USD481.17
EUR559.84
RUB7.73
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման

Ակն ընդ ական, ատամն ընդ ատաման
11.07.2018 | 05:58

Հուլիսի 10-ի առավոտյան ոստիկանությունը վերջապես հիշեց իր պարտականությունն ու ազատեց Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Դիվանատունը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից, որ հուլիսի 6-ից հաստատվել էին այնտեղ ու կազմալուծել դիվանատան աշխատանքը: Ոստիկանությունը ազատեց տարածքը վրաններից և ցուցարարների այլ իրերից, բայց նախաձեռնության անդամներին նույնիսկ չկալանավորեց։ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը հայտարարեց, որ կտեղափոխվեն Մայր Աթոռ և չեն պատրաստվում հեռանալ։


Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ ներկա էր եղել Հայ առաքելական եկեղեցու համաշխարհային երիտասարդաց միության հավաքին, որ պետք է զսպող ազդեցություն ունենար և վկայեր, որ իշխանությունը կաթողիկոսի հետ խնդիր չունի:
Երբ թավշե հեղափոխությունից ու իշխանափոխությունից հետո ի հայտ եկած «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժումը պահանջում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, Նիկոլ Փաշինյանը երկու անգամ հայտարարեց, որ եկեղեցին անջատ է պետությունից: Իրականում դա նշանակում էր, որ Վեհափառի հրաժարականի պահանջը կապ չունի հեղափոխության հետ, բայց հակաեկեղեցական շարժումը ընկալեց գործողությունների ազատության թույլտվություն ու հուլիսի 6-ին բռնի ներխուժեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան շենք: Պահվածքի ու պահանջների, վարքագծի մասին ավելորդ է խոսել: Ոստիկանության անհասկանալի իներտ պահվածքի մասին` նույնպես: Բռնի գործողությունների դիմած շարժման անդամների կալանավորումը չի նշանակում պետության միջամտություն եկեղեցու գործերին, ընդամենը կարգուկանոնի վերահաստատում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Երեկ Վեհափառի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգևոր խորհրդի ժողով է գումարվել և անդրադարձ է եղել «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դեմ վերջին շաբաթներին իրականացվող հակականոնական գործողություններին, այդ թվում և Դիվանատան շենք ներխուժելու և Մայր Աթոռի աշխատանքը խոչընդոտելու փաստերին»։ «Քննարկելով ստեղծված կացությունը՝ ԳՀԽ անդամներն անընդունելի և դատապարտելի նկատեցին հայտնի նախաձեռնության որդեգրած քայլերը, որոնք խաթարում են ներեկեղեցական անդորրն ու գայթակղություն դառնում հավատացելոց համար»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: Խնդրի առնչությամբ իրենց անհանգստության և դատապարտության խոսքն են հնչեցրել բազում հավատացյալներ Հայաստանից և Սփյուռքից, եպիսկոպոսաց դասը և բազմաթիվ եկեղեցականներ։ Պատասխանատվության ենթարկելու խիստ միջոցների ձեռնարկման վերաբերյալ Ամենայն Հայոց կաթողիկոսին հուլիսի 6-ին խնդրագրով դիմել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանները։ Մայր Աթոռի Կարգապահական հանձնախմբի հուլիսի 6-ի նիստում միաձայն որոշում է կայացվել առաջարկել Վեհափառին՝ կարգալույծ հռչակել Կորյուն աբեղա Առաքելյանին։ Իսկ Վեհափառն ընդամենը մեկշաբաթյա վերջնաժամկետ է սահմանել` «որպեսզի անդրադարձումի ևս մեկ առիթ ընծայվի նախաձեռնության անդամներին՝ դադարեցնելու հակականոնական իրենց գործողությունները և զղջման ու ապաշխարության ճանապարհով վերադառնալու Սուրբ Էջմիածնի խնամակալ հովանու ներքո։ Կորյուն աբեղայի համար որոշվեց անդրադարձումից հետո սահմանել ապաշխարության շրջան վանքերից մեկում»: Հազիվ թե խելապակաս աշխարհականն ու Աստծո պատվիրանները ուրացած աբեղան հասկանան, քրիստոնեական ներողամտության պահը չէ` ակն ընդ ական, ատամն ընդ ատաման սկզբունքը շատ ավելի տեղին է:

Դիտվել է՝ 1379

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ