USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Թրամփը պատրա՞ստ է ընդունելու ԱՄՆ-ի նահանջը Մերձավոր Արևելքից

Թրամփը պատրա՞ստ է ընդունելու  ԱՄՆ-ի նահանջը Մերձավոր Արևելքից
17.07.2018 | 01:47

(Նախորդ մասը)

Հիշեցնենք, թե որն է խնդիրը։ 2017-ին Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը հրապարակայնորեն խոստովանել է, որ Սիրիայում չկան իրանական զորքեր, առավել ևս` «իրանական օկուպացիոն ուժեր»։ Լիբերմանը նաև հաստատել է Դամասկոսի և Թեհրանի այն տեղեկացումը, որ Սիրիայում կան միայն իրանցի զինվորական խորհրդականներ, այն էլ` ըստ երկկողմ պայմանագրի, այսինքն` Իրանի և Սիրիայի ինքնիշխան որոշմամբ, որը մշակվել է առանց ՌԴ-ի մասնակցության։ Սիրիան և Իրանը հաստատել են Թեհրանի մշտական աջակցությունը Դամասկոսին ահաբեկչության դեմ վերջինիս պայքարում։ Հունիսի 26-ին Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայեթին, Թեհրանում Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ Մեկդադի հետ հանդիպման ժամանակ, հայտարարեց. «Պաշտպանելով Սիրիան և դիմադրության առանցքը (Իրաք, Սիրիա, Ռուսաստան, շիա և այլ աշխարհազորեր)` Իրանը պաշտպանում է իրեն»։

Նա ընդգծեց, որ Իրանի աջակցությունը Սիրիային «կշարունակվի մինչև ահաբեկչությունից արաբական երկրի լիակատար մաքրումը»։ Մեկդադն իր հերթին հայտարարեց, որ Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում ձեռք բերած հաղթանակները նվաճվել են սիրիական բանակի տված զոհերի և նրա դաշնակիցների, հատկապես Իրանի, «Հըզբոլլահի» և Ռուսաստանի աջակցության շնորհիվ։ Նա հավելեց, որ Սիրիայում Արևմուտքի աջակցությունը վայելող ահաբեկչության նկատմամբ հաղթանակը Մերձավոր Արևելքի և ողջ աշխարհի հաղթանակն է։ Կրկին հիշեցնենք. այն պահից, երբ Իրանն սպառնաց, որ Միջազգային դատարան կդիմի ԱՄՆ-ի դեմ հայցով` ահաբեկչական խմբերի (ԻՊ, «Ալ Քաիդա» և այլն) ստեղծմանը նրա մասնակցության և 2017-ի հունիսին Թեհրանում կրկնակի ահաբեկչության կազմակերպման համար, «ահաբեկչությունից լիակատար մաքրում» արտահայտությունը նշանակում է նաև Սիրիայից ամերիկացի զինվորականների վտարում։


Պեսկովի ասածը թույլ է տալիս հասկանալ, թե ինչի հույս ունեն Թրամփը Բոլթոնի հետ և Իսրայելը. թե Իրանի վրա ինչ-որ ճնշում գործադրելով` Ռուսաստանը կհասնի նրան, որ Իրանը ճնշում գործադրի շիական բազմաքանակ կամավորական կազմակերպությունների և նրանց հրամանատարության վրա։ Այդժամ, իբր, բոլոր իրանամետ ուժերը կհեռանան Սիրիայից, իսկ Իսրայելն ու ԱՄՆ-ը կնշեն «հաղթանակը»։ Ակներև է «կառավարելի քաոսի» նորանոր օջախների ստեղծման միջոցով աշխարհը կառավարելու` միայն իրենց ցանկալի սխեմաներով ամերիկյան և իսրայելական ռազմավարների բարդույթը։ Բանն այն է, որ նրանք չեն կարողանում հասկանալ, որ իրանա-շիական քաղաքակրթության աշխարհում, կամ պարզապես շիա մուսուլմանական ումմայում, «մեկին հարվածելով` խփում ես նաև ուրիշին» սկզբունքն այնքան էլ չի գործում։ Երևի ԱՄՆ-ը և Իսրայելը բացարձակապես չեն հետևում, օրինակ, ներիրանական քաղաքական և հանրային բանավեճերին, թե չէ կիմանային, որ Հնդկաստանում շիական կամավորական բրիգադների կազմավորվմամբ և ֆինանսավորմամբ զբաղվում է ոչ թե իրանական պետությունը, այլ զանազան հնդկական շիական հիմնադրամներ (բարեգործական, կրթական և այլն)։ Ընդ որում, Հնդկաստանի շիաներն ինչ-որ յուրահատուկ դեր ունեն շիական աշխարհում։ Իզուր չէ, որ Իրանում հայտնի փորձագետ-սոցիոլոգ, լրագրող և նախկին քաղգործիչ-բարենորոգիչ Աբբաս Աբդին այս տարվա փետրվարին, ըստ էության, մեղադրեց նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, թե նա փորձում է Իրանում կիրառել հնդկական շիա-սուֆի Աբդուլ Քադիրի մարգարեությունները։ Բայց դրանից չի կարելի ենթադրել, թե Հնդկաստանի շիաները միջամտում են Իրանի գործերին, կամ Իրանը միջամտում է Իրաքի շիաների ներքին գործերին։


Շիիզմի յուրահատկությունն այն է, որ, ըստ էության, երբեք չի ունեցել «խալիֆաթ» և «խալիֆաթիզմ», ինչպես և այն, որ իրաքյան Էն Նեջև և Քերբելա շիական սրբավայրերն ավելի նշանակալի են, քան իրանական Մեշհեդը և Ղումը։ Իրաքի շիա կամավորական շարժումներով զբաղվել են ոչ թե Իրանը և իրանցի մեծ այաթոլահները, այլ Իրաքի մեծ այաթոլահները` ի դեմս Ալի աս Սիստանիի և Մուկթադ աս Սադրի, որոնց պաշտում են ոչ միայն Իրաքում կամ Իրանում, այլև ողջ շիական աշխարհում։ Նույնն է նաև Աֆղանստանում, Պակիստանում, այլ երկրներում, որտեղ կան շիա համայնքներ. Սիրիա (և Իրաք) ուղարկվելիք կամավորների կազմավորումը, հանդերձավորումը, ֆինանսավորումը և այլն տեղական շիական հիմնադրամների գործն է, ոչ թե իրանական կամ նույնիսկ ոչ իրանական հիմնադրամների։ Առանձնահատուկ է լիբանանյան «Հըզբոլլահը» (Աստծո կուսակցությունը), բայց դա պայմանավորված է քաղաքացիական պատերազմներից հետո Լիբանանի զարգացման պատմական հանգամանքներով. լիբանանցի շիաների իրավունքներն ամրագրված են Լիբանանի Սահմանադրության մեջ։ Վերջապես, Լիբանանի և Իրաքի շիաները 2012-18 թթ. բազմիցս հայտարարել են, որ իրենց կրոնական եղբայրների իրավունքների (այդ թվում` սիրիացի ալավիների) սահմանափակումը և սպառնալիքները Սիրիայի շիական սրբավայրերին բավարար հիմք են, որ իրենց ընտրյալները կազմակերպված ձևով ժամանեն Սիրիա և մարտի բռնվեն վահաբականների և նրանց պաշտպանող ուժերի հետ։ Ինչպես հայտնի է, միջնորդավորված կերպով Սիրիայում «իրանամետ ուժեր» կարելի է անվանել նաև դրուզ, քրիստոնյա և այլ կամավորներին. չէ՞ որ նրանք բոլորը պայմանագրեր ունեն Սիրիայի կառավարության հետ, որն իր հերթին պայմանագիր ունի Իրանի հետ, իսկ «Հըզբոլլահ» կուսակցության նախաձեռնությամբ 2014-ից գործում է Լիբանանի և Սիրիայի քրիստոնյաների հետ պայմանագիրը Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին։ Գուցե ԱՄՆ-ը և Իսրայելը երազում են այդ «իրանամետ ուժերն» է՞լ հանել Սիրիայից, անտեսելով այն, որ սիրիացի դրուզները և քրիստոնյաները երկրի բուն բնակչություն են։


Ներկայումս սիրիացիների և «իրանամետ ուժերի» ընդհանուր առմամբ հաջող հարձակում է ընթանում Սուվեյդա և Քունեյտրա նահանգներում, Դերա հարավային նահանգում։ Սիրիայի հարավում իրադրության կարգավորման վերաբերյալ համաձայնագիրը նախատեսում է ռուսական ռազմական ոստիկանության տեղաբաշխում Հորդանանի սահմանի «Նասիբ» հսկիչ անցակետում (ՀԱԿ)` հուլիսի 6-ին հայտարարել է «Սիրիական ազատ բանակի» (ՍԱԲ) շտաբի ներկայացուցիչ Իբրահիմ ալ Ջաբավին։ ՍԱԲ-ը պահում են հենց ԱՄՆ-ը, Իսրայելը, Հորդանանը և Մեծ Բրիտանիան, որոնց հատուկ ծառայությունները և զինվորականները օկուպացված են պահում հարավսիրիական Էթ Թանֆ քաղաքը և առնվազն 4-5 տարի շահագործում են տեղի ռազմաբազան, որն իրականում վահաբական ահաբեկիչների պատրաստման և վերականգնման բազա է։ Ըստ ալ Ջաբավիի, ռուս զինվորականների մասնակցությամբ բանակցություններում ՍԱԲ-ի կազմավորումները համաձայնել են իրենց սպառազինության աստիճանական հանձնմանը։ Համաձայնագիրը նախկին զինյալներին հնարավորություն է տալիս կարգավորելու իրենց կարգավիճակը և ստուգում անցնելու երկրի իրավապահ մարմիններում` խաղաղ կյանքի վերադառնալու համար։ Նրանք, ովքեր կհրաժարվեն զենքը ցած դնելուց, կարող են ընտանիքով գնալ Սիրիայի հյուսիսի Իդլիբ նահանգ, ինչպես ավելի վաղ արել էին Արևելյան Գուտայի (Դամասկոսի մոտ) անհաշտ բանդիտական կազմավորումների անդամները։ Սիրիական զորքերը կզբաղեցնեն ՍԱԲ-ի դիրքերը Հորդանանի հետ սահմանային Յուրմուկ գետի շրջանում։ Այդտեղ գործում են ԻՊ խմբավորման հետ կապված ահաբեկիչները։ Բայց թող այդ տեղանունները ոչ ոքի չշփոթեցնեն. խոսքը սիրիա-հորդանանյան, հետևաբար` սիրիա-իսրայելական սահմանի մասին է, այսինքն` հենց Էթ Թանֆի ամերիկա-իսրայելա-հորդանանյան բազայի մասին։ Այդ առթիվ հիշեցնենք. Էթ Թանֆից և հարավային Սիրիայից ԱՄՆ-ի հեռանալու մասին ռուս-ամերիկյան համաձայնագիրը կնքվել է 2017-ի հուլիսին, բայց դրա իրականացումը մի ամբողջ տարի «հետաձգվում» էր։ Ահա Պուտին-Թրամփի բանակցությունների թեմաներից մեկը, ոչ թե Իրանի հարցը կամ Սիրիայից «իրանամետ ուժերի դուրսբերումը»։ Մանավանդ որ Պուտինին քիչ է հետաքրքրում Իրանից Սիրիա և Լիբանան տանող «շիական միջանցքը». եթե ԱՄՆ-ը և Իսրայելն իսկապես չէին ուզում այդպիսի միջանցք, ապա չպետք է Սիրիայում և Իրաքում գործեին այնքան լկտիաբար, որ ի վերջո սադրեցին և, գիտակցաբար, թե անգիտակցաբար, նպաստեցին այդ «միջանցքի» փաստացի ստեղծմանը: Հաղորդագրություններն այն մասին, որ Իրաքի և Սիրիայի իշխանությունների մասնակցությամբ Իրանն սկսել է ավերված ճանապարհների նորոգումը և նորերի կառուցումը, որոնք, ի վերջո, Իրանը կմիացնեն Միջերկրական ծովի լիբանանա-սիրիական ափին, առաջին անգամ սկսեցին ստացվել 2016 թ. Արևելյան Հալեպի ազատագրումից հետո:


Պուտինի հետ բանակցություններում Թրամփը կընդունի՞ ԱՄՆ-Իսրայել երկյակի պարտությունը Իրաքում և Սիրիայում, դժվար է ասել: Բայց ԱՄՆ-ի և ՌԴ-ի ղեկավարներն ընդհանուր թեմաներ կունենան նաև առանց Սիրիայի և Իրանի: Հուլիսի 6-ին ամբողջ աշխարհում գրում էին` վերջ, ուժի մեջ մտան «չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի մաքսատուրքերը»՝ ստորագրված Թրամփի կողմից, մաքսով հարկվող ապրանքների ընդհանուր արժեքը 34 մլրդ դոլար է: «Երկու շաբաթից կլինի ևս 16 մլրդ, այնուհետև՝ 200 մլրդ, որից հետո դիտարկվում է 300 մլրդ դոլար»,- հայտարարել է Թրամփը: Պեկինն իր հերթին արդեն մեղադրել է ԱՄՆ-ին պատմության ընթացքում ամենամեծ առևտրական պատերազմը սանձազերծելու և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները խախտելու համար: Չինական կողմը հայտնել է, որ ԱՄՆ-ի դեմ հակամիջոցներն արդեն սկսել են գործել: Հուլիսի 6-ին ՉԺՀ-ի առևտրի նախարարությունը հայտարարեց. «Չինաստանը պարտավորվում է չանել առաջին կրակոցը, բայց պետության արմատական շահերի և չին ժողովրդի պաշտպանության համար հարկադրված է գնալու անհրաժեշտ պատասխան հարվածին... Մենք ժամանակին կտեղեկացնենք ԱՀԿ-ին ստեղծված վիճակի մասին, աշխարհի հետ գնալու ենք նույն ուղիով և միասին կպաշտպանենք ազատ առևտուրն ու բազմակողմանի համակարգը»:

«Մաքսատուրքեր մտցնելը առևտրային ահաբեկության օրինակ է: Դա լուրջ վնաս է հասցնում համաշխարհային արտադրական շղթաների անվտանգությանը և խանգարում համաշխարհային տնտեսության վերականգնման գործընթացներին,- հայտարարել են չինական իշխանությունները:- ԱՄՆ-ի նման որոշումը կհանգեցնի համաշխարհային շուկաների անկայունացմանը և վնաս կհասցնի ավելի մեծ թվով անդրազգային անմեղ ընկերությունների: Դրա հետևանքով կտուժեն ոչ միայն սովորական ձեռնարկությունները և սպառողները, հետագայում դա վնաս կհասցնի ամերիկյան ձեռնարկություններին և քաղաքացիներին»:
Ինչու՞ այդ հարցը, ինչպես նաև ԱՄՆ-ի հայտարարած առևտրային պատերազմներն ու պատժամիջոցները կդառնան Պուտինի և Թրամփի բանակցությունների թեմա. որովհետև հուլիսի 6-ին, ՌԴ վարչապետ Մեդվեդևի ստորագրած որոշմամբ Ռուսաստանը լրացուցիչ մաքսատուրքեր սահմանեց ԱՄՆ-ից ներմուծվող ապրանքների համար՝ ի պատասխան ալյումինի և պողպատի գծով Թրամփի մաքսատուրքերի: Լրացուցիչ 25-40 %-ով կհարկվեն շինարարական-ճանապարհային տեխնիկայի որոշ տեսակներ, նավթագազային սարքավորումներ, մետաղամշակման և ժայռապարների հորատման գործիքներ, օպտիկական մանրաթելեր: Սահմանափակիչ միջոցառումների երկրորդ փուլը կմտցվի 2021 թ. մարտին կամ ԱՀԿ-ի դատարանի վճռից հետո: Մի քանի օր առաջ, ի պատասխան աշխարհից ԱՄՆ-ի այն պահանջի, որ դադարեցնեն Իրանից նավթի արտահանումը (իսկ դա նույնպես յուրատեսակ առևտրային պատերազմ է), Իրանի նախագահ Ռոհանին հայտարարեց, որ Թեհրանը պատրաստ է որևէ մեկին թույլ չտալու, որ նավթ և գազ արտահանի Պարսից ծոցով և Հորմուզի նեղուցով: Թեհրանի այդօրինակ սպառնալիքն աննախադեպ չէ: Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածությունն աճել է, իրանական պաշտոնական անձինք սպառնացել են փակել Հորմուզի նեղուցը՝ միջազգային ջրային ուղին, որի հյուսիսային ափին Իրանն է, հարավում՝ Օմանը: Ամենանեղ մասում նրա լայնությունը 50 կմ է: Քանի որ ԱՄՆ-ը չի ստորագրել ՄԱԿ-ի 1982 թ. ծովային իրավունքի համաձայնագիրը, որով Հորմուզի նեղուցը համարվում է «միջազգային նեղուց», ապա Իրանը չի ճանաչում Հորմուզով տարանցման ԱՄՆ-ի իրավունքը: Այնպես որ, Իրանի քայլը լիովին իրական է:


Իզուր չէ, որ Ռոհանիի հայտարարությունից հետո իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարեց, որ պատրաստ է իրագործելու Իրանի նախագահի ասածը: Հուլիսի 6-ին ԻՀՊԿ-ի հրամանատար, գեներալ-մայոր Ալի Ջաֆարին ողջունեց Վաշինգտոնի դեմ Ռոհանիի վճռական դիրքորոշումը, հույս հայտնելով, որ նախագահի այդ նախազգուշացումը կմտնի ուժի մեջ, «երբ այդպիսի անհրաժեշտություն ծագի»: ԻՀՊԿ-ի «Կոդս» հատուկ ջոկատի հրամանատար, բրիգադային գեներալ Կասեմ Սոլեյմանին բաց նամակով շնորհակալություն հայտնեց Իրանի նախագահին՝ Իրանից նավթի վաճառքը կրճատելու ամերիկյան պլանին վճռական պատասխան տալու համար, ընդ որում, շատ նուրբ ակնարկով, որն ակնհայտորեն ուղղված էր Արևմուտքին և Իսրայելին. «Դա այն դոկտոր Ռոհանին է, որին գիտեինք, և նա է, որ պետք է լինի»: Եվս մեկ կարևոր նշում. իրանական 65-րդ «Նոհեդ» բրիգադի (ռազմադեսանտային զորքերի հատուկ զորամաս) հրամանատար, գեներալ Սիրուս Ամոնոլահին տեղեկացրեց, որ սկսված է պատերազմական փորձի փոխանցումը Չինաստանի հատուկջոկատայիններին: Տեղին է նաև հիշեցնել, որ ՌԴ-ի, Չինաստանի և Իրանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն առավել սրվեցին այն բանից հետո, երբ ՌԴ-ն ու ՉԺՀ-ն հայտարարեցին, թե Համագործակցության Շանհայի կազմակերպությանը (ՀՇԿ) Իրանի միանալուն ոչինչ չի խոչընդոտում, և այդ երկրները, մի քանի ուրիշի հետ, սկսել են անցնել փոխադարձ հաշվարկները, այդ թվում՝ նավթի և գազի գծով, ազգային տարադրամներով կատարելուն, շրջանցելով ԱՄՆ դոլարը: Այնպես որ, Պուտինի և Թրամփի թեմաներն ավելի շատ են, քան Իսրայելի հուզումներն ու տագնապները, սակայն առաջընթացի և կառուցողականության համար Թրամփը պետք է ընդունի պարտությունը Սիրիայում ու Իրաքում և այնտեղից հանի զորքերը:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao