USD487.96
EUR549.93
RUB7.21
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

Նպատակը Լուսավորչի գահին միասեռական կաթողիկոս տեսնելն է, որը կկործանի ոչ միայն եկեղեցին, այլև հայ գենի մարման վերջը կդառնա

Նպատակը Լուսավորչի գահին միասեռական կաթողիկոս տեսնելն է, որը կկործանի ոչ միայն եկեղեցին, այլև հայ գենի մարման վերջը կդառնա
17.07.2018 | 03:01

Ամենայն հայոց կաթողիկոսի, ինչպես նաև բազմաթիվ այլ հոգևորականների, ըստ էության, խորքում Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ հանդես եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության մի խումբ անդամներ, ինչպես արդեն հայտնի է, ս. թ. հուլիսի 13-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում դարձյալ մուտք են գործել Մայր Աթոռի տարածք: Նրանք նաև բարձրախոսով վիրավորական ու սադրիչ արտահայտություններ են ուղղել կաթողիկոսին և այլ հոգևորականների, օրինակ, կաթողիկոսի նկատմամբ իրենց զրպարտությունը (իբր թե վաճառել է Սուրբ Գեղարդը) բացահայտած տեր Ասողիկին անվանել են սատանա և դիվահար: Բացի այդ, իրենց ագրեսիվ վարքով ու գոռգոռոցներով խանգարել են նաև Մայրավանքում ներանձնանալ և աղոթել ցանկացողներին, այդպիսով խախտել նաև նրանց իրավունքը:


«Կանոնական տեսանկյունից պաշտամունքային վայրում և հատկապես վանքում աղոթական մթնոլորտի գիտակցված խաթարումն արժանանում է ՆԶՈՎՔԻ և ԱՆԵԾՔԻ,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մաղաքիա վարդապետ Ամիրյանը: -Ներողամտության և համբերության պաշարն այլևս սպառված է: Որևէ նմանատիպ պահվածք, անկախ շարժառիթներից, պաշտամունքային վայրերում և եկեղեցիներում արժանանալու է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ԶԻՆՎՈՐՅԱԼ միաբանության և հոգևորականների կոշտ արձագանքին»:


Չնայած վերը նշվածին, Մայր Աթոռի տարածքում գտնվող ոստիկանները, ըստ էության, չեն արգելել, թույլատրել են հիշյալ նախաձեռնության անդամների հակաօրինական գործողությունները, թեև վերջիններն ամեն կերպ փորձել են հոգևոր հայրերին սադրելով բախում հրահրել՝ նրանում ներքաշելով հոգևորականներին: Երբ դա հաջողվել է, սադրիչներն արագ միացրել են իրենց տեսախցիկներն ու սկսել փութաջանորեն նկարահանել ու ձայնագրել, փորձելով հավաքել զայրացած հոգևորականների դեմ վկայող համապատասխան կադրեր: Եվ սա` չնայած նրան, որ հոգևորականները հիշյալ նախաձեռնության անդամներին ավելի վաղ հորդորել են դադարեցնել սադրիչ գործողությունները, չխանգարել իրենց աշխատանքներին և եկեղեցու ներսում աղոթք անողներին: Այնուհանդերձ, նախաձեռնության անդամները, անտեսելով հոգևորականների և այլոց կոչերը, շարունակել են վիրավորական արտահայտություններ հնչեցնել:


Հոգևոր հայրերն այլևս չհանդուրժելով վիրավորանքների տարափը, ոստիկանների կրավորական կեցվածքի պայմաններում հարկադրված են եղել Մայր Աթոռի տարածքից սեփական ուժերով դուրս հանել նախաձեռնության անդամներին: Դրանից հետո կատարվել է այն, ինչը, ամենայն հավանականությամբ, նախատեսել էին ցուցարարները. տեղի է ունեցել բախում հոգևորականների ու ցուցարարների միջև: Ըստ մեզ հասած հավաստի տեղեկությունների, վերջիններս հիմնականում թիրախավորել են Գևորգ սրբազանին, հավանաբար վերջերս նրա այն հայտարարության համար, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության անդամներից մեկի մոտ ոստիկանները հայտնաբերել են թմրանյութի նմանվող զանգված:


Հոգևորականների հետ վեճից և նրանց դիմադրությանը հանդիպելուց որոշ ժամանակ հետո, ցուցարարները, նաև ոստիկանների միջամտության արդյունքում, հեռացել են Մայր Աթոռի տարածքից: Ոստիկանները պարզապես թույլ չեն տվել, որ բախումը խորանա, զանգվածային ու մասշտաբային լինի, ինչը կարող էր և շատ ծանր հետևանքներ ունենալ դրա մասնակիցների համար, էլ չասած այն մասին, որ դա կվերածվեր համազգային խայտառակության:


Haydzayn.am կայքի տեղեկացմամբ, ցուցարարներից մեկը բախման ժամանակ բղավել է՝ թողեք խփի (սրբազանը-խմբ.), մեկ ուրիշն էլ ընկերոջը հորդորել է, որ արագ նկարի այդ պահը: Այն, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնության որոշ անդամներ իրենց առջև խնդիր էին դրել թեկուզ սադրանքի գնով համապատասխան կադրեր ձեռք բերել, ակնհայտ է հենց նախաձեռնության կողմից իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից («Արի ընկեր, դու տեղով արդեն այնքան լավ կադրեր ունես…»): Հոգևոր հայրերը կայքի թղթակցի հետ զրույցում նշել են, որ, որպես եկեղեցու զինվորներ, իրենք միշտ կանգնելու են եկեղեցու կամարներից ներս և պաշտպանելու են Հայոց առաքելական Սուրբ Եկեղեցին սադրանքներից ու սրբապղծությունից:
Ասում են, թե իբր հավատացյալ, այս պարագայում` Հայ առաքելական սուրբ եկեղեցու անդամ, ազնիվ, հայրենասեր մարդիկ են կաթողիկոսի դեմ պայքարի դուրս ելել: Կեղծի՛ք. լկտի՛ սուտ: Նայեք չարությամբ լեցուն նրանց աչքերին ու դեմքերին, նրանց պայքարի կարգազանց և օրինազանց, անթույլատրելի մեթոդներին ու գործողություններին, և ամեն ինչ պարզ կդառնա:
Կարդացեք նաև «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կամ նախաձեռնության անդամների կամ սատարողների մեծամասնության ֆեյսբուքյան մեկնաբանությունները «Ֆեյսբուք»-ի այլ օգտատերերի այն գրառումների և «Ֆեյսբուքում» զետեղված ԶԼՄ-ների այն հրապարակումների տակ, որոնք անթույլատրելի են համարում կաթողիկոսի նկատմամբ բամբասանքը, զրպարտությունն ու վիրավորանքը: Այն հրապարակումների տակ, որոնք թեկուզ շատ մեղմորեն քննադատում են ՀՀ ոստիկանությանը և մարդու իրավունքների պաշտպանին` կարգազանցների և օրինազանցների նկատմամբ համապատասխան միջոցներ չձեռնարկելու համար, ինչն արդեն իսկ պարտավոր էին անել: Նույն խաժամուժի նույն վայրահաչությունն է, զրպարտության, վիրավորանքի, հայհոյանքի, սպառնալիքի ճիշտ նույն բառապաշարը, որը Նիկոլի վկաների կողմից իբր թե սիրո և հանդուրժողականության դրսևորում հանդիսացող «թավշյա հեղափոխության» օրերին գործածվում էր նրանց նկատմամբ, ովքեր թեկուզ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին չպաշտպանելով, իրենց ֆեյսբուքյան էջերում փոքր-ինչ «ծուռ» և ոհմակին դուր չեկող ինչ-որ կարծիք էին արտահայտում: Ձեռագիրը հար և նման է, հետևություններն ինքներդ արեք, թե ովքեր կամ ինչ ուժեր են կանգնած հիշյալ նախաձեռնության հետևում:


Բա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մինչև հուլիսի 15-ը շարունակված լռությու՞նը, երբ օրեր շարունակ, տևական ժամանակ հարձակում էին գործում ոչ միայն կաթողիկոսի, այլև Մայր Աթոռում գտնվող բազմաթիվ այլ հոգևորականների (ըստ էության, նաև Մայր Աթոռի, Էջմիածնի միաբանության) վրա` նրանց զրպարտելով, վիրավորելով, հայհոյելով, սպառնալով ու սադրելով… Թվում էր, թե վարչապետը նախօրեին Ամենայն հայոց կաթողիկոսի վրա կատարված հարձակումից (անկախ անձից) հետո, երբ քարերով ու մեքենաներով շրջափակել էին նրան տեղափոխող մեքենան, ապա նույնիսկ կոպտորեն քաշել մեքենայից դուրս եկած, ոտքով քայլող կաթողիկոսի օձիքից (ավելին դեռ չասենք, ամեն ինչ իր ժամանակին…), անմիջապես հանդես կգա դատապարտող ելույթով, սակայն… Խոսեց միայն հաջորդ օրը, թեև ավելի լավ է ընդհանրապես չխոսեր, քանզի ինչ ասաց նա, իրեն պատիվ չի բերում: Անհեթեթ է ոստիկանության գրեթե անգործության առնչությամբ ՀՀ վարչապետի այն պատճառաբանությունը, թե սա Եկեղեցու ներքին խնդիրն է, Եկեղեցին ու պետությունն էլ իրարից անջատ են, հետևաբար չմիջամտելու իշխանության դիրքորոշումը ճիշտ է:
Ինչու՞ է ՀՀ ոստիկանությունը պասիվ, կրավորական կեցվածք դրսևորում և չի կատարում «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքով և, ընդհանրապես, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված իր պարտականությունները, ինչու՞ կարգազանցներին և օրինազանցներին կարգի չի հրավիրում ու չի կանչում պատասխանատվության, թերևս բացառությամբ հուլիսի 10-ի գործողության, երբ այլևս չկարողանալով անտեսել կաթողիկոսի կամ Մայր Աթոռի պահանջը, նախաձեռնության անդամներին դուրս է հանել Վեհարանից (դիվանատնից): Ինչու՞ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը չի պատասխանում ոստիկանության պասիվ, անտարբեր, կրավորական կեցվածքի կամ գրեթե անգործության կապակցությամբ հրապարակային հարցումներին ու քննադատություններին… Սրանով շրջանառվող այն խոսակցություննե՞րն են հաստատվում, թե ինքը «Եհովայի վկաներ» ամբողջատիրական ու քայքայիչ աղանդի անդամ է, թե՞ իրականում նման բան չկա, և ոստիկանապետը պարզապես վերևից ներքին, ոչ գրավոր կարգադրություն է ստացել չխառնվելու, չմիջամտելու` մինչև որ կաթողիկոսը ստիպված լինի հրաժարական տալ… Եթե պատճառը ոչ այն է, ոչ այս, ապա թող պարոն Օսիպյանը հրապարակային բացատրություն տա ոստիկանության գրեթե անգործության վերաբերյալ: ՈՒշադրությամբ կծանոթանանք…


Հիշյալ նախաձեռնության մի խումբ անդամներ, խրախուսված ոստիկանության պասիվ, կրավորական կեցվածքից, հուլիսի 14-ին արդեն ոչ միայն բարոյապես (վիրավորանքի ու զրպարտության միջոցով), այլև ֆիզիկապես ոտնձգություն են կատարել հենց Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում նույն օրը կատարած գրառմամբ տեղեկացրեց կաթողիկոսի նկատմամբ թույլ տրված նշված ոտնձգության մասին:


«Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը,- գրել է տեր Վահրամ քահանա Մելիքյանը:- Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են հնչեցնում:


Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հոգևոր պետին վտանգ է սպառնում։ Սույն գործողությունները դատապարտելի են և այլևս պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ»։
Ավելի ուշ Վահրամ քահանա Մելիքյանը հայտնեց, որ «Վեհափառ Հայրապետն արդեն դուրս բերվեց և կուղևորվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին»։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրենը գրել է նաև, որ «Հակառակ տխրահռչակ նախաձեռնության հայտարարությունների, մեկնաբանությունների և հերքումների, նրանց պահվածքը հատել է ողջամտության բոլոր սահմանները»։
Կատարվածին արձագանքել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը` իր ֆեյսբուքյան էջում գրելով. «Խիստ մտահոգիչ եմ համարում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելու և սպառնալիքներ հնչեցնելու մասին տեղեկությունները։ Ոստիկանությունը պարտավոր է շտապ քայլեր ձեռնարկել տեղեկությունները ստուգելու և անհրաժեշտ ընթացք տալու համար»։


Նկատենք, որ եթե ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ժամանակին արձագանքեր Մայր Աթոռում օրեր շարունակ ծավալվող մարդու իրավունքների խախտումներին և օրինազանցությանը, ապա բանը չէր հասնի Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի տեղաշարժը սահմանափակելուն:
Գարեգին Բ-ի հետ կապված հիշյալ միջադեպից հետո հոգևորականները հարկադրված են եղել կոչով դիմել մարդկանց անվտանգությունն ի պաշտոնե ապահովելուն կոչված անձանց: Մասնավորապես` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արխիվի և թանգարանների տնօրեն տեր Ասողիկ քահանա Կարապետյանը կոչով դիմել է ՀՀ պատկան մարմիններին և պահանջել, որ նրանք ապահովեն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությունը։
«Կաթողիկոսի կյանքին սպառնացող վտանգը փարատված է, սակայն ուզում ենք մեր կոչն ուղղել ՀՀ պատկան մարմիններին որպես քրիստոնյա և ՀՀ քաղաքացի, որ նրանք պարտավորություն ստանձնեն, այսինքն իրենց ուսերին դրված պարտավորությունը բարեխղճորեն իրագործեն և ապահովեն հայոց հայրապետի կյանքի անվտանգությունը և նրա գործունեության ու առաքելության անխափան իրականացումը։ Եթե պատկան մարմիններն ի վիճակի չեն կատարելու իրենց պարտականությունները, ապա թող իմանան, որ մենք` հոգևորականներս, մեր կյանքի գնով կկատարենք այդ պարտականությունը»,- ասել է նա և ընդգծել, որ այդ դեպքում հետագա պատասխանատվությունը կծանրանա ՀՀ պատկան մարմինների համապատասխան աշխատակիցների ուսերին։


Այո, «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման կամ նախաձեռնության շարքերում, այդ խառնիճաղանջ բազմության մեջ կան նաև հայրենասեր և հավատացյալ սակավաթիվ մարդիկ, բայց դժվար է նրանց Հայ առաքելական սուրբ եկեղեցու անդամ համարել, քանի որ ակնհայտորեն դեմ են գնում նույն Եկեղեցում վաղուց ի վեր հաստատված և գործող կարգին ու կանոնին: Ցավոք, այդ մոլորյալների մեջ կան նաև իմ մտերիմներից մի քանիսը, որոնք խելամիտ կլինեն, եթե ժամ առաջ դուրս գան այդ շարժումից:
«Պատահական չէ, որ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական հերձվածը անմիջապես հաջորդեց Էլթոն Ջոնի և իր ամուսնու հայաստանյան այցին,- իր ֆեյսբուքյան էջում «Ո՞վ է ֆինանսավորում «նոր Հայաստան, նոր Հայրապետ» հակաեկեղեցական հերձվածը» վերտառության ներքո գրել է «Ֆեյսբուք»-ի օգտատերերից Էդիկ Դարբինյանը:- Հայտնի փաստ է, որ ԼԳԲՏ (լեսբուհիներ, գեյեր, բիսեքսուալներ, տրանսվեստիտներ.- Ա. Հ.) համայնքին ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, և ԼԳԲՏ համայնքին հատկացվող գրանտներով է սնվել Եղիա-Արմենուհու «Հայ եկեղեցու բարեկարգում» կայքէջը: Այսպիսով, ինչպես բոլորս տեսանք, Shantnews.am-ին տված հարցազրույցում, Էլթոն Ջոնը հստակ հասկացրեց մեզ, որ մենք պետք է ընդունենք բոլոր համասեռամոլներին, այսինքն՝ ավելի հստակ ԼԳԲՏ համայնքին: Մեջբերում Էլթոն Ջոնի հարցազրույցից. «Պետք է փոխվի նաև մտածողությունը: Դա դանդաղ տեղի կունենա, բայց անպայման տեղի կունենա: Մենք կարող ենք օգնել այդ փոփոխություններին, այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք: Ես հպարտ եմ, որ ձեր երկրում կատարվող փոփոխությունների մի մասն եմ: Բայց պետք է որոշակի համերաշխություն: Դրանից հետո փոփոխությունների ցունամի կսկսվի»:


Եվ ահա Էլթոն Ջոնի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա էր նաև մեր շա՜տ «սիրելի» Եղիա-Արմենուհին (իսկական անունը Արմեն է, որին աստվածաբանականի ուսանողները Արմենուհի էին ասում՝ ունքերը հանելու պատճառով): Համասեռամոլ Եղիա-Արմենուհին՝ եկեղեցու կողմից կարգալույծ եղած ճեմարանի նախկին փոխտեսուչը, կատաղի կերպով վերադարձավ և հարձակվեց մեր Հայ առաքելական սուրբ եկեղեցու վրա՝ որպես «նորօրյա բարեփոխիչ»: Նա վարում է Էլթոն Ջոնի կողմից ֆինանսավորված «Հայ եկեղեցու բարեկարգում» էջը և մի շարք այլ կեղծ էջեր, որոնցով նա, անառակաբար և լկտիաբար, հարձակվում և իր այլասերված ուղեղով սևացնում է բոլոր ազնիվ հոգևորականներին:
Այստեղ հարց է առաջանում. «Եթե Կորյունն ու կորյունականները դեմ են համասեռամոլությանը, ապա ինչու՞ են օգտվում Եղիա-Արմենուհու ծառայություններից, չէ՞ որ ամբողջ աշխարհը գիտի նրա համասեռամոլ լինելու մասին»: Պարզ է, որ Կորյունն ու կորյունականները անգիտակցաբար դարձել են Եղիայի և Էլթոն Ջոնի գործիքը՝ իրենց նպատակներն իրագործելու հարցում: Պարզվում է, որ մեր Եղիա-Արմենուհին, որը հունիսի 30-ին «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության մեջ արդեն բացեիբաց և լկտիաբար հանդես եկավ իր «բարեկարգչի» խոսքով, հանդիպում է ունեցել Էլթոն Ջոնի հետ, ապա ֆինանսավորում և աջակցություն ստանալով նրանից՝ պիղծ գաղափարներով և այլասերված ոգով և մարմնով, հարձակվել է եկեղեցու վրա՝ Լուսավորչի գահը բռնազավթելու և կրկին եկեղեցի վերադառնալու նպատակով: Հայտնի է, որ ԼԳԲՏ համայնքին և Եղիա-Արմենուհուն ֆինանսավորում է Էլթոն Ջոնը, որպեսզի քանդի մեր եկեղեցին և մեր երկիրը:

Փոփոխությունների ցունամի սկսելու նպատակով՝ նրանք սկզբում թիրախավորել են եկեղեցին, քանի որ եկեղեցին է պահում և պահպանում մեր հոգևոր, ազգային և բարոյական արժեքները: Եվ այս ամենից պարզ է դառնում, որ իրենց նպատակը Լուսավորչի գահին միասեռական կաթողիկոս տեսնելն է, որը կկործանի ոչ միայն եկեղեցին, այլև հայ գենի մարման վերջը կդառնա: Ահա և Էլթոն Ջոնի փոփոխությունների ցունամին: Արդեն իսկ հայտնի է, որ այս ամենով Էլթոն Ջոնը ցանկանում է օրինականացնել միասեռականներին, նրանց ամուսնությունը և ինչու չէ, շուտով արդեն կպահանջեն, որ միասեռական հոգևորականներ ձեռնադրվեն: Էլթոն Ջոնը, ֆինանսավորելով Կորյունի «քարոզարշավը»՝ Եղիա-Արմենուհու գլխավորությամբ, մեզ հստակ հասկացնում է, որ այդ փոփոխությունների մի մասն է և իրենով իսկ արդեն եկել է «փոփոխությունների ցունամիի» ժամանակը (ինչպես Էլթոն Ջոնն էր ասում):


Ընդգծենք, որ վերոնշյալ Եղիա- Արմենուհին Գնդեվանքից Վեհափառ Հայրապետի ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունքը խախտած բազմության մեջ է եղել, մոտեցել և ինչ-որ բան է ասել Վեհափառին:
Անդրադառնանք նաև նախօրեին Մայր Աթոռի բակում միքանիհոգանոց հանրահավաքի ընթացքում ինչ-որ մեկի ճամարտակությանն ու գործադրած ամբոխավարական հնարքին:
«Եթե այսօր Շվեյցարիայի պես հզոր պետությունում որոշում են, որ Աստված, հայր Աստվածը չպետք է ունենա սեռ, դա արդեն մարտահրավեր է ամբողջ քրիստոնյա աշխարհին, իսկ այդ գլոբալիզացիայի տենդենցը և այդ հոսքերը շուտով լինելու են Հայաստանում ստիպողաբար, կամ այդ հոսքերը ուղղակի կլցվեն Հայաստան,- ասաց նա:- Այդ իսկ պատճառով ժողովրդի մոտ վատ համբավ ունեցող կաթողիկոսը ժամ առաջ պիտի հեռանա, որպեսզի մենք կարողանանք դիմակայել այդ մարտահրավերներին»:


ՈՒ՞ր էր, հետաքրքիր է, իբր թե մեր բարոյական արժեհամակարգին սպառնացող վտանգից անհանգստացած, այդ վտանգին դիմակայելու համար կաթողիկոսի շուտափույթ հրաժարականը պահանջող սույն անձը, երբ նույն արժեհամակարգի պահպանման հարցում նախանձախնդիր մի խումբ անձինք տևական ժամանակ պայքարում էին Հայաստանում Արևմուտքից եկած օրենսդրական նախաձեռնությունների դեմ («գենդերի» մասին օրենք, Ստամբուլյան կոնվենցիա, խտրականության մասին օրենք, ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի համապատասխան հոդված), որոնք նպատակ ունեն օրենսդրորեն ամրագրելու այլասերվածության քարոզչությունը, նպաստելու այլասերվածությանը, այլասերվածներին ու նրանց «իրավունքներին»: Նա պարզապես չկար այդ պայքարում, սակայն հիմա Եղիա-Արմենուհու հետ գտնվելով կաթողիկոսի դեմ նույն արշավն իրականացնողների շարքում, որքան էլ անհեթեթ է ու խայտառակ զավեշտ, ժամ առաջ հրաժարականն է պահանջում Գարեգին Բ-ի, որը 2013 թվականին, ի տարբերություն մեր բարոյական արժեհամակարգին սպառնացող վտանգով իբր մտահոգված սույն անձնավորության, հենց ինքն է հանդես եկել Հայաստան եվրոպական կամ արևմտյան հայտնի «արժեքների» ներթափանցման դեմ: Ահավասիկ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անունից ողջույնի ընդարձակ խոսքը, որը Երևանում, Կինոյի տանը 2013 թ. դեկտեմբերի 7-ին կազմակերպված «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» համաժողովի ընթացքում հրապարակեց Մայր Աթոռի հոգևոր կրթական հաստատությունների վերատեսուչ, Գևորգյան ճեմարանի տեսուչ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը.
«Հարգելի ներկաներ, պատիվ է մեզ համար այսօր Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի անունից ողջունելու «Ազգային արժեհամակարգի անցյալը, ներկան և ապագան» խորագրով համաժողովը: Այս հավաքը բացահայտ վկայությունն է այն բանի, որ ազգի միասնական գիտակցությունն ու կամքը կենդանի են մեր ժողովրդի մեջ, պատրաստ արթնանալու վտանգի պարագային, ըմբոստանալու և դեմ կանգնելու ամենայն օտարամուտ, արհեստածին երևույթներին: Իրականում այս ոգուն է պարտական հայ ժողովուրդն իր համառ պայքարի հարուստ պատմությամբ:
Մեր պատմության մեջ քիչ չեն եղել դժվարությունները, բայց եղել է նաև կամք՝ հաղթահարելու դրանք և շարժվելու առաջ: Բացառություն չէր նաև անցնող տարին իր մարտահրավերներով, որոնց թեև միշտ չէ, որ արձագանքեցինք հրապարակավ՝ ի լուր ամենքի, սակայն դեմ եղանք և արեցինք Մեր ուժերի ներածն ու ամենայն հնարավորը, բնավ կարիք չզգալով ամբոխավարական բնույթ տալու Մայր Եկեղեցու, Հոգևոր դասի և անձամբ մեր գործերին ու ջանքերին:


Մերազնյա յուրաքանչյուր քաղաքացու բախտն ու ճակատագիրը կարևոր են մեզ համար, դրա ապացույցն է Հայոց Եկեղեցու 1700-ամյա ուղին, որն անբաժանելի է հայ ժողովրդի անցած մաքառումով հարուստ պատմությունից: Հայոց Եկեղեցու գերակա առաքելությունը եղել է և է հայի ինքնության անաղարտ պահպանումը, սա բոլոր ժամանակներում քաջ գիտակցել է թշնամին և իր նպատակին հասնելու համար առաջին հարվածը հենց Եկեղեցուն է փորձել հասցնել: Դեռևս Ե դարում պարսից Հազկերտ Բ-ն ջանք չէր խնայում հավատափոխ անելու հայ ժողովրդին, քանի որ հասկանում էր, որ միայն այդ ճանապարհով կարող է նվաճել և ձուլել: Սակայն հայ իշխանները բոլոր ժամանակների համար փայլուն կերպով բանաձևեցին մեր պայքարի ուղին, ընտրելով առհավետ հավատարիմ մնալ «Մահ իմացեալ անմահութիւն» գաղափարին: Հայ եկեղեցու քարոզը այսօր ևս տարբեր չէ, Ավարայրի քարոզից, այն նույնն է՝ երեկ, այսօր և հավիտյան:


Ամեն հայորդու առաջընթաց և հաջողություն մեծ ուրախություն և ոգևորություն է, իսկ ցանկացած ձախողում՝ վիշտ և չսպիացող վերք Մեր սրտին, որովհետև չկա Հայ առաքելական եկեղեցի առանց հայ ժողովրդի, չկա հայ ժողովուրդ՝ առանց Հայ առաքելական եկեղեցու: Նույն կերպ չկա և չի կարող լինել նաև հայ ժողովուրդ, որ հեռանում է իր արմատներից, մոռանում է իր նախնիների ավանդներն ու ավանդույթները, կրկնօրինակում ու յուրացնում է ուրիշինը, իսկ իրականում խաբվում է օտարին ու խորթին:


Կարիք , չենք տեսնում վերլուծելու կամ դիտարկելու անառողջ և հիվանդ երևակայության ծնունդ հանդիսացող, և մերթ Մեր քաղաքացիներին պարտադրվող, մերթ թաքուն և գաղտնաբար «ներարկվող» չակերտյալ «հավասարությունները», «առաջադեմ գաղափարները», օտարախորթ վարք ու բարքը, որ հրամցվում են իբրև «նոր և ազատամիտ», սակայն իրականում հին են, այնքան հին, որքան ինքը՝ անկյալ հրեշտակ Բելիարը: Դեռևս ԺԴ դարասկզբին կեղծ լուսավորության, կեղծ առաջադիմության, կեղծ ազատության մասին Սյունյաց արքեպիսկոպոս Ստեփանոս Օրբելյանը գրում էր. «Թողե՛ք մեզ մեր «ստրուկ գերության» մեջ, իսկ մենք կանք և կմնանք աչքներս հառած երկնային այցելությանը… մենք պատրաստ ենք տանջանքների, աքսորի և բանտարկության, և ցանկացած դաժան մահով վախճանվելու հանուն մեր սուրբ նախնիների ավանդների»: Եվ դժվար թե հարկ կա որևէ բան ավելացնելու Օրբելյանի խոսքերին: Եթե մեր գիտակցության մեջ դեռ արթուն են մեր ազատատենչ անցյալի հիշողությունը, աննկուն կամքն ու անարդարության դեմ ընդվզող ոգին, ապա ոչ մի որոգայթ կամ խոչընդոտ ի զորու չեն լինի դանդաղեցնելու կամ շեղելու մեր ընթացքը: Թվացյալ ժողովրդավարություն և ազատություն խոստացող կեղծ մարգարեներն իրականում եկել են ոչ թե մեզ ազատագրելու, այլ ստրկացնելու. նրանք ուզում են զրկել մեզ մեր ինքնությունից, խեղաթյուրել մեզանում հայկականը:


Սիրելի՛ ներկաներ, ողջունելով ձեր նախաձեռնությունը, Մեր լիակատար աջակցությունն ու օժանդակությունն ենք հայտնում և աղոթք ենք վերառաքում առ Աստված, խնդրելով մի բան միայն. որ անշարժ և անսասան մնանք մեր նախնյաց ավանդներին՝ ազգային դպրությանը, ազգային գաղափարին, հոգևոր-մշակութային արժեքներին, միշտ հավատարիմ մեր համառ ստեղծագործ կամքին»:


Անհերքելի փաստ է, որ իր շարքերում Եղիա-Արմենուհի ունեցող շարժումն ամբոխավարական և հակաօրինական մեթոդներով փորձում է հրաժարական պարտադրել հայի ինքնության անաղարտ պահպանման համար, այլասերվածներին հավասար իրավունքներ տալու, այլասերվածության քարոզչության ու մեր ազգային արժեհամակարգին սպառնացող վտանգների դեմ պայքարած կաթողիկոսին:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 9038

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao