«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Այս մարդն իրապես բացառիկ կերպար է

Այս մարդն իրապես բացառիկ կերպար է
10.07.2018 | 01:04

Վերնագրում հիշատակված բացառիկը հայկական ֆուտբոլի հույս ու աստված, տիեզերական շենշող մեծության աստղ Ռուբեն Հայրապետյանն է, ու կրակն էլ էն է, որ նույնը հավասարապես կարող են պնդել ու հավասարապես չսխալվել նրան թե՛ լավ, թե՛ վատ իմացողները՝ անկախ հասարակության որ շերտին պատկանելու իրողությունից:

Սակայն, մինչ նրա մարզական գործունեությանն անդրադառնալը, սկսենք շատ ավելի էական բնութագրականից՝ հիմք ընդունելով նրան շնորհված մականունը: Ժողովուրդը նրան «պատվում» է Նեմեց մականունով, թեպետ, եթե անկեղծ, կործանվի նման պատվում-մեծարումը, որի տակ ֆաշիստ արյունախումների հիշատակումը կա: Սակայն սա ավելի շատ հարցի զգայական կողմն է, ուստի այն չնկատելու պես թերթենք:


Անկախ Հայաստանի պատմության մեջ մեր ավանաբնակ Նեմեցը, ֆուտբոլը հանած, այնքան էլ անհիշարժան գործերով չի ներկայանում: Դրանցում և՛ արյուն կա, և՛ ուրիշի ունեցվածքը կրակի տալու պատմություն, և՛ մարդկանց առևանգում ու խոշտանգում, և՛ սանձարձակության բազմաթիվ դրսևորումներ, սակայն այդ ամենը հաջողությամբ շրջանցվել է օրենքի կուրության, Նեմեց Ռուբո-իշխանական բուրգ ազդեցիկ կապերի միջոցով ու շնորհիվ: Այդ նույն իշխանական բուրգն իր այս հավատավոր ծառային մեկ անգամ չէ, որ փուռը տալու բեկումով, թե ահաբեկումով պահանջված տոնուսի մեջ է պահել՝ վերևից իջեցվող աստվածային զորության հրահանգներն անառարկ կատարելու համար, սակայն ծառաս այս նվաստ երբեք իր նվիրվածությանը կասկածելու տեղիք չի տվել ու սպրդել է կլանի քինախնդրությունից: Հարկավ կասկած չկա, որ հեղափոխության անսանձ սամումի կողմից եթե քաղաքացիական պահանջ լինի, Ռուբեն Հայրապետյանի անձի վրա հուզախռով ողբ ու կական կկապեն ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ, սակայն քանի դեռ քաղաքացիական պահանջի քաղաքական հրահանգը չկա, մարդը կուսական անմեղության մեջ է, հայկական ֆուտբոլը կործանելու ազնիվ տվայտանքների մեջ:

Սակայն իրավիճակի ողջ լրջություն-ողբերգականություն-զավեշտն այն է, որ հասարակությունը խորապես համոզված է՝ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը վերջնականապես կործանում է հայկական ֆուտբոլը, իսկ այդ նույն ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանն ավելի քան համոզված է, որ, ի հեճուկս հայկական ֆուտբոլի մայրամուտը տեսնողների, ինքը լծված է հայկական ֆուտբոլը ծաղկեցնելու սուրբ գործին:


Այս երկու իրար բացասող պնդումների խաչմերուկում էլ պիտի փորձել գտնել ոսկի միջինը, սակայն ամբողջ հարցն այն է, որ նեմեցռուբոյական իշխանության տարիներին մենք ակումբային ֆուտբոլի մակարդակով ոչ միայն եվրոպական ֆուտբոլում հաջողություններ չենք արձանագրում (ազգային ընտրանու մակարդակով խոսակցությունը բոլորովին այլ հարթության թեմա է, ուստի եկեք այն չխառնենք սրան, թեպետ այնտեղ էլ պակաս կործանարար գործընթացներ չեն), այլև սահուն վայրէջք ենք ապրում մեր իսկ հանրապետության ներսում, ու երեսի զոռով ութ ակումբով խաղարկվող առաջնությունը ժամանակ առ ժամանակ կանգնում է ավելի պակաս թվով առաջնություն լինելու վտանգի առաջ:


«Շիրակ» ակումբի հետ կապված սուտն ու սխալը թողնենք դրանցից առավել մեղավորի ուսերին, բայց դա բանի նմա՞ն է, որ գյումրեցիները մի Նեմեց Ռուբոյի պատճառով բոյկոտում են առաջնությունը, ինչպես բանի նման չէ, երբ մի ակումբի պատճառով արատավորվում է ֆեդերացիայի նախագահի ավելի քան պայծառ, ես կասեի լուսե անունը (բոլոր դեպքերում չմոռանանք անմեղության կանխավարկածը): Իհարկե, կլինեն մարդիկ, ովքեր նախադասության մեջ օգտագործված պայծառ բառի (էլ ու՜ր մնաց լուսե-ի) հիշատակման հետ համամիտ չեն լինի, կուզենային, որ այն առնվազն չակերտների մեջ առնված լիներ, բայց այդ ե՞րբ է իրականության ընկալումը մեզ մոտ միանշանակ եղել, որ հիմա լինի, այն էլ այսպիսի աղավաղված իրականությունը:


Թե ինչու Ռուբեն Հայրապետյանը ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի ժողովը (ի միջի այլոց, լրիվ հնարավոր է, որ մենք կառույցի անվանումը սխալ ենք հիշատակում, սակայն ո՛չ դրա սխալից, ո՛չ էլ ճշտից բան չի փոխվում) տարավ սևանյան «Հարսնաքար», դրանում կոմերցիոն գաղտնիք չպիտի տեսնել, երեխայավարի դնել ու գրել, թե կլիենտուրայի պակաս ուներ հարազատ օբյեկտը, այսկերպ ծակեր էր փակում: Ոչ: Հարազատ կուսակցության օրինակով, իսկ Նեմեց Ռուբոն ծաղկում ու բարգավաճում է Հայաստանի հանրապետական կուսակցության ներսում, ահա այդ կուսակցության օրինակով նա իր համար (այո, այո՝ իր) կենսական կարևորության ժողովը գումարեց Երևան քաղաքից դուրս վայրում՝ հնարավորինս հեռու հետաքրքրասեր աչքերից: Թե ի՞նչ էր ուզում այդկերպ թաքցնել կամ ծածկադմփոց սարքել Ռուբեն Հայրապետյանը, տեղեկանում ենք Նարեկ Մկրտչյանից, որն այդ մասին բավականին մանրամասն խոսում է «Ժամանակ» օրարթերթում տպագրված, 3-ը հուլիսի, 2018 թվագրությունն ունեցող «Ռուբեն Հայրապետյանի կեղծարարության նոր փաստեր. բոյկոտ ՀՖՖ նախագահին» վերտառությունն ունեցող հոդվածում:


Ի՞նչ է կատարվել այդ ժողովում:
Կատարվել է այն, ինչն ապրելակերպ ու հավատավոր գործելակերպ է եղել Ռուբեն Հայրապետյան մարդ-քաղաքացու ողջ գիտակցական կյանքում: ՈՒ հետաքրքիրն այն է, որ այս մարդն ամեն ինչում նախանձելի զգուշավորությամբ, միջնորդավորված է գործում: Իսկ գործիքներ Ռուբեն Հայրապետյանը միշտ էլ ունեցել է ու մեկ տասնյակ չէ, որ ունեցել է: Այս անգամ ակտիվ դերակատարությունը վերապահված է եղել ՀՖՖ գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, որն ակնհայտորեն ծույլիկ աշակերտի գիտելիքներ է հանդես բերել թվաբանությունից, քանի որ չի կարողացել զանազանել 24 ու 17 թվերը՝ 24-ը նրա ու նրա շեֆի հաշվարկայինն է եղել, ու սա այն դեպքում, երբ քվեարկությանը մասնակցել է 17-ը: Մեծագույն ցանկության դեպքում 1-ն ու 7-ը չես կարող շփոթել 2-ի ու 4-ի հետ, քանի որ դրանք միանգամայն տարբեր գծագրական պատկեր ունեն, բայց Նեմեց Ռուբոյի ու նրա գործակատարի շատ պե՞տքն են նման մանրամասները: Նրանց պետք է եղել կեղծել՝ կեղծել են, իսկ կարմիր կովից պահանջել կաշին փոխել նույնն է, թե բանդերլոգից պահանջես վարվեցողության կանոններ սովորել:


Հասկանալի է, որ բոլոր հնարավոր ու անհնար ճանապարհներով, բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջիկայում սպասվելիք ընտրություններում Ռուբեն Հայրապետյանը գնալու է վերարտադրության, ու վերը հիշատակված տակտիկական բնույթի կեղծիքները դրա նախապատրաստմանն են ուղղված: Գործկոմի կազմում այս մանր-մունր տեղաշարժերը նույնքան մանր-մունր մարդկանց միջոցով այդ նպատակն են հետապնդում: Ռուբեն Հայրապետյանն ուզում է ասել, որ երկրում փոխված իրավիճակը բնավ էլ իր տանձին չէ, ինչպես որ ապրել ու գործել է, այդպես էլ շարունակելու է ապրել ու գործել:


Գիտե՞ք, եթե վերջնահաշվում նա լինի հաղթողը, հավատացնում եմ Ձեզ, որ ես ինքս առաջինը կողջունեմ նրան, քանզի եթե մի երկրում բեսպրեդելը սեփական ճշմարտացիությունը հաստատելու ձև է, ու դա հաստատում ես հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով, ուրեմն դու դրա լիակատար իրավունքն ունես, ու հենց ճիշտը դու ես: Այս դեպքում հասարակությանը մնում է մի բան՝ ծնկաչոք գնալ նրա (ու առհասարակ նրանց) ոտքերը՝ հայկական ֆուտբոլի համար խնդրելով օր ու արև: Մա՜րդ է, կարող է էդ օրը հաջող ոտքի վրա արթնացած լինի ու իր տիեզերական բարձրությունից նման մի հրովարտակ արձակի՝ չէ՞ որ այս կյանքում ամեն կարգի հրաշք էլ լինում է: Հենց թեկուզ Հայաստանին պատուհասած այս վերջին հրաշքն ասածի ավելի քան իրեղեն ապացույցը չէ՞:

Մարդին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3762

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ