Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին

Ջուր ենք լցնում Ադրբեջանի ջրաղացին
13.07.2018 | 00:10

Երկրների միջև դաշնակցային հարաբերությունները սովորաբար փոխադարձ լարվածության որոշակի տարրեր են պարունակում, որոնք, սակայն, ամենօրյա աշխատանքային ռեժիմով կամ քաղաքական հստակ քայլերի օգնությամբ մեղմվում, վերացվում և կառուցողական հուն են մղվում: Բնականաբար, այդպիսի լարվածության տարրեր եղել են և դեռ կլինեն նաև Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններում: Մասնավորապես, նախկին իշխանությունների օրոք հայկական կողմը ռազմավարական հարաբերությունների որակից որոշակի դժգոհություններ ուներ, որոնցից էին Հայաստանի նկատմամբ ռուսական մեծապետական շովինիզմի դրսևորումները, Ադրբեջանին զենքի վաճառքը, ռուս-թուրքական դաշնակցությունը, տարատեսակ իրավիճակներում Ռուսաստանի կողմից ոչ բավարար օժանդակությունը: Հայերի ընկալմամբ` տնտեսական համագործակցությունն էլ չէր ապահովել ակնհայտ դրական արդյունքներ (գազի բարձր գին, ՀՀ-ում ռուսական ընկերությունների ծավալած գործունեության որակ, «Գույք` պարտքի դիմաց» գործարք և այլն):


Նախկինում, Մոսկվայի ընկալմամբ ևս, կարևորագույն մի շարք հարցերում հայերի հետ չկար շահերի ընդհանրություն, հայերը չէին ցանկանում ընթանալ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ուղեծրով և գերագնահատում էին իրենց կարևորությունը: Ռուսաստանի իշխանություններին անհանգստացնում էին Հայաստանի և Արևմուտքի աշխարհաքաղաքական կառույցների միջև (ԵՄ, ՆԱՏՕ և այլն) հաստատված հարաբերությունները, Հայաստանում արևմտյան աղբյուրներից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների և որոշ քաղաքական գործիչների միջոցով հակառուսական տրամադրությունների տարածումը, ինչպես նաև անկախ էներգետիկ նախագծերի գործարկման հեռանկարները:


Այժմ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Հայաստան-Ռուսաստան միջպետական հարաբերություններում լարվածության տարրերը զգալիորեն աճել են: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և հատկապես նրա արևմտամետ քաղաքական շրջապատի վերաբերյալ Մոսկվայում կան որոշակի անորոշություններ («тёмныe лошадки»). ռուսների ընկալմամբ` Նիկոլ Փաշինյանը, Սերժ Սարգսյանի համեմատությամբ, կանխատեսելի գործիչ չէ: Հայաստանի նոր իշխանությունների գործողություններում Ռուսաստանի իշխանություններն «արտաքին խորհրդատուների» ստվերներ են նշմարում, համարելով, որ Փաշինյանն իշխանության է բերել և հատկապես անվտանգության ոլորտում պաշտոնների նշանակել անձանց, որոնք Մոսկվայի համար անընդունելի են:
Հայաստանում իշխանության ղեկը ստանձնած թիմի հետ աշխատելը Ռուսաստանի իշխանություններից այժմ պահանջելու է արդեն կայացած հաղորդակցման ուղիների որոշակի վերանայում և դրանց արդյունավետության վերագնահատում, հետևաբար, Հայաստանի հետ հարաբերվելու մեխանիզմի վերանայումը չի ոգևորում Կրեմլին: Կասկածներ կան, որ իր նկատմամբ Մոսկվայի դրական դիրքորոշումն ապահովելուն միտված Փաշինյանի քայլերը պայմանավորված են արտահերթ խորհրդարանական ընտրություններով, որոնցից հետո հնարավոր է Հայաստանի արտաքին քաղաքականության դեպի Արևմուտք կտրուկ շրջադարձ:
Կարծում ենք, չարժե թվարկել, թե ինչ վտանգներով է հղի այս պահին Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումը: Իսկ ինչ է անում Հայաստանը Ռուսաստանի հետ փոխըմբռնման, հարաբերությունների կանխատեսելիության մակարդակի բարձրացման, Ռուսաստանի իշխանությունների հետ արդյունավետ հաղորդակցման խողովակների թարմացման և Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ ռուսների ընդհանուր զգուշավորության ֆոնի թուլացման ուղղություններով: Գրեթե ոչինչ: Հիշատակված քաղաքական քայլերի փոխարեն Մոսկվա է գնում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն իր սորոսական կենսագրության պատճառով, եթե նույնիսկ Մոսկվայի համար ձեռքսեղմման անարժան (нерукопожатный) կարգավիճակ չունի, ապա շատ մոտ է դրան, և ակնհայտ է, որ նրա միջոցով Ռուսաստանի իշխանությունների հետ հարաբերվելու փորձերն անխուսափելիորեն տապալվելու էին, որովհետև վերջինս չի տիրապետում խնդիրներին, մասնագիտական առումով բացարձակ անպատրաստ է նման մակարդակի հանդիպումներին, Հայաստանում չունի համապատասխան քաղաքական կշիռ (նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար կազմում վերապահումներ կան նրա վերաբերյալ, թեև գիտակցում են, որ նրա ներգրավումն իշխանության մեջ Սորոսի հետ փաթեթային համաձայնության մաս է):


Պատահական չէր, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը ՌԴ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ ձախողվել է: Վերջինս հայտարարել է, որ Ռուսաստանը Արցախյան հարցի փուլային կարգավորման տարբերակի կողմնակից է, և եթե Հայաստանը չի ընդունում այն, ապա պետք է պատրաստվի պատերազմի (մնացած մանրամասները, հասկանալի պատճառներով, չենք ներկայացնում):


Տապալվել է նաև ՀՀ ԱԽ քարտուղարի հանդիպումը ռուսաստանյան քաղաքագետների հետ, քանի որ հանդիպմանը մասնակցել են այդ մասնագիտական շերտի չորրորդ կարգի անդամներ: Ռուսաստանում ՀՀ դեսպանատան կազմակերպած ընդունելությանն էլ ներկա են գտնվել հայ համայնքից սակավաթիվ մասնակիցներ (նկարները դրված են համացանցում), իսկ քարտուղարի ելույթն էլ աչքի է ընկել բացառիկ անբովանդակությամբ:
Ամփոփելով ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Մոսկվա, կարելի է եզրակացնել, որ նա այն գործիչը չէ, որ պետք է ներգրավվի ռուսների հետ շփումներում, առավել ևս, լուրջ հաղորդակցություններում, իսկ այս դեպքում նրա այցի նպատակը ոչ թե ռուսների հետ հարաբերությունների բարելավումն է (բնականաբար, Հայաստանում կան մարդիկ, որոնք կարող են այդ ուղղությամբ արդյունավետ աշխատել), այլ հակառակը` դրանցում առկա լարումների հետագա սրացումը, ինչպես նաև որպես հարակից նպատակ` Արմեն Գրիգորյանի քաղաքական PR-ը Հայաստանի ներսում:


Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների վատթարացումը Ադրբեջանի ռազմավարական նպատակներից է, և մեր հակառակորդի վերջին շրջանի քայլերի գերակշիռ մասն ուղղված է հենց դրան, այն է` հնարավոր պատերազմից առաջ Հայաստանը հեռացնել ռազմավարական դաշնակցից: Հետևաբար, Ռուսաստանի հետ հարաբերություններում մեր պաշտոնյաների ապաշնորհ գործողությունները կամ անգործությունն ուղղակիորեն ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին և հղի են երկրի համար ծանր հետևանքներով:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2171

Մեկնաբանություններ