«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Տանտերերը կցել-կցմցել են պատերն ու ապրում են Աստծո հույսով

Տանտերերը կցել-կցմցել են պատերն ու ապրում են Աստծո հույսով
13.07.2018 | 09:18

«ԳՅՈՒՂԸ ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ ՉՈՒՆԻ, ԻՍԿ ԽՄԵԼՈՒ ՋՐՈՎ ՏՆԱՄԵՐՁԻ ՄՇԱԿՈՒՄԸ ՁԵՌՆՏՈՒ ՉԷ»


Մաքրավան համայնքը, որն այսօր համարվում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թաղամաս, ապրում է իր զուսպ ու համեստ կյանքով: Համայնքի երիտասարդ բնակիչները հպարտությամբ նշում են, որ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում տեսել են Վարպետի վրձնին պատկանող Մաքրավանի համայնապատկերը:


Մաքրավանի բնակչի համոզմամբ՝ համայնքում կյանքը ոչ առաջ էր մի բան, ոչ թաղամաս դառնալուց հետո: «Գյուղի ձախակողմյան հատվածի հարուստ դաչաներին չխաբվեք: Հարուստների թաղամաս է, ամռան սեզոնին ապրում են իրենց համար, ոչ վարուցանքի հոգս ունեն, ոչ ձմռան վառելիքի: Գալիս երկու-երեք ամիս հանգստանում, դռները փակում գնում են: Հոգսը մնացող-ապրողինն ա»:
Մաքրավանի թեք ու անբարեկարգ փողոցների վիճակը մշտապես արդարացվում է համայնքի աշխարհագրական դիրքով: Տարիներ առաջ գյուղամիջի գլխավոր գրունտային փողոցը ծածկվեց բետոնե մեծ սալիկներով ու հորդառատ անձրևների ժամանակ գյուղի վերևից հոսող սելավն այլևս նախկինի պես վնաս չի պատճառում:


«Գյուղապետ Արայիկ Առաքելյանը լավ տղա է, գյուղը յոլա է տանում, գյուղից մինչև մեր խոտհարքները գրունտային ճանապարհ սարքեց, քանի տարի օգտագործում էինք էդ ճանապարհը: Նա ապահովում էր մեքենայով, վառելիքով, որ մարդիկ գնան վարելահողերը մշակեն, էդ տարիներին կարգին բերք ստացանք: Բայց ժողովուրդն էլ մեղավոր է, շատերն աշխատել չեն ցանկանում, ոմանք թողել գնացել են, տարեցներն էլ սարեր գնալու ուժ չունեն,- ասում է Մաքրավանի զրուցասեր բնակիչ Խորեն Սիմոնյանն ու շարունակում,- այստեղ առաջ արջանոց ա եղել, 225 տարի շարունակ: Երբ 1604-ին Շահ Աբասը ժողովրդին տեղահան է անում, ժողովրդի մի մասը բարձրանում է Ալիբեկ սարի փեշերը, ով էլ չի հասցնում փախչել, շահի հրամանով գաղթում է: Իմ պապերը Տաճկաստանից են, Գռզոները որ կան, Բաղդասարի ծոռներն են, ես էլ եմ էդ տոհմից: 1829-ին Բաղդասարը նախ եկել է Ելենովկա գյուղ, հետո գնացել Խաղաղ Դոն, այնտեղից միացել է մալականների քարավանին, եկել Ծաղկաձոր, չի հավանել տեղանքը, նոր ընդեղից իջել է էս տարածքը:


Գյուղը ոռոգման ջուր չունի, իսկ խմելու ջրով տնամերձի մշակումը ձեռնտու չէ, թեև ուրիշ ելք չունեն: Խորենի փոխանցմամբ բանջարանոցային կուլտուրաներից աճեցնում են հիմնականում սխտոր, որի 1 կիլոգրամը փոխանակում են 10 կգ կարտոֆիլի հետ: Կաղամբ մշակողները հատուկենտ են, ջրասեր կաղամբի մշակումը նույնպես թանկ արժե: Թեև գյուղն ունի բնական աղբյուրներ, որոնցից ամենահայտնին Խշոյի ու Քրքոյի սառնորակ ու քաղցրահամ աղբյուրներն են, սակայն դրանք էլ ժամանակի ընթացքում նոսրացել են ու այսօր ծառայում են որպես կարճատև հանգստավայր:


Համայնքի աջակողմյան հատվածի մի քանի տներ սողանքների վրա են ու ամեն պահ կարող են փլվել: Տեղափոխման, նոր հողահատկացման համար տարածքներ չկան, ֆինանսական չնչին աջակցությամբ տանտերերը կցել-կցմցել են պատերն ու ապրում են Աստծո հույսով:
Բնությունը Մաքրավանի հանդեպ բարեհոգի է ամռան սեզոնին: Ծառաշատ տնամերձներում աշխատող ձեռքի արդյունքը աչք է շոյում: Սակայն քիչ չեն բարձիթողի ու ամայի տնամերձները, որոնց տերերը դռները փակել-հեռացել են ժամանակավոր կամ ընդմիշտ:

ԳՅՈՒՂԻ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ


Մաքրավանի «բրենդը» երկաթգծի «Հրազդան» կայարանից արդեն իսկ աչքի զարնող, գյուղամիջյան թեքության վրա հպարտորեն կանգնած 9-րդ դարի կոթող Մաքրավանքն է: Վանքի գլխավոր կառույցը՝ XIII դարում կառուցված Սբ Աստվածածին եկեղեցին, մեկ զույգ որմնամույթերով, արևմտյան կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճի տիպի կառույց է։ Եկեղեցին շրջապատված է բազմաթիվ խաչքարերով։ Հարավային կողմում գտնվում է միանավ եկեղեցի։ Սբ Աստվածածին եկեղեցուն արևմուտքից կից է եղել գրեթե քառակուսի հատակագծով գավիթը, որի պատերի հիմքերն են մնացել։ Վանքի արևելքում զարդաքանդակ խաչքարերով փոքրիկ գերեզմանոցն է։


Ի դեպ, մաքրավանցիները լավ գիտակցում են, որ պատմամշակութային ժառանգության պահպանման խնդիրն ամենահրատապներից է, որովհետև կորցնելով այդ արժեքները, մենք կորցնում ենք մեր պատմությունն ու մշակույթը: ՈՒստի զարմանալի չէ, որ այս հրաշագեղ վանքի տարածքում գտնվող բազմաթիվ խաչքարերից երկուսի գողությանը ցավով արձագանքեցին ու գյուղի մեծ ու փոքրով ոտքի կանգնեցին պահպանելու եղածը:
Մաքրավանի խաչքարերից մեկն անգամ ճամփորդել է Ֆրանսիա` 2006 թվականի սեպտեմբերի վերջին մեկնարկած «Հայաստան, իմ բարեկամ» Հայաստանի տարին Ֆրանսիայում ծրագրի շրջանակում և Լուվրում մասնակցել «Սուրբ Հայաստան» խորագիրը կրող խաչքարերի ցուցահանդեսին։


Եկեղեցու մասին պատմող փաստերը վկայում են, որ պարսիկներն այն դարձրել էին գոմ: Հետագայում, երբ գյուղն ազատվել է պարսիկների տիրապետությունից, գյուղի բնակիչները ձեռնամուխ են եղել մաքրելու եկեղեցու ներսն ու տարածքը: Ժամանակի ընթացքում եկեղեցին գործել է ընդմիջումներով: Խորհրդային տարիներին թեև Սբ Աստվածածին եկեղեցին մոռացության էր մատնվել, այնուհանդերձ բնակիչների հոգու խորքում շարունակել է ապրել հավատը: Տարեց մարդիկ այսօր էլ հիշում են, թե համագյուղացի Անդրանիկ Գալոյանի դեմքն ինչպես էր ծռվել, երբ նա կոմկուսի ցուցումով եկեղեցու գմբեթից փորձել էր հանել խաչը: Եվ միայն կատարվածի հանդեպ վախը կանխեց այդ սրբապղծությունը և (ինչպե՜ս չհավատաս հրաշքին) նրա դեմքի մկաններն ուղղվեցին:


Այսօր եկեղեցու ճռռացող փայտե դռները այցելուների խնդրանքով հազվադեպ են բացվում: «Տարիներ առաջ եկան ու տանիքն իբր վերանորոգեցին, բայց էլի կաթում է,- նեղսրտած պատմում է պահակը՝ մի ծեր կին,- բա ի՞նչ անեմ, որ չփակեմ: Մի երկու սրբապատկեր կա, գան դա է՞լ գողանան»:
Վանքային համալիրներին կից եկեղեցական խորհուրդը լիազորված է լուծելու առկա խնդիրները: Սակայն, ինչպես երևում է, նա անտեղյակ է գյուղամիջյան մշակութային կռիվներին: Հոգատարության բացակայությունը եկեղեցու շրջակայքը տարիներ շարունակ վերածել էր հնձած խոտ, ինչու չէ, նաև բուրդ չորացնելու տարածքի: Մինչ հուշարձանների պահպանությունն իրականացնող մարդիկ զբաղված են դրսում (Վրաստան, Թուրքիա) մեր հոգևոր մշակույթի դեմ իրականացվող վանդալիզմը կանխելու հարցով, ներսում անտերության մատնված որքան կոթողներ են մաշվում ու քայքայվում:

ՍԱՌՈՒՅՑԸ ՇԱՐԺՎԵՑ


Սբ Աստվածածին եկեղեցու բակում հռնդացող տրակտորի ձայնը զարմացրել էր ինչպես ինձ, այնպես էլ մի քանի այցելուների: Եկեղեցու մշտապես փակ դուռն այս անգամ բաց էր, ու մոմը վառելուց հետո որոշեցի զրուցել արդեն ինձ ծանոթ Խորենի հետ:
Պարզվեց, Կոտայքի մարզի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս սրբազանը բազմաթիվ բարեգործների է դիմել վանքի վերանորոգման խնդրանքով, սակայն ապարդյուն: Ի վերջո, Սրբազանը մաքրավանցիների հետ դիմեց Գագիկ Ծառուկյանին և օգնությունը չուշացավ: Վերջինս խոստացավ, որ մինչ տարեվերջ եկեղեցին կգործի ամբողջովին:
-Արդեն մի քանի օր է, որ Գագիկ Ծառուկյանի աջակցությամբ սկսվել են վերանորոգման աշխատանքները: Բնապահպանների միջնորդությունն էլ կա: Նրանք հայտարարել են, որ եկեղեցու քարերը որպես հնություն թանկ արժեն, ամեն մի քարը քանի տոննա ոսկու հետ չեն փոխի: Մեր եկեղեցում եղել է նաև Դավիթ Անհաղթի նկարը՝ թուրը ձեռքին, դա էլ չկա, թե ո՞վ ու ե՞րբ է գողացել, տեղյակ չենք: Գագիկ Ծառուկյանը խոստացել է, որ բակում ժողովրդի համար ծածկով նստատեղ կսարքի, եկեղեցու ներսը կվերանորոգի, վարագույրի հարցն էլ կլուծի: Վերջապես գյուղի հարսանիքների ու կնունքների համար Ծաղկաձոր կամ էս ու էն գյուղերը չենք գնա: Հիմա էլ թող մեր եկեղեցին գան,- պատմեց ամեն ինչի գիտակ Խորենը:


Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4430

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ