USD485.72
EUR550.71
RUB7.35
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Mariam Merabova in Armenia
 

ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության շուրջ նկատելի մտահոգիչ միտումների մասին

ԶԼՄ ներկայացուցիչների հայտարարությունը լրատվամիջոցների գործունեության շուրջ նկատելի մտահոգիչ միտումների մասին
18.07.2018 | 09:53

Մենք՝ ներքոստորագրյալ ԶԼՄ ներկայացուցիչներս, այս հայտարարությամբ մեր անհանգստությունն ենք արտահայտում վերջին շրջանում լրատվամիջոցների գործունեության հետ կապված նկատելի մտահոգիչ միտումների մասին։


1. Թավշյա հեղափոխության ընթացքում և մինչ օրս մտահոգիչ է սոցիալական ցանցերում հասարակության տարբեր խմբերի կողմից այլակարծության, իշխանության տարբեր ներկայացուցիչների գործունեության քննադատության, առհասարակ՝ ընդդիմախոսների կարծիքի դեմ ծավալվող անհանդուրժողականության մթնոլորտը։
Լրագրողների, լրատվամիջոցների գործունեության նկատմամբ հատկապես սոցիալական ցանցերում կան բացահայտ և վտանգավոր անհանդուրժողական, ատելության վերաբերմունքի, թշնամանք հրահրող խիստ ագրեսիվ դրսևորումներ՝ և՜ հասարակության մի հատվածի, և՜ իշխանական քաղաքական ուժի ներկայացուցիչների ու համակիրների կողմից։
Շատ հաճախ այդ հարձակումները կազմակերպված, ուղղորդված բնույթ են կրում, երբեմն իրականացվում են կեղծ (ֆեյք) օգտատերերի կողմից՝ նպատակադրված հարձակումներ գործելով և կոնկրետ վնասներ հասցնելու կոչեր տարածելով։


Այս կապակցությամբ որոշ լրատվամիջոցների ղեկավարներ և այլ ներկայացուցիչներ բազմիցս հրապարակավ ահազանգ են հնչեցրել՝ ակնկալելով իշխանությունների արձագանքը՝ մասնագիտական գործունեություն իրականացնող անձանց, տվյալ դեպքում՝ ԶԼՄ ներկայացուցիչների և ԶԼՄ կայքէջերի, սոցիալական ցանցերի նկատմամբ հարձակումները, այլակարծության, քննադատական խոսքի նկատմամբ անհանդուրժողականությունը, վիրավորանքները և սպառնալիքները դադարեցնելու առնչությամբ։


Սիրո և համերաշխության լոզունգներով առաջնորդվող հեղափոխությունը և հեղափոխության առաջնորդները չեն կարող նման դրսևորումների նկատմամբ անտարբերություն դրսևորել։
Գործող իշխանությունն առնվազն հայտարարությունների, հորդորների մակարդակով և օրենքով նախատեսված այլ մեխանիզմներով կարող է կանխել ԶԼՄ-ների և դրանց ներկայացուցիչների, այլակարծություն պարունակող հրապարակումների նկատմամբ անձնական և այլ բնույթի վիրավորանքների, սպառնալիքների կամ այլ անօրինական գործողությունների դրսևորումները:


Նման դրսևորումներն անդրադառնում են լրագրողական աշխատանքի վրա։ Առավել ևս, որ նման հարձակումների արդյունքում լրջագույն տեխնիկական և ֆինանսական վնասներ են հասցվում լրատվամիջոցների կայքերին և սոցիալական ցանցերում նրանց ներգրավվածության, գովազդային հոսքերի վրա (սոցիալական ցանցերում նրանց էջերի վարկանիշն իջեցնելով, փորձելով արգելափակել նրանց ներկայացվածությունը, և այլն)։
2. Բավական բարդ իրավիճակ է ստեղծվել նաև պետական գերատեսչությունների, նրանց ղեկավարների, նրանց մամուլի ծառայությունների հետ աշխատանքում։ Նոր իշխանությունների ներկայացուցիչներն ասուլիսային և այլ միջոցառումների, ինչպես նաև կատարված աշխատանքի մասին գերադասում են ծանուցել ֆեյսբուքյան էջերի, գրառումների միջոցով։


Ավելին, որոշ լրատվամիջոցներ արտոնյալ պայմաններում են աշխատում՝ առաջնահերթ հնարավորություն ունենալով ուղիղ կապի միջոցով տեղեկանալու այս կամ այն իրադարձության մասին։ Բնականաբար, չենք թերագնահատում սոցցանցերի նշանակությունը, բայցև պնդում ենք, որ այն չպետք է փոխարինի մամուլի աշխատանքին:
Տպավորություն է ստեղծվում, որ նոր կառավարության անդամները մեթոդաբար հետին պլան են մղում լրատվամիջոցներն ու ազատ խոսքը՝ այն փոխարինելով «լայվերով», ֆեյսբուքյան ստատուսներով և համացանցային անվերահսկելի տեղեկատվական աղբով։
Բոլոր ԶԼՄ-ները պետք է պատշաճ կերպով նախապես ծանուցվեն միջոցառումների՝ քննարկումների, ասուլիսների (և այլն) մասին և պարտավոր չեն հետևել տվյալ իշխանավորի ֆեյսբուքյան գրառումներին։ Սկսած հանրային իրազեկումից, պետք է հավասար աշխատանքային պայմաններ (այդ թվում՝ գովազդային) ստեղծվեն բոլոր ԶԼՄ-ների համար։
3. Լրատվական դաշտի հետ հարաբերություններում իշխանությունը պետք է առաջնորդվի բոլոր լրատվամիջոցների համար լիարժեք հավասարության պայմաններ ստեղծելու գաղափարով։ Դա պետք է գործի տեղեկատվություն փոխանցելու, լրագրողների հավատարմագրման, թերթերի վաճառքի, գովազդի, հարկային քաղաքականության և մյուս բոլոր հարցերում։


Նոր կառավարության ղեկավարին և անդամներին կոչ ենք անում նաև զերծ մնալ ԶԼՄ-ների մասին անզգույշ, երբեմն՝ անպատասխանատու հայտարարություններից, որոնք կարող են անդրադառնալ նրանց հեղինակության և հետագա գործունեության վրա։
Հայտարարությունը բաց է միանալ ցանկացողների համար։


Առցանց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյան
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյան
Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ, «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյան
«Ա1+»-ի հիմնադիր, նախագահ Մեսրոպ Մովսեսյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական և քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյան
«Իրատես» թերթի խմբագիր Փիրուզա Մելիքսեթյան
«Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյան
«Փաստ» օրաթերթի գլխավոր խմբագիր Վարուժան Բաբաջանյան

Դիտվել է՝ 1579

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao