Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Մեզ սպասում է ֆանտաստիկ եզրափակիչ

Մեզ սպասում է ֆանտաստիկ եզրափակիչ
13.07.2018 | 09:37

Շա՜տ հետաքրքիր աշխարհի առաջնություն է, միայն ափսոս, որ մոտենում է ավարտին, թեպետ, մյուս կողմից էլ, եթե ավարտ չունենա, նորի ակնկալիքն էլ չի լինի:
Մենք մեզ հակասեցի՞նք:
Բնավ:

Պարզապես ֆիքսում ենք փաստը: Իսկ հետաքրքրությունը պայմանավորող լիքը բաներ կան: Հենց թեկուզ այն, որ, սկսած կիսաեզրափակչից, մարտադաշտում միայն եվրոպական թիմեր մնացին, հենց թեկուզ այն, որ աշխարհի առաջնության եզրափակիչ է ելել մի թիմ, որ մինչ այդ երբեք այնտեղ լինելու երջանկությունը չի ունեցել, թեպետ կայունորեն դիտարկվել է ուժեղագույնների թվում: Մի խոսքով, եզակին պայմանավորող լիքը բաներ կան, սակայն եկեք ընդհանուրից անցնենք կոնկրետին:
Եզրափակչին մասնակցելու առաջին իրավունքը նվաճեց Ֆրանսիան, ու դա եղավ Բելգիայի ընտրանու հետ խաղում: Հանդիպման ելքը որոշեց ֆրանսիացիների խփած մեն մի հատիկ գոլը, ու հաստատապես շատերն ափսոսանքի զգացում ունեցան, որ բելգիացիների խիստ համակրելի հավաքականը տանուլ տվեց վճռական այս մարտն ու դուրս մնաց… Ոչ մի տեղից էլ դուրս չմնաց:


Կիսաեզրափակիչ խաղերի յուրահատկությունն այն է, որ պարտվող կողմը մնում է ընդհանուր պայքարի տրամաբանության մեջ, չի լքում առաջնությունը, քանի որ երրորդ տեղի համար խաղ կա, ու աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր լինելը պակաս պատվավոր բան չէ: Ավելորդ չհամարենք նկատել, որ երկու տարվա ընթացքում սա բելգիացիների կրած առաջին պարտությունն էր, ու, անկախ այս դիմակայության ելքից, բելգիացիները պիտի շնորհակալ լինեն հավաքականի գլխավոր մարզիչ Մարտինեսին՝ նման բարձրակարգ թիմ պատրաստելու համար:


Եզրափակչի մյուս մասնակցի հարցը վճռվեց Անգլիա-Խորվաթիա ոչ պակաս սկզբունքային մրցավեճում: Այս դիմակայության առնչությամբ փոքր-ինչ ավելի հանգամանալից լինեմ, քանզի Ֆրանսիա-Բելգիա մրցակցության մասին թերթի էլեկտրոնային տարբերակում որոշակի մանրամասնությամբ գրել էինք:
Անգլիացիները շատ արագ հասան հաջողության (արդեն հինգերորդ րոպեին թիմն առաջ էր մղել Տրիպերը) ու խաղի ղեկը պահում էին իրենց վստահ ձեռքերում, քանի դեռ խորվաթների ընտրանին չէր անցել վճռական գործողությունների: Իսկ դա եղավ հանդիպման երկրորդ կեսի գրեթե երկրորդ կեսից, ու դա Դալիչի նախապես մանրամասն հղացած հաշվարկի առավելությունն էր, լուրջ առավելությունը:


Խորվաթների գլխավոր մարզիչը, բնականաբար, չէր կարող իրեն հաշիվ չտալ, որ իր բավականին առաջացած տարիք ունեցող թիմի մրցակիցն Անգլիայի նման ջահել ընտրանին էր իր չհոգնած արյունով: Այդ վարար ուժի դեմը պիտի առնվեր իր թիմի համար հստակ որոշված ժամանակային չափումում, որտեղ պիտի դրվեր-ներդրվեր ողջ եղած-չեղածը: Նույն կերպ Դալիչը չէր կարող աչքի տակ չունենալ և այն գործոնը, որ հանդիպումը կարող էր իր սովորական 90-րոպեանոց ժամանակային չափումից անցնել ժամանակային ավելի մեծ չափման, ինչը եղել էր նրա գլխավորած թիմի փլեյօֆյան մյուս երկու հանդիպումում:
Ինչևէ, շատ չհոգնեցնեմ ու ասեմ, որ խաղի հիմնական ժամանակում խորվաթները վերականգնեցին հանդիպման հաշվի հավասարությունը (Պերիշիչ), իսկ լրացուցիչում խփեցին հաղթական գոլը (Մանջուկիչ) և դուրս եկան խորվաթական ֆուտբոլի պատմության առաջին եզրափակիչ:


Ի՞նչ է լինելու եզրափակչում:
Սողոմոն Իմաստուն պետք չէ լինել հասկանալու համար, որ խորվաթական հավաքականի գլխավորը գործելու է անգլիացիների հետ ունեցած խաղային սխեմայի շրջանակներում: Ֆրանսիացիների հետ խաղը նրանք, բնականաբար, գլխապատառ չեն սկսելու, քանզի արագոտն, ֆիզիկապես գերազանց պատրաստված, նախանձելի ամուր պաշտպանություն ու հեքիաթային հարձակման գիծ ունեցող ֆրանսիացիների հետ դիմակայությունում կա ողջ խաղում ֆիզիկապես պատշաճ որակում մնալու խնդիրը: Բայց, մյուս կողմից էլ, ի՞նչ իմանաս, թե ինչ սատանաներ են բույն դրել խորվաթների ընտրանու ղեկակալի գլխում, ու Դալիչն ինչ մարտավարություն կընտրի Դեշամի համար արդեն իսկ կարդացած գիրք չլինելու համար:
Բոլոր դեպքերում, մեզ սպասում է խիստ հետաքրքիր հանգուցալուծում ունեցող վերջաբան, որը կարող է աշխարհին պարգևել կրկնակի չեմպիոն հավաքական կամ առաջին անգամ այդ պատվաբեր ուղին անցած նորը: Երկրորդ տարբերակը, ինչ խոսք, ավելի հետաքրքրական կլինի, քանզի կպատռի սովորույթի ուժով չեմպիոնությունը նվաճող նույն երկրների շրջանակը, թեպետ այս դեպքում էլ խիստ տխուր կլինի Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ եզրափակչում տեսնել պարտվողի կարգավիճակում: Բոլոր դեպքերում, ինչ էլ լինի, հետաքրքիր է լինելու, այնպես որ, հարկ եղածից ավելի չփիլիսոփայենք, մանավանդ որ քառամյակի գլխավոր խաղին մնացել են հաշված օրեր:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ