USD482.44
EUR564.60
RUB7.28
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
National Centre of Chamber Music
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Վարչապետը քննարկել է էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Վարչապետը քննարկել է էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը
18.07.2018 | 09:52

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը: «Էներգետիկ համակարգը և նրա նշանակությունը դժվար է գերագնահատել: ժամանակակից աշխարհում էներգետիկան մեծ վերափոխումներ է ապրում և մենք պետք է կարողանանք հստակ հասկանալ ու գնահատել մեր անելիքներն այդ վերափոխումների մեջ և դրանց համատեքստում, որպեսզի մեր էներգետիկ համակարգը բալանսավորման և ռազմավարական հեռանկարի առումով համապատասխանեցնենք ժամանակակից չափանիշներին»` ասել է Նիկոլ Փաշինյանը:

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը զեկուցել է, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի գործունեության ժամկետի երկարաձգման աշխատանքներն ընթանում են ըստ սահմանված ժամանակացույցի, առանց ժամկետի խախտման: Օգոստոսի մեկին կավարտվեն նաև ՀԱԷԿ-ի ընթացիկ պլանային վերանորոգման աշխատանքները և այն կվերագործարկվի: Խորհրդակցության ընթացքում կարևորվել է միջուկային էներգետիկայի հետագա զարգացումը՝ հաշվի առնելով էներգետիկ անվտանգության մակարդակի հետևողական բարձրացման անհրաժեշտությունը: Քննարկվել են նաև միջուկային վառելիքի թափոնների պահպանմանն ու վերամշակմանն ուղղված հարցեր: Վարչապետին են ներկայացվել Իրան-Հայաստան երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցման ընթացքը, վերականգնվող էներգետիկայի զարգացման հեռանկարները, հիդրոէներգետիկայի ոլորտում առկա իրավիճակն ու հնարավոր ծրագրերը:

Նշվել է, որ հատկապես արևային էներգետիկայի ոլորտում տեղի են ունենում դրական զարգացումներ, մի շարք ներդրողներ ներկայացրել են ներդրումային ծրագրերի հայտեր: Ավարտվել է նաև Մասրիկ-1 55 ՄՎ արևային կայանի կառուցման ծրագրի ներդրողների մրցույթը, որում ամենացածր սակագինը ներկայացրել է նիդեռլանդական Fotowatio Renewable Ventures B.V և իսպանական FSL Solar S.L. ընկերություններից կազմված կոնսորցիումը և ճանաչվել հաղթող: Նախարար Գրիգորյանը զեկուցել է, որ ընկերության ներկայացուցիչները կժամանեն Երևան՝ կայանի կառուցման պայմանագիրը ստորագրելու նպատակով:
Վարչապետը ողջունել է վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման ուղղությամբ հետևողական քայլերը, անդրադարձել հիդրոէներգետիկայի բնագավառին և հավելել. «Ծրագրերի շրջանակում պետք է բացառել մի իրավիճակ, երբ ազդակիր համայնքների կարծիքը շրջանցելով որևէ գործողություն է արվում: Դա պետք է ուղղակի բացառել: Եթե նախագիծը լավն է, պետք է կարողանան մարդկանց համոզել, որ լավն է: Այստեղ պետք է վճռական նշանակություն ունենա համայնքների տեսակետը: Սա վերաբերում է ոչ միայն էներգետիկ համակարգին, այլ ընդհանրապես ցանկացած նախագծի իրագործմանը: Ի վերջո, պետք է հաշվի առնվեն ազդակիր համայնքների շահերը»:


Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է գույքագրել էներգետիկայի ոլորտում առկա կասկածելի, խնդրահարույց բոլոր պարտավորությունները և քայլեր ձեռնարկել դրանց կարգավորման ուղղությամբ:

Դիտվել է՝ 1049

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ