Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Գելխեղդ գամփռի տխուր մտորումները

Գելխեղդ գամփռի տխուր մտորումները
13.07.2018 | 09:22

Дай, Джим, на счастье лапу мне,
Такую лапу не видал я сроду,
Давай с тобой полаем при луне
На тихую, бесшумную погоду.
Дай, Джим, на счастье лапу мне.

Сергей ЕСЕНИН,
«Собаке Качалова», 1925 г.


-Հա՛ֆ, հաա՛ֆ, հա՛ֆ-հաֆ…
(Այո, եղբայր շներ, որ սփռված եք աշխարհով մեկ և հիմա լսում եք ինձ… Այո, տխուր եմ, անչա՜փ տխուր, և գնալով ավելի եմ տխրում։ Ո՛չ, ոչ, ինձ համար չէ, չնայած ես էլ ձեզ նման բազմաթիվ պատճառներ ունեմ, չէ՞ որ խուլ չեմ, գիշեր-ցերեկ լսում եմ ձեր բողոքները։ Արդարացի՛ բողոքները։ Աշխարհն առանց մեզ վաղո՜ւց կործանված կլիներ: Բայց ո՞վ է հասկանում, ո՞վ է գնահատում մեզ)
-Հա՜ֆ, հաա՜ֆ, հաֆ-հաա՜ֆ…
(Ո՛չ, ոչ, իսկապես ինձ համար չեմ ասում, այլ տիրոջս համար եմ մտահոգված, խորապե՜ս, հաց ու ջրից, քնից ու հանգստից իսպառ զրկվելու չափ։ Չնայած քուն ասվածը մեզ համար չէ, մենք որ փաստորեն մի աչքը բաց ենք քնում, բայց դրանից էլ եմ զրկվել, ախորժակս կորցրել, հալումաշ եմ եղել։ Ոսկոր ու կաշի եմ դարձել։


Հարցնում եք, թե ինչու եմ անհանգիստ տիրոջս համար: Կներեք, իմ եղբայր և քույր շներ, ինձ զարմացնում է ձեր հարցը։ Դուք, որ պիտի հասկանայիք իմ կես հաչոցից։ Չէ՞որ բոլորս գրեթե նույն վիճակում ենք, նույն ցավերն են տանջում մեզ` շնային ամբողջ ցեղին։ Ճիշտ է, մեր մեջ հատուկենտ այլասերված արարածներ կան, որ դնչները տնկած սպասում են հերթական ոսկրաբաժնին և անկարող են դրանից զատ ուրիշ բանի մասին մտածել, բայց, համոզված եմ, որ մեր շնային ցեղի ջախջախիչ մեծամասնությունը պահպանել է իր ազնվազարմ արժանապատվությունը, ուստի չի կարող անտարբեր լինել աշխարհի անբարեկարգության հանդեպ:)
-Հաա՞ֆ…
(Արդյոք չե՞մ սխալվու՞մ։ Ինձ թվաց, թե հարազատ հաչոց լսեցի։ Իմ փառահեղ տոհմի հաչոցը, որ շրջակա բոլոր շնագայլերին ու աղվեսներին հեռու էր վանում մեր փարախից ու հավաբներից։ Հա՜, այդ դու ես, ձագ իմ, արդեն երկու տարեկան պիտի լինես։ Չեմ կասկածում, որ հզոր գամփռ ես դարձել… Այո, իրավացի ես, իմ տերը, մե՛ր տերը շատ բարի է։ Հուսամ հիշում ես` նա չթողեց, որ քեզ, նորածին քոթոթին գետը գցեն, այլ պահեց ու խնամեց և նվիրեց իր ընկերներից մեկին, իր նման բարի մի մարդու։ Ոչ, ոչ, իմ տիրոջից բողոքելու պատճառ չունեմ։ Երանի՜ դուք բոլորդ այդպիսի տեր ունենայիք…)
-Հա՜ա…ֆ…
(Ես նրա համար անհանգիստ եմ, որովհետև շրջապատված է չար մարդկանցով, ասես բորենիներ լինեն, որ պատեհ առիթի են սպասում` նրան հոշոտելու։ Այո, այո, ասածս չափազանցություն չէ, և եթե աչքս վրան չպահեմ, վաղուց հոշոտած կլինեին… Այսինքն, կներեք ինձ, բորենիներ ու շնագայլեր, որ ձեզ համեմատեցի դրանց հետ։ Դրանք ուրիշ տեսակի արարածներ են։ Դուք դրանց համեմատ շատ ավելի բարի եք, ի վերջո, մեր շնային ցեղից շատ հեռու չեք։)
- Հա՛ֆ…
(Եթե այդ տան մեջ միայն իմ տերը լիներ, կհաշվեի, որ դրախտ եմ ընկել։ Մսի ամենալավ կտորներն ինձ է տալիս։ Ես արդեն մեծ գամփռ եմ, բայց առաջվա պես, ամեն օր առատորեն կաթ է լցնում իմ ամանի մեջ։ Ես էլ, մեղքս ինչ թաքցնեմ, կաթ շատ եմ սիրում։ Այդքանն էլ կարծես քիչ է, հատուկ սնունդ է բերում մետաղյա տուփերով, բացում լցնում է առջևս։ Մի խոսքով, ո՞րն ասեմ, տիրոջս առումով բախտս բերել է, այնպես որ դժգոհությանս պատճառը նա չէ, այլ նրա կինը, նրա ամբողջ գերդաստանը, մանավանդ ամուսնու եղբայրը։ Երախս չի բացվում, որ պատմեմ, թե դրանք ինչե՜ր են անում այդ տան մեջ։)
-Հաֆ…


(Տերս հաճախ է բացակայում, շատ չէ, մի քանի օրով։ Ինչ-որ տեղ է գնում։ Եվ այդ օրերը կատարյալ աղետ են դառնում ինձ համար։ Տիրոջս հեռանալուն պես անմիջապես հայտնվում է նրա եղբայրը` ջրով լի շիշը ձեռքին։ Այո, թվում է, թե դա մաքուր, զուլալ ջուր է, բայց դա ջուր չէ, այլ ահավոր մի բան։ Շիշը բացելուն պես, հոտը տարածվում է տնով մեկ, չգիտեմ թե դունչս ուր խրեմ, որ այդ գարշահոտությունը չշնչեմ։ Մի անգամ նույնիսկ այդ հրեշը` տիրոջս կինը, կաթիս ամանի մեջ լցրեց և հռհռալով, գլուխս ամուր բռնած, դունչս մտցրեց մեջը։ Աչքերիս առջև սևացավ, քիչ մնաց ոտքերս ձգեի։ Մի կերպ գլուխս ազատեցի և կաղկանձելով փախա մտա մահճակալի տակ…
Բայց դուք տեսեք, թե դրանք ի՜նչ մի հաճույքով են խմում այդ սոսկալի ջուրը։ Դողացող ձեռքերով լցնում են փոքրիկ բաժակների մեջ, ինչ-որ անհասկանալի բաներ ասում իրար, հետո միանգամից կուլ տալիս։ Եվ տեղնուտեղն ինչպե՜ս են փոխվում… Երեսները կարմրում են, աչքները` փայլում, սկսում են ագահորեն խժռել, ծխել, հռհռալ, նորից ծխել, անդադար խմել ու ծխել, տունը լցվում է ծխով, չգիտես ուր փախչես, հետո վիճում են, գոռգոռում, ձեռուոտը միաժամանակ շարժում։ Հետո… ամոթ է նույնիսկ ասել… այդ ամուսնու եղբայրը մոտենում է տիրուհուս, գրկում, համբուրում, մերկացնում ոտքից գլուխ և մարմինը լպստում։ Կինն էլ հետ չի մնում։ Քիչ է մնում այդ անամոթ լակոտին հոշոտի…)


-Հա՜՜՜՜՜ֆ…
(Դե, լակոտն էլ կնոջը գցում է մահճակալին, հարձակվում վրան, և ասես կռիվ են տալիս իրար հետ։ Կինը ոտքերը լայն բացած ճիչեր է արձակում, լալիս, տնքում, աղաղակում, ահավո՜ր մի աղաղակ… ասես խեղդում են, սպանում։ Իսկ լակոտը եզի պես բառաչում է…
Ես էլ խոհանոցում, ինչպես միշտ լուռ ու կծկված, լսում եմ այդ ճիչերը։
Մի անգամ չդիմացա: Տիրուհիս սոսկալի, սովորականից ավելի ուժգին էր տնքում, հետն էլ մի ահավոր աղաղակ արձակում։ Մոտեցա կիսաբաց դռանը։ Այդ լակոտն ընկել էր տիրուհուս վրա և, հաստա՛տ, խեղդում էր։
Սկզբում մտածեցի. «Խեղդում է թող խեղդի… բնավ հոգըս չէ։ Ավելի լավ, այդ հրեշից կազատվեմ»:
Բայց, դե, հավատարիմ ցեղ ենք, չէ՞, ինչ էլ լինի, իմ տիրուհին է, ինչպե՞ս կարող եմ թողնել, որ աչքերիս առջև խեղդի: Նման դեպքերում մարդիկ սիրում են ասել` շուն ու գել, էլի մերն են:
Մի ցատկով մոտեցա մահճակալին և լակոտի մերկ կրունկն ատամներիս մեջ առա: Ո՛չ, ո՛չ, չկծեցի, համոզված եմ` նույնիսկ չքերծեցի, պարզապես թեթևակի երախիս մեջ առա, որպեսզի տիրուհուս փրկեմ: Ընդամենը:)
-ՈՒ-ու-ո՜ւ…
(Դուք տեսնեիք, թե ինչ կատարվեց: Լակոտը վեր թռավ և քամու պես փախավ մտավ զուգարան, իսկ տիրուհիս մերկ, մահճակալին նստած, մի սոսկալի ղժժոց էր դրել, ասես խոզ մորթեին: Եվ այդքանն էլ կարծես քիչ էր, կոշիկներն ու շիշը շպրտեց վրաս: Շվարած կանգնել էի, չգիտեի ինչ անել։ Երբ տիրոջս համար մի լավ բան եմ անում, շոյում է մեջքս, մի երկու անգամ նույնիսկ դունչս համբուրեց, իսկ սրան խեղդվելուց փրկեցի և փոխարենն ի՞նչ ստացա:)
-Հա՛ֆ… հա՛ֆ… հա՛ֆ…
(Սա դեռ ի՞նչ է որ, ավելի սոսկալի բաներ է անում այդ հրեշը։ Չէ, չէ, սիրտ չկա պատմելու։ Օրինակ, լակոտի գնալուց հետո, տիրուհիս հեռախոսով երկա՜ր խոսում էր ինչ-որ մեկի հետ։ Չէի հասկանում` ինչ է ասում։ Անծանոթ մի լեզու էր։ Քիչ հետո դուռը զանգեցին և մի տղամարդ մտավ` ձեռքին ծաղիկներ և դարձյալ մի շիշ` մեջը գունավոր ջուր լցրած։ Նորից նստեցին, շիշը նորից բացեցին։ Այս գունավոր ջրից ուրիշ հոտ էր գալիս։ Գարշելի չէր, բայց դուրեկան էլ չէր։ Խոսում էին, խոսում էին, խոսում էին։ Այդպես էլ չիմացա, թե ինչ էին ասում։
Չեմ հասկանում` սա ի՞նչ հիմարություն է. մարդիկ տարբեր լեզուներ են հորինել` միևնույն բանն ասելու համար, հետո բողոքում են, թե իրար չեն հասկանում։ Մենք ընդամենը մի «հա՛ֆ» ենք ասում և դրանով անթիվ ու անհամար իմաստներ հաղորդում։ Ասում են, իբր թե այսինչը կամ այնինչը հեռվում է ապրում, այդ պատճառով էլ ուրիշ լեզվով է խոսում։ Բա սա եղավ բացատրությու՞ն։


Ես վաղուց եմ նկատել, որ մարդը հանգիստ ու պարզ ապրելու փոխարեն, շարունակ բարդացնում է իր կյանքը։ Եթե հեռացել եք իրարից, ուրեմն, պետք է նույն լեզվով խոսեք, որ չդժվարացնեք առանց այն էլ ձեր ծանր կյանքը։ Օրինակ վերցրեք մեզնից. մենք` շներս, անկախ այն բանից, թե որտեղ ենք ապրում, հրաշալի հասկանում ենք իրար։ Բավական է ընդամենը մեկ «հա՛ֆ» հաչալ:)
-Հա՛ֆ, հա՛ֆ, հա՛ֆ:
(Մեկ ամիս առաջ մեր հարևանի տունը մի հյուր էր եկել շա՜տ հեռուներից, հետն էլ մի շուն էր բերել` մի ջահել, սիրունիկ էգ էր, որ իմ տեսակից չէր, որսի շուն էր, բայց լավն էր։ Շա՜տ լավն էր… Անընդհատ լսում էի նրա կլանչոցը։ Ինձ էր ուզում։ Ես էլ էի ուզում։ Բայց ոչ իմ տերն էր թողնում, որ նրան մոտենամ, ոչ էլ նրա տերը։ Մի խոսքով, կարոտը սրտներումս մնաց։ Գիշերները նրան կապում էին պատշգամբում: Ես էլ խոհանոցի իմ անկյունից նրան հրաշալի տեսնում էի: Մոտենում էի բաց պատուհանին և մի քանի բարեկամական, եղբայրական «հա՛ֆ» ասում, և այդ մի քանի հաչոցով նրան պատմում էի իմ ամբողջ կյանքը… Մի երկու «հա՛ֆ» էլ նա էր հաչում, և ես ահագին բան էի իմանում նրա կյանքի, տերերի, ապրած երկրի, կերած-խմածի մասին։


Մարդն այդքան բան պատմելու համար մի քանի ժամ պիտի խոսեր, հետո պիտի երկար-բարակ վիճեին, կռվեին, արյունլվա անեին իրար, ինչ է իրար սխալ են հասկացել, մինչդեռ մենք մի երկու «հա՛ֆ»-ով, մի քանի վայրկյանում ասում ենք ամեն ինչ, և մեր հաչոցն անկարելի է սխալ հասկանալ։ Իսկ եթե իրար հետ կռվում ենք, հոշոտում, բզկտում, ապա մարդկանց պատճառով։ Մա՛րդը թշնամություն գցեց մեր միջև… Մարդը եթե չլիներ, մենք` շներս, երբեք իրար չէինք վնասի։ Չէ՞ որ հենց իրենք` մարդիկ են ասում. «Շունը շան թաթ չի կծի»: Իսկ մարդը մարդուն ոչ միայն կկծի, այլև կուտի… Այն էլ ինչպե՜ս… Աչքովս եմ տեսել:)
-Հա՛ֆ, հա՛ֆ, հաաա՜ֆ…
(Արդեն քանի գիշեր է` չեմ քնում, շարունակ միտք եմ անում, թե ինչու՞ այսպես եղավ։ Մենք իբր թե ընկերացանք մարդկանց հետ, որպեսզի մեր երկուսի կյանքը հեշտանա, բայց մեր կյանքը գնալով ավելի դժվարացավ։ Ճիշտ է, ուտելու մասին այլևս չենք մտածում, մեր տերերը լավ թե վատ կերակրում են մեզ։ Անգամ անտեր մնացած շներն այսօր սոված չեն։ Հրե՛ն, աղբանոցներում լիքը բան կա ուտելու։ Բայց հո միայն ուտելը չէ՞։ Մենք հո եսասեր կատուներ չե՞նք, որ փորներս լցնենք և տիրոջ բազմոցին հարմար տեղավորված կուշտ մռմռանք։
Մարդը, այո, բարի պտուղ չէ, բայց մեղավորը մենք ենք, որ հեշտությամբ խաբվեցինք, մի քանի ոսկորի համար լքեցինք մեր գայլային հպարտ ցեղը և սկսեցինք հավատարմորեն ծառայել մարդկանց։ Ծառայելը դեռ ոչինչ, մարդու հետ դաշնակցեցինք ընդդեմ գայլերի, և մեր եղբայրներն այսօր մեր ամենակատաղի թշնամիներն են: Ես հիմա սոսկալի խղճի խայթ ունեմ, չգիտեմ, թե մենք` շներս, ինչպես պիտի քավենք մեր մեղքը: Վերադարձը դեպի գայլային եղբայրակցություն այլևս անկարելի է: Դավաճաններին չեն ներում: Եվ ճիշտ են անում: Իսկ մարդկանց հետ մնալն էլ գնալով ավելի ու ավելի անտանելի է դառնում և մանավանդ անիմաստ:)
-Հաաա՜… հաաա… հա՜՜՜՜ֆ…
(Ո՜չ, խոսքն այս ամենօրյա նվաստացումների մասին չէ։ Դրանք արդեն սովորական են դարձել։ Մի կերպ կդիմանանք։ Խնդիրը շատ ավելի լուրջ է: Մենք` շնային ցեղի լավագույն ներկայացուցիչներս, մի շարք արժանիքներ ու կարողություններ ունենք, որոնցով գերազանցում ենք կենդանիներից շատերին: Չթվարկեմ դրանք: Խոսեմ միայն մեկի մասին` կանխազգալու մեր կարողությունը: Երբ մտերմացանք մարդու հետ, արդեն կանխազգում էինք ցուրտն ու շոգը, փոթորիկն ու երկրաշարժը, իսկ հետո, ժամանակի ընթացքում, սովորեցինք կանխազգալ մարդու գործողությունները և անգամ մտքերը: Օրինակ, սիրում եմ մեր պատշգամբից դիտել, թե ինչպես են մարդիկ իրար հետ խոսում: Նայում եմ և անմիջապես անհանգստանում: Ինձ թվում է, որ երկուսից մեկն ուզում է մյուսին մի վատ բան անել։ Սկսում եմ հաչալ, հասկացնել, որ զգույշ մնա։ Հիմա կասեք` քո ի՞նչ գործն է, որ մռութդ խառնում ես նրանց գործերին, խաբում է` թող խաբի, քեզ ի՞նչ, ոչ քո տերն է, ոչ էլ տիրոջդ բարեկամը։ Այո, բայց մենք միայն մեր տիրոջը չենք ծառայում, այլև կռվում ենք չարի դեմ` որտեղ էլ պատահի։ Դիմացի շենքում մի բուլդոգ կա, շատ կարգին որձ է, մեկ-մեկ հանդիպում ենք իրար փողոցում, բարեկամաբար իրար հոտոտում։ Մի քանի օր առաջ խեղճը հուսահատ հաչում էր, կարևոր բան էր ուզում հասկացնել։ Տերն էլ փոխանակ ականջ դներ, գոռում էր վրան, թե ձենդ կտրի։ Հետո պարզվեց, որ հարևանի տունը պատրաստվում են կտրել։ Գողությունը եղավ-անցավ, շունը դադարեց հաչալ։ Մարդիկ եթե մեզ լսելու ցանկություն ունենային, քանի՜-քանի փորձանքներից կփրկվեին։ Բայց նրանք մեզ լսելու ցանկություն չունեն։ Նույնիսկ իրար չեն լսում, ուր մնաց մեզ լսեն։ Հետո փորձանքը գալիս է, բայց չեն հասկանում, թե ինչու եկավ, ինչպես եկավ)։
-Հա՛, հա՛, հա… հա՜՜՜՜ֆ…
(Մեր իմաստուն նախնին մի երկու ոսկորի համար չէր, որ դաշնակցեց մարդուն։ Նա ավելի հեռուն էր տեսնում, շատ ավելի հեռուն, քան մարդը, որի գլխում միայն մի բան կար` ինչպես խաբել, գողանալ, այրել, փչացնել, սպանել, հոշոտել… Ի՜նչ սպասումներ ունեինք մարդուց, բայց նա ինչի՞ հասավ այսօր։ Եվ գնալով դարձավ գազան, գազաններից ամենագազանը, իսկ մենք` շներս, ավելի մարդացանք, քան ինքը մարդն է։ Մենք հույս ունեինք, որ նա մեզ իր հետ առաջ կտանի, բայց նա հիմա խոզի պես խրվել է ցեխի մեջ, և մենք պիտի փրկենք նրան։ Մենք չենք կարող նրան լքել: Նա առանց մեզ դատապարտված է կործանման: Վերջնակա՛ն: Անդառնալի:)
-Հա՛ֆ…
(Ես չգիտեմ` մարդը մեզնից մի բան սովորե՞ց։ Գոնե հավատարմություն սովորեր։ Բայց մենք մարդուց շատ բան սովորեցինք։ Լավ բաներ։ Մենք արդեն հրաշալի հասկանում ենք նրանց լեզուն, կան նույնիսկ շներ, որ մի քանի լեզվով ասված հրամաններ են կատարում։ Այո, իսկապես, այս ընթացքում մենք բավականաչափ մարդացանք, անշուշտ, հավատարիմ մնալով շնային մեր նկարագրին։ Բայց մարդը շուն չդարձավ։ Մարդը մարդ էլ չդարձավ։ Ավելին` իր բոլոր վատ գծերը վերագրում է մեզ։ Հավաքվում են սեղանի շուրջ, այդ գարշելի ջուրը խմում` մի քանի շիշ, գոռգոռում, երգում, կռվում, հատակին թավալ տալիս, փսխում… հետո ասում են` շան օրի եմ… Եղա՞վ։ Դուք երբևէ փսխող շուն տեսե՞լ եք… Կամ իրար վիրավորում են, ասում` քոսոտ շուն… Կյանքումս քոսոտ շուն չեմ տեսել, բայց քոսոտ մարդ` որքան ուզես։ Կամ թե ասում են` շան մսի գին… Այսինքն` շատ էժան, անարժեք։ Մի հարցնող լինի` այդ որտեղի՞ց եք շան միս առել, որ գինն էլ իմանայիք։ Քաղաքում ոչ մի տեղ շան միս չի վաճառվում։ Անտեր շներն օրուգիշեր մսավաճառների մոտից չեն հեռանում, և մենք լավ գիտենք, թե որտեղ ինչ միս է վաճառվում, թանկ, թե էժան։ Ապերա՜խտ մարդիկ, ահա թե ինչպես են գնահատում մեր անշահախնդիր նվիրվածությունը:)
-Հոա՛ֆ… հուա՛ֆ… հա՛ֆ.. հա՛ֆ…


(Ոչի՜նչ, թող խոսեն, թող այդպես մխիթարվեն… Մենք քեն չենք պահում։ Առջևում մեծ գործեր են սպասում մեզ։ Մարդկանցից ոմանք, այնուամենայնիվ, մեզնից ինչ-որ բան սովորել են։ Նրանք սկսել են վատ բաներ կանխազգալ։ Իմ տերը, օրինակ, ասում է, որ մարդկությունն անդունդի եզրին է, որ կործանումն անխուսափելի է։ Գիշերները նստում է սեղանի մոտ, գրում, գրում, գրում։ Հետո բարձրաձայն կարդում է ինձ համար։ Ես լուռ լսում եմ, երբեմն պոչս շարժում, երբ մի բան սրտովս է լինում։ Իմ գլխում արդեն ծրագրեր են ձևավորվում։ Մարդկությունը, այո, կործանվելու է։ Դա անխուսափելի է։ Բայց հո աշխարհն էլ չի՞ կործանվի։ Աշխարհը մնալու է։ Բայց անտեր։ Իսկ կենդանիներից ո՞վ կարող է տիրություն անել աշխարհին։ Մի՞թե պարզ չէ. միայն մենք` շներս։ Մենք կլինենք արդար ու ազնիվ, և բոլորը կապրեն երջանիկ։ Իմ տերն արդեն հասկացել է։ Արդեն ասացի, որ ինձ շատ է սիրում, իսկ վերջերս սկսել է պարզապես սիրաշահել։ Երեկ, օրինակ, ինձ գրկեց ջերմորեն և ասաց. «Շուն, իմ սիրելի շուն, կուզե՞ս ես քո շունը դառնամ»: Ես զգացի` նա անկեղծ էր։ Ինչու՞ ոչ, թող նա իմ շունը դառնա, բայց ես նրա տերը չեմ դառնա։ Մենք հավասարապես կծառայենք միմյանց։ Մենք օրինակ կդառնանք մյուսների համար, և այդ ժամանակ աշխարհում այլևս ոչ մի վատ բան չի լինի։ Բոլորը` մարդիկ, շները, մյուս կենդանիները կապրեն ուրախ ու երջանիկ։ Ես հավատում եմ, կգա՛ այդ օրը և մենք բոլորս միասին կփրկենք աշխարհը: Միայն թե մարդը համը չհանի:)


Հաֆհաֆերենից թարգմանեց
Ալեքսանդր ԹՈՓՉՅԱՆԸ
Երևան, հունիս, 2018 թ.

Դիտվել է՝ 89735

Մեկնաբանություններ