Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Կաթողիկոսին հրաժարական հարկադրելու հարցում ՀՀ ոստիկանության թողտվությունը մատնում է վարչապետի դիրքորոշումը

Կաթողիկոսին հրաժարական հարկադրելու հարցում ՀՀ ոստիկանության թողտվությունը մատնում է վարչապետի դիրքորոշումը
10.07.2018 | 00:54

Ոստիկաններն իրենց պահել ու պահում են չեզոք և ակնհայտորեն չեն կատարում կարգազանցներին կարգի հրավիրելու իրենց պարտականությունը, թեև կաթողիկոսի հրաժարականը պահանջողները հուլիսի 6-ին հարձակվել են դիվանատան շենքի վրա, գրավել այն, ինչի պատճառով դիվանատան աշխատանքները դադարեցվել են:


Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող ակտիվիստները, ըստ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանի, ներխուժել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանատուն:
Նրանք իրենց լկտի պահվածքով, սադրիչ, վիրավորական հայտարարություններով ու գործողություններով, ագրեսիվ վարքով, խոսակցության ոճով ու տոնով, վանկարկումներով ու գոռոցներով պահանջում են Ամենայն հայոց Գարեգին Բ հայրապետի հրաժարականը, ինչի իրավունքը, անշուշտ, չունեն:


Այո, անժխտելի է, որ կաթողիկոսի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի գործունեությունն անթերի չէ, սակայն դա բոլորովին այլ քննարկման նյութ է և «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությանը կամ որևէ այլ խմբի իրավունք չի տալիս պահանջելու կաթողիկոսի հրաժարականը` պահպանվող տարածք հանդիսացող դիվանատան շենք ներխուժելով և դիվանատան աշխատանքները խանգարելով: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում գրել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը. «Նրանք որևէ կերպ տրամադիր չեն ունկնդիր լինելու եկեղեցականների հորդորներին՝ դադարեցնելու նման անընդունելի և դատապարտելի վարվելակերպը»։


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանի հավաստմամբ, ակտիվիստները հարձակվել են դիվանատան շենքի վրա, գրավել այն, ինչի պատճառով իրենք ստիպված են եղել դադարեցնել իրենց աշխատանքները: Նա իրավապահ մարմիններին կոչ արեց կարգի հրավիրել կարգազանցներին:


Որքան էլ զարմանալի է, հիշյալ անկարգությանը ներկա գտնվող մեծաթիվ ոստիկաններն իրենց պահել ու պահում են չեզոք և ակնհայտորեն չեն կատարում կարգազանցներին կարգի հրավիրելու իրենց պարտականությունը: Ինչո՞վ է պայմանավորված դիվանատան շենքում գտնվող ոստիկանների անգործությունը: Կարելի է ենթադրել, որ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրամանն է հենց այդպիսին` չմիջամտել, այսինքն` թույլ տալ ու հնարավորություն տալ, որպեսզի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության կարգազանցները հասնեն իրենց նպատակին: Միամիտ չլինենք ու չկարծենք, թե իր ենթականերից տվյալ դեպքում ՀՀ օրենսդրության պահանջների կատարում (նախաձեռնության անդամներին պահպանվող տարածք հանդիսացող դիվանատնից դուրսհանում, կարգի հրավիրում, պատասխանատվության միջոցի կիրառում, զգուշացում) չպահանջելը Վալերի Օսիպյանի անձնական դիրքորոշումն է, դիվանատուն ներխուժելու և այն գրավելու միջոցով կաթողիկոսին հրաժարական հարկադրելու հարցում ՀՀ ոստիկանության թողտվությունը մատնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը:


Դիվանատուն ներխուժած և այն գրաված անձանց նկատմամբ ոստիկանների կողմից համապատասխան միջոցներ չձեռնարկելու, ՀՀ օրենսդրության պահանջները չկատարելու և անգործություն դրսևորելու վերաբերյալ համապատասխան հրապարակումն անձամբ եմ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի ֆեյսբուքյան էջի նամականիով հուլիսի 6-ին ուղարկել նրան: Անմիջապես ստացել եմ հետևյալ գրությունը. «Բարև Ձեզ Artur Hovhannisyan։ Շուտով մեր աշխատակիցներից որևէ մեկը կապ կհաստատի Ձեզ հետ։ Հիշեցնենք, որ ոստիկանության և (կամ) դրան առընթեր բոլոր կառույցների հետ կապված հարցերով կարող եք զանգահարել 1-02 հեռախոսահամարով»: Դրանից 1-2 րոպե հետո նույն նամականիով ուղարկել եմ նաև կատարվածի, դիվանատանը ոստիկանների կրավորական կեցվածքի, անգործության վերաբերյալ Haydzayn.com կայքի երկու հրապարակում՝ «Ավելի ուշ զանգեք՝ կփորձեմ հասկանալ. ոստիկանության աշխատակցի արձագանքը Մայր Աթոռում կատարվող իրավիճակին» և «Ցուցարարները ներխուժել են Մայր Աթոռի Դիվանատան շենք. անհասկանալի է ոստիկանության կրավորական կեցվածքը» : Սակայն, ոստիկանության աշխատակիցներից որևէ մեկն այդպես էլ չկապվեց տողերիս հեղինակի հետ թե՛ այդ օրը, թե՛ հետո, իսկ դիվանատանն անկարգությունը շարունակվեց, և այն հիշյալ նախաձեռնության անդամների կողմից շարունակեց գրավված մնալ դրանից հետո էլ, նաև՝ հաջորդ օրը: Սա՞ է ՀՀ ոստիկանության «շուտով»-ը, օպերատիվ արձագանքը օրինազանցությանը, մարդկանց իրավունքների ոտնահարմանը, սադրանքի, լուրջ բախման ռիսկ պարունակող անկարգությանը: Ստացվում է, որ ՀՀ ոստիկանապետի ֆեյսբուքյան էջի կառավարողի կամ պատասխանատուի արձագանքը ձևական էր:


Մի՛ ստիպեք, որ Մայր Աթոռին նվիրյալ հավատացյալների բազմությունը հասնի դիվանատուն և ստիպված լինի ոստիկանների փոխարեն կարգի հրավիրել չափ ու սահմանն անցած հիշյալ նախաձեռնության անդամներին: Այդ դեպքում, պարոն Օսիպյան, հետևանքների ողջ պատասխանատվությունն ընկնելու է անձամբ Ձեզ վրա:


Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Առաջիկայում այս թեմային կանդրադառնանք առավել հանգամանորեն:

Դիտվել է՝ 4426

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ