Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

15 ազդագիր-խորագիր՝ 15-րդ «Ոսկե ծիրանի» համար

15 ազդագիր-խորագիր՝ 15-րդ «Ոսկե ծիրանի» համար
10.07.2018 | 01:01

Երևանում դարձյալ կինոտոն է, ծիրանատոն՝ բովանդակավորված 15 ազդագիր-խորագրերով, որոնք հուշում են, թե ինչ բերք է ունեցել իր 15-ամյա հոբելյանը նշող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը և ինչ նպատակների է միտված:
Այս տարի կինոփառատոնը բացվեց հուլիսի 8-ին՝ հանդիսավորության, խանդավառության, հանդիսատեսի՝ կինոյի բարձրարժեք նմուշներին առնչվելու կանխավայելումի հագեցած բաղադրիչներով: Շառլ Ազնավուրի հրապարակում բացվեցին Արա Վահունու, Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի աստղերը:


Ինչպես ամեն տարի, կինոփառատոնի կազմակերպիչներից զատ, միջազգային այս իրադարձության ներքին խոհանոցին ինչ-որ չափով ծանոթ ենք նաև լրագրողներս, քանզի մասնակցել ենք մրցութային ֆիլմերի նախնական ցուցադրություններին:
Սա դառնում է առիթ, որ ինքներս մեզ համար որոշենք հավանական հաղթողին, առանձնացնենք այն ռեժիսորներին, որոնց հետ գերադասում ենք շփվել, զրուցել փառատոնի ընթացքում:


Ամեն տարվա նման գործում են տարբեր անվանակարգեր, որոնցում ներկայացված ֆիլմերից մի քանիսի մասին կփորձենք համառոտ տեղեկություն տալ հանդիսատեսին և օգնել կողմնորոշվելու կինոդիտման գնալու իր ժամանակացույցի հարցում:
Միջազգային վավերագրական ֆիլմացանկում ընդգրկված՝ «Կհանդիպենք վաղը, եթե Աստված տա» (Իսպանիա, ռեժիսոր՝ Այնարա Վերա) և «Հարմոնիա» (Ռուսաստան, ռեժիսոր՝ Լիդիա Շեյնին) ֆիլմերն անդրադառնում են տարեց մարդկանց խնդիրներին:


Առաջինի հերոսները մենաստանում ապրող կանայք են, որոնց առօրյա խնդիրների մեջ խոր արմատներ է ձգել փիլիսոփայական մտածողությունը: Իրենց օրինաչափ հոգսերի, կյանքից ունեցած սպասելիքների հոլովույթում նրանք հաճախ են անդրադառնում Աստծո պատգամների, հին հունական դիցաբանության անցքերի, մարդկային կյանքի ոչ կենցաղային շերտերին: Նրանց խոսքը լի է աֆորիզմներով: Զորօրինակ, «Ապրիր այս օրով»՝ սա կանանցից մեկի մեջբերումն է՝ Արարչից արված, որն իր օրը բովանդակում է մահացած ընկերուհիների լուսանկարները պատռելով և դրանց կտորտանքներից գունազարդ կոլաժ ձևավորելով կինոխցիկի առաջ: Մեկ այլ դրվագում հնչում է այսպիսի տեսակետ. «Հիսուսը շատ է չարչարվել, սակայն նա չի ապրել ծերության չարչարանքը»: Այս կանայք իրենց յուրաքանչյուր օրն ավարտում են միմյանց բարի գիշեր մաղթելով և հետևյալ արտահայտությամբ. «Կհանդիպենք վաղը՝ Աստծո կամոք»: Իհարկե, դիտելով ֆիլմը, ներքին մի ցավ էր տանջում ինձ, որովհետև ակնհայտ էր կենցաղային և հոգեբանական այն դրական մթնոլորտը, որը, ցավոք, բացակայում է հայաստանաբնակ ծերերի կյանքում: Տեսնելով բարեկարգ ու մաքուր կեցավայրը, խնամված ու կոկետ եվրոպուհիներին, ես ամբողջ ժամանակ ինձ հույս էի ներշնչում, թե երբևէ նաև մեր երկրում հնարավոր կլինի ապահովել արժանապատիվ ծերություն հայ տատիկ-պապիկների համար:


«Հարմոնիա» ֆիլմը մեկ նախադասությամբ կարելի է կոչել համբերության, հանդուրժողականության քարոզ: Սա երեք սերնդի մարդկանց համակեցության սուր կողմերի, կտրուկ բախումների համապատկեր է, որը ֆիլմի վերջում դառնում է ծլարձակող սիրո և քնքշանքի միջավայր: Երիտասարդ կինն իր չորս մանկահասակ երեխաների հետ տեղափոխվում է զառամյալ տատի բնակարան, որովհետև տատն այլևս չի կարող ինքնուրույն վարել կենցաղը: Խորհրդային դիսցիպլիններին կառչած, եսակենտրոնության ակնհայտ դրսևորումների տեր կինը պարզապես պատերազմ է հայտարարել հարազատ ծոռներին, վերջիններս էլ անգիտակցաբար ընդունել են մարտն ու վարում են այն՝ բոլոր հնարավոր ձևերով: Հակամարտության այս կողմերի արանքում տվայտանքների մեծ չափաբաժինը երիտասարդ մայրիկինն է, որը չի կարող լքել հակամարտող կողմերից և ոչ մեկին: Եթե նախորդ ֆիլմում ծեր կանանց կոնֆլիկտը կյանքի հետ միայնակությունն էր, ապա այստեղ ընտանիքն է, և չափազանց դժվար, բայց համոզիչ է լուծվում հակամարտությունը: Ֆիլմն ավարտվում է խաղաղված մեծ տատի և ամենափոքր ծոռի գրկախառնությամբ, կյանքը հաշտեցնում է բոլոր (կամ՝ գրեթե բոլոր) խորդուբորդությունները:


Ալեքսանդր Աբատովի «Որդին» ֆիլմը (Ռուսաստան, Ֆրանսիա) Հյուսիսային Կովկասում պատերազմող զինվորների մասին է և այդ պատերազմում զոհված 21-ամյա Դիմա Իլյուխինի. վերջինիս հիշատակին էլ նվիրված է փաստագրությունը: Ֆիլմը վկայությունն է այն բանի, որ պատերազմող ոչ մի կողմ հաղթող չէ, բոլորն են զոհ: Սա պատմություն է միակ որդուն կորցրած ռուս ծնողների զուսպ, բայց տիեզերական ցավի, զոհված ընկերոջը երազում անընդմեջ ծիծաղելիս տեսնող ու իրենց մոտալուտ հանդիպումը սառնասրտորեն կանխագուշակող մարտընկերոջ, տղային սպանած չեչենի (վերջինս զենք է վերցրել ձեռքը՝ վրեժից դրդված, որովհետև այդ պատերազմում զոհվել է նաև իր որդին), պատերազմի պարտադրած սառնասրտության ու ցինիզմի մասին: Ցնցող է ֆիլմը եզրափակող ժպտադեմ նորակոչիկի խոստովանությունը. «Պատերազմ ենք գնում, սպանելու ենք գնում»: Ահա այսպես, ու չես կարող այս ֆիլմը դիտելիս չվերապրել մեր ամենաթարմ՝ ապրիլյան պատերազմի զոհերի կորստի ցավը: ՈՒզում ես հասկանալ՝ ե՞րբ է ավարտվելու պատերազմելու այս մոլուցքը:


«Ո՛չ դատավոր, ո՛չ հասարակաց կին» փաստագրական ֆիլմը (Ֆրանսիա, Բելգիա, ռեժիսորներ՝ Ժան Լիբոն, Իվ Ինան) պատմություն է դատավոր կնոջ աշխատանքային գործունեության մասին, որը ի ցույց է դնում եվրոպայում ապրող հասարակության բազմաշերտ ու բազմաբարդ առնչությունները դատական համակարգի հետ: Այստեղ մարմնավաճառների պատմություններն են՝ համեմված սեռական կյանքի նատուրալիստական մանրամասնություններով, Եվրոպա արտագաղթած իսլամադավան անձանց բախումները բարեկեցիկ կենցաղի ու սեփական ավանդույթների հակասություններին, միստիկ զառանցանքով սեփական երեխային սպանած կնոջ արդարացումները և այսօրինակ այլ երևույթներ, որոնց հետ իր ամենօրյա աշխատանքի ընթացքում գործ է ունենում առերևույթ փխրուն, ընդգծված եվրոպացի դատավորուհին, որն ամեն անգամ իր հումորով, պրոֆեսիոնալ դիտարկումներով ապացուցում է, որ իրեն հեշտ չէ զարմացնել սովորական մահկանացուներիս համար սահմռկեցուցիչ պատմություններով: Ասել է թե՝ ամեն մասնագիտություն ունի իր հմայքներն ու դառնությունները:
Կանադական «Ձգողականության վերաբերյալ» փաստագրական ֆիլմը (ռեժիսոր՝ Մաթյու Բրյուար) վկայությունն է այն բանի, որ ամենագետնամած իրադրության մեջ հայտնված մարդն անգամ ի զորու է փայփայելու անհավանական երազանքներ ու հավատալու սեփական ուժերի անսահմանափակությանը: Տեսողության լուրջ խնդրով ապրող, իրեն շրջապատող աշխարհը գրեթե չտեսնող ծերունի Քրիստիանն ինքնավստահորեն հայտարարում է. «Քանի դեռ հակառակը չի ապացուցվել, ես ի վիճակի եմ թռչելու»:


Հեսամ Էսլամիի «20-րդ շրջանի կասկածյալները» վավերագրական ֆիլմը (Իրան) պատմում է կյանքի հատակում դեգերող աղքատ երիտասարդների մասին, որոնց «աշխատանքը» մեքենաների թալանն է, թմրանյութերի առքուվաճառքը, փողոցային ծեծկռտուքը: ՈՒ այս ամենին, բնականաբար, զուգահեռվում են ոստիկանական անվերջ հետապնդումները, դրանց նկատմամբ օր օրի ահագնացող սարսափը: Իհարկե, օրենքի դատաստանից խուսափել միշտ չէ, որ հաջողվում է, և ֆիլմի հերոսները հայտնվում են բանտում: Այստեղ նրանց տարանջատում են, և այդուհետ յուրաքանչյուրը գնում է իր ճանապարհով: Նրանցից մեկը գոնե ֆիլմի վերջում լավատեսության հույսեր է արթնացնում. ամուսնանում է, ունենում որդի, խոստանում, որ թեկուզ հումորով, բայց որդուն կպատմի իր անցյալի մասին, որպեսզի ամեն բան անկեղծ ու շիտակ լինի: Բայց կյանքը, իհարկե, հեքիաթ չէ, և երբ նրա հորեղբայր Ալին հարցնում է, թե ինչ պիտի դառնա որդին, երբ մեծանա, նա պատասխանում է՝ աղքատ: Ահա այսպես, սթափ, ճշգրիտ գնահատական սեփական կյանքին ու իրականությանը:
Երբ արտասահմանյան կինոֆիլմերից անցում ենք կատարում «Հայկական համայնապատկեր» բաժնի ֆիլմաշարին, ունենում ենք տանը հայտնվելու, հարազատ ու սովոր միջավայրում լինելու զգացողությունը: Անկախ նրանից, թե ինչ ժանրի ֆիլմ ենք դիտում, այն ընկալում ենք որպես մեր մասին, մեր իրականության խութուխոչերի մասին, մեր կողմից արվող կինոպատմություն:


«Հայկական համայնապատկեր» ծրագրի համար ընտրվել է 27 ֆիլմ՝ հիմնականում վավերագրական և կարճամետրաժ: Լիամետրաժ խաղարկային երեք ֆիլմ է ներկայացված ծրագրում, որոնցից միայն մեկն է Հայաստանի հետ համատեղ արտադրանք՝ Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմը. այն պատմում է արցախյան պատերազմի չսպիացող վերքի մասին:
«Պոեմ միայնակ գայլի մասին» վավերագրությունը (հեղինակներ՝ Տարոն և Վրեժ Պետրոսյաններ) մեզ համար բացում է լեգենդար բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանի ֆանտաստիկ մարզական կարիերայից ոչ պակաս ֆանտաստիկ մարդկային կերպարը: Նա անսահման հումորի տեր, փիլիսոփայական անկանխատեսելի արծարծումներ վեր հանող, սեփական մահարձանը կենդանության օրոք պատվիրած ու վրան իմաստուն տապանագիր դաջած մի հայորդի է, որի խոսքը, գործը, կենցաղավարությունը անվերջ զարմացնում են, հիացնում, ոգևորում: Նա անգամ երկրի նախագահին է պատրաստ ձեռնոց նետելու՝ հաստատուն հիմնավորումով. երբ իրեն դուրս են բերել ռինգ, պատվիրել են հաղթել, ինքը հաղթել է, ու եթե որոշի մտնել նախընտրական պայքարի մեջ ու դառնալ նախագահ, էլի կհաղթի: Ահա այսպես, որովհետև իր տապանագիրը վկայում է. «Նա չէ թագավոր, որ նստած է թագավորական գահին, այլ նա է, ով ինքն իրեն է զգում թագավոր»:
Աշոտ Ջազոյանի «Ես Այվազովսկին եմ, ծնունդով Ղրիմից» ֆիլմը արտադրված է Ռուսաստանում: Սա պատմություն է Ղրիմի այսօրվա քաղաքական թոհուբոհին հակադրվող մշակութային իրականության մասին, որտեղ բոլորն են ուզում կյանքը տեսնել ու ապրել արվեստի օրենքների ծիրում:


Վահագն Խաչատրյանի «Լուսինը, Արևը և Հրացանակիրները» ֆիլմը (Պորտուգալիա, Հայաստան) կինոյի այն տեսակին է պատկանում, որին, ըստ ավստրիացի հանրահայտ կինոռեժիսոր ՈՒլրիխ Զայդլի, պատկանում է կինոարվեստի ապագան. փաստագրության և խաղարկային ժանրի սահուն անցումների համադրությամբ նկարված ֆիլմ է սա, որում միախառնված են նաև ստեղծագործական ոճերը՝ միստիկա, իրապաշտություն, ավանդապաշտություն, նորարարություն: Թեև ֆիլմը պատմում է եվրոպական փոքրիկ ու անհայտ մի ավանի մասին, սակայն հայ մարդն այստեղ անպայման կգտնի իրեն բնահատուկ ու հետաքրքիր տարրեր:


Սուրեն Բաբայանի «Հող չափողները» կարճամետրաժը Արևմտյան Հայաստանի վիրավոր հողի ընդերքում անթեղված պատմություն-փաստերի երևակումն է, որը վկայում է գործնականում ճշմարտությունը թաքցնելու անհնարինության մասին:
Դիանա Կարդումյանի «Տոմբե» կարճամետրաժը հավաստիացնում է, թե ինչպես միօրինակ ու ձանձրալի առօրյան կարող է կտրուկ շրջադարձերի ենթարկվել ընդամենը մեկ պատահականության բերումով:


Քիչ չեն օտարազգի ռեժիսորների ֆիլմերը՝ ներառված այս անվանակարգում, քանի որ դրանք տարատեսակ անդրադարձեր են Հայաստանին ու հայ ժողովրդին: ՈՒշագրավ է իսպանական արտադրության «Արարատի ստվերը. հայ Սփյուռքի դիմանկարը» վավերագրությունը (ռեժիսոր՝ Միգել Անգել Նիետո), որը պատմում է Օսմանյան կայսրությունում հայերին պատուհասած աղետի, դրան հաջորդած տարագրության, մեր ժողովրդի հերոսական վերհառնումի ու նաև այսօրվա խնդիրների մասին:


«Հայկական համայնապատկերը» վկայում է, որ հայ կինոգործիչները, ի հեճուկս անբարենպաստ պարագաների, մաքառում են ու ստեղծում կինո, և սա գրեթե խրամատում մարտնչելուն հավասարազոր առաքելություն է: Հուսանք, որ այսօրինակ ջանքը մեզ կառչած կպահի կինոմշակութային հողին, ու այն երբեք ոչ ոք չի խլի մեր ոտքի տակից:
Այս տարի ընտրվել են բավական ուժեղ ֆիլմեր «Միջազգային խաղարկային մրցույթ» անվանակարգում: Դրանց մեջ կան Ռոտերդամի, Բեռլինի փառատոներում ներկայացված և նույնիսկ հաղթած ֆիլմեր: Մենք կարող ենք ընդամենը թվարկել դրանք և ոչ՝ ներկայացնել նախորդների նման, քանի որ այդ ֆիլմերը նախնական ցուցադրության ցանկում ընդգրկված չէին: Ինչպես հանդիսատեսը, այդպես էլ մենք՝ լրագրողներս, կդիտենք դրանք հենց «Ոսկե ծիրանի» օրերին: Դրանց թվում են լեհական «Դեմք» (ռեժիսոր՝ Մալգոժատա Շամովսկա), ֆիլիպինական «Նյարդային թարգմանություն» (ռեժիսոր՝ Շիրին Սենո), ռուսական «Աննայի պատերազմը» (ռեժիսոր՝ Ալեքսեյ Ֆեդորչենկո), թուրքական «Թիթեռներ» (ռեժիսոր՝ Թոլգա Քարաչելիք), շվեյցարական «Ֆորտունա» (ռեժիսոր՝ Ժերմինալ Ռոո), բուլղարական «Ամենագոն» (ռեժիսոր՝ Իլիան Ջևելեկով), գերմանական «Անցուղիներում» (ռեժիսոր՝ Թոմաս Շտուբեր) և այլ ֆիլմեր:
Միով բանիվ, կինոսերներին սպասում են ոսկեծիրանյան տպավորիչ օրեր:


Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .

Տեսանյութ

15 ազդագիր-խորագիր՝ 15-րդ «Ոսկե ծիրանի» համար
Դիտվել է՝ 5669

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ