USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Ժայռերի քաղաք Գորիսը՝ մշակութային մայրաքաղաք

Ժայռերի քաղաք Գորիսը՝  մշակութային մայրաքաղաք
13.07.2018 | 09:35

2017-ի հոկտեմբերի 11-ին` ԱՊՀ երկրների պետությունների ղեկավարների՝ Սոչիում կայացած խորհրդի նիստի ժամանակ Գորիսը հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Միջպետական ծրագրի հանդիսավոր բացումն ու մեկնարկի միջոցառումները տեղի ունեցան հուլիսի 7-ին և 8-ին: Միջոցառումներին միացել էին բազմաթիվ հյուրեր Երևանից և ԱՊՀ երկրներից:

«ԱՅՍ ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ԱՄԲՈՂՋԱՑՆՈՒՄ Է ԺԱՅՌԵՐԻ ՔԱՂԱՔԻ ԿՈԼՈՐԻՏԸ»


Երևան-Գորիս մայրուղու մուտքը խորհրդանշող «Զանգեր» հուշարձանի բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկեց «Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագիրը։ Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ Գորիսն ունի հարուստ պատմություն, այս հուշարձանն ամբողջացնում է ժայռերի քաղաքի կոլորիտը. «Կառույցն առանձնահատուկ է նաև նրանով, որ համայնքի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով ու ներդրումներով են իրականացվել վերականգնման աշխատանքները»: Կառույցի ճարտարապետը Սևադա Զաքարյանն է: «Զանգերի» քարերը Իշխանասարի փեշերից են բերվել: Կառույցի դիմաց գտնվող սարի վրա կա դիտակետ, որը, հավանաբար, պատրաստ կլինի աշնանը:

ART EXPO՝ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ


Գրիգոր Տաթևացու հրապարակում պաշտոնապես բացվեց Art Expo ծրագրի արհեստագործության և ձեռարվեստի ցուցադրություն-տոնավաճառը։ Ծրագրին մասնակից երկրների տաղավարներում ներկայացվեց ձեռարվեստի ավանդական ու հարուստ տեսականի՝ կարպետներ, տոհմածառ, տարազներ, դեկորատիվ բույսեր, անգամ՝ անուշեղեն: Ծրագրին մասնակցելու համար Հայաստան էին ժամանել ԱՊՀ երկրների պաշտոնական և ստեղծագործական պատվիրակություններ։

ՀԻՆ ՈՒ ՆՈՐ ԳՈՐԻՍԸ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՒՄ


Գորիսի Տաթևացու անվան հրապարակում տեղի ունեցավ «Հին ու նոր Գորիս» գիրք-ալբոմի (ռուսերեն, անգլերեն) շնորհանդեսը: Գրքում ներկայացված են հին Գորիսի պատմամշակութային արժեքները, նրա ստեղծման պատմությունը, գորիսեցիները, նրանց տարազը, արվեստը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Նահապետ» հրատարակչության տնօրեն, գրքի հեղինակ ՍԵՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ. «Գորիսը ոչ միայն հայ, այլև համաշխարհային մշակույթի մեջ մեծ տեղ ունի, բայց ափսոսում եմ, որ խորությամբ չի ուսումնասիրված: Կան հրաշալի աշխատություններ, սակայն իմ ուշադրությունը գրավեց մշակութային ժառանգությունը, որ առանձին գրքով չի հրատարակվել»:
Սեն Հովհաննիսյանն ընդգծեց, որ բացառիկ են հատկապես Գուրոսի 30-ականներին արած լուսանկարները, նրա կարծիքով՝ Գորիսում պետք է լինի լուսանկարչական թանգարան, որտեղ կներկայացվեն Գուրոսի աշխատանքները:


«Հին ու նոր Գորիսը» տպագրվել է 1000 օրինակով, նախատեսված է հիմնականում հյուրերի համար: Գրքի հեղինակը նշեց, որ եռալեզու լինելու դեպքում շատ կծանրաբեռնվեր ու կընդգրկեր քիչ տեղեկություն: Գիրքը լույս է ընծայել «Նահապետ» հրատարակչությունը:

ՀՆԱՄԵՆԻ ՔԱՐԱՆՁԱՎԸ՝ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ


Հին Գորիսում՝ Կյորեսում, տեղի ունեցավ ձեռագործության փառատոն: Ներկայացվեցին բնական թելերով գործված կարպետներ, պայուսակներ, տիկնիկներ, գուլպաներ, բարձեր:
Միջոցառման հյուրերն ականատես եղան, թե ինչպես են գորիսեցի կանայք թել մանում, բուրդ չփխում: Հին Գորիսի քարայրային այս տարածքում «Կյորես» բեմադրությամբ ներկայացան Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանները: Քարայրում հետաքրքրությամբ ներս ու դուրս էին անում հայաստանյան և արտերկրի զբոսաշրջիկները: Ժայռափոր այդ կացարանները ժամանակին բնակատեղի են եղել գորիսեցիների համար: Այս մասին «Իրատեսի» հետ զրույցում ասաց Գորիսի պատկերասրահի տնօրեն, նկարիչների միության Սյունիքի մասնաճյուղի նախագահ ԺԻՐԱՅՐ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ, որը հին Գորիսի հնամենի քարանձավը վերածել է արվեստանոցի, ավելի ուշ՝ թանգարանի: Նկարչի հավաքած վեց տասնյակ ցուցանմուշները ցույց են տալիս, թե ինչպես են ապրել այստեղ մարդիկ 100-150 տարի առաջ: Նկարիչը այցելուների ուշադրությունը հրավիրում է քարանձավի պատերից կախված սպիտակ սարդերի վրա, ասում է, որ դրանք սպիտակ են, որովհետև արևի երես չեն տեսել: Հավելում է. «Պետական մոտեցման խնդիր կա, տարածքը պահպանման խնդիր ունի: Ժայռերը, քարանձավը Գորիսին Աստված է տվել, մենք պիտի կարողանանք պահպանել դրանք»:
Մութ, անձեռակերտ քարանձավի պատերից կախված էին նկարչի գունագեղ, լուսավոր աշխատանքները: Գրեթե բոլոր նկարներում Գորիսն է:

ՍԵՐՈ ԽԱՆԶԱԴՅԱՆԻ ՆՈՐԱԲԱՑ ՏՈՒՆ-ԹԱՆԳԱՐԱՆՆ ՈՒ ՍՐՃԱՐԱՆ-ԳՐԱԴԱՐԱՆԸ


«Գորիսը՝ 2018-ի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջոցառումների շրջանակում Գորիսում բացվեց Սերո Խանզադյանի տուն-թանգարանը։ Թանգարանի տարածքում գործելու է նաև սրճարան-գրադարան: Գրքերի մեծ մասը նվիրել է Հայաստանի ազգային գրադարանը:
«Սրճարան-գրադարան համադրությունը հաճելի միջավայր կստեղծի, մարդիկ կգան ընտանիքներով, թեյ, սուրճ կխմեն, գիրք կկարդան, երեխաները կհաղորդակցվեն գրքի հետ: Այս ձևաչափը ողջ աշխարհում է ընդունված»,- մեզ հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն ՏԻԳՐԱՆ ԶԱՐԳԱՐՅԱՆԸ:


«Կա՞ր գրադարանի անհրաժեշտություն» հարցին ի պատասխան ասաց, որ եթե մենք խնդիրը չենք բարձրաձայնում, թվում է` այն չկա. «Գիրքը չկա, ընթերցող չկա, բայց երբ գիրքը հայտնվում է, պարզվում է, ընթերցող էլ կա, պահանջարկ էլ: Պետական ատյանները և գրադարանավարները պետք է այդ միջավայրը ստեղծեն, ընթերցողները, վստահ եղեք, շատ արագ կհայտնվեն»: Անդրադառնալով մեր դիտարկմանը, թե գրադարանները հիմնականում չեն համալրվում թանկ ու լավ գրքերով, ասաց, որ Ազգային գրադարանում այդ խնդիրը չկա, որովհետև պարտադիր օրինակ են ստանում, իսկ այստեղ գրադարանը գտնվում է համայնքապետարանի ենթակայության տակ, քաղաքապետարանը պետք է որոշակի գումար հատկացնի բյուջեից, որպեսզի գիրք գնեն: Բայց գրքափոխանակության շրջանակում, իհարկե, գրքեր նվիրում են: Խոսելով տոնական եռուզեռի մասին, ասաց` ԱՊՀ երկրների մշակութային շատ ու շատ գործիչներ գտնվում են Գորիսում, ծանոթանում են Սյունյաց աշխարհի պատմությանը, մշակույթին, պատմական հուշարձաններին: Շփումներից հասկացել է՝ բոլոր հյուրերը տպավորված են:

ՍԱԹՅԱՆՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԵՐԵԿՈ՝ ԳՈՐԻՍՈՒՄ


Կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԱՐԱՄ ՍԱԹՅԱՆԸ միջպետական ծրագրի հյուրերի թվում էր: Գորիսի հետ նրա կապը շատ հեռվից է գալիս: Պապերը Զանգեզուրից են, թեև ոչ ինքը, ոչ հայրը Գորիսում կամ Խնձորեսկում չեն ծնվել, բայց կապը միշտ պահել են, ասում է, որ օդը, ջուրը շատ մեծ նշանակություն ունեն, հոր` Արամ Սաթունցի, և հորեղբոր՝ Աշոտ Սաթյանի, երաժշտության մեջ նույնպես արտացոլվում է սարեցու ներքին ուժը:


Երկու եղբայրների անվամբ երաժշտական դպրոցներ են գործում Գորիսում և Խնձորեսկում: Աշոտ Սաթյանի անունով նաև փողոց կա Գորիսում:
«Ես դեռ 18 տարեկան էի, երբ ավարտեցի երաժշտական ուսումնարանն ու ընդունվեցի կոնսերվատորիա: Հայրս ասաց` պիտի գնաս Աշոտ Սաթյանի դպրոցում աշխատես ու բարձրացնես այն: Դա իմ առաջին դասավանդման վայրն էր,- ասաց ԿՄ նախագահը։ Նրա տեղեկացմամբ՝ հուլիսի 27-ին Գորիսում կկայանա Սաթյաններին նվիրված երեկո, կհնչեն Աշոտ Սաթյանի, Արամ Սաթունցի և Արամ Սաթյանի ստեղծագործությունները։- Ափսոս ավելի երիտասարդների գործերը չենք կարող ներկայացնել (Սաթյանների երիտասարդ սերնդի մեջ չորս կոմպոզիտոր կա), որովհետև ավելի հակված են ջազային, դասական ժանրերին, մեծ նվագախմբի անհրաժեշտություն կլինի»: Երաժշտական փոքր խմբով կատարելու են սաթյանական երգերը, ի միջի այլոց, դրանցից շատերը հայտնի են, սիրված, երգեր կան, որ ասես Զանգեզուրի խորհրդանիշը լինեն՝ «Իմ հայրենի Զանգեզուր», «Ես իմ անուշ Հայաստանի», «Մարտիկի երգը», «Սիրո վալսը» և այլն:


Խոսելով ԱՊՀ մշակութային միջպետական ծրագրի մասին, ասաց, որ բացման օրվա համերգը և՛ լավն էր, և՛ վատ. «Մենք ԱՊՀ-ի տարածքում Գորիսը ներկայացնում ենք որպես մշակութային մայրաքաղաք, ցավում եմ, որ ներկայացրինք 50 տարի առաջ գրված ստեղծագործություններ, ուրեմն վերջին հիսուն տարում մենք չունեի՞նք որևէ ստեղծագործություն, որ կատարվեր այս հարթակից: Պետք է նայել առաջ, չէ՞ որ կան հիանալի գործեր: Նախարարությունը պետք է ուշադրություն դարձնի, որ հնչեն մեր կոմպոզիտորները, ինչպե՞ս է, որ նրանք արտերկրում ներկայացվում են: Էլ չասեմ երիտասարդների մասին, որ հնարավորություն չունեն իրենց ստեղծագործությունը հնչեցնելու սիմֆոնիկ նվագախմբերի կատարմամբ: Մենք պետք է մտածենք ապագայի մասին: Երեկվա համերգը ցույց տվեց մեր բացերից մեկը»: Արամ Սաթյանի կարծիքով, եթե 100 գործ կատարվի, երկուսը հանճարեղ լինեն, մենք պետք է շատ գոհ լինենք: Ընդգծեց, որ երևի թե պետք է փոխվեն կատարող-կոմպոզիտոր, երաժշտական կոլեկտիվ-կոմպոզիտորների միություն հարաբերությունները:

ԱՅԳԻ-ՔԱՂԱՔԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ


Ժայռերի քաղաք Գորիսը նաև կոչում են առանձնատների քաղաք, այգի-քաղաք: Տարբեր մարդկանց պատկանող տները կառուցված են նույն ոճով: Երիտասարդ ճարտարապետ ԱՐՏԱԿ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԸ մեզ հետ զրույցում ասաց, որ քաղաքի ճարտարապետությունը յուրօրինակ է մի քանի ասպեկտներով. «Եթե նկատել եք, Գորիսը ունի ուղղահայաց փողոցային հատակագիծ, ճարտարապետները շատ խելացի լուծում են գտել` ստեղծելով ուղղանկյուն և քառակուսի բնակելի թաղամասեր, որոնք ունեն դեպի փողոց նայող նույնանման ճակատային տներ։ Այգիները որոշ թաղամասերում գտնվում են ավելի ցածր նիշում, իսկ որոշ տներ իրարից բաժանվում են պատերով` թաղամասերի ներքին այգիները պաշտպանելով ոչ բարենպաստ քամիներից և բերքի համար ապահովելով ավելի բարենպաստ միջավայր»:


Ինչ վերաբերում է Գորիսի պատերի շարվածքին, ճարտարապետն ասաց, որ դրանք բարքյաշ են կոչվում, հետաքրքիր են նրանով, որ բոլոր պատերը գետի կլորաձև քարերով են պատրաստված, դրանք կապված են կրով, որը ոչ այնքան կարծր շաղախ է և երկրաշարժերի ժամանակ քարերը խաղում են իրար մեջ, սեյսմիկ թափահարող ուժերը իրար մեջ մեկուսացնում, կիրն էլ թույլ է տալիս, որ ավելի ազատ լինի այդ շարժը:
«Քաղաքն ունի առուների համակարգ, որն առաջնահերթ ծառայում է այգիների ոռոգմանը, միաժամանակ մաքրում է փողոցի և մայթերի փոշին, թափվող տերևները: Նաև քաղաքը հով է պահում»,- հավելեց մեր զրուցակիցը, նշելով, որ այս պահին առուներն այնքան էլ լավ վիճակում չեն, բայց հույս ունեն, որ առաջիկայում կվերանորոգվեն, Գորիսի բոլոր առուները կլինեն ջրով ողողված:


Գորիսը հիմնադրվել է 1870-ին: Վերանորոգման, մաքրման կարիք կա: «Տարիների ընթացքում տները մաշվել են, քարերը կոռոզիայի են ենթարկվել, Գորիսը մոխրագույն երանգ է ստացել, այս պահին քաղաքը մի քիչ սառը պատկեր ունի: Եթե բարքյաշը թարմացնեն, լվանան պատերը, գույները կարող են լիովին փոխվել»,- պարզաբանեց Արտակ Խոջաբաղյանը, տեղեկացրեց նաև, որ Գորիսի կենտրոնը վերականգնելու ծրագիր է մշակվել՝ բոլոր շենքերը փայտյա պատշգամբներով, լուսամուտներով ու դարպասներով են լինելու: Առայժմ ծրագիրը նախագծային փուլում է: Արդեն մի քանի տարի է, սպասում են զարգացման հիմնադրամին, որ մրցույթ հայտարարի շինարարությունը սկսելու համար։


Հավելենք, որ տարվա ընթացքում Գորիսում կիրականացվեն մշակութային տարբեր միջոցառումներ, այդ թվում՝ քանդակի սիմպոզիում: Մշակույթի նախարարի տեղակալ Նազենի Ղարիբյանը լրագրողներին տեղեկացրեց, որ Հայաստան ժամանող ԱՊՀ երկրների քանդակագործները շուրջ մեկ ամիս կաշխատեն, իսկ ստեղծած քանդակները կնվիրեն քաղաքին:
«Գորիսը 2018 թվականի մայրաքաղաք» միջպետական ծրագիրը կամփոփվի աշնան վերջին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Երևան-Գորիս-Երևան

Դիտվել է՝ 1482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ