USD481.17
EUR559.84
RUB7.73
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ցանկացած ԸՕ-ով կարելի է լավ ընտրություններ անցկացնել

Ցանկացած ԸՕ-ով կարելի է լավ ընտրություններ անցկացնել
10.07.2018 | 22:10

ԱԺ աշխատանքային խումբը շարունակում է ԸՕ-ի փոփոխությունների շուրջ քննարկումները: Այսօր նրանք լսեցին վարչապետին առընթեր ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանին: Վերջինս եկել էր խորհրդարան, որ նախկին իշխանությունից «ժառանգություն» մնացած քաղաքական ուժերին ասեր, որ չի եկել այնտեղ «բազար անելու» և նրանց առաջարկները չեն տարբերվում, Նաիրա Զոհրաբյանը կասեր, քաղաքացի Վարդուշի առաջարկներից: Բնականաբար, սա չէր կարող չխոցել նրանց, ու քաղաքական ուժերն իրենց վերապահումները ներկայացրին կառավարական հանձնաժողովի տարբեր փոփոխությունների վերաբերյալ: Անցողիկ շեմի նվազեցումը հատկապես ՀՀԿ-ականների սրտով չէր:

«Այսօր ԱԺ ամենափոքր ֆրակցիան ՀՅԴ-ն է, 7 անդամ ունի, ինչքանո՞վ է ճիշտ ունենալ դրանից ավելի փոքր ֆրակցիաներ, ճի՞շտ է դա: Կարծում եմ, որ ՀՀ զարգացման տեսանկյունից ճիշտ չէ, ինչքան փոքրանում են ֆրակցիաները, հարցերի շուրջ կոնսոլիդացիան այդքան դժվարանում է: Քաղաքական դաշտը կգցենք անկայունության մեջ, դա կյանքի ու մահու խնդիր չի, բայց պետք է հասկանանք հստակ տեսլականը: Իմ խորին համոզմամբ, մենք այն փուլում չենք, որ նպատակահարմար է շեմը նվազեցնել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Վիգեն Սարգսյանն ավելի առաջ գնաց և հայտարարեց. «Եթե դուք պնդում եք, որ դուք մասնագիտական հանձնաժողով եք, ինձ մոտ հարց է՝ ո՞վ է ձեզ պատվիրել Ընտրական օրենսգիրք ձևավորել: Ի՞նչ եք դուք գրում, Ընտրական օրենսգրքերի 150 տեսակ կա, ո՞ր մոդելն եք վերցնում, ո՞վ է քվեարկելու դրա համար խորհրդարանում»: Իոաննիսյանը հակադարձեց. «Հանձնաժողովը կառավարության կամ որևէ մարմնի իրավաբանական վարչությունը չէ, որ պատվեր իջեցվի և մենք էլ այդ պատվերի հիման վրա ինչ-որ բան գրենք:

Հանձնաժողովը լսելով կողմերին՝ ձևավորում է դիրքորոշում և անում է դա շատ ավելի ներառական ձևով, քան արվում էր նախկինում, երբ դուք էիք իշխանության: Ամիսներ առաջ նախագիծն արվում էր ու գաղտնի էր պահվում: Մի ստիպեք, որ ես սկսեմ ամեն ինչ հիշեցնել»: Վիգեն Սարգսյանը տեղի չտվեց ու շարունակեց. «Պետության և իրավունքի տեսության դասագրքեր կարդացեք, լա՞վ: Էլեմենտար, պարզ, հասարակ բան է դա: Պատվեր ձևավորելը քաղաքական ուժերի խնդիր է: Եթե դուք մասնագիտական հանձնաժողով եք, դուք տիրապետում եք ԸՕ ձևավորելու միայն մի փոքր հատվածային մասին: Դուք ի՞նչ փորձառություն ունեք, որ Ընտրական օրենսգիրք գրեք, ձեր հանձնաժողովի բոլոր անդամները»:


Սա այն դեպքն է, երբ յուրաքանչյուր կողմ ճիշտ է յուրովի: Իոաննիսյանը, այն է՝ կառավարական հանձնաժողովը, ճիշտ է նախկին իշխանություններին չվստահելու հարցում, քանի որ նրանք չեն կարողացել երբևէ արդար ու նորմալ ընտրություններ անել: Սակայն սխալ է, քանի որ մեծ հաշվով ԸՕ-ն չէր մեղավոր, որ այդպիսին էին ընտրությունները, չկար քաղաքական կամք նույնիսկ ԸՕ-ում ամրագրած դրույթները լիարժեքորեն կյանքի կոչելու համար: Այսինքն, ֆորմալ առումով գրեթե ամեն ինչ ճիշտ էր, սակայն բովանդակությունն ամբողջովին այլ էր:


Նախկին իշխանության ներկայացուցիչներն էլ յուրովի են ճիշտ, քանի որ Իոաննիսյանն անընդհատ հիշեցնում է, թե իրենք մասնագիտական հանձնաժողով են, սակայն այդ «մասնագիտական» հանձնաժողովի անդամները երբեք ԸՕ-ի մշակմամբ չեն զբաղվել, ուստի մի քիչ համեստությունը չէր խանգարի: Հիմա ԸՕ-ի դրույթներ կատարողները նոր իշխանությունն է, սակայն այդ գործում արդեն մեծ փորձ ունեցողներին պետք չէ այդքան կոպիտ դեն «շպրտել»: Ի վերջո, ընտրությունների պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է՝ իր կառավարությամբ, որ հայտարարել է, թե ընտրությունները պետք է լինեն արդար ու թափանցիկ: Այսինքն, եթե կա քաղաքական կամք, ցանկացած Ընտրական օրենսգրքով էլ կարելի է լավ ընտրություններ անցկացնել:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1015

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ