Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Դավիթ Տոնոյան. Պաշտպանության համակարգում պետք է անցնենք իմացական վերափոխում

Դավիթ Տոնոյան. Պաշտպանության համակարգում պետք է անցնենք իմացական վերափոխում
10.07.2018 | 13:49

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրել է իր տեսլականը ՀՀ կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ: Ըստ այդմ` ՀՀ անվտանգային անկայուն միջավայրը, պետության և հասարակության առջև ծառացած մարտահրավերները, դրանցից բխող արտաքին, այդ թվում` անմիջական ռազմական բնույթի սպառնալիքները պահանջում են ունենալ հուսալի պաշտպանության համակարգ: Ի լրումն նախաձեռնողական արտաքին դիվանագիտության՝ այդ համակարգը Հայաստանի և Արցախի երաշխավորված, կայուն և տնտեսական զարգացումը խթանող պաշտպանունակության, Արցախի Հանրապետության բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում Հայաստանի և Արցախի համար բարենպաստ բանակցային պայմաններ ապահովելու, իսկ անհրաժեշտության դեպքում` ուժի դիրքերից հանդես գալու հիմնական գրավականն է:


Համաձայն տեսլականի` պաշտպանության համակարգի գերագույն նպատակը մարտունակ, ապաքաղաքականացված, հասարակության համակողմանի ներգրավմամբ և ժողովրդավարական և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվող զինված ուժերի ձևավորումն է: Այսպիսի զինուժ ունենալու համար պահանջվում են զգալի` Հայաստանի Հանրապետության հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ միջոցներ, որոնք պետք է զուգակցվեն թափանցիկության բարձր չափորոշիչների, ուժերի և միջոցների առավելագույնն արդյունավետ օգտագործման, վատնումների բացառման և բանակի նկատմամբ հասարակության լիակատար վստահության հետ:
«Կառավարության ծրագրում հստակ ամրագրված է բանակաշինության և զինվորական ծառայության շուրջ հաստատված մթնոլորտի ու մոտեցումների արմատական փոփոխության հրամայականը՝ որպես Զինված ուժերի մարտունակության և արդյունավետության բարձրացման կարևորագույն միջոց։ Այս գերխնդրի իրագործման համար պաշտպանության համակարգում մենք պետք է անցնենք իմացական վերափոխում՝ պարտականության զգացողությունը փոխարինելով առաքելության զգացողությամբ: Սա վերաբերում է պաշտպանության ոլորտի անձնակազմի անխտիր բոլոր կատեգորիաներին՝ գեներալներից ու սպաներից մինչև կրտսեր և ավագ ենթասպաներ ու շարքայիններ, հայեցողական պաշտոններ զբաղեցնող պաշտոնյաներից և քաղաքացիական հատուկ ծառայողներից մինչև բանվոր-ծառայողներ»,- ասված է ներկայացված փաստաթղթում:


Համաձայն տեսլականի` պարտականության զգացողությունը մարդու մեջ սերմանում է մշտապես վերադասի հրահանգներին սպասելու, իսկ անգործության պատճառով առաջադրանքը ձախողելու դեպքում՝ նման հրահանգ չստանալու պատճառաբանությամբ արդարանալու մշակույթ: Տրամագծորեն հակառակ մշակույթ է ձևավորում առաքելությունը. այն ենթադրում է տվյալ գործին, ձեռնարկին կամ հղացմանը սեփականության իրավունք, երբ նպատակի իրականացման պատասխանատվությունը հավասարաչափ դրված է պաշտպանության նախարարի և կրտսեր ծառայողի, գեներալի և շարքայինի վրա, և երբեմն սեփական կարգապահ նախաձեռնողականությունդ կարող է ունենալ հիրավի ռազմավարական նշանակության բարենպաստ հետևանքներ:


Տեսլականում ասված է, որ հետևելով այս տրամաբանությանը՝ բոլորս պետք է առաջնորդվենք մեր պետության և ժողովրդի առաջ ունեցած պատմական առաքելության գիտակցումով։ Ղեկավար պաշտոն զբաղեցնող ցանկացած անձ, առանց բացառության, պետք է գիտակցի, որ իրեն վստահված այս առաքելությունը լավագույնս իրականացնելու համար պետք է գերազանցություն դրսևորի երկու առանցքային գործառույթում:
Առաջինը ենթականերին առաջնորդելն է, երկրորդ առանցքային գործառույթը միջոցների մտապատկերումն է, դրանց պլանավորումը, ձեռքբերումը, հատկացումը և օգտագործման վերահսկողությունը: Նախ և առաջ պետք է գիտակցենք, որ Հայաստանի մարդկային ռեսուրսները սահմանափակ են, հետևաբար հայոց զինուժի զինվորն ու սպան պետք է շեշտը դնեն ոչ թե քանակական առավելության, այլ որակական գերազանցության վրա:
«Բոլորս պետք է գիտակցենք, որ հասարակության կողմից Զինված ուժերին հատկացված նյութատեխնիկական և ֆինանսական միջոցները քաղաքացիների՝ սեփական սոցիալական, կրթական, առողջապահական և մյուս ոլորտներից խնայված և անվտանգության ապահովման առաջնահերթությունից ելնելով մեզ տրամադրված ռեսուրսներ են։ Այս հարցն էլ ավելի է կարևորվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ունեցող երկրներում, երբ պետությունը պատասխանատվություն է կրում զինվորի կենցաղային պայմանների, սննդի, հագուստի, հանգստի և ժամանցի պայմանների ու մի շարք այլ խնդիրների համար: Այս տեսանկյունից յուրաքանչյուր հրամանատար պետք է գիտակցի ծնողների կողմից իրեն վստահված զորակոչիկների կյանքի, անվտանգության և բարեկեցության ապահովման բարձր պատասխանատվությունը։ Մյուս կողմից՝ յուրաքանչյուր ժամկետային զինծառայող պետք է գիտակցի, որ լինելով հայրենիքի պաշտպան՝ ինքն այլևս չի գտնվում ծնողների և հարազատների խնամքի տակ, և ֆիզիկական ու հոգեպես պատրաստ լինի պատվով կրելու զինվորական ծառայության դժվարությունները և սահմանափակումները»,- ասված է փաստաթղթում:

Դիտվել է՝ 2851

Մեկնաբանություններ