Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյան. Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում

Դավիթ Տոնոյան. Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում
10.07.2018 | 13:48

Կոռուպցիոն որևէ դրսևորում տեղ չպետք է ունենա բանակում` ասված է ՊՆ պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ տեսլականում:
«Կոռուպցիան ինքնին չարիք է պետության կենսագործունեության ցանկացած ոլորտում, սակայն կրկնակի աղետ է ռազմական բնագավառում, աղետ, որը չսանձահարման դեպքում կարտահայտվի մարտի ժամանակ խափանված կրակոցի, հավաքակայանից դուր գալ չկարողացող տեխնիկայի, զինվորի համար անհրաժեշտ կալորիականություն չպարունակող սննդի տեսքով: Այնպես որ, բանակի շարքերում բարեվարքության ամրապնդման, անհրաժեշտ հաշվետվողականության զարգացման աշխատանքները պետք է լինեն ղեկավար կազմի ուշադրության կիզակետում»,- ասաց Պնախարար Դավիթ Տոնոյանը:


Տեսլականում ասված է, որ ինչքան էլ հզոր ռազմական տեխնիկա և մեծաթիվ անձնակազմ ունենաս, միևնույն է, դատապարտված ես ձախողման, եթե բանակումդ չի տիրում անհրաժեշտ արդարության, նվիրվածության և համախմբվածության մթնոլորտ: Այս հատկանիշները չեն ձևավորվում ինքնին, այլ կախված են բացասական երևույթները կամ դրանց վերապրումները արմատախիլ անելուն և դրական դրսևորումները ամրապնդելուն ուղղված ամենօրյա աշխատանքի հաջողությունից: Պաշտպանության բնագավառում և զինված ուժերում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, կառավարելու և բարեվարքության նորմերն ամրապնդելու համար պետք է մշակվեն նաև նյութատեխնիկական ռեսուրսների կառավարման, այսինքն՝ պլանավորման, գնումների, սպառման, վերահսկման և հաշվետվողականության թափանցիկ ընթացակարգեր:


Ըստ տեսլականի` Զինված ուժերի կարևորագույն խնդիրներից է նաև պաշտպանության համակարգի և զինված ուժերի՝ ապաքաղաքական լինելու և քաղաքական չեզոքության պահպանման սահմանադրական պահանջի իրագործումը։ «Այս առումով իմացական վերափոխման արգասիքներից պետք է լինի, որ բանակը գործնականում զերծ մնա քաղաքական և ընտրական գործընթացների վրա որևէ հնարավոր ապօրինի ազդեցությունից կամ հակառակը` ինքը ուղղորդված չազդի ընտրությունների արդյունքների վրա: Լինելով համազգեստ կրող քաղաքացիներ՝ զինծառայողները երկրի իշխանության ձևավորման գործընթացին մասնակցելու իրենց իրավունքը պետք է իրացնեն բացառապես ընտրությունների ժամանակ ազատ կամարտահայտության միջոցով և զինվորականներին հարիր կարգապահ կերպով` առանց որևէ ապօրինի ներգործության։ Այս նպատակով առաջիկայում կմշակվեն առաջարկություններ ՀՀ Ընտրական օրենսգրքում ՀՀ զինված ուժերում նախընտրական քարոզչության իրականացման մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ»,- ասաց նա: Փաստաթղթում նշվում է, որ միաժամանակ, չպետք է մոռանալ, որ բանակը հասարակության անբաժանելի մասն է և պետք է առավելագույն թույլատրելի սահմաններում թափանցիկ լինի քաղաքացիական հանրության համար: Հասարակության լայն շերտերի, լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների կողմից զինված ուժերում խնդիրների վերհանումը կապահովի անկողմնակալ կարծիքի հաշվառմամբ ընդլայնված մտքերի փոխանակում՝ նպաստելով առավել արդար և արդյունավետ լուծումների որոնմանը և կենսագործմանը:


Կառավարության ծրագիրը նախատեսում է նաև ճշգրտումներ Զինված ուժերի զարգացման պլանում և Սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման պետական ծրագրում: «Նորացված փաստաթղթերի վերջնանպատակը կլինի Զինված ուժերի մարտական կարողությունների և անձնակազմի մարտական վարպետության բարձրացումը, որին հասնելու համար կպլանավորվեն որոշ ոլորտներում ռեսուրսների ավելացման, այլ ոլորտներում դրանց ծախսի արդյունավետության բարձրացման, մեկ այլ տեղ՝ խնայողության ռեժիմի անցման միջոցառումներ՝ հասնելով պաշտպանության համակարգում ընդհանուր արդյունքայնության բարձրացման»,- նշվում է փաստաթղթում։

Դիտվել է՝ 2683

Մեկնաբանություններ