Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Անհասկանալի է, թե Ընտրական օրենսգրքի նախագծի քաղաքական պատվերը որտեղից է գալիս»

«Անհասկանալի է, թե Ընտրական օրենսգրքի նախագծի քաղաքական պատվերը որտեղից է գալիս»
12.07.2018 | 20:23

Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ տարվող աշխատանքները շարունակվում են: Թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր մարմնում ԸՕ-ի կատարելագործման ջատագովներն ակտիվորեն քննարկումներ են կազմակերպում, առաջարկներ ներկայացնում ու վերլուծություններ անում՝ պատրաստի փաստաթուղթը խորհրդարանի դատին հանձնելուց առաջ: Բայց, մինչև Ազգային ժողով հասնելը, լրամշակված ու բարեփոխված օրենսգիրքը ներկայացվելու է Վենետիկի հանձնաժողովին:

«Իրատեսի» հետ զրույցում «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆԸ տեղեկացրեց, որ եվրոպացիներին փաստաթուղթը կուղարկվի ամռան վերջին կամ աշնան սկզբին, իսկ հոկտեմբեր ամսին վերոնշյալ հանձնաժողովն իր գնահատականը կտա ԸՕ-ին: Նկատենք, որ այս փուլում նույնպես պատգամավորները Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ պարբերաբար քննարկումներ են անցկացնում: Վերջիններս, օրինակ, կարևորում են ապագա խորհրդարանում մարզային ներկայացուցիչների ներգրավվածության և ԸՕ-ն ընդունվելուց առնվազն մեկ տարի անց միայն այն կիրառելու հարցը: Վերոնշյալ երկու հարցերի առնչությամբ, սակայն, օրենսգրքի շուրջ աշխատանք տանողները միանշանակ կարծիք չունեն:

«Վենետիկի հանձնաժողովին մտահոգում էր փաստը, որ եթե մենք հրաժարվում ենք ռեյտինգային ընտրակարգից, ապա ինչպե՞ս է լուծվելու մարզերից ներկայացուցիչներ ունենալու խնդիրը: Մենք այս խնդրի համար առաջարկում ենք մարզերի ներկայացուցիչների համար քվոտա մտցնել համամասնական ցուցակներում, ինչը սակայն միանշանակ չընդունվեց խորհրդարանական մեր գործընկերների կողմից: Ինչ վերաբերում է ժամկետներին, նրանց հետ վերջին հանդիպման ժամանակ ես բացատրեցի Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակը, ասացի, որ արտահերթ ընտրություններն անխուսափելի են, հետևաբար ժամկետները, այսպես թե այնպես, խախտվելու են: Հանձնաժողովն ընկալեց մեր առաջ քաշած դիտարկումները, շեշտելով, որ կարևորը ներքաղաքական լայն կոնսենսուսով ԸՕ-ի ընդունումն է»,- «Իրատեսին» ասաց տիկին Զոհրաբյանը:


Անդրադառնալով ԸՕ բարեփոխումների շուրջ աշխատող կառավարության խմբի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի այն հայտարարությանը, թե խորհրդարանական ուժերի առաջարկները կընդունվեն այն դեպքում, եթե կառավարության առաջարկների տրամաբանության մեջ լինեն, պատգամավորը նշեց. «Կարծում եմ՝ փոքր-ինչ թյուրըմբռնում տեղի ունեցավ, և Իոաննիսյանն անպայման հաշվի կառնի մեր առաջարկները նույնպես, այլապես կստացվի, որ քննարկումներն անիմաստ էին»:


Մեր դիտարկմանը, որ եթե կառավարությունը «հաշվի չնստի» խորհրդարանական ուժերի հետ, հնարավո՞ր է, որ երկու տարբեր օրինագծեր ներկայացվեն ԱԺ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, թե տեսականորեն հնարավոր է, բայց դա լավագույն տարբերակը չէ:
«Դա բացարձակ անմիտ քայլ կլինի, այդ իսկ պատճառով ես արդեն առաջարկել եմ իմ գործընկերներին ավարտված համարել խորհրդարանական մակարդակի քննարկումները, քանի որ ԱԺ բոլոր 4 ուժերը ներկայացրել են իրենց տեսակետները: Ամբողջական փաթեթը մենք կտրամադրենք կառավարությանը, ըստ անհրաժեշտության կարվեն լրացումներն իրենց առաջարկած նախագծի մեջ, ու կունենանք մի փաստաթուղթ, որ թե՛ ԱԺ-ին կներկայացվի, թե՛ Վենետիկի հանձնաժողով կուղարկվի»,- ասաց նա, հավելելով, որ կոռեկտ չի լինի, եթե Վենետիկի հանձնաժողով օրինագծի երկու տարբերակ ուղարկվի: «Դա ցույց կտա մի պարզ բան՝ մեր մեջ կոնսենսուս չկա, ինչը մեր շահերից չի բխում»,- ասաց մեր զրուցակիցն ու նկատեց՝ եվրոպական կառույցի տված եզրակացությունն արժեքավոր ու պետքական է բոլորիս համար:


Նաիրա Զոհրաբյանի տեսակետը պաշտպանեց նաև ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար ԱՐՄԵՆ ՌՈՒՍՏԱՄՅԱՆԸ: Նա մեզ տեղեկացրեց, որ եվրոպական բոլոր հեղինակավոր կառույցները, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը, պահանջում են փոփոխություններ կատարել համախոհությամբ:
Վերջինիս համար, սակայն, անհասկանալի է՝ ի վերջո մե՞կ, թե՞ երկու նախագիծ է ներկայացվելու: Հստակեցրեց, որ իրենք դեմ չեն երկու տարբերակին էլ, երկուսն էլ ընդունելի են: «Բայց եթե կառավարությունն ինքնուրույն նախագիծ է բերում, ապա խնդիր է առաջանում, քանի որ կառավարությունը հիմնվում է այն քաղաքական ուժերի վրա, որոնք հենց նույն այդ քննարկումն են անում այլ ձևաչափով: Մի քիչ անհասկանալի է՝ այս նախագծի քաղաքական պատվերը որտեղի՞ց է գալիս: Քաղաքական ուժերը, որ ԱԺ-ում կան, բացի Հանրապետականից, ներկայացված են կառավարությունում, հիմա նույն մեր կուսակցության կառավարության ներկայացուցիչներն ի՞նչ պետք է անեն»,- իր մտահոգությունը հայտնեց Արմեն Ռուստամյանը, հավելելով, որ եթե կառավարությունը, այնուամենայնիվ, իր նախագիծը ներկայացնի, ՀՅԴ-ն պաշտպանելու է սեփական թեզերը, որոնք իրենց համար սկզբունքային են:


«Նորից կառաջանա խնդիր, որ կառավարությունը քվեարկությամբ պետք է որոշում ընդունի: Մենք չենք ուզում այդ վիճակն առաջանա, մենք ասում ենք` բոլորս մինչ այդ ինչ ունենք ասելու, ասենք, համադրենք մեր ասածները և հանգենք կոնսենսուսային նախագծի»,- բացատրեց նա:
Դիտարկմանը` վարչապետն իր նախկին հայտարարություններում ասում էր` պետք է քաղաքական ուժերի հետ քննարկենք նախագիծը, համախոհությամբ կոնսենսուսի գանք դրա շուրջ, հիմա փորձում է շրջանցե՞լ այդ հայտարարությունները, Ռուստամյանն արձագանքեց. «Ես այդպիսի վաղաժամ գնահատական չէի տա, մենք առայժմ սա համարում ենք պարոն Իոաննիսյանի տեսակետը, որի հիման վրա չենք կարող ասել, թե այն կառավարության պաշտոնական մոտեցումն է: Դանիելը չէր կարող ներկայացնել կառավարությունը, կառավարությունը կարող է ներկայացնել վարչապետը կամ, առնվազն, առաջին փոխվարչապետը»:


Այնուամենայնիվ, ԸՕ-ի շուրջ քննարկումների այս փուլը Ռուստամյանը ոչ փակուղային է համարում, բայց և նկատում՝ չպետք է ձգտել երկու նախագծերի ճանապարհով գնալ, պետք է համաձայնեցնել մոտեցումները և գտնել այն ընդունելի տարբերակը, որի հիման վրա կարելի է կոնսենսուսի հասնել:
Մեր մյուս դիտարկմանը, որ եթե հաստատվի՝ կառավարությունն առանձին նախագիծ է ներկայացնում ԱԺ, ո՞րն է լինելու քաղաքական ուժերի դիրքորոշումը, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Տեսականորեն այդպիսի վիճակ կարող է առաջանալ, չեմ բացառում, բայց մենք ինքնանպատակ որևէ նախագիծ չենք պաշտպանելու: Պաշտպանելու ենք այն նախագիծը, որում հնարավորինս ընդգրկված են մեր առաջարկները, որովհետև մեր առաջարկները սկզբունքային նշանակություն ունեն»:


Իսկ հարցին, թե տպավորությունն այնպիսի՞ն չէ արդյոք, որ կառավարությունը չի ցանկանում հաշվի նստել խորհրդարանական ուժերի հետ, խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ես չեմ ուզում իմ որոշ տպավորություններ բարձրաձայնել, ես իսկապես կոչ կանեի, որ որևէ մեկը չփորձեր, այսպես ասած, սեփականացնել ճշմարտությունը և պարտադրեր իր տեսակետը: Դա մեզ երբեք լավ տեղ չի տարել: Պետք է փոխզիջումների ճանապարհ ունենալ, անզիջում, կոշտ դիրքորոշումները խափանում են համաձայնությունները: Անզիջում պահվածքը խափանում է քաղաքական զարգացումները և կոնսենսուսի հնարավորությունը»:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4109

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ