Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ

Նիկոլ Փաշինյան. Քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ բոլորը հավասար են օրենքի առաջ
11.07.2018 | 13:38

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Հայկ Գրիգորյանին և նշել է, որ Քննչական կոմիտեն Հայաստանի ամենամեծ քննչական մարմինն է, հետևաբար նրա ազդեցությունը քրեաիրավական վիճակի վրա, օրինականություն հաստատելու, հանցագործության պարագայում պատժի անխուսափելիությունն ապահովելու գործում չափազանց մեծ է:

«Հույս ունենք, որ քաղաքական նոր իրավիճակում այս նշանակումով նոր էջ կբացվի ՔԿ գործունեության մեջ և ՔԿ-հասարակություն հարաբերություններում: Կարծում եմ, որ այս նշանակման տրամաբանությունը պարզ է. մենք ուզում ենք, որ ինչպես Հայաստանի քաղաքական կյանքում, այնպես էլ հանրային պետական կյանքի բոլոր բնագավառներում տեղի ունենա որակյալ սերնդափոխություն, ինչի արդյունքում այն լավագույնը, որ կա, այդ թվում՝ ՔԿ-ում, պահպանվի, զարգանա, իսկ այն նեգատիվը, որը նույնպես գոյություն ունի, այլևս գոյություն չունենա: Տեղյակ եք, որ ընթացիկ իրավիճակում մեծ կարևորություն ենք տալիս օրինականության հաստատմանը, հանցավորության, կրիմինալ մտածողության, կոռուպցիայի դեմ պայքարին և սա ՀՀ հանրային կյանքում տեղի ունեցող կարևորագույն գործընթաց է: Բայց մենք նաև ընդգծում ենք, որ այս գործընթացներում մեր խնդիրն ամենևին էլ մարդկանց բանտերը լցնելը չէ, մեր խնդիրն է ՀՀ-ում օրիանականություն ապահովելը, իսկ կոռուպցիայի դեմ պայքարում մեր խնդիրն է նաև պետությանը, ժողովրդին հասցված վնասները մինչև վերջին լուման վերականգնելը: Հույս ունեմ, որ ՔԿ-ն իր հսկայական ռեսուրսով, եռանդով և անկեղծորեն կլծվի այս գործին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:


Հայկ Գրիգորյանը ասել է. «Գիտակցում եմ, որ այս պատմական ժամանակաշրջանում պարտավոր եմ մեր գործունեության ընթացքում պարբերաբար, շարունակական ժողովրդի վստահությունը իրավապահ մարմինների նկատմամբ՝ հանձին Քննչական կոմիտեի, օրեցօր ավելացնել: Մեր գործելաոճի հիմնական սկզունքներն են լինելու թափանցիկությունը, մարդու և քաղաքացու հիմնարար ազատությունների խսստագույնս պահպանումը»:

Փաշինյանը հույս է հայտնել, որ նոր ժամանակներում Հայաստանում քրեադատավարական որոշումները ոչ միայն կհամապատասխանեն քրեական օրենսգրքին, ընթացակարգերին ու կանոնակարգերին, այլև իրականությանը: Նրա խոսքով՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է համոզված լինի, որ Քննչական կոմիտեն ու քննչական մարմինները բարոյապես ի վիճակի չեն շրջելու ճշմարտությունը՝ սևը ներկայացնել որպես սպիտակ, սպիտակը՝ որպես սև: «ՀՀ քաղաքացիները պետք է համոզված լինեն, որ Քննչական կոմիտեի համար բոլոր մարդիկ հավասար են օրենքի առաջ անկախ իրենց անուն-ազգանունից, կենսագրությունից, ծագումից, նախկինում կամ ներկայումս զբաղեցրած պաշտոններից: Սա կարևորագույն խնդիր է, որի լուծումից մեծապես կախված է այն տրամադրությունը, որ հաստատված է ՀՀ-ում և այն իրականությունը, որ կառուցում ենք այսօր: Մեր երկրում հաղթել է սիրո և համերաշխության հեղափոխությունը, բայց սխալվում են և կսխալվեն բոլոր նրանք, ովքեր սեր և համերաշխություն բառերի հաճախակի օգտագործումն ու այդ բառերի շրջանակում տեղավորվող աշխարհայացքը կձևակերպեն կամ կմեկնաբանեն որպես թուլության խորհրդանիշներ»,- ասել է վարչապետը:

Դիտվել է՝ 2076

Մեկնաբանություններ