USD483.14
EUR549.38
RUB7.23
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 
«Իրատես» թերթն ու irates.am կայքը մեկնում են ամառային հանգստի: Կայքն աշխատանքը կվերսկսի սեպտեմբերի 3-ից, իսկ թերթի հետարձակուրդային առաջին համարը լույս կտեսնի սեպտեմբերի 7-ին: Օգոստոսյան հաճելի օրեր ենք մաղթում մեր ընթերցողներին:               
 

Ինչ քաղաքապետ կորցրեց Երևանը

Ինչ քաղաքապետ կորցրեց Երևանը
17.07.2018 | 12:24

Բազում երևանցիներ այսօր պիտի սև հագնեին` ի նշան վշտի ու տխրության, բայց կարծես առանձնապես շատ չեն սևազգեստները: Երևանի ավագանու նիստը երեկ չկայացավ: Իսկ օրակարգում քաղաքապետի արտահերթ ընտրությունն էր: Քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանն ասաց, որ ավագանու կեսից ավելին պետք է ներկա լինի, որ նիստ անցկացվի։ Իսկ 65-ից ներկա էր ընդամենը հինգը` «Երկիր ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։


Ավագանու 3 խմբակցություններից ՀՀԿ-ն և «Ելքը» հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու ավագանու նիստին։ Մինչդեռ քաղաքապետի թեկնածու կար` «Երկիր ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։
«Երևանում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով քաղաքապետի արտահերթ ընտրություններն անցկացվում են քաղաքապետի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում: Արտահերթ ընտրությունների ժամանակ քաղաքապետի թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն ավագանու խմբակցությունները: Եթե ավագանու կազմից չի ընտրվում նոր քաղաքապետ, ավագանին լուծարվում է և անցկացվում են Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ՝ 30-40 օրվա ընթացքում։ Դժվար թե ԵԾ-ի նախագահ Զարուհի Փոստանջյանը դա չգիտեր: Կամ` չգիտեր, որ ՀՀԿ-ն ու ՙԵլքը՚ թեկնածու չեն առաջադրել, չգիտեր, որ ավագանին լուծարվելու է ու արտահերթ ընտրություններ են լինելու: Ինչի՞ վրա էր Զարուհի Փոստանջյանի հույսը: Ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն ասաց, որ ավագանին պետք է լուծարվի ու նոր ընտրություններով երևանցիներն ընտրեն ավագանու անդամներ՝ իրենց նախընտրած կուսակցություններից:

«Քանի որ այսօր մենք ունենք փաստացի առաջադրված մեկ թեկնածու, նշանակում է, որ այսօր այդ թեկնածուն չի ընտրվելու, և ավագանին օրենքով սահմանված կարգով արձակվելու է: Օրենքը մանրամասներ չի ներկայացնում, թե ինչպես պետք է այդ արձակումը տեղի ունենա, բայց սա կարգավորվում է Երևանի ՏԻՄ օրենքով և Ընտրական օրենսգրքով, որտեղ ասվում է, որ ավագանին արձակվում է, եթե առաջադրում չի լինում երկու շաբաթ շարունակ, և եթե այդ թեկնածուն չի ընտրվում: Թեկնածուն չի ընտրվելու այսօր: Կառավարությունը երկու շաբաթում ավագանու արձակումից հետո ունենալու է հնարավորություն նշանակել արտահերթ ընտրության օրը, որը պետք է լինի որոշումը կայացնելու պահից սկսած 30-40 օրվա ընթացքում: Եթե մենք առավելագույն ժամկետներով ենք գնում, դա ընկնում է սեպտեմբերի առաջին կեսին»: Իսկ Զարուհի Փոստանջյանը դեռ լրագրողներին հեքիաթներ է պատմում, որ իր առաջադրման պաշտոնական գրությունը մուտք է արել քաղաքապետարան անցած շաբաթ ու փաստացի ինքն է Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն: «Օգոստոսի 16-ից մինչև օգոստոսի 26-ը պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ: Մեր քաղաքացիների առջև մենք ստանձնել ենք պարտականություն, ես ասել եմ, որ ես լինելու եմ ձեր քաղաքապետը և ես ներկայացնելու եմ ձեր շահերը: Եվ ըստ էության մեկ տարվա ընթացքում ես եղել եմ մեր քաղաքացիների քաղաքապետը, ներկայացրել եմ իրենց իրավունքները և շահերը: Եվ ամեն ինչ արել եմ, որ մաքրեմ Երևանի քաղաքապետարանը աղբից, կեղտից և կոռուպցիայից: Եվ կարելի է ասել Տարոն Մարգարյանին և այս ավագանուն մենք դուրս ենք շպրտել այստեղից»: Այսինքն` պարզվում է` Երևանի քաղաքապետը եղել է ոչ թե Տարոն Մարգարյանը, այլ` Զարուհի Փոստանջյանը: Այդ դեպքում ինչու՞ է հիմա պաշտոնը թափուր և ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ է Զարուհի Փոստանջյանը, այնուամենայնիվ, առաջադրել իր թեկնածությունը, եթե ինքն էր Երևանի քաղաքապետը: ՙԵրևանցիների խնդրանքն ու հորդորն է այսօր իմ` քաղաքապետի թեկնածու առաջադրվելու պատճառը՚` ասել է Զարուհի Փոստանջյանը։ «Ինձ պետք է երևանցիները ընտրեն, երևանցիների կամքն ու ցանկությունն է այս նիստում քննարկվում։ Մեր քաղաքացիները պետք է ունենան հնարավորություն՝ ներկայացված լինելու իմ միջոցով, և իրենց խնդրանքն ու հորդորն է սա։ Այդ իսկ պատճառով ես պարտավոր եմ ներկայացնել երևանցիներին»` չգիտես արդարացել, թե սպառնացել է ԵԾ-ի նախագահը: Բայց նաև բացատրել է իր առաջադրումը. «Այս պահին լուծարվող ավագանի է, և մենք այս պահին ստանձնել ենք պարտականություն, որպեսզի մեր երկրում ամեն ինչ տեղի ունենա օրենքով։ Այս պահին չի գործում այն իրավական ընթացակարգը, որը նախընտրելի է բոլորիս համար, այսինքն՝ այս պահին մենք չունենք այնպիսի օրենքներ, որով կարող ենք ապահովել արդար, թափանցիկ և հավասար պայմաններում ընտրություններ։ Ձեզ համար գաղտնիք չէ, որ նույն Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է, և նույն համակարգն է գործելու։ Ցանկալի կլիներ՝ այդ ամենը շտկեինք, նոր սկսեինք մեր արտահերթ ընտրությունները»։ Եթե չընտրվելու պատասխանն էլ կա` «Սա արտահերթ գործընթաց է՝ և իրավական տեսանկյունից է արտահերթ, և քաղաքական տեսանկյունից։ Ամեն ինչ լուծվում է արտահերթ ընթացակարգով, իսկ արտահերթ բոլոր ընթացակարգերին մենք մասնակից ենք լինելու որպես քաղաքական ուժ, մասնավորապես, ես որպես քաղաքապետի թեկնածու»:

Փաստորեն` տեղնուտեղը լուծվում է և ԿԸՀ-ի նույնը լինելու, և նույն համակարգը գործելու հարցը: Որևէ մեկը կասի՞ Զարուհի Փոստանջյանին, որ ծիրանի սեզոնն անցել է: Կամ` ովքե՞ր են այդ երևանցիները, որ խնդրում ու հորդորում են նրան քաղաքապետ լինել: Պատկերացնու՞մ եք Երևանի վիճակը:

Դիտվել է՝ 1770

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ