Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Ռադիկալ, ծայրահեղական, ոչ կառուցողական»

«Ռադիկալ, ծայրահեղական, ոչ կառուցողական»
17.07.2018 | 00:08

Ժամանակը նոր իշխանությունների մասով հետհաշվարկ է անում, չնայած այն հանգամանքին, որ պաշտոնավարման 100 օրը դեռ չի լրացել։ Այն, որ տնտեսությունում որևէ առաջընթաց, բարեփոխում, ներդրում չկան, խիստ ակնհայտ է, ավելին՝ եղածն է փոշիացվում, Հայաստան ժամանած հատուկենտ ներդրողներն էլ չգիտեն՝ ում դիմեն, ում հետ «խոսեն», վստահության դեֆիցիտն առկա է բոլոր ոլորտներում` անհասկանալի քաղաքականություն վարող, իսկ իրականում որևէ քաղաքականություն չվարող իշխանությունների թեականությունների պատճառով։


Ինստիտուցիոնալ, կայուն մոտեցումների փոխարեն կոռուպցիայի դեմ «սերիալների» մոդիֆիկացիան, իրավական-ապացուցողական բազիսի գրեթե զրոյականությունը անկումի են տանում հասարակությանը։ Իշխանությունը, հասկանալիորեն, երկու «հիմնարար» նպատակ է հետապնդում. ՀՀԿ-ի, նրա ղեկավարի, վերջինիս շրջապատի նկատմամբ, բառի ամենաուղիղ իմաստով, վենդետա իրականացնել, «հիմնահատակ» ոչ ևս անել (այլապես ինչպե՞ս հասկանալ՝ 22 տարեկան աղջնակի նկատմամբ հարուցված քրեական գործը)։ Նպատակը, այո, քաղաքական է, «փչացնելու, քանդելու, ստորացնելու» գործիքները՝ կատարյալ։ Բանն այն է, որ որքան էլ ՀՀԿ-ն «անկյուն» է քշվում՝ կատարած գիտակցական ու անգիտակից ծանր մեղքերի պատճառով, որքան էլ օրվա իշխողի կարծիքով ՀՀԿ-ն ինքնասպան քաղաքական դիակ է, միևնույն է, ՀՀԿ-ն խանգարում է ոչ միայն նրանց ներքին արագացմանը, ապագա քաղաքական ամբիցիաներին, այլև էնդշպիլի ու «շախի» արվեստին տիրապետման իր արվեստով, «ընդհատակյա» խաղացողը միշտ էլ կարող է խաղաքարերն այնպես շարել, որ մի քանի քայլից ոչ միայն «շախ» հայտարարվի, այլև, ինչու ոչ, նաև «մատ»։ Երբեք մի ասա՝ երբեք, մանավանդ որ վերջին բոլոր զարգացումները դեպի «շախ» են տանում, իսկ դաշտում ուրիշ լուրջ խաղացող չկա, թեև կարող ենք մտքներումս պահել յուրոփներում և Ռուսաստանի ֆուտբոլի առաջնությանը «մլուլ տվող» Արմեն Սարգսյանին։


Կոռուպցիայի դեմ «աննահանջ» պայքարի հաջորդ «խորքային» պատճառը եվրոպացիներին դուր գալը, նրանց աչքին «լավամարդ» երևալն է. օրվա իշխողը փորձում է կոռուպցիայի դեմ յոթմղոնանոց քայլերով հասնել նրան, որ իրեն, որպես Բորոդինոյի ճակատամարտում հաղթածի՝ Յուրոփում կանգնեցնեն «պոդիումին» ու, ինչպես Միխեիլ Սաակաշվիլուն, որպես անարյուն հեղափոխության հզոր առաջնորդ, որպես կոռուպցիան արմատախիլ անող մեծ բարեփոխիչ, որպես արևմտյան արժեհամակարգն ու մտածողությունը հայ-իրանական «օսում» տարածող, և վերջապես, որպես «նյու-Նապոլեոն», պետք է ստանա մեծ դափնիները, առայժմ՝ ներդրումների, «ավելին՝ ավելիի դիմաց» տեսքով։ Որովհետև և իսկապես, հայ հեղափոխական թավշիստները արել էին ավելին ու անկարելին, ու ժամն էր՝ ստանային ավելին։


Ավաղ։ Յուրոփը լայն ժպտաց, «պաչիկ» արեց, «ձեռք սեղմեց-սեղմեց-սեղմեց», բայց գումար չտվեց։ ՈՒ հիասթափեցրեց այնքան, որ Յուրոփի նկատմամբ հիասթափությունը հայաստանյան նոր իշխողը դիվանագիտության չենթարկեց, չտրանսֆորմացրեց, անգամ՝ չսուբլիմացրեց, ասաց բաներ, որոնք «նոնսենս» են դիվանագիտության, պետությունների հարաբերություններում։ Իհարկե, հետին թվով որոշ զղջում-սրբագրումներ եղան, ինչպես իրենց կառավարությանն է բնորոշ, ուր մեկը Հայաստանը համեմատում է «չմո երկրի հետ», մյուսը Արցախի հերոսին՝ «մանկահասակ երեխայի», երրորդը...

Բոլոր դեպքերում, փաստը կայացավ, և, ըստ ամենայնի, եվրոպացիները հարկ համարեցին մեկ անգամ ևս թերթել «Վիկիլիքսը»՝ վերհիշելու ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի ժամանակավոր պաշտոնակատար պարոն Փենինգտոնի երբեմնի խոսքերը. «Նիկոլին երկար ժամանակ չենք կանչել դեսպանատան միջոցառումներին, նա ռադիկալ, ծայրահեղական, ոչ կառուցողական ֆիգուր է»։


Իհարկե, ով անցյալը հիշի, աչքը դուրս գա, մանավանդ որ թավշյա հեղափոխության օրերին Փաշինյանն իրեն չափազանց գրագետ էր պահում և մեծ խաղ էր առաջ տանում, զարմանալիորեն ադեկվատ՝ «հպարտ հային հատուկ»։
Ընդ որում, եվրոպական «գետնին վրա» կրած ֆիասկոն կարելի էր և նորմալ համարել, եթե «հյուսիսային» ուղղության վրա գոնե որոշակի «ջերմ» դրսևորումներ լինեին։ Ճիշտ է, Ռուսաստանը երբեք շատ չի ժպտացել և ոչ էլ ձեռը գրպանն է տարել, այնուհանդերձ, քաղաքական-անվտանգային հարցերը միշտ էլ կամա-ակամա խարսխված են եղել այդ ուղղության վրա։


Բայց, արի ու տես, Հյուսիսը ոչ միայն պաշտոնական այցով նորընտիր վարչապետին չի հրավիրում պաշտոնական Մոսկվա, ի տարբերություն Ալիևի, որն օգոստոսի 30-ին կլինի Մոսկվայում։ Ավելին, պաշտոնական Մոսկվան, կարծես, առավել հակված է աշխատելու Արմեն Սարգսյանի, քան վարչապետի հետ։ Ինչու՞։ Սա արդեն այլ նյութի թեմա է։
Այնուհանդերձ, թե՛ ներքին քաղաքական, թե՛ արտքաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ հոգևոր, թե՛ մնացյալ ոլորտներում դեռևս հետհաշվարկ է։ Իսկ 100 օրվա լրումին շատ քիչ է մնացել։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3779

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ