Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի հետագա զարգացմանը

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Հայաստանի հետագա զարգացմանը
20.07.2018 | 01:51

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշին: Գուտերեշն ընդգծել է, որ տպավորված է Հայաստանում եղած հեղափոխությամբ, դրան հաջորդած փոփոխություններով, և շեշտել է, որ ՄԱԿ-ը պատրաստակամ է աջակցելու Հայաստանի հետագա զարգացմանը՝ երկրի համար կարևորություն ներկայացնող ասպարեզներում։


Մնացականյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ՄԱԿ-ի շրջանակներում ծավալվող բազմաբնույթ համագործակցությունը, և վերահաստատել է նոր կառավարության մեծ շահագրգռվածությունը՝ էլ ավելի հարստացնելու համատեղ օրակարգը: Նախարարը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումները՝ նշելով, որ կառավարության առաջնահերթությունները հստակ են․ ժողովրդի կողմից տրված լայն մանդատի հիման վրա իրականացնել բարեփոխումների գործընթացն արդարադատության, օրենքի գերակայության, սոցիալական և տնտեսական ոլորտում հավասար հնարավորությունների ընձեռման, կառուպցիայի դեմ պայքարի և բոլոր այն ուղղություններով, որոնք ընկած են ՀՀ կառավարության ծրագրի ու գործունեության հիմքում։ Արտահերթ ընտրությունների համատեքստում Մնացականյանն ընդգծել է Հայաստանի իշխանությունների պատրաստակամությունը՝ ընտրությունների պատշաճ կազմակերպման գործում սերտորեն համագործակցելու միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության հետ։ Գուտերեշը վերահաստատել է, որ այս առումով ևս Հայաստանը կարող է հիմնվել ՄԱԿ-ի փորձառության ու աջակցության վրա։
ԱԳ նախարարը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ։


Անդրադարձ կատարելով ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը՝ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո հակամարտության բացառապես խաղաղ հանգուցալուծմանը, նշելով, որ հայկական կողմի համար բանակցային գործընթացի առաջնայնություններն են Արցախի կարգավիճակը և անվտանգությունը: Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարը կարևորել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորումը, զինադադարի անշեղ պահպանումն ու ագրեսիվ հռետորաբանությունից հրաժարվելը։

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ