Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Վարչապետը ստիպված է լինելու ֆիլտրել իր հեղափոխական ուղեկիցներին

Վարչապետը ստիպված է լինելու ֆիլտրել իր հեղափոխական ուղեկիցներին
13.07.2018 | 00:20

Վերջին օրերին ռուսաստանյան փորձագիտական և վերլուծական շրջանակներում կրկին ու կրկին անդրադարձել էին Հայաստանի նոր իշխանությունների քաղաքականությանը։ Եվ այդ համատեքստում Կրեմլին մոտ կանգնած տեղեկատվական ռեսուրսները գրեթե միաբերան եկել էին այն եզրակացության, որ ՌԴ-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեպքում առանձնապես խնդիրներ չունի։ Երկու հանդիպումները, որ տեղի ունեցան Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև, Մոսկվային որոշակի հույս ու հավատ ներշնչեցին, որ ՀՀ վարչապետի հետ կարելի է շարունակել աշխատել այնպես, ինչպես նախկինում ՀՀԿ-ն ներկայացնող իշխանությունների հետ։


Իհարկե, վերլուծաբանները նշում են, թե Փաշինյանը դեռևս չունի վստահության այն աստիճանը, ինչ կար Սերժ Սարգսյանի նկատմամբ, որը ձևավորվել էր տարիների ընթացքում, սակայն, այնուամենայնիվ, վերլուծությունն ու ՀՀ կառավարության ղեկավարի հետ շփումները ցույց տվեցին, որ նրա հետ Մոսկվան և անձամբ Վլադիմիր Վլադիմիրովիչն առանձնապես դեմ չեն հարաբերվելու։ Բայց այս ամենին զուգահեռ մոսկովյան պաշտոնական շրջանակներում կա բավականին լուրջ բացասական վերաբերմունք ՀՀ վարչապետի շրջապատի կամ այլ կերպ ասած՝ մեծ թիմի որոշ անդամների նկատմամբ։ Ընդ որում, այդ նեգատիվ վերաբերմունքն ու վերապահումներն առանձնապես չեն թաքցվում։


Փաշինյանի նկատմամբ ռուսական վերաբերմունքն իհարկե պայմանավորված է պրագմատիկ անալիզով։ Համարվում է, որ ՀՀ վարչապետը շատ արագ հասկացավ, որ ՌԴ հետ հարաբերություններում կտրուկ փոփոխություններ անելը բավականին ռիսկային է՝ հաշվի առնելով և՛ աշխարհաքաղաքական վիճակը, և՛ Արցախի հարցը, և՛ տնտեսական, առավել ևս պաշտպանական բաղադրիչները։ Պրագմատիզմը նաև հուշում է, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում Հայաստանում դժվար թե գտնվեր որևէ ուժ, որը կտրուկ շարժումներ աներ նման իրավիճակում։


Վերջերս ավելի ու ավելի շատ են մատնանշում, որ Հայաստանի վարչապետը պետք է վերանայի իր կադրային քաղաքականությունը, քանի որ օրեցօր աճում է դժգոհությունը Փաշինյանի կաբինետում աշխատող և Սորոսի հիմնադրամի հետ ասոցացվող երիտասարդ գործիչներից։ Եվ վերջին օրինակը սորոսյան կառույցների վառ ներկայացուցիչ համարվող, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումն էր ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Պատրուշևը, ի դեպ, համարվում է Պուտինի ամենամերձավոր շրջապատի անձ, ամենավստահելի ու տեղեկացված մարդկանցից մեկը, որը, երկար տարիներ լինելով անվտանգության համակարգի աշխատակից, գիտի բոլորին մինչև ուղնուծուծը ոչ միայն Ռուսաստանում, այլև ամբողջ աշխարհում։ Ըստ ամենայնի, նա լավ տեղեկացված է այն մասին, թե ՀՀ իշխանության և ընդդիմադիր շրջանակներում ով ով է, ինչ թիկունք ունի։


Թեև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարն այս էլ որերորդ անգամ հանրությանը ցանկանում է համոզել, որ ՌԴ ներկայացուցիչների հետ իր հանդիպումներն անցնում են փոխվստահության մթնոլորտում, այնուամենայնիվ, բոլոր հանգամանքները հուշում են, որ այդ հանդիպումները բավականին բարդ մթնոլորտում են կայանում։ Այնտեղ կարծես թե Արմեն Գրիգորյանի առջև շատ հստակ դրվում են անվստահության նոտաները։ Դրա արտացոլումն էր Պատրուշևի հետ հանդիպումից հետո ՌԴ Անվտանգության խորհրդի պաշտոնական հաղորդագրությունը։ Այստեղ նշվել էր, թե Ռուսաստանն Արցախյան հարցում կողմ է փուլային տարբերակին, որը Հայաստանում ասոցացվում է ադրբեջանական տարբերակի հետ, ինչին մեր երկրում բավականին լուրջ վերապահումով են վերաբերվում։ Ընդ որում՝ դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակաշրջանից սկսած։ ՈՒ թեև որոշակի խմբագրական աշխատանքի ու խնդրանքների շնորհիվ պաշտոնական հաղորդագրությունները շտկվում են, սակայն, այնուամենայնիվ, բոլորը հասկանում են, որ խնդիրներ իրոք կան։ ՈՒ նման անվստահության մթնոլորտը շատ դեպքերում պայմանավորված է անձերով։


Այս պարագայում Նիկոլ Փաշինյանը բավականին լուրջ ընտրության առջև է կանգնել։ Թեև նա իր անձի շուրջ անվստահության մշուշը ցրում է, սակայն հասկանում է, որ կառավարման համակարգում կան որոշ դեմքեր, որոնք ի վիճակի չեն աշխատելու լուրջ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ, քանի որ վերջիններս ուղղակի դրա ցանկությունը չունեն։ Իսկ այդ իրավիճակը հանգեցնում է նրան, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները չեն լուծվում։ Դա առավել վտանգավոր է դառնում, երբ հարցը վերաբերում է մեր պաշտպանունակությանը, անվտանգության համակարգերին։


Տարբեր փորձագիտական աղբյուրներ այս թեմայի շուրջ հստակ ուղերձներ են հղում։ Իսկ որոշ փորձագիտական աղբյուրներ երբեմն շատ ավելի կարևոր ու ազդեցիկ են, քան շատ պաշտոնական կարծիքներ։ Այդ փորձագիտական կարծիքներն են, որ դրվում են որոշում ընդունողների սեղաններին, և այդ կարծիքների համապարփակ վերլուծության հիման վրա է ընդունվում այս կամ այն որոշումը, որը առնչվում է նաև Հայաստանի հետ։ Փորձագիտական կարծիքներն անմիջականորեն ձևավորում են քաղաքականությունը ինչպես Ռուսաստանում, այնպես էլ ԱՄՆ-ում, Եվրոպայում և այլն։ Եվ այդ փորձագիտական աղբյուրները վերջերս բարձրաձայնեցին, որ Ռուսաստանը չի տրամադրում ինֆորմացիա ՀՀ Անվտանգության խորհրդին, քանի որ կասկածներ ունի, որ այդ ինֆորմացիան կարող է փոխանցվել ՌԴ-ի համար ոչ ցանկալի կենտրոնների, որոնք կապված են Սորոսի հիմնադրամի հետ։ Հասկանալի է, որ Ռուսաստանում չեն ցանկանում, որ իրենց ռազմաբազայի մասին տեղեկությունները, հայ-ռուսական զորամիավորման տեխնիկատակտիկական տվյալները հասնեն ՌԴ ոչ բարեկամ կառույցներին, առավել ևս որ դրանք պետական չեն, այլ վերպետական կենտրոններ, օթյակներ են։


Պարզ է, որ Ռուսաստանի համար չի կարող միևնույնը լինել, թե «Իսկանդեր» ունեցող Հայաստանում ով է տիրապետելու և կառավարելու ստրատեգիական նշանակության այդ զենքը։ Ի դեպ, խոսքը միայն «Իսկանդերի» մասին չէ։ Շատ կոճակներ կան, որոնք նաև Հայաստանով են անցնում։ Այս խնդիրներն այնքան էլ վտանգավոր չէին լինի, եթե լուծվեին, բայց դրանք չեն լուծվելու, քանի դեռ Ռուսաստանում չեն ցանկանում աշխատել անվստահելի մարդկանց հետ ու նրանց փոխանցել փաստաթղթեր։ Այդ ամենից տուժում է Հայաստանը։
Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը երկընտրանքի առջև է կանգնած։ Հեղափոխությունից ի վեր նա շատ ուղեկիցներից է կարողացել ազատվել։ Այժմ եկել է Սորոսի ազդեցությունից ազատվելու ժամանակը, առավել ևս որ Սորոսին թշնամաբար են վերաբերվում ինչպես ռուսներն ու իրանցիները, այնպես էլ պաշտոնական Վաշինգտոնը։


Վերջին շրջանում Սորոսի սաների նկատմամբ բավականին լուրջ բացասական մթնոլորտ է սկսում ձևավորվել նաև Հայաստանում ու Արցախում։ Փորձեցին Սորոսի հիմնադրամի հետ կապված կառույցների, մասնավորապես պատգամավոր Հայկ Խանումյանի միջոցով ապակայունացնել իրավիճակը հայկական երկրորդ հանրապետությունում, բնականաբար՝ ժողովրդավարության կարգախոսների ներքո։ Բայց կյանքը ցույց տվեց, որ Արցախում առողջ ուժերը, այդ թվում՝ ընդդիմադիր շրջանակներում, նրան առանձնապես չաջակցեցին։ Սա վկայում է, որ Արցախի ներքին իմունիտետը շատ ավելի բարձր է, քան Հայաստանում, ինչը պայմանավորված է այնտեղ տիրող առանձնահատուկ իրավիճակով. ռազմական խնդիրներն Արցախում առաջին պլան են մղված։


Վերջին զարգացումները Հայ առաքելական եկեղեցու հետ կապված նույնպես տանում են դեպի սորոսածին կառույցներ։ Ընտրված էր կաթողիկոսի դեմ զգացմունքային թեմա, սակայն եկեղեցու բարեփոխման համար կարգախոսներով հանդես էին գալիս բավականին կասկածելի տարրեր։ Սրան գումարվում է նաև այն փաստը, որ այսօր իշխանական համակարգում բավականին ամուր դիրքեր ունեն նաև աթեիստներն ու աղանդավորական շարժումները։ Ի դեպ, շատ էր խոսվում, որ վերջիններս աջակցում էին նաև հեղափոխությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է ընդգծենք, որ Փաշինյանը բավականին լուրջ ընտրության առջև է կանգնած, պետք է փորձի ֆիլտրել նրանց, քանի որ նրանք նոր իշխանությունում դառնալու են 5-րդ շարասյուն։


Եթե հեղափոխությունից հետո ժամանակավոր կառավարությունում Սորոսի մարդկանց նշանակելով՝ Նիկոլ Փաշինյանը որոշակիորեն փոխհատուցել է Սորոսից ստացված աջակցությունը, ապա ընտրություններից հետո, երբ Փաշինյանը վերջնականապես կլեգիտիմացնի իր իշխանությունը առանց որևէ կասկածելի տարրերի ու շարժումների, շատ ավելի ազատ է լինելու կադրային քաղաքականության մեջ։ Ամենայն հավանականությամբ նման խոսակցություն գուցե եղել է նաև Մոսկվայում։ Չի բացառվում, որր Փաշինյանը Պուտինի հետ հանդիպմանն ասել է, որ պետք է համբերել։ Ինքն իր պարտքը տվել է իրեն աջակցելու դիմաց, արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո լուրջ վերանայումներ կլինեն նաև կադրային ոլորտում, կազատվեն կասկածելի գործիչներից, որոնք փաստացի հարվածի տակ են դնում Հայաստանի ազգային անվտանգությունը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ