Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ալիևի մեսիջներն ուղղված են և՛ ներքին լսարանին, և՛ արտաքին աշխարհին»

«Ալիևի մեսիջներն ուղղված են և՛ ներքին լսարանին, և՛ արտաքին աշխարհին»
17.07.2018 | 01:25

Բրյուսելյան այցից հետո Արևմուտքը Նիկոլ Փաշինյանին բավական հիասթափեցրել է: Վարչապետն այդ մասին խոսեց լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ և ասաց, որ թավշյա հեղափոխությունից հետո Եվրամիությունը բազմաթիվ ողջունող հայտարարություններ է արել, բայց, ըստ էության, քաղաքականության մեջ առայժմ որևէ շոշափելի փոփոխություն չկա: «Կա՛մ պետք է այդ հայտարարությունների ոգևորված տոնայնությունն իջեցնել, կա՛մ քաղաքականությունը էականորեն փոխել»,- ընդգծել էր Փաշինյանը: ՈՒշագրավ է, որ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարեց, որ Հայաստանում մարդկանց 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը. «2017-ին Եվրամիության նկատմամբ վստահությունն աճել է 5 տոկոսով, այնինչ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահության անկում կա՝ 48 տոկոսի սահմաններում է: Հայերի 80 տոկոսը կարծում է, որ Եվրամիության հետ հարաբերությունները լավ են, իսկ 69-ը գնահատում է այն ֆինանսական աջակցությունը, որը տրամադրում է Եվրամիությունը Հայաստանին: Մարդկանց 66 տոկոսը գնահատում է, որ աջակցությունն արդյունավետ է: Մեզ համար կարևոր է նաև այն, որ հայերի 33 տոկոսը դեռևս կարծում է, որ այս աջակցությունն արդյունավետ չէ: Մենք շատ շնորհակալ ենք հայ ժողովրդին այն փաստի համար, որ մեր աշխատանքը գնահատում է»: Փաստորեն, Հայաստանի վարչապետի դժգոհությունից ժամեր անց ԵՄ-ը նրան հասկացնում է, թե ինչ «արժե» իր աջակցությունը Հայաստանին և պետք չէ հապճեպ գնահատականներ տալ, երբ քո ժողովրդի 70 տոկոսը վստահում է Եվրամիությանը: Թեմայի շուրջ զրուցել ենք միջազգայնագետ ՍՈՒՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

-Տպավորությունն այնպիսին է, որ Փաշինյանը հիասթափված վերադարձավ ՆԱՏՕ-ից, նրա ակնկալիքներն Արևմուտքից չարդարացան: Ինչու՞:
-Չեմ կարծում, որ հիասթափություն կար: Մենք և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի մեր գործընկերների հետ մեծ աշխատանք ունենք կատարելու, որպեսզի նրանք ճիշտ պատկերացում կազմեն, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, ինչ իրողությունների հետ գործ ունեն: Քայլերի շարունակականությունը պետք է ապահովել: Շատ դեպքերում մենք գործ ունենք չհասկացվածության հետ: Վարչապետի մատնանշած իրողությունները հենց սրանից են բխում, պետք է ավելի շատ աշխատել՝ ցույց տալով այսօրվա իրական փոփոխությունները: Ոչ միայն կառավարությունը, մենք բոլորս էլ շահագրգիռ ենք, որ և՛ Արևմուտքի, և՛ ԵՄ-ի, և՛ Ռուսաստանի հետ առավել ակտիվ աշխատանք տարվի: Ցանկացած հեղափոխություն և՛ նոր մարտահրավեր է, և՛ հնարավորություն: Այս առումով Հայաստանն էլ բացառություն չէ: Մենք ամեն բան պետք է անենք, որ մարտահրավերներին համաչափ պատասխանենք, իսկ հնարավորություններն էլ, մեր շահերից ելնելով, օգտագործենք: Հենց այս հնարավորություններից էլ խոսում էր վարչապետը Բրյուսելում: Միանգամից ոչինչ չի լինում, պետք է աշխատել, որ այդ ամենն ակնհայտ լինի:
-Ինչպիսի՞ն էր Նիկոլ Փաշինյանի այցը, ի՞նչ կառանձնացնեիք:
-Այցը ճանաչողական էր: Փաշինյանը վարչապետի կարգավիճակով առաջին անգամ էր մասնակցում նման բարձր մակարդակի գագաթնաժողովի: Շատ կարևոր են հանդիպումները և՛ պետությունների, և՛ միջազգային կառույցների ղեկավարների հետ, որոնցից կառանձնացնեի հատկապես ԵՄ ղեկավարության, ինչպես նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի և Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպումները: Հայաստանում ֆրանկոֆոն երկրների համաժողովից առաջ Մակրոնի հետ հանդիպումը կարևոր էր:
-ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Փաշինյանը խոսեց ղարաբաղյան հակամարտության մասին: Կա՞ն շեշտադրումներ, որոնք վարչապետն այնտեղ պետք է հնչեցներ:
-Մամեդյարով-Մնացականյան առանձնազրույցը էական էր ու չափազանց կարևոր: Սա առաջին հանդիպումն էր իշխանափոխությունից հետո, որը տևեց 4 ժամից ավելի: Կարծում եմ` ադրբեջանական կողմը հասկացել է մեր նոր կառավարության դիրքորոշումը:
-Չնայած սահմանում զինուժի կուտակումներ կան, բայց վերջին մեկ շաբաթում լարվածությունը համեմատաբար նվազել է: Դրան զուգահեռ, Ադրբեջանում ներքին ըմբոստություններ են: Ինչո՞վ է պայմանավորված այս դադարը, անդո՞րր է փոթորկից առաջ:
-Այն, ինչ սահմանի երկայնքով կատարվում է, պայմանավորված է և՛ արտաքին, և՛ ներքին խնդիրներով: Ալիևի մեսիջներն ուղղված են և՛ ներքին լսարանին, և՛ արտաքին աշխարհին: Մենք գիտենք, որ գործ ունենք ոչ ադեկվատ հարևանի հետ, ամեն ինչ նրանից սպասելի է: Այնպես որ, պետք է պատրաստ լինել ցանկացած զարգացման:
-Հետևելով նաև ԵՄ դեսպանի հայտարարություններին, ի՞նչ եք կարծում, Ռուսաստանի, Արևմուտքի և ԵՄ-ի հետ աշխատանքներում ի՞նչ փոփոխություներ պետք է արվեն, արտաքին քաղաքականությունում ի՞նչ շտկումների կարիք կա, որպեսզի գերտերությունների միջև հավասարակշռությունը պահպանվի:
-Անշուշտ, անհրաժեշտ է, որ հավասարակշռությունը պահպանվի, իսկ սա նշանակում է աշխատել անխտիր բոլոր ուղղություններով: Կկարևորեի հատկապես ռուսական ուղղությունը, որովհետև այստեղ որոշակի վերապահումների, ընկալման խնդիրներ կան: Այսինքն, մեր ռուս գործընկերները խորությամբ չեն հասկանում, թե ինչ է կատարվել Հայաստանում: Այս առումով Փաշինյանի այցը ՌԴ և Պուտինի հետ հանդիպումը որոշակիորեն այս խնդիրը կարգավորեցին: Բայց երկրորդեմ` մեր ռուս գործընկերների հետ պետք է ակտիվ աշխատել: Առիթը բաց չպետք է թողնել ապացուցելու, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունները շատ կարևոր են: Միաժամանակ պետք է խորացնել հարաբերությունները նաև Չինաստանի հետ, որը ևս գործընթացներ թելադրող գերտերություն է, այս ուղղությամբ էլ պետք է աշխատել:
-Համամի՞տ եք այն տեսակետին, թե արտաքին քաղաքական կուրսում շեշտակի փոփոխությունների պետք է սպասել արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Հիմա այդ ամենը պետք է, այսպես ասած, սառեցնել:
-Չեմ կարծում, թե սառեցման խնդիր կա, որովհետև խորհրդարանական ընտրություններն ինչպիսի արդյունք էլ ունենան, միանշանակ է, որ դրանից հետո արտաքին քաղաքականության վեկտորների փոփոխություններ չենք կարող անել։ Այն, ինչ ունենք վերջին 25 տարում, կարծում եմ, փոփոխման ենթակա չէ: Մեր արտաքին քաղաքականությունը պայմանավորված է այն իրողություններով, որոնք մեր տարածաշրջանում գոյություն ունեն: Այնպես չէ, որ ցանկացած ժամանակ աշխարհաքաղաքական գործընթացներից ելնելով, կարող ենք մեր արտաքին քաղաքական կուրսը փոխել: Պետք է հաշվի առնել մեր իրողությունները, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունների բացակայություն, Ադրբեջանի հետ պատերազմական գործողություններ, Իրանի շուրջ միջազգային զարգացող գործընթացներ, ռուս-վրացական հարաբերություններ և այլն: Այսինքն` Հայաստանը մեծ հաշվով երբեք էլ մանևրելու հնարավորություն չի ունեցել, կարծում եմ, դրա անհրաժեշտությունն էլ չկա: Կարիք չկա, որ Հայաստանը որևէ բևեռի «թևի տակ» մտնի, հավասարակշռված քաղաքականությունը միակ ճիշտ արտաքին քաղաքականությունն է:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7028

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ