժվարանում եմ շարժվել առաջ: Ձեռքերս ու ոտքերս ինձ չէին հնազանդվում: Թեև գիտակցությունս տեղն էր, սակայն կատարվածը չէի կարողանում բացատրել: Ինձ թվաց ինֆարկտ է սկսվում: Հանկարծ ինձնից 5-6 մետր հեռավորության վրա մշուշոտ ամպ տեսա, կարծես երազում լինեի: Ականջիս ձայներ հնչեցին. «Լևոն, դու կապրես 96 տարի, հրաշք կգործես, կհիվանդանաս, բայց դրանք անցողիկ կլինեն, չվախենաս: Քո աչքին ճշգրիտ չափումներով պատկերներ կգան, կկատարես՝ ինչ թելադրվի: Մենք միշտ քեզ հետ ենք լինելու, քո հուշարարներն ենք»: Այդ ամենը տևեց մի քանի վայրկյան, որից հետո վերականգնվեցին ինքնազգացողությունս ու շարժվելու ունակությունս: Տեսածիս ու լսածիս նշանակություն չտվեցի: Թեև սնահավատ չեմ եղել, բայց գիտեմ, որ խաչը ճակատիս եմ ծնվել, ու կյանքս էլ եղել է հաջողություններով լի:


1984-ի աշնանը վերադառնալով գյուղ` կնոջ խնդրանքով որոշում է կարտոֆիլի հոր փորել ու որպես սկիզբ սկսել է մառանի հատակից գետինը փորել: Մոտ 80 սանտիմետր փորելուց հետո հանդիպում է քարի, որոշում թեքվել դեպի աջ, որպեսզի 1,5-2-մետրանոց հոր փորի, քարը խանգարում էր: Դարձյալ հանդիպում է քարի, այս անգամ որոշում է տաշելով աստիճաններ սարքել: 10-12 աստիճան տաշելուց հետո մտքափոխվում ու որոշում է քարը փորելով գինետուն կառուցել: Այն ժամանակ 44 տարեկան էր, մտածում էր թոշակի կանցնի ու ընկերների հետ աշխարհից կտրված քարակերտ գինետանը ժամանակը կանցկացնի: ՈՒ այդպես իրենից անկախ քարն իրեն «քաշեց իր մեջ», կատոֆիլի հորն էլ մոռացավ, գինին ու գինետունն էլ:


Այդ օրվանից սկսեց քարը քանդել, զարմանալին այն էր, որ օրեցօր ավելի ուժ էր ստանում, բոլորովին չէր հոգնում, գործածած մուրճը փոխարինում էր նորով, 40-60- սանտիմետրանոց հատիչները տարիների ընթացքում մաշվել, փոքրացել էին: Ծանր տարիներին անգամ հովհարային անջատումների դեպքում աշխատում էր մոմի լույսի տակ, օրվա մեջ քնում էր 3-4 ժամ, «կարծես քարն ինձ ձայն էր տալիս, թե՝ գործը մնաց, վեր կաց»:
-Երբ 43-րդ աստիճանն արդեն պատրաստ էր, թույլ էի տալիս, որ մարդիկ գան-տեսնեն արածս: Աստիճանների թիվը պետք է լիներ 80: Ես երազում տեսնում եմ իմ աշխատանքի հաջորդ քայլը՝ իր նախագծով, ճշգրիտ հաշվարկներով: Ես պատից այն կողմ տեսնում եմ բոլոր անցումները, ուղիները, հատման կետերը և երբևէ չեմ շեղվել: Ինձ թելադրված չափումների մեջ մասնագետները բազմիցս համոզվել են,- զրույցը շարունակում է վարպետը,- իմ պատկերացմամբ ինչ-որ բան չէի կարող ստեղծել: Իրավունք չունեի շեղվելու և պետք է կառուցեի համաձայն թելադրված նախագծի: Անգամ նախշերը, խոյակները, կամարներն ու որմնախորշերը թելադրված են: 20 տարվա ընթացքում վիմափորից 450-500 բեռնատար հող եմ հանել, որի մեծ մասն օգտագործվել է համագյուղացիների ոչ միայն այգիների, այլև շինարարական աշխատանքների համար:


Վարպետը սենյակներից մեկն անվանել է «Երազանքի վայր», որի դիրքը նույնպես թելադրված է: Բազմիցս համոզվել է, որ այդ սենյակում կենտրոնացված անբացատրելի ուժը նպաստում է թե երազանքների իրականացմանը, թե հիվանդագին ցավերի թեթևացմանը: Մեր հանդիպման ժամանակ վարպետը կառուցել էր 6 սենյակ, 74-ն էլ պետք է կառուցեր:
Իմ հարցին, թե ինչով էր համոզված վարպետը, որ քարն իր մեջ կարող էր տեղավորել 80 սենյակ, ինչպես երազում պատվիրվել էր իրեն, պատասխանը կար՝ «եթե ինձ հաղորդվել է 80 սենյակի պատվեր, ապա համոզված եմ, որ կա այդքան տարածք: Ինձ թելադրված է ևս 30 տարվա աշխատանք: 20 տարի քանդել եմ, 30 տարի էլ պետք է քանդեմ: Սա է իմ առաքելությունը: Ինձ թվում է, որ երբ կառուցվի 80-րդ սենյակը, ինչ-որ մի հրաշք պետք է կատարվի»:


Վարպետի խոսքով իրեն ոչ ոք չի օգնել, քանի որ որևէ մեկի մեջ չի տեսել այն ոգևորությունը, որը կա իր մեջ: Բացի դա չեն դիմանում աշխատանքի ծանրությանը, օդին ու ցրտին: Նրա խոսքով, դա իր խաչն է, ու ինքն է կրելու այն: ՈՒ որքան էլ զարմանալի է, երբեք չի հիվանդացել, իրեն հիանալի էր զգում, իսկ վերևում, սենյակում կամ բակում շունչը կտրվում էր տապից ու «անառողջ» օդից: Սնվում էր քիչ, սառը ջրով հագեցնում էր ծարավը, իսկ թթվաջրով վերականգնում էր ուժերը:


«Գլուխ գովել չհամարվի, սակայն իմ աշխատանքը դիտելուց հետո մարդիկ հավատքի են գալիս: Իմ կառուցածը յուրօրինակ տաճար է, որտեղից մարդիկ դուրս են գալիս մաքրագործված»,- համոզված ասում էր վարպետ Լևոնը:
Ամուսնու մասին տիկին Տոսյայի հուշերն անսպառ են:
-Նա որ քանդում էր, երբեմն հարցնում էին իրեն, թե` վրադ չե՞ն խոսի, որ քանդում ես, ասում էր, էն որ Գորբաչովը սաղ երկիրը քանդեց, նրան բան ասող չեղավ, ես էլ իմ տան տակն եմ քանդում, նրան ինչ արին, որ ինձ ինչ անեն: Մի սև կատու ուներ, շատ էր կապված հետը, աշխատելիս թռչում նստում էր ուսին, Լևոնը չէր նեղվում, կարծես այդ կենդանին նրան ուժ տար: Երբ Լևոնը մահացավ, գերեզմանատան աշխատողն ասում էր, որ մեկ ամիս շարունակ կատուն գալիս նստում էր շիրմի վրա: Զարմանալի աշխարհ է:

ԱՐԴՅՈՔ ՆԱ ՄԻ ՆՈՐ ՆՈՅ ՉԷ՞


Հայաստանի անձավագիտության կենտրոնը անտարբեր չգտնվեց Լևոն Առաքելյանի կերտած հրաշքի հանդեպ, ուստի քարանձավագիտությունը ժողովրդականացնելու և նրանում մեծ ներդրման համար վարպետին շնորհվեց վաստակավոր քարանձավախույզի կոչում և տրվեց վկայական:
Սա մի թանգարան է, որը, անշուշտ, ապացուցում է տիեզերքի և երկրի անքակտելի կապի իրողությունը:
Վարպետ Լևոնի երբևէ չհոգնող ձեռքերը 21 մետր խորությամբ փորելով ահռելի քարակտորը՝ յուրօրինակ սենյակներով լի մի զարմանահրաշ քարանձավ են ստեղծել, որը զարմացրել է բազմաթիվ մասնագետների: Վկան՝ տպավորությունների ու կարծիքների այն հաստափոր մատյաններն են, որտեղ զարմանքի ու հիացմունքի խոսքեր են թողել բազմաթիվ այցելուներ: «Ճամփորդել ու շրջել եմ բազմաթիվ երկրներով, սակայն նման ոչ մի երևույթի չեմ հանդիպել: Պարզապես չեմ կարող բացատրել զգացածս»,- գրել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը:


Աշխարհը ոտքի տակ տված շվեյցարացի զբոսաշրջիկները նույնպես զարմացած են «այս ձեռքի աշխատանքի վրա, որը արվեստի հիանալի գործ է: Ոչ ոք չի կարող պատկերացնել, որ հնարավոր է նման բան ստեղծել: Այստեղ յուրաքանչյուր մանրամասնություն իր մեջ կրում է համբերություն, սեր և գեղեցկություն։ Այս գործի տերն ապրում է հասարակ մի տան մեջ: Արդյոք նա մի նոր Նոյ չէ՞»:
Ավաղ, նա չհասցրեց ավարտել 80-րդ սենյակը, ինչպես պատգամվել էր իրեն, սակայն սերունդներին, հայրենի գյուղին, հայրենիքին ու հայ մշակույթին թողեց մի այնպիսի կոթող, որը վերապահված էր միայն իր ձեռքերի ուժին ու համառությանը:


-Մի օր ասացի Լևոնին, դու ասում ես մարդկանց, որ 96 տարի ապրելու ես, բա որ չապրես, ու մարդիկ ինձ հարցնեն, ինչ ասեմ: Ասում էր, ես դրա պատասխանը ունեմ, կասես, որ վերևում էլ գործ ունեմ անելու, որ մահանամ, ինձ հետ մուրճ ու զուբիլ կդնես, ես էլ ծիծաղում էի, ասում էի, ինչ ես անելու դրանք, ասում էր, ես վերևում էլ եմ գործ անելու: Մահացավ 67 տարեկանում, անսպասելի՝ ինսուլտից,- պատմում է տիկին Տոսյան:
Վարպետ Լևոնի տան դիմաց համագյուղացի Արսեն Ղահրամանյանի կառուցած, վարպետի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր կա, մեկ այլ հարևան սալիկապատել է ցայտաղբյուրի շրջակայքը: Փողոցը, որտեղ գտնվում է վարպետի տունը, լուսավորությունից զուրկ է, քիչ հեռվում հսկա ու տձև աղբամաններ են, որոնք դատարկվում են տիկին Տոսյայի զանգից հետո: Մինչդեռ Առինջի հրաշքը տեսնելու համար գալիս են հեռավոր Աֆրիկայից, Եվրոպայից, ամերիկյան մայր ցամաքից, հետխորհրդային երկրներից, գալիս են հայ պաշտոնյաներ, արվեստագետներ, դպրոցականներ և ուսանողներ, պարզապես քաղաքացիներ: Հիրավի զբոսաշրջիկների համար զարմանահրաշ վայր, որը պետական հոգածության կարիք ունի:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4247

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

†ÃƒÃ‚¯/1337001165" rel="nofollow">Գիտություն
Արվեստ
Օնլայն ընթերցում
Պատմական
«Իրատես» թերթի արխիվից
Գիրումիր
  • Մարզական
  • Կենսակերպ
  • Տեսանյութ
  • Այլ
  • 26.04.2024