USD481.17
EUR559.84
RUB7.73
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Ինչո՞ւ Էրդողանը գնաց Բաքու

Ինչո՞ւ Էրդողանը գնաց Բաքու
12.07.2018 | 09:50

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը երդմնակալությունից անմիջապես հետո մեկնեց Բաքու` հակառակ ավանդույթին և նախապես անոնսված ծրագրին` առաջին այցը կատարել Հյուսիսային Կիպրոս, հետո` Ադրբեջան: Արտաքին նշաններից դատելով` այցը արագընթաց էր ու սահմանափակվեց մի քանի ժամով: Առավելևս, որ Էրդողանն ու նրա վիզավին` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պետք է մեկնեին Բրյուսել` ՆԱՏՕ-ի սամմիթին: Այդ պատճառով` հանդիսավորության ժամանակ չկար` պաշտոնական ողջույնից հետո նրանք առանձնազրույց ունեցան: Բաքվի համար բարդ ժամանակներ են: Մինգեչաուրի ջէկի վթարը, երբ երկիրը էներգետիկ կոլապսում հայտնվեց, ցույց տալով Ադրբեջանի խոցելիությունը, այլ արդյունք էլ ունեցավ` ասպարեզ ելավ միշտ գոյություն ունեցած ներքին լարումը: Էրդողանի Բաքու մեկնած օրը Գյանջայում չարտոնված հանրահավաք եղավ ի պաշտպանություն Յունիս Սաֆարովի, որ մահափորձ էր կատարել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ:

Հանրահավաքը ցրելիս զոհվեցին երկու ոստիկան` սպաներ: Գյանջայում Վելիևի մահափորձի գործով զանգվածային ձերբակալություններ էին եղել: ՆԳՆ-ն, գլխավոր դատախազությունը և Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը կարծում են, որ հարձակումը «ծրագրված ահաբեկչական գործողություն էր` քաղաքում իշխանությունը գրավելու նպտակով» և իսլամիստների ձգտումներն են տեսնում «Ադրբեջանում իսլամիստական պետություն հաստատելու, որ ղեկավարվում է շարիաթի օրենքներով»: Այդ իրավիճակում քննչական մարմինների առաջ, որ սկզբում հակված էին «քրեական» իրադարձությանը կրոնական երանգ չտալ, խնդիր է ներկայացնել, որ Սաֆարովը ԻՊ-ի անդամ է կամ կապված է «քաղաքական շիականության» հետ: Եթե դա հաստատվի, կարելի է արձանագրել` Նարդարանի, որտեղ կենտրոնացած է պահպանողական ու շիականությանը նվիրված բնակչություն, որտեղ քանիցս տեղացի շիաները գլուխ են բարձրացրել ու ոստիկանության հետ բախումներում զենք են կիրառել, վերջին արյունոտ իրադարձությունների էպիկենտրոնը սկսում է տեղափոխվել արևմուտք` դեպի Գյանջայի կողմերը` հանրապետության երկրորդ քաղաքի: Գյանջան հատուկ պատմական բնութագիր ունի: 1918-ին Գյանջան դարձավ առաջին դեմոկրատական հանրապետության մայրաքաղաքը և ընդհանրապես միշտ մեծ դեր է խաղացել երկրի հասարակական, քաղաքական ու տնտեսակայն կյանքում: Պետք չէ մոռանալ, որ գյանջեցի Սուրեթ Հուսեյնովը 1993-ին ռազմական հեղաշրջում ձեռնարկեց այն ժամանակվա նախագահ Աբուլֆազ Էլչիբեյի դեմ և փաստացի իշխանության բերեց Հեյդար Ալիևին, իսկ 1994-ին փորձեց նրան տապալել:


Ճիշտ է, հիմա այլ իրավիճակ է: Ադրբեջանցի հայտնի փորձագետ Էյնուլա Ֆաթուլաևը գրում է Haqqin.az-ում քաղաքական շիականության վերածննդի մասին` ակնարկելով, որ նրա ալիքները տարածվում են Հարավային (իրանական) Ադրբեջանից, որ «առանցքային դեր է խաղացել համարյա թե համաշխարհային քաղաքական շիականության գաղափարախոսության ձևավորման մեջ»: Ադրբեջանում քաղաքական շիականության վերածննդի գործընթացների առանձնահատկությունն է, որ սուր ծայրով ուղղված է ոչ այնքան եվրոպական պոստմոդեռնիզմի զարգացման ադրբեջանական տարբերակին, որքան շիական Բաքվի ու սուննի Թուրքիայի ալյանսի դեմ: «Մեկ հարյուրամյակ անց Գյանջան նորից սկսել է հիշեցնել քաղաք, որտեղ թևերը բացած քաղաքական իսլամը հաղթանակ է որոնում»` արձանագրում է Ֆաթուլաևը: Նրա խոսքով` «28 տարում առաջին անգամ Ադրբեջանում իսլամիստները ահաբեկչական գործողություն են արել պետական բարձր պաշտոնյայի դեմ», որ նշանակում է «պատմության նոր հաշվարկ, անդառնալիության կետ և լիբերալիզմի քաղաքական ճգնաժամ երկրում»: Դա լուրջ և Ալիևի ու նրա կողմնակիցների համար հիմնականում անսպասելի շրջադարձ էր երկրում, երբ նրանք հայտնվել են «թուրքական ազգայնականության ու շիական համերաշխության միջև»: Այդ պատճառով Բաքու այցի արդյունքներով Էրդողանի հայտարարությունը Ալիևի հետ համատեղ մամլո ասուլիսում , որ ինքը շարունակում է Բաքվի հետ հարաբերություններում կողմնակից մնալ «Մեկ ազգ, երկու պետություն» բանաձևին, որոշ փորձագետներ ընդունեցին իբրև «թուրքական կերոսին` լցված ադրբեջանական բոցկլտալ սկսող խարույկին»: Ադրբեջանը նոր քաղաքական իմիջ է ձեռքբերում, որտեղ հերթական, բայց պատմականորեն պայմանավորված կովկասյան սահմանը շիաների ու սուննիների միջև է, որ արդեն կա Մերձավոր Արևելքում: Ավելին` ինչպես քաղաքական կոնկրետ պրակտիկան է ցույց տալիս, աճող շիականության դեմ Բաքվի բռնաճնշումների քաղաքականությունը հակառակ արդյունքն է բերելու և մեծացնելու է ալիևյան կլանի դեմ բողոքական շարժումը: Այնպես որ Էրդողանն ու Ալիևը դեմ առ դեմ քննարկելու թեմա ունեին: Ադրբեջանի նախկին ԱԳ նախարար Թոֆիկ Զիֆուղարողը այն կարծիքի է, որ հիմա երկու նախագահների գլխավոր խնդիրն անվտանգության ապահովումն է, մնացածը` երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնումն ու խորացումը, երկրորդական կատեգորիայից է: Առավել ևս, ինչպես նշում է թուրք քաղաքագետ Իրֆամ Գյունդուզը, Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթանակից հետո մտադիր է «վերածել թուրքական ու ընդհանրապես իսլամական աշխարհը գլոբալ քաղաքականության վրա ազդեցության հզոր գործոնի»: Գյունդուզն արձանագրում է, որ Անկարան ու Բաքուն «զարգացման ճանապարհին նշանակալից քայլերի շեմին են»: Սպասենք` ուր են տանելու երկու նախագահներին «նոր» ուղի-ճանապարհները:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ալիևը շիականության գլուխ բարձրացնելու մեջ մեղադրում է Իրանին` համարյա թե բաց տեքստով, համարելով, որ Թեհրանն ապակայունացնում է իրավիճակն Ադրբեջանում: Թեհրանը հերքում է: Էրդողանը խնդիր ունի վերականգնել հարաբերություններն Արևմուտքի ու առաջին հերթին ԱՄՆ-ի հետ և շատ կարևոր է, թե երեկ ու այսօր ինչ հանդիպումներ կունենա Բրյուսելում: Որքան էլ Թրամփը տրտնջա, ՆԱՏՕ-ն մնալու է Արևմուտքի անվտանգության ապահովման համակարգ և իր դերն է ունենալու նաև Հարավային Կովկասում: Սպասենք նաև Նիկոլ Փաշինյանի հանդիպումներին ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1082

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ