Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Մնացականյան-Մամեդյարով` առաջին ռաունդ

Մնացականյան-Մամեդյարով` առաջին ռաունդ
10.07.2018 | 09:50

Հուլիսի 11-ին Բրյուսելում կհանդիպեն Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը հանդիպումը սկսել է դեռ Բաքվից` նա իր ոճով հայտարարություններ է արել, որ հետո ասի` ես ձեզ զգուշացնում էի: Նա կրկնել է, որ հակամարտության կարգավորման գործընթացի առաջընթացի համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն «օկուպացված տարածքներից»: Եվ` հավելել, որ «առաջիկա հանդիպումը ցույց կտա, վերջապես, Հայաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում կառուցողական դեր կխաղա՞, թե՞ ոչ»:

Հանդիպման նախօրեին Զոհրաբ Մնացականյանը հարազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը ու կրկնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի դրույթը, որ որոշիչ ձայնը ղարաբաղյան կողմինն է. «Հայաստանը ինչ էլ պայմանավորվի, առանց Ղարաբաղի ձայնի` կարգավորումը բնական չի լինելու, կարգավորումը կայուն և տևական չի լինելու: Ղարաբաղի ձայնը չափազանց էական է, և եղել և մնում է այդ սկզբունքը օրակարգում»: Առաջին անգամ ՀՀ նոր ԱԳ նախարարին հանդիպելուց առաջ Էլմար Մամեդյարովը փորձել է նաև մարգարեանալ: «Եթե Հայաստանում իշխանության եկած նոր ուժերը գնան Սարգսյանի ռեժիմի ճանապարհով, նրանց սպասում է նույն ճակատագիրը»` ասել է նա: Ենթադրաբար մարգարեությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի խնդրին, բայց թավշե հեղափոխությունը և իշխանափոխությունը հրապարակավ կապ չունեին Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ:


Զոհրաբ Մնացականյանի խոսքով՝ հայկական կողմը բանակցությունների սկզբունքների փոփոխություններ չունի. «Խաղաղ կարգավորում, Մինսկի խմբի համանախագահների ֆորմատ, խաղաղությանը նպաստող միջավայր: Ես գծեցի այն, ինչ մեզ համար չափազանց կարևոր է, առաջնային է՝ ստատուս և անվտանգություն: Այս սկզբունքներով մենք հիմա ապահովում ենք բանակցությունների շարունակությունը այնտեղից, որտեղ ընդհատվել են: Խաղաղ կարգավորման հիմքում դրված է փոխզիջումը․ չի կարող մի կողմը ստանալ ամեն ինչ, մյուսը կողմը՝ չստանալ ոչինչ, կամ ավելի շատ, կամ ավելի քիչ: Կողմերի բանակցության իմաստը դա է, որ կողմերը դուրս գան բանակցություններից բավարարված՝ կարողանալով համոզիչ լինել, որ փոխզիջումը լավագույնս է արտահայտում մեկ կողմի կամ մյուս կողմի նպատակները: Մեր դեպքում ստատուսի և անվտանգության հարցը ամենաէական հարցերն են, որ դրված են սեղանին»:


Եթե դիվանագիտական փոխհրաձգությունը այսքանով համարենք ավարտված` հանդիպումից առաջ կողմերը ապահովագրել են իրենց բանակցություններում արդյունք չգրանցելու մեղադրանքներից: Սա այն դեպքն է, երբ բանակցելն արդեն կարևոր է ընթացիկ հարցերի լուծման համար` միմյանց հարաբերվելու ու սահմանային միջադեպերը նվազեցնելու: Սովորաբար` ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվում է նախագահների հանդիպման նախապատրաստության հարցը` Բրյուսելում այդ հարցի քննարկման հավանականությունը 50։50 է: Նախ` պետք է որոշարկվի, թե ինչ օրակարգով են կողմերը հանդիպելու: Իլհամ Ալիևը արդեն փորձեր արել է վարչապետի հետ հանդիպումից խուսափելու ու նախագահի հետ հանդիպման հնարավորությունը շոշափելու: Երեք օր առաջ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հստակ հայտարարեց, որ բանակցողը վարչապետն է լինելու: Կպնդի՞ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտին բանակցային սեղան բերելու առաջարկը, թե՞ սկզբի համար մենակ կներկայացնի հայկական երկու պետությունները: Բոլոր դեպքերում` պարզ է, որ թե Ադրբեջանի նախագահի վերընտրությունից, թե Հայաստանում իշխանափոխությունից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում կոնցեպտուալ փոփոխություններ չկան, չկան նոր առաջարկներ ու նոր սկզբունքներ: Բաքուն իր սուբստանտիվ տարբերակն է առաջ մղում, Երևանը պահանջում է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բրյուսելում են լինելու Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը, որ այսօր ընդունում է երդմնակալությամբ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին պաշտոնական այցով Բաքու մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին: ՈՒ` ի՞նչ:

Դիտվել է՝ 4597

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ