USD484.70
EUR549.12
RUB7.29
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Արմեն Աշոտյանը Փաշինյան-Սվիտալսկի «բանավեճի» մասին

Արմեն Աշոտյանը Փաշինյան-Սվիտալսկի «բանավեճի» մասին
18.07.2018 | 10:07

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հայաստան-ԵՄ. Նեղանալ չի կարելի՝ ներսի և դրսի հաղորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են: Հարգանքով հանդերձ, Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման գնահատականներն ավելի լայն շրջանակ պետք է ընդգրկեն, քան պարզապես Նիկոլ Փաշինյան - Պյոտր Սվիտալսկի փոխհրաձգությունը:


Առհասարակ երկու պատճառով ճիշտ չեմ համարում դիվանագիտական կուլուարներից աշխատանքային կնճռոտ հարցերի տեղափոխումը հանրային հարթակ: Առաջինը՝ դա վկայում է բանակցային գործընթացների տապալման մասին, և երկրորդը՝ դա քիչ է նպաստում բուն հարցի լուծմանը: Ավելին, կառավարությունը երկու կարևոր բացթողում արեց այս ընթացքում: Նախ, չընդունեց իմ առաջարկությունը և CEPA-ն չներառեց նոր կառավարության ծրագրում, զրկվելով ԵՄ-ին հստակ և ուժեղ ազդակ ուղարկելու շանսից, իսկ հետո՝ Բրյուսել կատարած այցը չկապիտալիզացրեց Վիզաների Ազատականացման երկխոսությունը հստակ ժամկետում սկսելու խոստումով, ինչը գումար չէր պահանջում և ամբողջությամբ հնարավոր էր քաղաքական որոշման շրջանակներում՝ հաշվի առնելով իշխանափոխությունից հետո որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նոր ղեկավարության հանդեպ: Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունը իր աշխարհաքաղաքական դիրքավորումը չպիտի փոխի և ԵՄ-ի հետ հարաբերություններում բեկումնային զարգացումները չպետք է շաղկապված լինեն մեր անդամության հետ ՀԱՊԿ-ում և ԵԱՏՄ-ում:


ՈՒստի հաջողության պատմությունը շարունակելու համար ոչ թե հնչեղ և ռեզոնանսային հայտարարություններ են պետք, այլ հստակ աշխատանք հետևյալ ուղղություններով:
1. Առավելագույն արդյունավետությամբ աշխատեցնել երկու ամիս ուշացումով ստեղծված և CEPA-ի իրականացման համար պատասխանատու միջգերետեսչական հանձնաժողովը:
2. Հայաստանում տեղի ունեցող գործընթացները ներքին լսարանի համար հռչակելով ժողովրդավարական, դրսի լսարանին պետք է ցույց տալ հստակ աշխատանք: Նույն հակակոռուպցիոն պայքարը, որ դարձել է ներքաղաքական դրոշակ, շատ հեռու է ինստիտուցիոնալ լինելուց, խորքային չէ իր մեխանիզմների մեջ, սելեկտիվ է, կանխարգելիչ չէ, և եվրոպացիների աչքերում երկարաժամկետ էֆեկտ ունենալ չի կարող:


3. Ծանր և ամենօրյա ջանքեր են պետք, որպեսզի տեսանելի և շոշափելի արդյունքներով կյանքի կոչել նաև ԵՄ-ի MORE for MORE սկզբունքը: Ինչպես նախկինում էին ասում, պետք է գերակատարել բարեփոխումների պլանը, հստակ և չափելի արդյունքների հիման վրա զուգահեռ աշխատելով աջակցության ծավալների մեծացման ուղղությամբ: Այնինչ այս պահի դրությամբ Հայաստանի կառավարությունը CEPA-ի կիրարկման գործողությունների ծրագիր անգամ չունի:


4. Եվ վերջապես, պետք է լավ իմանալ ԵՄ-ի ֆինանսական մեխանիզմների և ինստիտուտների մասին: Այս ժամանակահատվածում Բրյուսելում ակտիվորեն քննարկվում է 2021-2028 թթ. Բյուջետային պլանավորման և նոր ֆինանսական գործիքների ներմուծման նախագիծը: Հայաստանի պատշաճ տեղն այդ շրջանակներում պետք է սկսել ապահովել արդեն այսօրվանից:
Հ.Գ. Նեղացածի կեցվածք ընդունել չի կարելի, պետք է հստակ գիտակցել, որ ներսի և դրսի հացորդակցման լեզուն և մշակույթը տարբեր են, իսկ աշխատանքն էլ գնահատվում է ոչ թե խոստումներով, այլ հստակ արդյունքներով:

Դիտվել է՝ 1104

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao